HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկի ընտանիքը պայքարում է բնակարանը չկորցնելու համար

Վանաձոր քաղաքում ապրող Բեջանյանների ընտանիքը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից բնակարանն ազատելու ծանուցում է ստացել: 6000 դոլար վարկի պատճառով նրանց բակարանն աճուրդի է հանվել և վաճառվել: Բեջանյանները պնդում են, որ աճուրդն ու դրան նախորդող վարույթը ոչ օրինական ճանապարհներով են իրականացրել, ինչի հետևանքով իրենք զրկված են եղել գրավադրված բնակարանը հետ վերադարձնելու հնարավորությունից:

Ռուզան Ալիխանյանն իր երեք երեխաների հետ բնակվել է Վանաձոր քաղաքի Վարդանանց 43/1 շենքի 39 բնակարանում, որը ժամանակին ձեռք է բերել Ռուզանի ամուսինը՝ Արցախում 1992թ. զոհված Աբրահամ Լենիկի Բեջանյանը: Ամուսնությունից և աշխատանքի անցնելուց հետո երկու դուստրերը ապրում են Երևանում, իսկ տիկին Ռուզանն ու որդին՝ Դավիթն իր նորաստեղծ ընտանիքի և մանկահասակ երեխայի հետ շարունակում են ապրել Վանաձորի այդ տանը:

Ընտանիքում որոշ խնդիրներ լուծելու համար պարտքեր են կուտակել, և Բեջանյանները որոշել են վարկ վերցնել: 2013թ. 6000 դոլար վարկ են վերցրել «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ից: Սակայն չեն կարողացել վարկն ամբողջությամբ մարել, ինչից հետո՝ 2015թ. ապրիլին բանկը դիմել է դատարան՝ հօգուտ բանկի 5.590,47 ԱՄՆ դոլար բռնագանձելու պահանջով:

Նշված գումարից 5.163,69 դոլարը կազմել է վարկի մնացորդը, որից ժամկետանց` 626,83 դոլարը, 344,13 ԱՄՆ դոլարը` հաշվեգրված տոկոսագումարը, որից ժամկետանց` 308,30 դոլար, 12,32 ԱՄՆ դոլարը` տուգանքը, 50,47 ԱՄՆ դոլարը` ժամկետանց վարկի գծով չվճարված տույժը, իսկ 19,86 դոլարը` ժամկետանց տոկոսի գծով չվճարված տույժը, ինչպես նաև 57.015 դրամ պետական տուրքի գումարը:

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ «Արարատբանկը» հայտնել է, որ բանկի կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին վարկառու Աշխեն Բեջանյանի ունեցած ժամկետանց օրերի քանակը կազմել է 235 օր:

Վարկառու Բեջանյանների և բանկի կողմից համաձայնություն է կնքվել, և նոր ժամանակացույց սահմանվել, սակայն դա ևս ընտանիքը չի կարողացել մարել: Կուտակվել է 4282 դոլար չվճարված վարկ:

Բանկը դիմել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, որպեսզի բռնագանձումը տարածվի գրավի առարկա բնակարանի վրա: Հարուցվել է կատարողական վարույթ:

Բեջանյանները վստահ են, որ հարկադիր կատարողն ու ոստիկանության ծառայողը, ում հայրն է աճուդով ձեռք բերել բնակարանը, կոռուպցիոն համագործակցության մեջ են մտել, որպեսզի իրենց բնակարանը շուկայականից ցածր արժեքով ձեռք բերի: Վանաձորի իրենց բնակարանը քաղաքի կենտրոնական հատվածում է, և արժեքը 20 հազար դոլարի սահմաններում է:

2018թ. հոկտեմբերի 15-ին բնակարանը ձեռք է բերել Ոստիկանության Լոռու մարզի Բազումի բաժնի ծառայող Իգոր Հովհաննիսյանի հայրը՝ Տելեմակ Հովհաննիսյանը: Չնայած, պաշտոնական կայքի համաձայն, աճուրդից 3 ժամ առաջ որևէ հայտ ներկայացված չի եղել: Արուսյակ Բեջանյանն ասում է, որ Տելեմակ Հովհաննիսյանը՝ որպես գազի ծառայության տեսուչ, դեռևս 2018թ. մայիսին մուտք է գործել իրենց բնակարան և ուսումնասիրել այն:

«Հարկադիր կատարողը, խախտելով հարկադիր աճուրդում ինձ և մյուս սեփականատերերին ծանուցելու օրենքով սահմանված պահանջները, իրար հաջորդող հարկադիր աճուրդներ է կազմակերպել, մեզ այդ մասին չտեղեկացնելով, ամեն անգամ աճուրդի գինն իջեցվել է: Նրանք գիտեին, որ մենք արդեն ունենք այդ գումարը և կարող ենք բնակարանը գնել կամ կատարել վարկային պատրավորությունը, և շուկայականից ցածր գնով բնակարանը վաճառել են ոստիկանին»,- իրենց բողոքում նշում են բնակարանի սեփականատերերը:

Վարկառուն Բեջանյանների դուստրն է՝ Աշխեն Բեջանյանը: Բնակարանը 12 անգամ աճուրդի դնելու մասին նա մեկ անգամ է ծանուցվել, չնայած նամակով տեղեկացրել է, որ 2015թ.-ից բնակվում է Երևանի հասցեում:

Բեջանյանները պահանջել են կատարողական վարույթի նյութերը, որպեսզի հասկանան, թե ովքեր են մասնակցել աճուրդին և ինչ գին են առաջարկել: Սակայն կատարողական վարույթի նյութերից հասկանալի չի դարձել մասնակիցների կամ գնային առաջարկների տվյալները: Առանձին գրավոր հարցմամբ էլ աճուրդի մասնակիցների վերաբերյալ ԴԱՀԿԾ-ն տեղեկություններ չի տրամադրել՝ նշելով, որ աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.1 հոդվածի 8-րդ կետի:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լ. Բալյանը, Բեջանյանների գրությանն ի պատասխան՝ հաստատել է, որ Աշխեն Բեջանյանի նշված հասցեով աճուրդի մասին ծանուցում է ուղարկվել, որը, սակայն, «չպահանջված» նշումով վերադարձվել է ծառայություն:

2017թ. դեկտեմբերի 26-ին փորձագետի կողմից բնակարանը գնահատվել է 9,7 մլն դրամ: 2018թ. մայիսի 4-ին աճուրդի սկզբնական և բնակարանի մեկնարկային գին է սահմանվել 7 մլն 275 հազար դրամը: 12-րդ էլեկտրոնային աճուրդին այն վաճառվել է 3,4 մլն դրամով:

«Արարատբանկ»-ին նաև գրավոր հարցրել էինք, թե  վարկի տրամադրման ժամանակ, գրավադրված գույքը որքա՞ն է գնահատվել, և ո՞վ է իրականացրել գնահատումը, ինչին ի պատասխան՝ բանկը հայտնել է, որ գրավադրված՝ «Վարդանանց փողոց, թիվ 43/1 շենք, բնակարան 39 հասցեում գտնվող անշարժ գույքը կողմերի փոխադարձ համաձայնությամբ գնահատվել է 5 մլն դրամ»:

Բնակարանի նոր սեփականատերը դիմել է ԴԱՀԿԾ-ին՝ իր նոր բնակարանն ազատելու և իրեն հանձնելու համար: Սակայն Բեջանյանները որևէ կերպ չեն համաձայնվում հանձնել հորից հիշատակ իրենց ժառանգություն մնացած բնակարանը, որտեղ այժմ ապրում է ընտանիքի մեծ մասը:

Նրանք ստեղծված իրավիճակում կոռուպցիոն համաձայնությունների և կաշառքի կասկածների մասին հայտնել են իրավապահներին: Հունվարի 31-ին Լոռու մարզի դատախազը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի քննարկմանն է ուղարկել Բեջանյանների դիմում-բողոքը՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու վերաբերյալ:

Երկու օր առաջ Բեջանյանները բացատրություն տալու են հրավիրվել: Սակայն դեռ հայտնի չէ՝ քրեական գործ հարուցվելու է, թե ոչ:

Բեջանյանները նաև դիմել են դատարան: Նրանք խնդրել են անվավեր ճանաչել բնակարանի նկատմամբ կայացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, որպես հետևանք անվավեր ճանաչել դրա հիման վրա կնքված առքուվաճառքի պայմանագիրն ու անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Բեջանյանները նաև խնդրել են պարտավորեցնել ԴԱՀԿԾ-ին ձեռնպահ մնալ Բեջանյանների բնակարանը տիրապետող այլ անձանց նույն բնակարանից վտարելուն՝  հարկադրաբար դուրս բերելուն ուղղված գործողություններ կատարելուց:

Դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը և վերջին պահանջի մասով բավարարել է այն: Մարտի 15-ին նշանակված է գործով դատական նիստը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter