
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրան գրավով ազատելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը: Այսպիսով, Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված:
Պաշտպան Արսեն Մկրտչյանի խոսքով՝ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ նոր միջնորդություն կներկայացնեն այնքան, մինչև բավարարվի։
«Պեպսի Կոլայի պես, կրկին կփորձենք»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրա գործի նախաքննությունն ավարտվել է, պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար:
Մեկնաբանել