HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սուրեն Պապիկյան. «Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին դռնփակ հանդիպման ընթացքում տարբեր հարցեր են հղել, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացումներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

«Կարևոր լուծումներից մեկը «Տարածքային կառավարման մասին» օրենքի փոփոխությունն է, որը ենթադրում է մարզպետարանների աշխատակազմերի կրճատում, օպտիմալացումը լինելու է մոտ 30 տոկոս»,- ասաց նախարարը։

Հարցին, թե բոլոր տեղերում է կրճատումը 30 տոկոսով լինելու, նախարարը մանրամասնեց.

«Օրինակ՝ Արագածոտնի մարզում կրճատումները լինելու են 28 տոկոս, իսկ աշխատակիցների թիվը 121-ից դառնալու է 87 աշխատակից»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ կրճատվելու են մարզպետների երեք տեղակալները, լինելու է մեկ փոխմարզպետ՝ մեկ օգնականով և մարզպետի երկու օգնականներ։

Ըստ նախարար Պապիկյանի՝ ամենաուռճացված աշխատակազմը Գեղարքունիքի մարզպետարանում է, որն ունի 182 աշխատակից:

«Մենք ուսումնասիրություն ենք կատարել և պարզել ենք, որ աշխատակիցների մոտ քառասուն տոկոսը, ըստ էության, աշխատանք չի կատարում, չեմ ասում ոչինչ չի անում, բայց նրա փոխարեն կարող է կատարել մեկ այլ աշխատող։ Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ, դրա համար պետական կառավարման համակարգում հնարավորություն պետք է ունենան աշխատել մասնագետները, ովքեր պրոֆեսիոնալ են, ոչ թե նրա համար, որ ինչ-որ փուլում ունեցել են խնամի, ծանոթ, բարեկամ ու հարմարավետ տեղավորվել են»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ նախարարությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում են ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարել և թույլ տալ ավագանու անդամներին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, ինչպես նաև պաշտոն ՏԻՄ մարմիններում, Սուրեն Պապիկյանն արձագանքեց.

«Այսօր ավագանու անդամի լիազորությունները բավական մեծ են, բայց և այնպես պրոֆեսիոնալ այդ գործով զբաղվելու համար մարդը չի վարձատրվում, և մենք նրանց զրկում ենք նաև աշխատելու հնարավորությունից, իհարկե, եթե շահերի բախում կա, չեն կարող աշխատել, բայց եթե շահերի բախման չի բերում, ճիշտ չէ նրանց զրկել որևէ տեղ աշխատելու հնարավորությունից, էդ մարդիկ կենսական խնդիր լուծելու հարց ունեն, քանի դեռ ՏԻՄ մարմինները ունակ չեն ավագանուն վճարել դրա համար, մենք պիտի ժամանակավոր լուծումներ ունենանք»,- ասաց Պապիկյանը։

Հարցին, թե արդյոք ռիսկեր չի՞ տեսնում այդ որոշման մեջ, նախարարն արձագանաքեց՝ ամեն ինչ բաց է տեղի ունենում։

«Պաշտոնյան, ում արգելված է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, նախկինում, որ զբաղվել են բիզնեսով, ինչ-որ մեկը բռնե՞լ է իրենց ձեռքը, չի բռնել, բայց էսօր, երբ խոսում ենք օրինական ինչ-որ բանի մասին, սկսում ենք դրա տակ ռիսկեր տեսնել»,- ասաց Պապիկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter