HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնդիկ ուսանողներն ապարդյուն արդարություն են պահանջում

Երեկ Բաղրամյան փողոցով վերեւ բարձրացող հնդիկ ուսանողների հսկայական ամբոխը տեսա պատահաբար: Կարծեցի՝ իրենց բազում ազգային տոներից մեկն է. դրանք միշտ ուղեկցվում են երթերով եւ երաժշտությամբ: Մտածեցի՝ տոնական երթը հրաշալի մաս կկազմի «Հնդիկները Հայաստանում» նախագծի, որն սկսել ենք անել «Հետք»-ի լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանի հետ:

«Ինչու՞ եք հավաքվել»,- հարցրեցի ուսանողներից մեկին՝ Հայաստանում սովորական համալսարանական բողոքներ լսելու ակնկալիքով:

Նրա պատասխանը վեր էր բոլոր ակնկալիքներիցս: Այն սարսափելի էր:

Հետո այն մի քանի ժամերի ընթացքում, որ անցկացրեցինք Ազգային Ժողովի մոտ, նրա պատմությանը միացան մյուսների պատմությունները, այդ թվում նաեւ ականատեսների, որոնցից կարողացա հավաքել ամբողջական պատկերը:

Ապրիլի 20-ին' ժամը 13-ի սահմաններում, Զեյթունի ուսանողական հանրակացարանի յոթերորդ կորպուսի վեցերորդ հարկից վայր է ընկել Բժշկական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Պրաշանթ Անչալիան: Վայր ընկնելու պատճառները հայտնի չեն. վրա հասած ուսանողները, առաջին ականատեսները, գտել են նրան գետնին ընկած, ամբողջովին արնաշաղախ, ցավից գոռալիս:

Ուսանողները զանգահարել են շտապ օգնություն եւ իրենց դեկանատ:

Բժշկական ընդհանուր բաժնի դեկան Աննա Սարգսյանը ժամանել է 15 րոպե անց: Նա, ինքը լինելով բժիշկ, փորձ անգամ չի արել օգնելու տուժածին, նույնիսկ արգելել է ուսանողներին դիպչել նրան, եւ կարգադրել է սպասել ոստիկաններին: Քիչ հետո ժամանել է ոստիկանությունը եւ մի քանի ականատես ուսանողների տարել Երեւանի Քանաքեռի ոստիկանական բաժանմունք: Շտապ օգնության մեքենան տեղ է հասել կանչից 45-50 րոպե հետո: Ուսանողների պնդմամբ՝ այն ունեցել է խղճուկ տեսք եւ ապահովված չի եղել բժշկական տարրական պարագաներով, նույնիսկ դեղորայքով եւ թթվածնային դիմակով: Հիվանդանոց հասնելիս Պրաշանթ Անչալիան մահացել է:

Ուսանողներն ուղեւորվել են Բժշկական համալսարան եւ պահանջել հանդիպում համալսարանի ռեկտորի հետ՝ նման, մեղմ ասած, անփույթ վերաբերմունքի համար բացատրություններ ստանալու: Նորընտիր ռեկտոր Գոհար Քյալյանը նրանց պատասխանել է անսպասելի ձեւով՝ հնդիկ աղջիկներին անվանելով պոռնիկներ եւ ցույց տալով երկու ձեռքի միջնամատերը, որի նշանակությունը հայտնի է նույնիսկ երեք տարեկան երեխային:

Նրա վերաբերմունքից ապշահար ուսանողները որոշել են օգնության կանչով դիմել ավելի բարձր մարմինների:

«Օգնեք, պրեզիդենտ», «Մենք արդարություն ենք պահանջում» բղավում է արդարության համար Ազգային Ժողովի դռան մոտ հավաքված մի քանի 100-անոց ամբոխը: Անմիջապես հայտնված ու նրանց շրջափակած ոստիկանները ցուցարարներին արգելում են շարժվել դեպի նախագահական նստավայր: Ոստիկանների դեմքին սառել է բութ անտարբերությունը:

«Արա, էսօր պտի գնայի ատամս սարքելու, վախտ են գտել»,- հորանջում է ոստիկաններից մեկը՝ փողոց իջած ուսանողին աչքերով մայթը ցույց տալով: Նրանք մտահոգված են մի բանով. որ ոչ ոք չհատի մայթը փողոցից անջատող գիծը:

Փորձում եմ գոնե մեկի աչքերում կարեկցանք գտնել, սակայն ապարդյուն:

«Ի՞նչն ա ձեր պահանջը, ասեք տենանք», - չփորձելով անգամ թաքցնել քմծիծաղը, հարցնում է ոստիկաններից մեկը, ըստ երեւույթին ինչ-որ վերադաս:

«Ռեկտորի հրաժարականը», «Արդարություն»,- լսվեցին տարբեր տեղերից:

«Թող մեզ հետ մարդավարի վարվեն, այլ ոչ ազգայնամոլների պես: Եթե այնտեղ հայ լիներ ընկած, նույնքա՞ն անտարբեր կպահեին իրենց»,-ասում է հնդիկ ուսանողներից մեկը:

«Մենք այնքան կմնանք այստեղ, մինչեւ ռեկտորը հրաժարական տա: Մենք չենք գնա դասերին, կվերադառնանք մեր երկիրը, թող գոնե մտածի այն դրամական օգուտի մասին, որ ստանում է այստեղ սովորող 800 ուսանողից»,- ասում են հնդիկները:

«Մեզ պետք չէ ներողություն, մենք արդարություն ենք պահանջում», «Ամոթ ռեկտորին», «Ռեկտորը պետք է հրաժարական տա» կոչերով պաստառներն ուսումնասիրելով եւ պատմությունը լսելով' մի տարեց անցորդ ասաց. «Էրեխեք ջան, իզուր բան եք անում, էն չի գնա, նրա մարդը գիտեք ո՞վ ա»:

Մի երիտասարդ էլ ուսերը թոթվեց, թե. «տղեք ջան, ոչ մի բանի չեք հասնի, էդ ստեղ սովորական բան ա»:

Ուսանողները կազմեցին չորս հոգանոց պատվիրակություն, որը մտավ Ազգային Ժողով ԱԺ փոխխոսնակի հետ հանդիպելու:

Քիչ անց եկան Բժշկական համալսարանի պրոռեկտոր Վիկտոր Սահակյանը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան երկրորդ քարտուղարը:

«Թող գան համալսարան ու համալսարանում հանդիպեն: Փողոցում մենք ոչ մի հարց չենք լուծելու»,- ասաց Վ. Սահակյանը: Ի պատասխան նրան, թե ուսանողներն արդեն եղել են այնտեղ եւ նույնիսկ արժանացել ռեկտորի անարգանքին, Սահակյանը պարզաբանեց. «Նրանք ձեզ ճիշտ չեն ներկայացրել: Ճիշտ չեն մեկնաբանում»:

Նրա խոսքն անմիջապես ընդհատվեց հնդիկների աղաղակներով, թե ըստ իրեն՝ ուրիշ ի՞նչ կարող է նշանակել ռեկտորի արած հայտնի ժեստը:

Ավելի վաղ ոստիկաններից մեկն ասաց ուսանողներին. «Տղեք ջան, ուշադրություն մի դարձրեք, կին ա, կարող ա դրա նշանակությունը չի իմացել»:

Դեսպանատան ներկայացուցիչ պարոն Բալին ուսանողներին խորհուրդ տվեց ցրվել եւ թույլ տալ իրենց հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել:

Դեսպանատունը հայտնել էր մահացած տղայի ծնողներին, որ նա ինքնասպան է եղել՝ առանց նույնիսկ սպասելու հետաքննության ավարտին:

Ուսանողները միաձայն պնդում են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին:

«Նա շատ հավասարակշիռ մարդ էր ու բազում ծրագրեր ուներ մոտ ապագայում»,- ասում են նրանք:

Տիգրան Թորոսյանը ուսանողներին խնդրեց իրեն երկու օր ժամանակ տալ՝ խնդիրն ուսումնասիրելու եւ պարզաբանումներ տալու համար: ԱԺ փոխխոսնակին հանդիպեց նաեւ Բժշկական համալսարանից վերադարձած Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյը:

Ուսանողների հետ խոսելու եկավ գիտության եւ կրթության փոխնախարար Արա Ավետիսյանը: Նրա կարծիքով' Ազգային Ժողովն այն վայրը չէ, որտեղ պետք է բողոքել, ոչ էլ բանավոր խոսքը՝ ինչ-որ բանի հասնելու միջոց: Նա խորհուրդ տվեց ուսանողներին գրավոր ներկայացնել իրենց պահանջները: Ամենազավեշտալին այն էր, որ ոչ ոք չգիտեր՝ ուր:

Ու բոլորը համառորեն պնդում էին, որ ուսանողները պետք է գնան համալսարան՝ խոսելու ռեկտորի հետ եւ եթե նա ինչ-որ սխալ բան է արել, նրա ներողությունը ստանալու՝ բացարձակապես արհամարհելով այն փաստը, որ հավաքվածների պահանջն այլ էր:

Իսկ ԱԺ դարպասների մոտ հայտնվեցին «կարմիր բերետները», որոնք սեղմ օղակով շրջապատեցին ոստիկաններով արդեն շրջապատված ուսանողներին:

Ոստիկանների հետ կանգնած քաղաքացիական հագուստով մի մարդ անկեղծ զարմանքով նայեց ուսանողներին եւ ասաց. «Սրանք անցել են չէ՞ արդեն մի միլիարդը: Ի՞նչ են կռիվ անում, մեկով ավել, մեկով պակաս»:

Ես դեմ եմ հարցեր լուծելուն վերին եւ ստորին վերջույթների միջոցով: Սակայն կան որոշ դեմքեր, որոնց վրա բռունցք պատկերացնելիս հաճույք եմ ստանում:

Ատում եմ մեր ստրկամոլությունը արեւմուտքի եւ ազգայնամոլությունը արեւելքի հանդեպ: Մեր բոլոր մարդկային հատկանիշները հետզհետե կորչում են.մեր բութ, կարծր անտարբերությունը, մեր գերադասությունը որոշ այլ ազգերից:

Մի փոքր լավատեսությունն այն էր, որ գտնվեցին նաեւ կարեկից հայեր' երկու աղջիկ, ԵՊՀ երկու տղա ուսանող, որոնք այդ ամբողջ ընթացքում հնդիկների կողքին էին եւ մի տարեց կին, որը լսելով պատմությունը, նստեց մայթին' հնդիկ աղջիկների մոտ, եւ նրանց գրկելով սկսեց լաց լինել:

Մի քանի ուսանողներ բերեցին վառած մոմեր: Այդ ընթացքում խոսեցի հավաքվածների մի մասի հետ: Շատերը ինձ հարցնում էին, որ այսքան ժամանակ այստեղ եմ, չե՞մ հոգնել, քաղցած չե՞մ:

«Հլը նայի էս չեչեն սեպարատիստի հետ կանգնած աղջկան»,- մրմնջաց մի ոստիկան:

Զրուցակիցս' «չեչեն սեպարատիստը», սիկհ է, որ այստեղ ստիպված է եղել հանել տյուրբանը եւ կտրել մորուքը (սիկհիզմն արգելում է կտրել մազերը եւ սափրել մորուքները), որովհետեւ հայկական հասարակության կորիզը կազմող «ռաբիզ» տղաները կամ իսկական հայ տղեքը, ինչպես իրենք են նախընտրում անվանվել, չեն հանդուրժում ոչ մի այլ սանրվածք, բացի իրենց կարճ «ոզնիից», ոչ մի այլ արտաքին տեսք, բացի իրենց հավերժ սեւ տաբատներից ու վերնաշապիկներից:

Այստեղ սովորող հնդիկ ուսանողները մեկ անգամ չէ, որ խնդիրներ են ունեցել հայ տղաների հետ:

Երեկոյան 10-ի մոտ դեսպանը Տիգրան Թորոսյանի հետ միասին դուրս եկավ ԱԺ շենքից եւ ուսանողների հետ ուղեւորվեց Բժշկական համալսարան: Այնտեղ ուսանողներն ունեցան «անձնական հանդիպում» ռեկտոր Գոհար Քյալյանի հետ:

Իհարկե, հանդիպումը ոչ մի արդյունքի էլ չբերեց:

«Նա ասաց ներողություն, -ասում է ուսանողներից մեկը, - ասաց առանց դեմքի որեւէ արտահայտության, առանց ինչ-որ բան զգալու: Հետո ասաց պատվիրակություն կազմեք, հանդիպեք ձեր դեկանի հետ, խոսեք»:

Այսօր առավոտյան հնդիկ ուսանողները գնացին Երեւանի թիվ 1 հիվանդանոց, որտեղ իրենց ընկերոջ դիակն է դրված: Նրանց միացան նաեւ պարսիկ, սիրիացի եւ այլ օտարերկրյա ուսանողներ: Նրանց մեջ չկար ոչ մի հայ:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter