HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լինում է, չի լինում ...

Եղել է, թե չի եղել, ճշմարիտ է, թե սուտ է ...

Ու ես մոռանում եմ, որ «մեծ եմ», վաղուց արդեն ունեմ «լուրջ մտքեր», կարդում եմ «լուրջ գրքեր»: Ու դառնում եմ փոքրիկ երեխա, որ գորգին ծալապատիկ նստած՝ ագահությամբ նայում է տատիկին, մայրիկին, հարեւանին' հերթական կախարդական պատմության ակնկալիքով:

Ճիշտ է, հիմա նստած եմ աթոռին Ֆրանսիական համալսարանի լսարանում, իսկ մայրիկին կամ տատիկին փոխարինում են պրոֆեսիոնալ հեքիաթասաց Անը ու պրոֆեսիոնալ դերասանուհի Աննան:

Երբ ինչ-որ մեկի ասածն անհավանական է թվում, ասում ենք' «հեքիաթ մի պատմիր»: Երբ ինչ-որ մեկը խոսում է հրաշքից, ասում ենք' «ա՜հ, դա միայն հեքիաթում է հնարավոր»: Մինչդեռ «Հեքիաթն ինքը կյանքն է: Հեքիաթում առեղծվածայինն ու իրականությունը միախառնված են, կյանքում՝ նույնպես. երբեք չես կարող համոզված լինել՝ ի՞նչն է իրական, ի՞նչը թվացյալ»,- ասում է Անը:

«Ի՞նչ մասնագիտություն ունես» հարցին դժվար թե որեւէ մեկը Հայաստանում ասի՝ հեքիաթասաց եմ: Իսկ, օրինակ, Ֆրանսիայում այդ հարցին հենց այդպես կպատասխանի 3000 հոգի:

Ան Մոնտոնժը նրանցից մեկն է: Հեքիաթ պատմելն Անի մասնագիտությունն է արդեն 25 տարուց ավելի:

30 տարի է Ֆրանսիայում սկսվել է մի շարժում, որի արդյունքում պատմելու բանավոր սովորույթը դարձավ արվեստի ճյուղ: Հիմա Ֆրանսիայի որոշ համալսարաններում նույնիսկ կան հեքիաթ պատմելու կուրսեր: Կազմակերպվում են հեքիաթի փառատոններ եւ գիշերներ: Պրոֆեսիոնալ հեքիաթասացներ կան նաեւ եվրոպական այլ երկրներում, Լատինական Ամերիկայում:

Անն աշխատում է Փարիզի Երաժշտության թանգարանում, ուր կա եւս 7 հեքիաթասաց:

Դերասանուհի Աննա Մխիկյանի հետ Անը ծանոթացել է մի ներկայացման ժամանակ: Իմպրովիզ անող դերասանուհին սկսել էր խոսել անհասկանալի լեզվով: Ու թեպետ բառերն անհասկանալի էին, իմաստը զարմանալիորեն միանգամայն պարզ էր:

Պարզվեց, որ դերասանուհին հայուհի է, անհասկանալի լեզուն էլ հայերենն է:

Աննան արդեն վեց տարուց ավելի ապրում է Ֆրանսիայում, երկու տարուց ավելի էլ խաղում է ֆրանսիական թատրոններում:

«Մի անգամ Չեխովի «Ճայում» պետք է իմպրովիզ անեի,-պատմում է Աննան:-Խաղում էի այն տեսարանը, երբ Մաշան պետք է պատմի իր սիրո մասին ու մերժվի: Ինչ-որ պահի էլ չգիտեի' ինչ խոսքերով պատմեմ մեծ սիրուս մասին, ու հայերեն բացականչեցի' Ախր ես քեզ սիրում եմ, սիրում եմ: Ու ֆրանսիացի դերասանը հանկարծ ֆրանսերեն բղավեց' իսկ ես քեզ չեմ սիրում, հրեց ինձ, շրջվեց ու գնաց: Այդ ժամանակ էր, երբ առաջին անգամ հասկացա հայերեն բանավոր խոսքի ուժը, նրա ընկալելիությունը»:

Միասին հեքիաթներ պատմելու, առավել եւս դա Հայաստանում ներկայացնելու գաղափարը ծնվեց մի փոքր ավելի ուշ:

«Ֆրանսիայում թատրոններն այնպիսին չեն, ինչպես Հայաստանում: Այնտեղ պիտի բեմադրես ներկայացումը, հետո շնորհանդեսին հրավիրես ռեժիսորների, եւ եթե նրանցից որեւէ մեկին ներկայացումը դուր գա, նա կգնի այն եւ կցուցադրի իր թատրոնում:

Այսպես պատրաստվեց նաեւ հեքիաթների ներկայացումը: Մենք խոսեցինք հայկական համայնքի հետ այս ներկայացումը միասին պատրաստելու եւ այն Հայաստանում անցկացնելու մասին: Հայկական համայնքը համաձայնեց ֆինանսավորել: Ֆրանսիայում շուտով անցկացվելու են Հայաստանի օրերը, մեր ներկայացումը նույնպես ընդգրկվելու է: Բայց առաջին ներկայացումը եղավ Հայաստանում:

Ֆրանսիայից խոսեցինք Հայաստանի Տիկնիկային թատրոնի հետ: Սկզբում որոշել էինք այնտեղ անցկացնել ներկայացումը: Սակայն հեքիաթի առանձնահատկությունը հենց նրանում է, որ այն չունի բեմի կարիք: Այդպես ծնվեց այն ֆրանսիական թեքումով դպրոցում եւ Ֆրանսիական համալսարանում ներկայացնելու գաղափարը»,-ասում է Աննան:

Ֆրանսիական համալսարանի ամբողջովին սպիտակ լսարանում Աննան եւ Անը պատմում են հայկական եւ եվրոպական ժողովրդական հեքիաթներ, Անը՝ ֆրանսերեն, Աննան՝ հայերեն:

Գրատախտակը ծածկված է աստղա-լուսնազարդ կտորով, հատակին փռված է գորգիկ' վրան ծանոթ ու անծանոթ երաժշտական գործիքներ: Անը դրանք բերել է Ֆրանսիայից եւ նվագում է հեքիաթ պատմելու ընթացքում:

Լսարանում դասախոսներ են եւ ուսանողներ: Լսողները բավականին ուշադիր են եւ համեստ: Ընդամենը երկու անգամ զանգեց բջջայինը, ընդամենը չորս հոգի ուշացած մտավ ներս, ընդամենը երեք հոգի պատմելու ընթացքում դուրս եկավ սենյակից: Ավելի վաղ ֆրանսիական դպրոցում երեխաներն ավելի աղմկոտ էին իրենց պահում:

Անը դա բնական է համարում: Նրանք այն տարիքում են, երբ կարծում են, որ հեքիաթ լսելու շրջանից դուրս են եկել: Իսկ մեծերն այն տարիքում են, երբ տենչում են կրկին վերադառնալ այդ շրջանը:

Լսարանը բուռն արձագանքում է հեքիաթասացներին: Հատկապես ավելի ավագ սերունդը: Երիտասարդներն ավելի զուսպ են ու զգուշավոր:

«Հաճախ մեծերն ավելի երեխա են, քան իրենք' երեխաները,-ժպտում է Անը:-Մի օր Սենայի ափին «Նոթր Դամ» տաճարի մոտ հեքիաթ էի պատմում: Ժամը ցերեկվա չորսն էր: Այդ ժամանակը սովորաբար ծերերինն է եւ երեխաներինը: Երկու տատիկ եկան առանց երեխաների եւ նստեցին առաջին շարքում: Գրիմ եղբայրների «Երեք փետուրն» էի պատմում: Պատմելուս ողջ ընթացքում հետեւում էի նրանց. կարծես վիճելիս լինեին: Երբ ավարտեցի, մեկը մյուսին ջղային նայելով բղավեց' համոզված եմ, որ սուտ է ասում»:

Անն ինքն էլ է հեքիաթներ գրում:

«Մի հեքիաթ ունեմ, որտեղ կարասը չբեր կնոջը սովորեցնում է' ի՞նչ անել երեխա ունենալու համար: Մի կին ինձ նամակ էր գրել, ուր ասում էր, որ արել է ամեն ինչ այնպես, ինչպես կարասն էր սովորեցնում, ու հիմա սպասում է արդյունքին:

Իմ հեքիաթների թեման զանազան է, բայց հիմնականում դրանք սիրո մասին են:

Իմ հեքիաթները սովորաբար սկսվում են այսպես. «Մի ծեր մարդ սկսում է պատմել հեքիաթը»:

Այսօր Եվրոպայում մենք քիչ ուշադրություն ենք հատկացնում ծերերին: Նրանք ոչ ոքի պետք չեն: Բայց չէ՞ որ ամենամեծ գիտելիքները ստանում ենք նրանցից: Աֆրիկացի հայտնի քաղաքական գործիչ Ամադու Ամպատեբան ասում էր. «Երբ մեկ ծերունի մահանում է, մի ամբողջ գրադարան է հրկիզվում»:

Հեքիաթն է տալիս մեր հոգեկան կրթությունը: Հեքիաթներով ենք սովորում դժվարությունները հաղթահարել, կառուցել մեր անհատականությունը: Բոլոր երկրների հեքիաթները նույնն են, քանզի մարդն է դրանց սկիզբը: Հեքիաթ պատմելու ձեւերն են տարբեր, օրինակ' աֆրիկացիները պատմում են ծիծաղելով, պարելով, ֆրանսիացիները' շատ ավելի զուսպ»,-ասում է հեքիաթասացը:

«Ես միշտ հիշում եմ տատիկիս, մորս պատմած հեքիաթները, զարմանալի է՝ ինչքա՞ն են դրանք մնում մեջդ, նույնիսկ եթե մնացած ամեն ինչը մոռացել ես,- ասում է Աննան:-Անգամ դրսում հայերն առօրյայում անընդհատ օգտագործում են արտահայտություններ ու համեմատություններ հեքիաթներից: Բայց բանավոր խոսքն այստեղ դեռ մատնված է անուշադրության:

Տարիներ առաջ գնացի Հայաստանից, որովհետեւ ապրում էի թատրոնով, իսկ դերասանի մասնագիտությունն այստեղ լուրջ չէր ընկալվում: Հիմա դերասանը մասնագիտություն է: Հուսով եմ՝ մի օր նույնը կլինի հեքիաթի դեպքում:

Միգուցե կհամագործակցենք Ֆրանսիայի դեսպանատան կամ Հայաստանի կառավարության հետ, եւ այս այցերը կդառնան շարունակական»:

«Համոզված եմ, որ դրա համար այստեղ կան բոլոր նախադրյալները,- ավելացնում է Անը:-Այսօր շատ զարմացա, որ «Կիկոսի մահը» հեքիաթը բոլոր երեխաները գիտեին եւ առաջին նախադասությունից միասին պատմում էին այն. դա նշանակում է, որ Հայաստանում հեքիաթը կենդանի է»:

Մեկնաբանություններ (1)

Անի
Լավն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter