HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը. մեղադրողը չի պնդել բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դեմ Դատախազության բողոքի քննության ընթացքում մեղադրողը չի պնդել վերաքննիչ բողոքը, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ  պատճառված վնասը վերականգնել է, և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը: Այս մասին, «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Գլխավոր դատախազության հանրայիր կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Մեզ հետ զրույցում Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ դատարանը մերժել է Դատախազության բողոքը:

Նշենք, որ դատախազությունը բողոքարկել էր Ղազարյանին 50 մլն դրամ գրավով ազատելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 20-ին Վաչագան Ղազարյանի` Տերյան փողոցի բնակարանում հայտնաբերվել էր 35 մլն դրամ, 1 110 400 դոլար, 230 500 եվրո։ Իսկ հունիսի 25-ին Ղազարյանը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել էր 50 հազար դոլար, «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120 հազար դոլար և 436 մլն դրամ, որից անմիջապես հետո բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։

Ըստ քննություն իրականացնող մարմնի՝ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանը 2017թ. իր գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ. մայիսի 17-ի դրությամբ, գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460 մլն դրամի, 1 272 900 դոլարի և 124 մլն դրամին համարժեք՝ 218 000 եվրոյի չհայտարարագրման։ Բացի դրանից, նախկին պաշտոնյայի գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում։

Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում Վաչագան Ղազարյանը կալանվորվել էր, ապա՝ 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Այս որոշումը բողոքարկվել էր դատարան, որի արդյունքում նա նորից կալանավորվել ու անազատության մեջ էր գտնվում մինչև դեկտեմբերի 30-ը, երբ դատարանը նորից գրավը նրա նկատմամբ թույլատրելի ճանաչեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter