HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Շնաձկներից «վտանգավոր» սելֆիի ձողիկը՝ «սուրբ» ձեռքերից մինչեւ Քարդաշյան (մաս 1)

Մարդու ռեալիստական պատկերի լուսանկարչական առաջին հիշատակումը կապվում է ամերիկացի Ռոբերտ Կորնելիուսի հետ, ով նաեւ, որպես այդպիսին, առաջին «սելֆիի» հեղինակն է։ 1839թ․-ի Կորնելիուսի ինքնանկարը (ինքնալուսանկարը) տպավորիչ է։ Պատմական «առաջին սելֆին» ստանալու համար, Ռոբերտն ընտրել էր ընտանեկան խանութ-սրահի հետնաբակը, անշարժ կանգնած մնացել 3-15 րոպե։

1 (1).jpg (165 KB)
Ռոբերտ Կորնելիուս. ինքնալուսանկար (աղբյուրը՝ «Գարդիան» պարբերական)

Ավելի ուշ՝ 1920 թվականին, լուսանկարիչ Ջոզեֆ Բայրոնը ստացել է առաջին «խմբակային ինքնալուսանկարը»։ Մինչ խմբակայինը, Բայրոնը դեռ 1909-ին անհատական ինքնանկարն էր արել (տես գլխավոր լուսանկարի ձախ կողմում)։ Ստորեւ ներկայացված երկու լուսանկարներից ձախում Բայրոնի «խմբակային սելֆին» է, իսկ մյուսում՝ պրոցեսը՝ լուսանկարված կողքից։

Եվ չնայած այն բանին, որ ինքնանկարի պատմությունն ավելի վաղ հիշատակումներ ունի, «սելֆի» տերմինի կիրառումն ունի ոչ ավելի, քան 20 տարվա պատմություն։ 2000-ականների սկզբին, երբ դեռ Ֆեյսբուք սոցիալական ցանցն առաջատարի դերում չէր, «սելֆիները» մեծ տարածում ունեին «MySpace» սոցիալական ցանցում․ օգտատերերը դրանք անվանում էին «MySpace» լուսանկարներ։ Արդեն 2005-ից հետո Ֆեյսբուքի օգտատերերը որպես ավատարի ընտրություն նախապատվությունը տվեցին որակյալ լուսանկարներին, որոնք տարածություն եւ խորություն էին ընդգրկում, իսկ «MySpace»-ի ինքնալուսանկարները որակվեցին որպես «անճաշակություն» եւ «անորակություն»։

Տեխնոլոգիական զարգացումների շնորհիվ, սակայն, նույն այդ օգտատերերը հնարավորություն ունեցան շատ արագ վերանայել «ինքնանկարի» մասին ունեցած իրենց պատկերացումները։ Բջջային հեռախոսների ամերիկյան, ճապոնական եւ կորեական ահռելի ինդուստրիան կարճ ժամանակահատվածում բարելավեց հեռախոսների դիմային տեսախցիկների որակը, որն էլ իր հերթին զարգացրեց սոցիալական ցանցի լուսանկար-պրոդուկտի այլընտրանքային տարածումը։

Արդեն 2010 թվականից ինքնալուսանկարը «վերածնունդ» ապրեց։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերն ակտիվորեն սկսեցին տեղադրել անհատական եւ խմբակային ինքնալուսանկարներ, իսկ Ինստագրամ սոցիալական ցանցի զարգացումները ինքնալուսանկարին հաղորդեցին նոր՝ ինքնադրսեւորման, ներկայանալու ձեւի բազմազանության եւ ապրանքայնացման հնարավորություններ։

Այդպես կարճ ժամանակահատվածում «սելֆի» տերմինը լայն աշխարհագրություն ձեռք բերեց, եւ, եթե սկզբնական «սելֆի-բովանդակությանը» նախապատվություն էին տալիս երիտասարդները, ապա 2010 թվականից հետո «սելֆին» դարձավ քաղաքական գործիչների, կրոնական առաջնորդների, ղեկավարների, բոլոր հնարավոր ոլորտների առաջատարների դրսեւորման գործիքը։  

2012 թվականին «Թայմ» պարբերականը նշում է, որ «սելֆի» բառը տարվա «մոդայիկ» տասնյակի մեջ է։ Չնայած, որ ինքնալուսանկարը, որպես այդպիսին գոյություն ուներ արդեն տասնյակ տարիներ, միայն 2013 թվականին աննախադեպ կիրառության հետեւանքով այն ներառվեց Օքսֆորդի բառարանում, եւ հենց այդ նույն թվականին էլ «սելֆին» դարձավ «տարվա բառը», որի ավստրալիական ծագումնաբանությունը պաշտոնապես ամրագրվեց որպես իրողություն։

«Սելֆի հրապարակելը փառասիրության ու ինքնասիրահարվածության մասին է խոսում,- վստահեցնում է թվային հաղորդակցության գծով ամերիկացի հայտնի հոգեբան Քերըլ Լիբերմանը,- այդ լուսանկարների միջոցով մեր ծայրահեղ տխուր ճիչն ենք արձակում՝ ասելով նայիր ինձ․ այդ հուսահատ ճիչը շարունակվում է անլսելի մնալ»։

Հոգեբանների մի ստվար մաս հանդես է գալիս նման պնդումներով, եւ մեդիան անընդհատ անդրադառնում է սելֆիի բացասական ազդեցություններին՝ մինչդեռ տասը վայրկյան պարբերականությամբ Ինստագրամում միջինում 1000 նոր ինքնալուսանկար է տեղադրվում։

Արդյոք այդքան ողբերգական է սելֆի անելու շարժառիթը եւ հրապարակումը․ իտալացի հոգեբան Մասսիմո Ռեկակատին կարծում է, որ սելֆիի վտանգավորության աստիճանը դրամատիզացված չէ․ «Մարդիկ դադարել են լուսանկարել իրենց շրջապատող աշխարհը․ այն վաղուց արդեն դեկորատիվ բնույթ է կրում․ նրանք շարունակում են ոչնչացնող կերպով ինքնահավանությամբ զբաղվել»,- գրում է Ռեկարտին իր վերլուծական հոդվածում։

Ամեն դեպքում մասնագիտական հակառակ պնդումները եւս փաստարկված են․ բազմաթիվ են այն հիմնավորումները, որոնք հանգեցնում են հետեւյալին՝ ցանկացած ինքնալուսանկար կոնկրետ շարժառիթ եւ նպատակ ունի։ Զանգվածային լրատվամիջոցների հոգեբանական հետազոտությունների կենտրոնի (ԱՄՆ) տնօրեն Պամելա Ռուտլեջի կարծիքով բջջային հեռախոսով արված ինքնալուսանկարը կարելի է դիտարկել որպես նորմալ երեւույթ Ռուտլեջին առաջարկում է տեխնոլոգիական զարգացման հետեւանքները դիտարկել որպես բնական երեւույթներ եւ «նորմալ» բառը կիրառել զարգացման միտումների կոնտեքստում, այլ ոչ թե իր «հին», ոչ կիրառական իմաստով։

Կանայք եւ սելֆին․ 129 միլիոն հետեւորդ «սպասում են» Քիմ Քարդաշյանի նոր սելֆիին

2015 թվականին «Դեյլի Մեյլ» պարբերականի՝ 2000 կանանց (16-25 տարեկան) շրջանում անցկացրած հետազոտության արդյունքում պարզվեց, որ միջինում յուրաքանչյուր կին ծախսում է 16 րոպե մեկ սելֆի-սեսիայի համար, որը կրկնվում է 3 անգամ՝ մեկ օրում կազմելով ընդհանուր 48 րոպե, շաբաթական՝ 5,5 ժամից ավելի։

Հարցվածների 27 %-ը որպես սելֆի անելու շարժառիթ առանձնացնում է կյանքի կարեւոր իրադարձությունը, երբ իրենց կատարյալ են զգում, 14 %-ը ցանկանում է ցուցադրել իր մարմինը «ոմանց» նախանձը շարժելու համար, 15 % -ը փորձում է «ստացված» սելֆիի միջոցով «պատժել» նրան, ով լքել է իրեն, 22 %-ը նշում է, որ պարզապես ուշադրության կարիք ունի եւ այդպես է փորձում հագենալ «հանրային» կարծիքից․․․

Եվ սրանք սելֆի ունենալու անընդհատ պահանջի հիմնավորումների մի մասն են միայն․ հարցվածների 27 %-ը խոստովանել է, որ կարճ ժամանակահատվածում համապատասխան քանակի լայքեր «չամրագրելու» դեպքում սելֆին ջնջում են համապատասխան սոցիալական տիրույթից։

Ինստագրամի իր հաշվում 129 միլիոն հետեւորդ ունեցող Քիմ Քարդաշյանը, ով առավել հայտնի է իր սկանդալային եւ անսպասելի սելֆիներով, անցյալ տարի խոսեց իր «սելֆի ասիստենտի» մասին։

Բանն այն է, որ «սելֆիի թագուհի» Քարդաշյանի բժիշկը, ուսումնասիրելով վերջինիս վնասված դաստակը հորդորել էր ձեռքը հանգիստ թողնել եւ առժամանակ դադարեցնել սելֆիների շարքը։ Քիմն անցյալ տարվա ամռանը զարմացրեց իր հետեւորդներին «ձեռքս հոգնել է» արտահայտությամբ, եւ հայտարարեց, որ բժշկի ցուցումների համաձայն՝ նա կդադարի ինքնալուսանկարվել, սակայն շոուն շուտով շարունակվեց, եւ Քիմի «վնասված ձեռքին» փոխարինելու եկավ Փոքսի անունով «սելֆի ասիստենտը»։

«Սելֆին ավելի շատ է սպանում, քան շնաձուկը»

Այսպիսով Քիմ Քարդաշյանը իր «վնասված» ձեռքը չծանրաբեռնելու համար «սելֆի ասիստենտին» է վճարում եւ շրջանառության մեջ դնում սելֆիի անմիջականության կարեւորությունը, երկրների առաջնորդները սելֆիի միջոցով են փորձում «բարեկամական» հարաբերություններն ամրագրել, իսկ մեծ բեմերում եւ հրապարակներում «սելֆի-ակնթարթն» հաճախ ամենահիշարժանն է դառնում։ Սելֆին այլեւս շրջանառվում է որպես ֆենոմեն, որի հետ կապված են տարբեր արտահայտություններ եւ կրիչներ, պատմական կադրեր եւ վրիպումներ, անսպասելի միջավայրեր եւ առավել անսպասելի դիրքեր եւ գործողություններ․․․ Սակայն սելֆիի զարգացման պատմությունը գրանցում է նաեւ ողբերգական դեպքերի վիճակագրություն։

«Ինդիփենդընթ» պարբերականը հրապարակեց «Սելֆին ավելի շատ է սպանում, քան շնաձուկը» վերնագրով վիճակագրական տվյալներ պարունակող նյութը՝ փաստելով, որ միայն 2015 թվականին 12 մարդ մահացել է սելֆի անելու հետեւանքով, այնինչ նույն ընթացքում շնաձկների զոհ է դարձել 8 մարդ։

Հնդկաստանի Բժշկական գիտությունների ինստիտուտի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ավելի քան 250 մարդու մահվան պատճառը սելֆին է։

«Ընտանեկան բժշկություն եւ առաջնային խնամք» ամսագրում տպագրված վերոնշյալ հետազոտությունից պարզ է դառնում, որ 2011 թվականի հոկտեմբերից մինչեւ 2017 թվականի նոյեմբեր հաշվառվում է 259 մահվան դեպք, որն անմիջապես կապված է սելֆի անելու ընթացքի հետ։

Սելֆի անելու հետեւանքով ողբերգական ավարտը հիմնականում պայմանավորված է վտանգավոր տարածքներում ուշադրության շեղումով, ինչպես օրինակ բարձրահարկի կտուրում, կենդանու հետ կամ բարձր էլեկտրականացված տարածքներում ինքնալուսանկարվելը (զոհերի 85 %-ը՝ 10-ից 30 տարիքային սանդղակում, «սելֆի-զոհերի» առաջատար եռյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Պակիստան):

Եվ մինչ պետությունները եւ մասնավոր սեկտորը զբաղվում են զգուշացումներով, առանձնացնում են վայրեր, որտեղ արգելված է սելֆիի փորձ անել, ամեն վայրկյան աշխարհում ավելանում է սելֆիի քանակը՝ ամենատարբեր շարժառիթներով եւ նպատակներով, ցավոք, երբեմն նպատակներն ու շարժառիթները չեն արդարացնում իրենց կամ ավարտվում են ողբերգական դեպքով, ինչպես օրինակ չինացի միլիարդատեր Վան Ցզյանի պատմությունն է, ով Ֆրանսիայում գործուղման ընթացքում փորձեց 15 մետր բարձրությամբ պատից սելֆի անել, որտեղից հիանալի տեսարան էր բացվում․․․ Բժիշկներին չհաջողվեց փրկվել 57-ամյա գործարարին, ով անզգուշության հետեւանքով ընկել էր նման բարձրությունից։

Սելֆին՝ որպես քաղաքական հաղորդակցության միջոց, ինչպես նաեւ որպես մշակութային իրողություն, կներկայացնենք հաջորդիվ, իսկ մինչ այդ կոնտեքստին անցնելը պետք է նկատել, որ սելֆին տարածքներ է գրավում ոչ միայն օնլայն, այլ նաեւ օֆլայն տիրույթում 2018 թվականից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում սելֆիի թանգարան է բացվել, որի նպատակը ինքնալուսանկարի զարգացման պատմությունը եւ մշակութային ազդեցությունն ուսումնասիրելն է, իսկ դրան զուգահեռ, այցելուներն ինչքան ցանկանան՝ սելֆի կարող են անել համապատասխան տաղավարներում։

Շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter