HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված աշխատակիցները Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանն են

Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված աշխատակիցներից մեկը Գևորգ Խաչատրյանն է, մյուսը՝  ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ անձ՝ Տարոն Ավետիսյանը:

Վերը նշված երեք անձանց ձերբակալման դեմ բողոքներ են ներկայացվել, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դրանք ու ձերբակալման որոշումներն իրավաչափ  ճանաչել:

«Հետք»-ի հետ զրույցում Սամվել Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը նշեց, որ Ադյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նշենք, որ Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի վերաբերյալ գործի մասին Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում, մեզ հայտնի է միայն, որ գործն առնչվում է բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձանց ենթադրյալ միջամտությանը:

Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալին վերագրվող կասկածն անհիմն է:

«Մեր պաշտպանյալներն ասում են հետևյալը. իրենք ուզեցել են արդարություն, օբյեկտիվություն մտցնել մրցույթների գործընթացում, քանի որ տարիներ շարունակ նույն ընկերությունն է շահել մրցույթը, և այժմ իրենք ցանկացել են օբյեկտիվ, արդար, մրցակցային դաշտ ստեղծել, բայց այդ ամենը, չգիտես ինչու, շրջվել է իրենց դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մնացականյանը: Պաշտպանը նշեց, որ այս պահին Սամվել Ադյանը ցուցմունք չի տվել և ևս մեկ անգամ պնդեց, որ իր պաշտպանյալի նպատակը եղել է «սառույցը կոտրելն» ու գնումների գործընթացում վերացնելը որևէ ընկերության մենաշնորհային դիրքը:

Ձերբակալված մյուս անձի՝ Գևորգ Խաչատրյանի պաշտպան Արման Արզումանյանի խոսքով՝ իր պաշտպանյալի գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողությունն է: Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս կասկածյալը ևս իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում:

«Իմ պաշտպանյալը բավականին անձնվեր ծառայություն է մատուցել պետությանը, բավականին մեծ աշխատանք է կատարել, և եթե չեմ սխալվում, Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում շուրջ 20 կամ 30 մլն խնայողություն է արվել»,- ասաց Արման Արզումանյանը:

Նշենք, որ մեզ հետ զրույցում «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանն ասել է, որ Գևորգ Խաչատրյանը, փորձում է բուժհաստատությունների ղեկավարներին համոզել, որ փոխեն մատակարարվող ապրանքների տեխնիկական բնութագրերը, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն փոփոխում է տեխնիկական բնութագրերը: Հիվանդանոցի հայտարարած մրցույթին մասնակցում է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել և այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը:

Պաշտպանի խոսքով՝ Գևորգ Խաչատրյանն այս հանգամանքի վերաբերյալ ցուցմունք չի տվել, բայց, որքանով ինքն է տիրապետում տեղեկատվության, տեխնիկական բնութագրերը համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին, որի արդյունքում մրցույթի մասնակցող մեկ ընկերությունից մասնակիցների թիվը աճել ու հասել է 8-ի:

Մեր դիտարկմանը, որ արդյունքում մրցույթում հաղթել է նախկինում տարիներ շարունակ հաղթած նույն ընկերությունը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն, պաշտպանը պատասխանեց, որ իրենք ունեն նման մտահոգություն, բայց հստակ տվյալ այս մասով չունեն՝ հարցերին պատասխանելու համար:

Մեր հարցին՝ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանն ի՞նչ հարաբերություններ են ունեցել, Ադյանը Խաչատրյանին ինչ ցուցումներ է տվել՝ կապված խնդրահարույց մրցույթների հետ, Արզումանյանը պատասխանեց՝ որքանով ինքն է տեղյակ, Ադյանը ցուցումներ չի տվել Խաչատրյանին, նրանք ունեցել են գործնական հարաբերություններ:

Պաշտպանը նշեց, որ իրեն կանչել են ԱԱԾ, քանի որ պատրաստվում են  Գևորգ Խաչատրյանին մեղադրանք առաջադրել:

Կապ հաստատեցինք նաև այս գործով անցնող Տարոն Ավետիսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ, ով հայտնեց, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Մեր հարցին, թե ըստ կասկածանքի՝ Տարոն Ավետիսյանն ի՞նչ փաստաթղթեր է կեղծել, պաշտպանը պատասխանեց, որ այդ հանգամանքն իրենց այս պահին պարզ չէ, չգիտի նաև, թե ըստ քննություն իրականացնող մարմնի՝ դրանք երբ են կեղծվել և ինչ պայմաններում: Պաշտպանն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում:

Նշենք, որ Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի խոսքով՝ Տարոն Ավետիսյանն իր և Սամվել Ադյանի ընդհանուր ծանոթն է: Մեզ հետ զրուցում Պիվազյանն ասել է, որ հասկանալու համար, թե  սարքավորումների պարագաների մրցույթում իրականում ինչ փոփոխություններ են կատարվում, ցանկացել է հանդիպել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, բայց  իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է:

«Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ. «Ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ...»,- հանդիպումից մանրամասներ է  հայտնել ընկերության տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter