HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանը վիճարկում է Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին քննիչի որոշումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր քննվում էր Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշման դեմ պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքը:

Ըստ պաշտպանական կողմի՝ Վահագն Հարությունյանը քննություն իրականացնող մարմնին պատշաճ կերպով հայտնել է իր գտնվելու վայրի մասին, սակայն իր նկատմամբ ապօրինի հետախուզում է հայտարարվել:

Նշենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու մեջ: Նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր: 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Դատախազությունը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, նույն օրը հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել է: Այժմ Հարությունյանը մեղադրվում է  ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: 

Մինչ բողոքի բուն քննությանն անցնելը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանին միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ՝ նկատի ունենալով, որ վիճարկվում է նախաքննական գաղտնիք պարունակող հանգամանք՝  հետախուզման որոշում և դրա հետ կապված փաստական հանգամանքներ: Պետրոսյանի խոսքով՝ նկատի ունենալով, որ հրապարակային քննություն անցկացումը կարող է գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության վրա ազդեցություն ունենալ, արդարադատության շահից ելնելով՝ գործը պետք է քննել դռնփակ:

Պաշտպան Միհրան Պողոսյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ: Ըստ Պողոսյանի՝ դատարանում նախաքննական գաղտնիք պարունակող հանգամանք չի քննարկվում, այլ քննիչի կողմից կայացված որոշում, և չկա որևէ օրենսդրական հիմք՝ գործը դռնփակ քննելու համար: Քննարկելով միջնորդությունը՝ դատարանը որոշեց մերժել այն ու նիստն անցկացնել դռնբաց:

Դատավոր Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած դիմումի հիման վրա իր դեմ կարգապահական վարույթ է հարուցվել: Պաշտպանը նաև իր վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունում, և հաղորդման հիման վրա փաստաթղթերի կեղծիք կատարելու դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել:

Գաբրիելյանը նշեց, որ չնայած վերը նշված հանգամանքներին՝ ինքը գործով կարող է լինել անկողմնակալ, բայց որպեսզի անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ չլինեն  իր անաչառության վերաբերյալ, կողմերին առաջարկեց օրենքով սահմանված կարգով իր բացակայությամբ  քննարկել ինքնաբացարկի անտեսման հարցը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ու քննիչ Հրաչ Մուշեղյանը նշեցին, որ 5 րոպեն բավական է հարցը քննարկելու համար, իսկ Միհրան Պողոսյանը մեկ ժամ պահանջեց պաշտպանյալի հետ խորհրդակցելու և դիրքորոշում հայտնելու համար, այսօր նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստին կողմերը կներկայացնեն իրենց դիրքորոշումները:

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունն ու նրան կալանավորելու որոշում կայացրել:

Ըստ պաշտպանի՝ Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ գործում հայտնվել է կեղծ հեռախոսագիր այն մասին, իբր դատարանից փորձել են կապ հաստատել իր հետ, բայց ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել:

Այս հանգամանքներով պայմանավորված է պաշտպանը դիմել Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին՝  դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ և ՀՔԾ՝ քրեական գործ հարուցելու համար:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց՝ իր հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու մասին որոշումն ինքը պաշտոնապես չի ստացել, բայց ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկացել է, որ քրեական գործը հարուցվել է իրավունք վերապահող փաստաթղթի կեղծման՝  քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով և ուղարկել դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար։ 

«Այսինքն կարող ենք արձանագրել, որ դեպքն, ինչի մասին բարձրաձայնում էի, առկա է. հանգամանքները թույլ են տվել քրեական գործ հարուցել, բայց կարծում եմ, որ գործի հարուցումը Քրեական օրենսգրքի 325-րդ  հոդվածով պատահական չէ: Մենք պատահական չէինք Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում ներկայացրել, և  մեր հաղորդման մեջ նշել էինք, որ տվյալ կեղծ ապացույցն օգտագործվել է դատական ակտի հիմավորումների մեջ, այսինքն՝ առանց պաշտպանի գործի քննությունը սրբագրելու համար, և պետք է  քննություն իրականացվեր՝ պարզելու համար, թե ինչ առնչություն է ունեցել դատարանն  այս փաստաթղթի կազմման հետ կապված. միգուցե հորդորել է, միգուցե պարտադրել է», - ասաց Պողոսյանն ու նշեց, որ միայն այն բանից հետո, երբ կբացառվեր դատավոր Արտուշ Գաբրիելյանի առնչությունը փաստաթղթի կազմմանը, գործը կարող էր ուղարկվել Դատախազություն՝ դրա ենթակայության հարց որոշելու:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվում են պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ գործեր, իսկ եթե գործն ուղարկվի, օրինակ, Քննչական կոմիտե, ապա  քննիչները լիազորություն չունեն դատավորի գործողությունների հետ կապված քննություն տանելու:

«Հատուկ քննչական ծառայությանը կարճ ճանապարհով է գնացել ու գործը 325-րդ հոդվածով հարուցելով՝ գնացել է դատավորին մաքրելու ճանապարհով: Կարծում եմ՝  սա դեռևս դեկտեմբերի 30-ին անձայն համաձայնությամբ պայմանավորվածության արդյունք է այն մասին, որ ՀՔԾ-ին անհրաժեշտ որոշումը կեղծիքների միջոցով տրվում է, և հետագայում  խնդիրներ առաջանալու դեպքում ՀՔԾ-ն դատարանին փորձում է խնդիրներից հեռու պահել»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Վահագն Հարությունյանի բուժման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Պողոսյանը նշեց, որ վերջին շրջանում բուժման հետ կապված խոսակցություն չի ունեցել նրա հետ, բայց վստահեցրեց, որ նա վերադառնալու է Հայաստան:

«Միանշանակ կարող ենք արձանագրել, որ նա վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն: Նա որևէ մեկից կամ որևէ պետական մարմնից թաքնվելու ցանկություն և միտում չունի»,- ասաց պաշտպանը, բայց միևնույն ժամանակ նշեց, որ երբ Հարությունյանի վերադառնալու դիրքորոշումն ու ժամկետները հստակ լինեն, ինքը ևս մեկ անգամ նրան հորդորելու է մտածել, թե ինչ արդարադատության ակնկալիքով է նա վերադառնում Հայաաստանի Հանրապետություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter