HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կալանավորված Տարոն Ավետիսյանը ՊՎԾ վարչության պետի եղբոր բիզնես գործընկերն է

Այսօր պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կալանավորված Տարոն Ավետիսյանը նույն գործով կալանավորված ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի եղբոր բիզնես գործընկերն է: Ավետիսյանը Սամվել Ադյանի եղբոր՝ Սուրեն Ադյանի «Լամեքս» ընկերության տնօրենն է: Ադյան եղբայրները գրանցված են Նոր Նորք վարչական շրջանի նույն հասցեում:

ԱԱԾ-ն պարզել է, որ ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը 2018-2019թթ.-ին ապօրինի կերպով միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ հեմոդիալիզի պարագաների մրցույթներին: Նրանց այս աշխատանքներում օժանդակել է Տարոն Ավետիսյանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, փոփոխել են հեմոդիալիզի սարքավորումների մրցույթների տեխնիկական բնութագրեր, որից օգտվել և մրցույթում հաղթել է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է կալանավորված Տարոն Ավետիսյանի հետ: Այսինքն՝ նրանք տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխությունները համապատասխանեցրել են իրենց հետ փոխկապակցված ընկերության առաջարկած ապրանքներին:

Տեխնիկական բնութագրերի փոփոխման արդյունքում 3 բժշկական հաստատության համար սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են այդ հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով:

ՊՎԾ այս աշխատակիցները սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ, եթե գնման գործընթացներին մասնակցող ծառայողները  չկատարեն իրենց պահանջները:

ԱԱԾ հաղորդմամբ՝ այս գործողությունների և գործարքների հետևանքով խարխլվել է պետական մարմնի հեղինակությունը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, խաթարվել է գնումների բնականոն գործընթացը: «Ինչի հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմինների և կազմակերպությունների գործունեությունն՝ ուղղված բժշկական օգնության որակի ապահովմանն ու բարձրացմանը, այլև վտանգի տակ է դրվել մեծ թվով անձանց Սահմանադրությամբ ամրագրված առողջության պահպանման իրավունքի իրականացումը՝ առաջացնելով ծանր հետևանքներ»,- հայտնել է ԱԱԾ-ն:

Տարոն Ավետիսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ Ավետիսյանը ցուցմունք չի տվել, քանի որ իրենց համար առաջադրված մեղադրանքը պարզ չէ, հասկանելի չէ, թե Ավետիսյանը ՊՎԾ աշխատակիցներին ինչ գործողություններով է օժանդակել:

Սամվել Ադյանի եղբոր ընկերությունը հաղթել է պետական այլ մրցույթներում ևս

ՊՎԾ վարչության պետ Սամվել Ադյանի եղբայր Սուրեն Ադյանը «Լամեքս» ՍՊԸ-ն հիմնադրել է 2015 թվականին:

Ընկերությունը 2017-2018 թվականներին պայմանագրեր է կնքել նաև պետական մարմինների հետ: 2017 թվականին կիր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, միջոցառումների հետ կապված ծառայություն մատուցել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, իսկ 2018 թվականին հակահամաճարակային ծառայություններ մատուցել ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետարանին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին «Հետք»-ը գրել էր, որ հեմոդիալիզի սարքավորումներ մատակարարող ընկերության տնօրենն ահազանգում է Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի ենթադրյալ անօրինական գործողությունների մասին: Մեր հրապարակումից հետո ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքել էր իր ղեկավարած կառույցի ներկայացուցիչների հասցեին հնչած մեղադրանքները:

Օրեր անց մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ՊՎԾ աշխատակիցներ է ձերբակալել: Մենք կարողացանք պարզել, թե ովքեր են ձերբակալվածները: Նրանք երեքն էին՝ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության աշխատակից Գևորգ Խաչատրյանը և նշված անձանց հետ համագործակցած Տարոն Ավետիսյանը:

Գլխավոր լուսանկարում Սուրեն Ադյան (ձախից) և Տարոն Ավետիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter