HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Պատերազմի դասերը

«Հետքի» քաղաքական հոդվածների հեղինակ Թաթուլ Հակոբյանը տարիներ շարունակ գրում է ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Արդեն մեկուկես տարի նա աշխատում է իր գրքի վրա, որը մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի տպագրության: Մեր գործընկերը տասնյակ հարցազրույցներ է վարել գործող եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչների, կարգավորման բանակցություններին մոտ կանգնած պաշտոնյաների, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին եւ ներկա համանախագահների, բարձրաստիճան զինվորականների, պատերազմին մասնակից մարտիկների, ինչպես նաեւ շարքային քաղաքացիների հետ, որոնց պատերազմն ուղղակի հարվածներ է հասցրել եւ որոնց համար Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանում պատերազմը եղել է ոչ միայն եւ ոչ այնքան հաղթանակ, որքան ողբերգություն' որդեկորույս մայրեր, որբ երեխաներ, տունը, կահ-կարասին կորցրած փախստականներ ... Այսուհետ ամեն շաբաթ «Հետքը» կտպագրի այդ հարցազրույցները, որոնց պետք է մոտենալ խիստ վերապահումներով:

Ամերիկացի մի սենատոր Առաջին աշխարհամարտից հետո ասել է. «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»: Այս խոսքերը լիովին համապատասխանում են ինչպես ղարաբաղյան պատերազմին, այնպես էլ բանակցային գործընթացին եւ, ընդհանրապես, այն ամենին, ինչն ուղղակի կամ անուղղակի պատերազմի հետեւանք է:

Շարքը սկսում ենք Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի լիազոր ներկայացուցիչ եւ Մինսկի խմբում նախկին (1992-1996թթ.) միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի հետ հարցազրույցով: Ընթերցողներին հիշեցնենք, որ հարցազրույցներն արվել են գիրք գրելու նպատակով, հետեւաբար հարցերը հաճախ կարող են «ցիրուցան» լինել, վերաբերել կարեւորագույն պահերին եւ չունենալ տրամաբանական կապ հարցազրույցի դասական իմաստով:
Վլադիմիր Կազիմիրով. «Դժվար էր հավատալ, որ Ղարաբաղում վերջապես դադարեցվում է արյունահեղությունը»

- Պարոն Կազիմիրով, ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստան-ԵԱՀԿ հակասությունները 90-ական թթ. սկզբներին եւ կեսերին ակնհայտ իրողություն էին: Ո՞րն էր հակասությունների հիմնական պատճառը:

- Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը արյունահեղության, ռազմական գործողությունների դադարեցումն էր: Առավել դժվար է բանակցություններ վարել, երբ պատերազմը շարունակվում է: ԵԱՀԿ Մինսկի խմբում մեր արեւմտյան գործընկերները ողջունում էին կրակի դադարեցումը, բայց եթե ձեռք բերվեին Մինսկի խմբի, այլ ոչ թե առանձին' Ռուսաստանի միջնորդությամբ: Ահա թե որտեղ էին տարակարծությունները: Դրանք ավելի ակնհայտ դարձան հայկական ուժերի' Քելբաջարը գրավելուց հետո: Մենք հարցն այսպես էինք դնում. ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու դիմաց հայերը հեռանում են Քելբաջարից, մնում են Լաչինի եւ Շուշիի խնդիրները: Ամերիկացի միջնորդ æոն Մարեսկայի համար գլխավոր առաջնահերթությունն այլ էր' բանակցային գործընթացի շարունակականությունը, այսինքն' հակամարտության կողմերը դուռը չշրխկացնեին եւ չհեռանային բանակցություններից: Նման երկու դեպք տեղի էր ունեցել, եւ ամերիկացիները ստիպված էին փրկել Մինսկի խումբը: Առաջինը' Շուշիի եւ Լաչինի գրավումից հետո ադրբեջանցիները հրաժարվում էին մասնակցել Մինսկի խորհրդաժողովին, որը նախատեսված էր 1992թ. հունիսի 23-ին: Հելսինկիում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Մեհտիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը չի մասնակցի Մինսկի խորհրդաժողովին, քանի դեռ հայերը չեն հեռանում Լաչինից եւ Շուշիից: Երկրորդը' մենք հանդիպում էինք Ժնեւում, երբ Քելբաջարը գրավվեց: Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Ղասիմովը շրխկացնում է դուռը եւ դադարեցնում խորհրդատվությունները:

- Ի՞նչ կասեք Քելբաջարի մասին: Իրականությանը որքա՞ն են մոտ խոսակցությունները, թե հայկական կողմը դեռ 1993-ին պատրաստ էր հեռանալ այդ շրջանից:

- Հիշու՞մ եք «Անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը», դա Ռուսաստանն էր հնարել: Բանակցային գործընթացի առաջին ամիսները, նկատի ունեմ Մինսկի խմբի առաջին նիստերը, բավական ծիծաղելի էին: Մինսկի խմբում, չնայած ֆորմալ կերպով ղեկավարում էին իտալացիները, սակայն առաջին ջութակը ամերիկացի æոն Մարեսկան էր: Նա կազմում էր, օրինակ, Շուշիի ծրագիր, ըստ որի հայերը պետք է թողնեն Շուշին, հետո քաղաք վերադառնան տեղահանված ադրբեջանցիները: Ես ձեռք առնելով հարցնում եմ Մարեսկային' հիմա ի՞նչ, մենք պետք է Քելբաջարի ծրագիր պատրաստե՞նք: Հայերը համաձայն էին հեռանալ Քելբաջարից, գոնե Երեւանը համաձայն էր: Կարծում եմ, որ այն ժամանակ դա Երեւանի կողմից «խաղ» չէր, որովհետեւ կրակի ամբողջական դադարեցման դիմաց Քելբաջարը կարելի էր վերադարձնել: Մինչդեռ հետ տալ Քելբաջարը միայն նրա համար, որպեսզի բանակցային գործընթացը չընդհատվի, սա հայերի համար շատ քիչ էր:

- Դուք Ձեր հոդվածներում գրում եք, որ ամերիկացիները չեզոք շվեդներին, ովքեր 1994-95թթ. համանախագահում էին Մինսկի խմբում, օգտագործում էին իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար:

- Մի անգամ, շվեդների հետ ժամանելով Բաքու, հյուրանոցում կես օրն անցկացրինք բանավիճելով, թե որտեղ պետք է ստորագրվի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիրը: Համաձայնագրի նախագծում արդեն նշված էր Մոսկվայի անունը: Դա համաձայնեցված էր հակամարտող բոլոր կողմերի հետ: Սակայն իմ շվեդ գործընկեր Անդերս Բյուրներն ամեն կերպ փորձում էր հասնել նրան, որ համաձայնագրի նախագծում արդեն նշված Մոսկվայի փոխարեն գիծ դրվեր, այսինքն՝ ստորագրման վայրի հարցը մնար բաց: Մի դեպք էլ պատմեմ. 1994թ. մայիսին Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման հաստատումից մի քանի շաբաթ անց Մինսկի խմբի համանախագահ Մաթիաս Մոսբերգը հանկարծ հակամարտող կողմերին առաջարկեց պայմանավորվել կրակի դադարեցումը երկարաձգել 30 օրով: Այս առաջարկության անհեթեթությունն ակնհայտ էր, քանի որ մեր' Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարն անժամկետ էր: Երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ մեր արեւմտյան գործընկերների համար Ռուսաստանին զսպելը պակաս կարեւոր առաջադրանք չէ, քան իրական առաջընթացը կարգավորման հարցում:

- 1994 թ. մայիսի 4-5-ը Բիշքեկի արձանագրությամբ, իսկ մի քանի օր անց' մայիսի 12-ին, Մոսկվայում ստորագրված եռակողմ համաձայնագրով սկիզբ դրվեց հրադադարի հաստատմանը: Ինչպե՞ս դա եղավ:

- Կիրգիզիայի խորհրդարանի, միաժամանակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեդիթխան Շերիմկուլովը Ալանդների Մարիեհամն քաղաքում 1993թ. դեկտեմբերին մասնակցում էր հակամարտության երեք կողմերի միջեւ հանդիպմանը: Ալանդներում ձեւավորվեց Ղարաբաղի հարցով, այսպես կոչված, միջխորհրդարանական խաղաղարար խումբ: Շերիմկուլովը Ալանդներում արեց սիրալիր առաջարկություն' հաջորդ հանդիպումն անցկացնել եւ ղարաբաղյան երկխոսությունը շարունակել Կիրգիզիայի մայրաքաղաքում: Բիշքեկում հավաքվեցին հակամարտության կողմերի խորհրդարանների առաջին դեմքերը, բացի Ռասուլ Գուլիեւից: Հեյդար Ալիեւն այդ օրերին մեկնել էր Բրյուսել' Բաքվում գործերը թողնելով Գուլիեւին, այդ պատճառով Բիշքեկ էր եկել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիադդին æալիլովը: Մոսկվայում, նախքան Բիշքեկ մեկնելը, ես շարադրել էի Բիշքեկյան արձանագրության նախնական տեքստը: Արձանագրության էությունը կրակի դադարեցման կոչն էր, կարեւոր էր, որ խորհրդարանների ղեկավարներն են հորդորում դադարեցնել կրակը: Ընդհանուր պայմանավորվածության արդյունքում հատուկ ընտրվել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ դա Հաղթանակի օրն էր: Մենք դրանով հույս ունեինք ցույց տալ, որ ղարաբաղյան հակամարտության հարցում հաղթանակում է խոհեմությունը: Բիշքեկում æալիլովից բացի բոլորը ստորագրեցին արձանագրությունը: Նա պատճառաբանեց, որ չի կարող ստորագրել, որովհետեւ մենք ստորագրելու իրավունք չենք տալիս Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովին: Թե ինչու æալիլովը չէր ստորագրում, Հեյդար Ալիեւը բացահայտեց մի քանի օր անց' մայիսի 21-ին, Բաքվում: Ալիեւն ասաց, որ ինքը կարգադրել էր առանց իր համաձայնության չստորագրել ոչ մի փաստաթուղթ: Մայիսի 4-5-ը Ալիեւը Բրյուսելում էր, մենք' Բիշքեկում: Ես Բիշքեկից զանգահարեցի Գուլիեւին, փորձեցի համոզել, որ նա æալիլովին լիազորեր, որպեսզի իր տեղակալը ստորագրի, բայց դա ինձ չհաջողվեց: Բոլորը, բացի Ադրբեջանից, ստորագրեցին: Պայմանավորվեցինք, որ Ադրբեջանի խորհրդարանականները, եթե ցանկություն ունենան, կարող են «Բիշքեկի արձանագրությանը» միանալ ավելի ուշ: Այդ պատճառով, Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւի հետ համաձայնության արդյունքում, ես պետք է շտապ ուղեւորվեի Բաքու՝ Հեյդար Ալիեւի եւ Ռասուլ Գուլիեւի հետ քննարկելու «Բիշքեկի արձանագրությունը»: Ես չկարողացա Բիշքեկից անմիջապես ուղեւորվել Բաքու, որովհետեւ Կոզիրեւը մայիսի 6-ին Մոսկվայում ընդունում էր շվեդ համանախագահ Յան Էլիասոնին: Այդ հանդիպմանը մասնակցելուց հետո ուղեւորվեցի Ադրբեջան եւ արդեն մայիսի 7-ին Բաքվում էի:

- Դուք Բաքու էիք մեկնել' հորդորելու Ալիեւին, որպեսզի ստորագրի բիշքեկյան տեքստը: Ի՞նչ կպատմեք Ձեր եւ Ադրբեջանի ղեկավարության «փոթորկալի» հանդիպումից:

- Մայիսի 8-ին սկսվում է Հեյդար Ալիեւի հետ իմ հանդիպումը: Նրա կողքին նստած են Գուլիեւը, æալիլովը, արտգործնախարար Հասան Հասանովը, պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Ռիզաեւը: Միջնորդներից ես մենակ եմ: Ալիեւն անմիջապես սկսում է գրոհը, թե դուք նորից պատրաստեցիք փաստաթուղթ, որը ոտնահարել է Ադրբեջանի շահերը: Ես ասում եմ, որ հայերն էլ այդ տեքստի հետ կապված ամեն ինչի հետ չէ, որ համաձայն են: Ես ասում եմ' գտեք գեթ մեկ ձեւակերպում, որը ոտնահարում է Ադրբեջանի ժողովրդի շահերը: Ես միայնակ եմ, բնականաբար մյուսները պաշտպանում են իրենց շեֆին: Վերջապես առաջին սթափ ձայնն արտասանում է Ռիզաեւը, որ պետք է դադարեցնել արյունահեղությունը: Նա անձնական սերտ շփումներ ուներ Գուլիեւի հետ: Գուլիեւն աջակցում է իր ընկեր Ռիզաեւին, եւ սկսվում է շրջադարձը: Ես նրանց ասում եմ, որ այդ փաստաթուղթը իրավական չէ, այլ քաղաքական: Փաստաթղթում դիտորդներ բառից առաջ ավելացրին «միջազգային» բառը, թեեւ, եթե նկատի ունեին ռուսներին, ապա ռուսները նույնպես միջազգային են: Անիմաստ ուղղում էր: Երկրորդը' «զբաղեցրած» տարածքների փոխարեն գրվեց «գրավված»: Եվ վերջապես երրորդը' ամենազավեշտականը, նրանք նորից սկսում են պնդել, որ փաստաթղթի տակ դրվի Բահմանովի ստորագրությունը: Ինչպես Բիշքեկում, հարց եմ տալիս' ի՞նչ կառույց է ներկայացնում Բահմանովը' օրենսդի՞ր: Երկար վիճեցինք, բայց նրանք մտցրեցին երկու ուղղումները եւ արձանագրության տակ ավելացրին' Ն. Բահմանով: Բայց Բահմանովին այդպես էլ չհաջողվեց գտնել Բաքվում: Հեյդար Ալիեւն ասում է' «Աֆիյադդին, ստորագրի՛ր»: Բայց հանկարծ æալիլովը Ալիեւին պատասխանում է, թե չի կարող ստորագրել, որ իր տեսակետը հրապարակավ հայտնել է: Ու ես մտածում եմ' գրողը տանի, ի՞նչ կարեւոր է æալիլովի ստորագրությունը, այստեղ Գուլիեւն է նստած: Հավանաբար Գուլիեւի եւ æալիլովի հարաբերություններում ամեն ինչ հարթ չէր: Գուլիեւն ասաց, որ այո՛, որոշ մարդկանց համար ավելի կարեւոր է հեղինակությունը, ինձ համար դա այնքան էլ կարեւոր չէ, կարեւոր է' դա լինի ի շահ մեր ժողովրդի: Ես հիմա այսպես պարզունակ եմ ներկայացնում, բայց իմաստն այդպիսին էր: Եվ Հեյդար Ալիեւը Գուլիեւին ասում է' ստորագրի՛ր: Ես վերցրի այդ թուղթը, զանգահարեցի Երեւան եւ Ստեփանակերտ:

Մայիսի 9-ին ես արդեն շարադրում եմ մեկ այլ փաստաթուղթ' կրակի դադարեցման մասին, համաձայնեցնում եմ Երեւանի եւ Ստեփանակերտի հետ: Մայիսի 9-ին Հեյդար Ալիեւի առանձնասենյակում պաշտպանության նախարար Մամեդռաֆի Մամեդովն այդ փաստաթղթի տակ դնում է իր ստորագրությունը: Վաֆա Գուլուզադեն ստում է, երբ այսօր ասում է, թե իբր այդ փաստաթուղթը ստորագրել են Երեւանն ու Բաքուն, իսկ Ղարաբաղի ստորագրությունը թաքուն Կազիմիրովն է այնտեղ խցկել: Հակառակը. իմ արխիվում դեռ պահպանվում է ամենաառաջին սեւագիրը, որում չկա հենց Երեւանի անունը, միայն Մամեդովի եւ Բաբայանի ստորագրությունների տեղն է արված: Հետագայում Ալիեւն ասաց, որ լավ կլիներ Երեւանի ստորագրությունն էլ ավելացնել, ինչը համապատասխանում էր մեր մտահաղացումներին: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս հայերին ամիսներ ասում էի' կարիք չկա թաքնվել Ղարաբաղի թիկունքում: Դուք հակամարտության լիարժեք կողմ եք եւ անհրաժեշտ է այդ գործերում մասնակցել ուղղակիորեն:

Ալիեւը համաձայնվեց, համաձայնություն է տալիս Տեր-Պետրոսյանը: Բայց Բաքուն չի համաձայնում ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ պատճառով ես չէի ուզում թանկագին ժամանակ կորցնել, կազմակերպել հանդիպում: Եվ մենք գնացինք անսովոր, կիսադիվանագիտական հնարքի' կողմերից յուրաքանչյուրն իր փաստաթուղթը ստորագրում է առանձին, առանց մյուս կողմի ներկայության: Դեռ 1993 թվականից, երբ ստորագրվում էին կրակի դադարեցման կարճաժամկետ պայմանավորվածություններ, մենք ունեինք «ֆաքսային դիվանագիտության» փորձը, երբ գործերի հրատապության եւ մեկ սեղանի շուրջ հակամարտության կողմերի ներկայացուցիչներին հավաքելու անհնարինության պարագայում ռուսաստանցի միջնորդին այլ բան չէր մնում, քան կողմերի հետ պայմանավորվել հեռախոսով եւ պայմանավորվածություններն արագ ձեւակերպել ֆաքսով հաղորդակցվելու ճանապարհով: Կրակի դադարեցման համաձայնագրի առաջին փաստաթղթի վրա միայն Մամեդովի ստորագրությունն է, մյուս կողմերի ստորագրությունը չկա, բայց մեքենագիր նշված է նրանց պաշտոնները: Ես վերցնում եմ այդ ստորագրությունը եւ մեկնում Մոսկվա: Սերժ Սարգսյանին խնդրում եմ ֆաքսով Մոսկվա ուղարկել իր ստորագրությունը: Հետո իր ստորագրությունն ուղարկում է Սամվել Բաբայանը: Ահա եւ երեք թղթերը իմ ձեռքում են, ահա եւ հրադադարի համաձայնագիրը: Երեք տարբեր թղթեր են' յուրաքանչյուրի վրա մեկական ստորագրություն, պաշտոնները նշված են, բայց չկան ստորագրությունները: Միասին չէին ուզում ստորագրել: Անշուշտ, անսովոր ձեւ է: Ես համառորեն պայքարում եմ ԵԱՀԿ-ի դեմ, քանի որ նրանք իրենց տարեկան հաշվետվություններում համաձայնագիրը անվանում են «ոչ պաշտոնական»: Ես ասում եմ' ո՞րն է սրա ոչ պաշտոնականը: Այո, մեկ ընդհանուր փաստաթուղթ չկա, բայց դա չի նշանակում ոչ պաշտոնական:

Եվս մի հետաքրքիր դեպք պատմեմ. 1994թ. մայիսի 17-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարար Պավել Գրաչովի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ՊՆ աշխատակիցները, հավանաբար վարժված լինելով հրադադարի պայմանավորվածությունների չկատարմանը, պատրաստել էին փաստաթղթի նախագիծ, որով առաջարկվում էր ղարաբաղյան ճակատում կրակը դադարեցնել մայիսի 18-ից, սա այն դեպքում, երբ արդեն 5 օր Ղարաբաղում հրադադարը ուժի մեջ էր մտել: Իրոք, դժվար էր հավատալ, որ Ղարաբաղում վերջապես դադարեցվում է արյունահեղությունը:

- Ձեր կարծիքով' կողմերի հոգնածության պատճառո՞վ ստորագրվեց հրադադարը, թե՞ Ադրբեջանը կանգնած էր այլ շրջաններ կորցնելու սպառնալիքի առաջ:

- Մեկը մյուսին չէի հակադրի: Մեկը չէր լինի առանց մյուսի: Մեր ջանքերը որեւէ արդյունք չէին տա, եթե Ալիեւի դրությունը կրիտիկական չլիներ: Ըստ էության, Ալիեւը կանգնած էր ոչ միայն այլ տարածքներ, այլեւ իր իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Բաքվում հաճախ են շահարկում, իբր Կազիմիրովն էր սպառնում, որ հայերը կվերցնեն Գյանջան: Ինչո՞ւ էի սպառնում: Գնում էին համառ մարտեր Թերթերի շրջանում: Այսինքն' առջեւում էին Բարդան, Եվլախը, Մինգեչաուրը, եւ հարավ-արեւմուտքի կրկնություն: Հայերն այնտեղ դուրս եկան Արաքս, այս դեպքում, պայմանական եմ ասում' դուրս են գալիս Քուռ: Պատկերացրեք Ալիեւի վիճակը, եթե «տրվեր» Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը: Այնպես որ, հրադադարի ստորագրումը Ալիեւի համար բարի կամքի հարց չէր, այլ' գոյության պայքար: Մի ժամանակ Արկադի Ղուկասյանն այդ հարցը բարձրացրեց Ռուսաստանի Դումայում, Զատուլինն էր լսումներ կազմակերպել: Եվ Ղուկասյանն իր ելույթում ասում է' ի՞նչ նշանակություն ունեն միջնորդները: Ուղղակի կողմերը հոգնել էին, եւ այդ պահին կար ուժերի հավասարակշռություն: Անշուշտ, կար եւ՛ ուժերի հավասարակշռություն, եւ՛ հոգնածություն: Բայց հոգնածություն կար եւ նախկինում, որոշակի հավասարակշռություն կար Քելբաջարից հետո: Աղդամի գրավումից հետո հավասարակշռությունը փլուզվեց:

26 նոյեմբերի, 2005թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter