HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտական հիմնարկները կգնահատվեն, կատեգորիաների կբաժանվեն, ապա նոր կֆինանսավորվեն

Ասա՝ ինչ վարկանիշ ունես, կասեն՝ ինչքան են քեզ ֆինանսավորելու. 2020 թվականից մոտավորապես նման սկզբունքով փոփոխություններ են նախատեսվում գիտության ֆինանսավորման ոլորտում: Եթե ներկայում գիտական կազմակերպություններն ամեն տարի պետբյուջեից կանոնավոր կերպով ու չափով բազային ֆինանսավորում են ստանում, ապա այսուհետ, ըստ ԿԳ նախարարի հրամանի նախագծի, ֆինանսավորվելու են իրենց գործունեության գնահատականի ու զբաղեցրած կատեգորիայի (տարակարգ) հիման վրա: Նման բաժանումը նոր երեւույթ է մեր գիտության մեջ:  

Փոփոխությունը վերաբերում է ոչ միայն գիտական ու գիտատեխնիկական կազմակերպություններին, այլեւ այն բուհերին, ավելի կոնկրետ՝ դրանց այն ստորաբաժանումներին, որոնք իրականացնում են գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն:  

Այս թեմայով հարցեր էինք ուղարկել կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Վերջինս հայտնել է, որ նախատեսվում է կիրառել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման եւ պետբյուջեից բազային ֆինանսավորման տրամադրման նոր սկզբունքներ ու չափանիշներ, որոնց վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ:

Նախարարը նաեւ նշել է, որ նշված գործունեության բազային ֆինանսավորումը որեւէ կապ չունի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման հետ՝ հիշեցնելով, որ թեմատիկ ֆինանսավորում պետությունը հատկացնում է այն գիտնականներին եւ հետազոտական խմբերին (կոլեկտիվներին), որոնք իրենց նախաձեռնությամբ ներկայացնում են հետազոտական նախագծեր ու մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվում: Այլ կերպ ասած՝ բազային ֆինանսավորման փոփոխությունը թեմատիկին չի առնչվում:

Արժե հիշեցնել, թե ինչ է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը: Պետբյուջեում դրա տակ են միավորվում հետեւյալ տողերը՝ ա. հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ, բ. ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում, գ. ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանություն:  

Գնահատում-տարակարգում-ֆինանսավորում

Համաձայն քննարկվող նախագծի՝ գիտական կազմակերպության կամ բուհի գիտական ստորաբաժանման գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արդյունավետությունը որոշվելու է մի շարք գործոնների գնահատման արդյունքում. այդ գործոններն են՝ հետազոտությունների արդյունավետություն, կադրային ներուժ, նյութատեխնիկական միջոցներ, գիտակրթական տարածքների հետ ինտեգրում, գիտական եւ (կամ) գիտատեխնիկական արդյունքների առեւտրայնացում, ֆինանսական միջոցների տնօրինում: Գնահատման հիման վրա որոշվելու է գիտական կազմակերպության կամ բուհի գիտական ստորաբաժանման գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արդյունավետության ցուցանիշը (ԳԱՑ):

Տարակարգումն էլ իր հերթին կատարվելու է տվյալ կազմակերպության ԳԱՑ-ի հիման վրա, ինչն Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ, ըստ էության, նշանակելու է բարձր արդյունավետությամբ աշխատող կազմակերպությունների խրախուսում:

Լինելու են հետեւյալ տարակարգերը՝

1-ին տարակարգ.  գործունեությունն իրականացվում է բարձր արդյունավետությամբ եւ գիտության արդի չափանիշներին համապատասխան կամ մոտ է դրանց

2-րդ տարակարգ. գործունեությունն իրականացվում է բավարար արդյունավետությամբ

3-րդ տարակարգ. գործունեությունն իրականացվում է ոչ բավարար արդյունավետությամբ, սակայն հնարավորություն կա ողջամիտ ժամկետում (3 տարի) իրականացնել արդյունավետ գործունեություն

4-րդ տարակարգ. գործունեությունն իրականացվում է ցածր արդյունավետությամբ եւ բացակայում է զարգացման որեւէ հեռանկար

Այսինքն՝ կկատարվի գնահատում, որի հիման վրա տվյալ գիտական կազմակերպությունը կամ բուհի գիտական ստորաբաժանումը կզբաղեցնի տարակարգերից մեկը, ինչն էլ էական դեր կխաղա բազային ֆինանսավորում տրամադրելիս:

Նախագծի համաձայն՝ գնահատման եւ տարակարգերի որոշման հետ կապված աշխատանքները համակարգելու համար ԿԳ նախարարի կողմից ձեւավորվելու է հանձնաժողով: Այն ղեկավարելու է գիտության կոմիտեի նախագահը, իսկ կազմում ընդգրկված են լինելու նախարարության, կոմիտեի, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտական պետական կազմակերպությունների եւ բուհերի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամների թիվը, անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատելու է նախարարը:

Գիտական կազմակերպությունների եւ բուհերի գիտական ստորաբաժանումների արդյունավետությունը գնահատվելու, եւ տարակարգերը որոշվելու են 3 տարին մեկ անգամ:

Նախագծով սահմանվել են նաեւ բազային ֆինանսավորում հատկացնելու հիմնական սկզբունքներն ու չափանիշները: Հանձնաժողովն ամեն տարի մշակելու է հաջորդ տարվա ֆինանսավորման ծավալների վերաբերյալ վերջնական առաջարկությունը եւ ներկայացնելու ԿԳ նախարարին:

Նախարար Ա. Հարությունյանը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս փոփոխությունների մասին ասել է, թե գիտության չափման արդյունավետությունը բարձրացնելու դեպքում կտեսնենք, որ դա ուղիղ եւ դրական առումով ազդեցություն է ունենալու գիտական ոլորտի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter