HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Աշոտ Ափիկյան, Սմբատ Մելքոնյան

սկիզբը

Այս գործը հարուցվել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (այն ժամանակ՝ ինստիտուտ) գործող ուսանողական խմբակի անդամների նկատմամբ։ Գործով անցնող մարդկանց սկսել են ձերբակալել 1980 թ․ մայիս ամսվա ընթացքում։ Խմբակի անդամները չկալանավորվեցին։ Նրանցից ոմանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին ։ 1980 թ․ մայիս ամսվա ընթացքում երեք տարբեր քրեական գործեր են հարուցվել․ ուսանողների նկատմամբ այս գործը, Արսեն Ղազարյանի նկատմամբ գործը, որը որեւէ կազմակերպության չէր անդամակցում եւ Ազգային միացյալ կուսակցության երիտասարդական մասնաճյուղ հանդիսացող Հայ երիտասարդների միության անդամների նկատմամբ գործը։ Այս գործերով 9-ը մարդ՝ ուսանողական խմբակի ղեկավար Աշոտ Ափիկյանը, Հայ ազգային միության ղեկավար Սմբատ Մելքոնյանը, մանկավարժական ինստիտուտի դասախոս, ուսանողական խմբակի հետ ուղղակի առնչություններ ունեցող Ալեքսանդր Մանուչարյանը, Արսեն Ղազարյանը, որի մասին էր մեր նախորդ հրապարակումը եւ Հայ երիտասարդների միության 5 անդամներ հետագայում դատապարտվել են։

Աշոտ Հարությունի Ափիկյանը ծնվել է 1958 թ., Երեւան քաղաքում: Երեւանի մանկավարժական ինստիտուտում ուսանելու տարիներին, ուսանողական ընկերների հետ միասին 1978-ին կազմակերպել է ուսանողական խմբակ, որն զբաղվել է թռուցիկների պատրաստմամբ ու տարածմամբ: Խմբակի անդամների մեծ մասը աղջիկներ էին։ Ափիկյանի գլխավորությամբ գործող խմբակը նախաձեռնել է մանկավարժական ինստիտուտի դասախոս  Ալեքսանդր Մանուչարյանի «Ազգապատում», «Ազգապատում»-ի մաս հանդիսացող «Ազգային իրավունք» եւ ռուսերեն լեզվով գրված «Իմպերալիզմ» ստեղծագործությունների ինքնահրատ եղանակով տպագրման ու տարածման աշխատանքները: 1979-ին Ափիկյանը կապ է հաստատել «Հայ ազգային միություն» ընդհատակյա կազմակերպության ղեկավար Սմբատ Մելքոնյանի հետ: Մինչեւ 1980 թ. հարուցված քրեական գործը, Ափիկյանը Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղի դպրոցում ուսուցիչ է աշխատել: Քրեական  գործի հարուցումից հետո նա չի կալանավորվել: Նախաքննական մարմինը բավարարվել է քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա), 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը) եւ 86 հոդվածի 2-րդ մասով (պետական կամ հանրային գույքի հափշտակումը գողության միջոցով):

Դատապարտվել է երկու տարի աքսորի, որն անցկացրել է Վորկուտայում: Աքսորի ավարտից հետո վերադարձել է Հայաստան եւ աշխատել որպես բանվոր: 1990-ին մասնակցել է Գորիսի ինքնապաշտպանությանը, 1991-ին` Լաչինի համար մղվող մարտական գործողություններին։ Եղել է Զաբուխի առաջին պարետը: 1991-95 թթ. եղել է Երեւանի քաղխորհրդի պատգամավոր: 1996 թ. աշխատել է Երեւանի  քաղաքապետարանում: 1999-ին նշանակվել է քաղաքապետի խորհրդական եւ կրթության վարչության պետ: 2001 թվականից չի աշխատում: Բնակվում է Երեւանում:

Սմբատ Բատիկի Մելքոնյանը ծնվել է 1956 թ., Աշտարակ քաղաքում: Սովորել է Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում: Ուսանողական տարիներին` 1978 թվականին թռուցիկներ է տարածել ինստիտուտի շենքում: Այս կապակցությամբ տարվել է Պետանվտանգության կոմիտե ու նախազգուշացվել: Նույն ժամանակահատվածում ստեղծել է «Հայ ազգային միություն» (ՀԱՄ) գաղտնի կազմակերպությունը: Կապ է հաստատել Հայ երիտասարդների միության (ՀԵՄ) , իսկ ավելի ուշ` Աշոտ Ափիկյանի գլխավորությամբ մանկավարժական ինստիտուտում գործող ուսանողական խմբակի հետ: Հարուցված քրեական գործի շրջանակներում Մելքոնյանը չի կալանավորվել: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով եւ 67 հոդվածով: Դատապարտվել է երկու տարի աքսորի, որն անցկացրել է Տյումենի մարզում: Ազատ արձակվելուց հետո Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում ուսուցիչ է աշխատել: Մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: 1991-93 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, եղել է զորամասի հրամանատարի տեղակալ: Մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է: 2006-ին մայորի կոչումով պաշտոնաթող է եղել: Վախճանվել է 2013-ին:

 

 Գործով կայացված դատավճիռը

(Դատավճռում հիշատակված եւ գործով անցնող առանցքային բոլոր վկաների անունները, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից դատավճիռը մեզ տրամադրվելուց առաջ ջնջվել էին, մեծ ջանքերի շնորհիվ կարողացել ենք վերականգնել: Ոչ առանցքային վկաների անունները վերականգնելու համար զուր ջանքեր չենք թափել: Դրանք հրապարակված  դատավճռում մնացել են ԱԱԾ կողմից նշված կամայական տառերով: Կետագծերով նշված են դատավճռի մի քանի անընթեռնելի հատվածներ)

 

                                                                                                                                                          Գործ նո34

                                                                                                                                                               1981թ.

 

                                                                  ԴԱՏԱՎՃԻՌ

 

          ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ         ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

1981թվի           ապրիլի 7-ին               քաղ. Երեւան

                                      

                                 Նախագահությամբ`   Ս. Ասատուրյանի

                                         Ատենակալներ` 1. Մ. Ավչալյանի

  1. Վ. Հարությունյանի

                               Քարտուղարությամբ`     Ն. ----յանի

                                 Մասնակցությամբ պետական մեղադրող

                                               դատախազ`      Գ. Ղամարյանի

 

Քննության առնելով դռնբաց դատական նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

1   Ալեքսանդր Արամի Մանուչարյանի, ծնված 1929թ. Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուսնացած, խնամքին հոգեկան հիվանդ կինը եւ երկու անչափահաս երեխա, անկուսակցական, բարձրագույն կրթությամբ, չդատված, ֆիզիկապես առողջ, աշխատել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության  ինստիտուտում որպես ավագ գիտական աշխատող եւ միաժամանակ դասախոսել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, պատմական գիտությունների թեկնածու, գործով կալանքի տակ է 1980թ. մայիսի 10-ից, բնակվել է Երեւանի Կիեւյան փողոցի նո. 3 «բ» շենքի 22 բնակարանում:

2   Աշոտ Հարությունի Ափիկյանի, ծնված 1958թ. Երեւան քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուրի, խնամքին ոչ ոք, ՀամԼԿԵՄ անդամ, թերի բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված, ֆիզիկապես առողջ, աշխատում է ՀՍՍՀ Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, բնակվում է նույն գյուղում, գործով կալանքի տակ չի գտնվել:

3   Սմբատ Բատիկի Մելքոնյանի ծնված 1956թ. ՀՍՍՀ Աշտարակ քաղաքում, ազգությամբ հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ամուսնացած, խնամքին կինը եւ մանկահասակ երեխա, ՀամԼԿԵՄ անդամ, բարձրագույն կրթությամբ, չդատված, ֆիզիկապես առողջ, աշխատում է ՀՍՍՀ Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, բնակվում է նույն գյուղում, գործով կալանքի տակ չի գտնվել:

Մեղադրվում են` Մանուչարյանը եւ Մելքոնյանը ՀՍՍՀ  քր. օր.-ի 65 հ. 1 մ. եւ 67 հոդ., Ափիկյանը` ՀՍՍՀ քր. օր.-ի 65հ. 1մ., 67հ. եւ 86հ. 2-րդ մասով:

Դատաքննությամբ դատական կոլեգիան գտավ ապացուցված հետեւյալը.

Ամբաստանյալներ Մանուչարյանը, Ափիկյանը եւ Մելքոնյանը, ունենալով հակասովետական-ազգայնական տրամադրություններ, սովետական իշխանությունը թուլացնելու նպատակով տարել են հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա եւ դրան ուղղված հակասովետական կազմակերպչական գործունեություն:

Այսպես,  Մանուչարյանը,  աշխատելով Երեւանի  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում` որպես դասախոս, 1976թ. աշնանը հանցավոր կապի մեջ է մտել քննությամբ չհայտնաբերված ոմն Շողիկի հետ, նրան ներկայացել է որպես  ազգայնական գաղտնի խմբի անդամ, եւ նրա խնդրանքով 1977թ. մայիսին անձամբ գրել ու հայերեն լեզվով գրամեքենայով երեք օրինակից բազմացրել է «Ազգապատում» վերնագրով հակասովետական ազգայնական բովանդակությամբ հոդված, տարածել է այն` տալով երկու օրինակը հիշատակված Շողիկին, իսկ մի օրինակը պահել է իր մոտ:

1978թ. վերջին Մանուչարյանը հանցավոր կապի մեջ է մտել նույն ինստիտուտի ուսանողներից կազմակերպված հակասովետական գաղտնի խմբի անդամներ, գործով ամբաստանյալ Ափիկյանի եւ վկաներ Աշխեն Հակոբյանի ու Նատալյա Հարությունյանի հետ, հանձնելով նրանց ծանոթանալու եւ բազմացնելու համար հիշատակված «Ազգապատում» հոդվածը:

Ամբաստանյալ Մանուչարյանն ամբաստանյալ Ափիկյանի գաղտնի խմբի անդամների մեջ տարածելու համար 1977թ. սկզբին գրել է հակասովետական բովանդակությամբ «իմպերիալիզմ» վերնագրով հոդված, որը նույն թվականի գարնանը տվել է այդ խմբի անդամներին` ռուսերեն տպատառերով գրամեքենայի վրա բազմացնելու համար:

Ստանալով Ափիկյանից երեք օրինակից բազմացրած «Իմպերիալիզմ» հոդվածը, Մանուչարյանը դրա երկու օրինակը հանձնել է վերոհիշյալ Շողիկին, իսկ մի օրինակը, ինչպես եւ Ափիկյանից ստացած «Ազգապատում» հոդվածի վերջնամաս կազմող «Ազգային իրավունք» բաժինը պահել է իր մոտ:

Այդ հոդվածներում թշնամական հարձակումներ է թույլ տրվում ՍՄԿԿ ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, հակասովետական տեսանկյունով վատաբանվում է սոցիալիզմի էությունը եւ գովաբանվում է կապիտալիստական ապրելակերպը, զրպարտորեն պնդվում է, որ ՍՍՀՄ-ը հանդիսանում է «համակենտրոնացման ճամբար»,  «շովինիստական սուպեր պետություն, որի համար բոլոր ոչ ռուսականի ճնշումը հանդիսանում է պլանավորված ծրագիր»:

Ամբաստանյալ Ափիկյանը, լինելով Երեւանի Խ. Աբովյանի անվան ինստիտուտի ուսանող, 1978թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինստիտուտի ուսանողներից կազմակերպել  է հակասովետական ազգայնական գաղտնի խումբ, որի մեջ ընդգրկվել են Աշխեն Հակոբյանը, Նատալյա Հարությունյանը եւ ուրիշները, ընդամենը 7 հոգի:

Ափիկյանը գաղտնի խմբի անդամների հետ միասին նույն ժամանակաշրջանում պատրաստել եւ իրենց կողմից գողացված գրամեքենայի վրա հայերեն ու ռուսերեն լեզուներով մեծ քանակով /մոտ 2500 հատ/ բազմացրել է ,,Սովետական ժողովուրդ,, վերնագրով  սովետական պետական եւ հասարակական կարգը, ՍՄԿԿ ու Սովետական պետության քաղաքականությունն արատավորող զրպարտչական հերյուրանքներ պարունակող հակասովետական բովանդակությամբ թռուցիկներ:

Ափիկյանը խմբի անդամների հետ միասին նշված թռուցիկները 1978թ. դեկտեմբերի 27-ի երեկոյան տարածել են Երեւան քաղաքում` գցելով դրանք քաղաքացիների բնակարանների փոստարկղերը:

Այնուհետեւ հանցավոր կապի մեջ մտնելով ինստիտուտի դասախոս, գործով ամբաստանյալ Մանուչարյանի հետ, Ափիկյանը 1978թ. վերջերին նրանից ստացել է հակասովետական  ազգայնական բովանդակությամբ «Ազգապատում» վերնագրով հոդվածը` այն բազմացնելու եւ գաղտնի խմբի անդամներին ծանոթացնելու համար:

Այդ հոդվածի եզրափակիչ մասի` «Ազգային իրավունք» վերնագրով բաժնի բազմացնելու անհաջող փորձից հետո, ամբաստանյալ Ափիկյանը խմբի անդամների հետ միասին 1979թ. գարնանը երեք օրինակից բազմացրել է ամբաստանյալ Մանուչարյանից ստացած «Իմպերիալիզմ» վերնագրով հակասովետական բովանդակությամբ հոդվածը:

Շարունակելով իր հակասովետական գործունեությունը, ամբաստանյալ Ափիկյանը 1979թ. գարնանը կապ է հաստատել մեկ այլ հակասովետական, այսպես կոչված «Հայ ազգային միություն» (ՀԱՄ) գաղտնի խմբի ղեկավար գործով ամբաստանյալ Մելքոնյանի  հետ, որին եւ հանձնել է գաղտնի խմբի տրամադրության տակ եղած երեք գրամեքենաներից երկուսը, ինչպես եւ «Ազգապատում» ու «Իմպերիալիզմ» հակասովետական հոդվածները:

Ամբաստանյալ Ափիկյանը ամբաստանյալ Մելքոնյանի հետ միասին բազմացրել է «Իմպերիալիզմ» հոդվածը, որի երեք մեքենագիր օրինակը եւ «Ազգապատում» հոդվածի վերջնամաս «Ագային իրավունք» բաժինը հանձնել է ամբաստանյալ Մանուչարյանին: Բացի դրանից, ամբաստանյալ Ափիկյանը գաղտնի խմբի անդամների հետ միասին կազմակերպել է երեք գրամեքենաների հափշտակում, որոնց վրա բազմացվել են «Սովետական ժողովուրդ» թռուցիկները եւ «Իմպերիալիզմ» հոդվածը:

Այսպես, 1978թ. նոյեմբերին եւ 1979թ. հունվարին Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտից գողացվել են համապատասխանաբար  ռուսերեն տպատառերով «Ուկրաինա» մակնիշի նո. 789980 եւ հայերեն տպատառերով «Օպտիմա» մակնիշի նո. 329810 գրամեքենաները, իսկ 1978թ. սեպտեմբերին Երեւանի Շահումյանի շրջանի նո. 91 միջնակարգ դպրոցից` հայերեն տպատառերով  «Ուկրաինա» մակնիշի գրամեքենան, ընդ որում Ափիկյանը գործով վկաներ Էդուարդ Հովհաննիսյանի եւ Արամ Պետրոսյանի հետ միասին անմիջական մասնակցել է 1979թ. նոյեմբերի «Ուկրաինա» մակնիշի գրամեքենայի գողացմանը:

Երեւանի Շահումյանի շրջանի նո. 91 միջնակարգ դպրոցից գողացված գրամեքենան դուրս գրված է եղել եւ որեւէ արժեք չի ունեցել, իսկ Խ. Աբովյանի անվան ինստիտուտից գողացված «Ուկրաինա» մակնիշի գրամեքենայի արժեքը կազմում է 200 ռուբլի, իսկ «Օպտիմա» գրամեքենայի արժեքը` 200 ռուբլի:

Ամբաստանյալ Մելքոնյանը դեռեւս Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուրում սովորելու ժամանակ` 1978թ. նոյեմբերին, գործով վկա Ե-ի հետ միասին պատրաստել է սովետական պետական ու հասարակական կարգը արատավորող զրպարտչական հերյուրանքներ եւ «ռուսական օկուպացիայի» տապալման կոչ պարունակող «Հայեր» վերնագրով երեք հակասովետական բովանդակությամբ թռուցիկ, որոնք նույն ժամանակ տարածել է նշված ինստիտուտում` կպցնելով դրանք պատերին:

Այդ արարքի համար Մելքոնյանը 1978թ. դեկտեմբերին պաշտոնապես նախազգուշացվել է Հայկական ՍՍՀ ՊԱԿ-ի կողմից:

Սակայն, չանելով համապատասխան եզրակացություն, Մելքոնյանը, շարունակել է իր հակասովետական ազգայնական գործունեությունը եւ 1978թ. կազմակերպել է հակասովետական  ազգայնական այսպես կոչված «Հայ ազգային միություն» (ՀԱՄ) գաղտնի խումբը, որի մեջ ներգրավել է գործով վկաներ Սուրեն Հակոբյանին եւ Զ-ին:

1979թ. գարնանը Մելքոնյանը կապ է հաստատել գործով ամբաստանյալ Ափիկյանի հետ, որից ստացել եւ իր համախոհների մեջ տարածել է հակասովետական բովանդակությամբ վերը հիշատակված «Ազգապատում» եւ «Իմպերիալիզմ» հոդվածները:

Այդ նույն ժամանակ ամբաստանյալ Մելքոնյանը Ափիկյանից ստացել է երկու գրամեքենա, որոնք գտնվել են նրա խմբի տրամադրության տակ: Այնուհետեւ Ափիկյանը Մելքոնյանի հետ համատեղ կազմակերպել է «Իմպերիալիզմ» հոդվածի բազմացումը մեքենագրելու միջոցով:

1979թ. ամռանը ամբաստանյալ Մելքոնյանը հանցավոր կապ է հաստատել այսպես կոչված «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) գաղտնի խմբի հետ` նպատակ ունենալով այդ երկու խումբը միավորելու:

Բացի դրանից, ամբաստանյալ Մելքոնյանը 1980թ. ապրիլին «ՀԵՄ» գաղտնի խմբի կողմից հավաքած անդամավճարներից ստացել է 35 ռուբլի եւ իր խմբի անդամ Զ-ի միջեցով գնել է սեւ գույնի կտոր` դրոշներ պատրաստելու եւ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Երեւանի փողոցներում կախելու համար:

Վերոգրյալը  հաստատված է  ամբաստանյալների  խոստովանությամբ, վկաների ցուցմունքներով, իրեղեն ապացույցներով, գործում գտնվող այլ փաստաթղթերով:

Ամբաստանյալներ Մանուչարյանն, Ափիկյանը եւ Մելքոնյանը առաջադրված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր են ճանաչել եւ համապատասխան ցուցմունքներ են տվել:

Մանուչարյանը ընդունել է, որ 1976թ. աշնանը Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ծանոթացել է Շողիկ անունով մի անձնավորության հետ, որն իրեն ներկայացել է որպես ազգայնական գաղտնի խմբի անդամ եւ, հանցավոր կապի մեջ մտնելով վերջինիս հետ, նրա խնդրանքով 1977թ. մայիսին հայերեն լեզվով գրել եւ գրամեքենայով երեք օրինակից բազմացրել է «Ազգապատում» վերնագրով հակասովետական եւ հակառուսական բովանդակությամբ հոդված` բաղկացած 33 էջից, որը տարածել է`հանձնելով նրա երկու օրինակը նույն Շողիկին, իսկ մի օրինակը պահել է իր մոտ:

Մանուչարյանը բացատրել է, որ գրամեքենան, որի վրա ինքը տպագրել է «Ազգապատում» հոդվածը հատուկ այդ նպատակի համար բերել է իրենց տուն Շողիկ անունով անձնավորությունը: Հոդվածը մեքենագրելուց հետո նրա ձեռագիր օրինակը ինքը այրել է:

Մանուչարյանը նույնպես ընդունել է, որ 1978թ. վերջին նույն ինստիտուտում հանցավոր կապի մեջ է մտել ինստիտուտի ուսանողներից կազմակերպված գաղտնի խմբի անդամներ` գործով ամբաստանյալ Ափիկյանի եւ վկաներ Աշխեն Հակոբյանի ու Նատալյա Հարությունյանի հետ, որոնց հանձնել է ծանոթանալու եւ բազմացնելու համար հիշատակված «Ազգապատում» հոդվածը:    

Հետագայում Ափիկյանից հետ է ստացել այդ հոդվածի վերջնամաս «Ազգային իրավունք» բաժինը, որն իր բովանդակությամբ առավել հակասովետական է:

Ամբաստանյալ Մանուչարյանը ցուցմունք է տվել նաեւ այն մասին, որ գործով ամբաստանյալ Ափիկյանը գաղտնի խմբի անդամների մեջ տարածելու համար իր նախաձեռնությամբ   1979թ. սկզբներին գրել է հակասովետական բովանդակությամբ «Իմպերիալիզմ» վերնագրով մեկ այլ հոդված, որը նույն թվականի գարնանը հանձնել է խմբի անդամներ` վերը հիշատակված Աշխեն Հակոբյանին եւ Նատալյա Հարությունյանին` ռուսերեն տպատառերով գրամեքենայի վրա բազմացնելու համար:

Որոշ ժամանակ անց, ստանալով Ափիկյանից երեք օրինակից բազմացված «Իմպերիալիզմ» հոդվածը` բաղկացած 16 էջից, ինքը դրա երկու օրինակը հանձնել է վերոհիշյալ  Շողիկին, իսկ մի օրինակը պահել իր մոտ: Այդ հոդվածի ձեռագիրն իր կողմից նույնպես ոչնչացվել է:

«Իմպերիալիզմ» հոդվածում, որը խիստ հակասովետական բնույթ ունի, ինքը Լենինի տված իմպերիալիզմի հինգ հիմնական հատկանիշները վերագրել է սոցիալիզմին: (հ. 1 գթ. 129-130, 160-162, 166-170, 178-180, 196-203, 213-217, հ.3 գթ. 149 եւ հ.6 դատական նիստի արձանագրություն էջ 3, 4-15, 28-29):

Ամբաստանյալ Ափիկյանը ընդունել է, որ 1978թ. աշնանը, լինելով Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ուսանող, այդ ինստիտուտում ստեղծել է ազգայնական գաղտնի խումբ, որն իր բնույթով եղել է հակասովետական եւ նպատակ է ունեցել թռուցիկներ տարածելու:

Այդ խմբի մեջ, բացի իրենցից, ընդգրկված են եղել գործով վկաներ` Աշխեն Հակոբյանը, Նատալյա Հարությունյանը, Էդուարդ Հովհաննիսյանը, Արամ Պետրոսյանը եւ ուրիշները, ընդամենը` 7 հոգի:

Ափիկյանը հաստատել է, որ այդ նույն ժամանակահատվածում ինքը խմբի մյուս անդամների հետ միասին պատրաստել է «Սովետական ժողովուրդ» վերնագրով հակասովետական  բովանդակությամբ մոտ 2000-3000 հատ թռուցիկ, հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որպիսիք իրենք տարածել են Երեւան քաղաքում 1978թ. դեկտեմբերի 27-ի երեկոյան` գցելով դրանք քաղաքացիների բնակարանների փոստարկղերը: Ինքն անձամբ այդ երեկոյան Նորքի զանգվածում տարածել է մոտ 200-300 հատ թռուցիկ:

Այդ թռուցիկները մեքենագրելու միջոցով բազմացնելու համար, ինքը գաղտնի խմբի մյուս անդամների հետ միասին կազմակերպել է երեք գրամեքենաների հափշտակում, այդ թվում` 1978թ. նոյեմբերին Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտից գողացվել է ռուսերեն տպատառերով «Ուկրաինա» մակնիշի գրամեքենա անձամբ իր եւ խմբի մյուս անդամներ Էդուարդ Հովհաննիսյանի ու Արամ Պետրոսյանի կողմից:

Մյուս երկու գրամեքենաները գողացվել են առանց իր անմիջական մասնակցության, այն է` 1978թ. դեկտեմբերին` Երեւանի Շահումյանի շրջանի նո. 91 միջնակարգ դպրոցից` հայերեն տպատառերով «Ուկրաինա» մակնիշի եւ 1979թ. հունվարին վերը նշված ինստիտուտից` հայերեն տպատառերով «Օպտիմա» մակնիշի:

Ամբաստանյալ Ափիկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 1978թ. հանցավոր կապի մեջ է մտել գործով ամբաստանյալ Մանուչարյանի հետ, որից նույն թվականի վերջին  ստացել է նրա կողմից ավելի քան 20 թերթի վրա գրված հակասովետական ազգայնական բովանդակությամբ «Ազգապատում» վերնագրով հոդվածը` այդպիսին բազմացնելու եւ խմբի անդամներին ծանոթացնելու համար: Ինքը եւ խմբի մյուս անդամները ծանոթացել են այդ հոդվածի հետ, բայց իրենց չի հաջողվել այն մեքենագրել ու բազմացնել:

1979թ. սկզբին Աշխեն Հակոբյանի մոտ տեսել է «Իմպերիալիզմ» վերնագրով մեկ այլ հակասովետական հոդված, որը նույնպես գրվել է Մանուչարյանի կողմից եւ տրվել Աշխեն Հակոբյանին ու Նատալյա Հարությունյանին մեքենագրելու միջոցով բազմացնելու համար, որոնք իր մասնակցությամբ այն մեքենագրել են երեք օրինակից:

Ամբաստանյալ Ափիկյանը նույնպես ընդունել է, որ 1979թ. գարնանը կապ է հաստատել մեկ այլ հակասովետական, այսպես կոչված «Հայ ազգային միություն» գաղտնի խմբի ղեկավար, գործով ամբաստանյալ Մելքոնյանի հետ, որին հանձնել է վերը հիշատակված «Ազգապատում» եւ «Իմպերիալիզմ» հակասովետական հոդվածները եւ նրա հետ միասին կազմակերպել է «Իմպերիալիզմ» հոդվածի բազմացումը: (հ.1 գթ. 214-216, 251-255 եւ հ.6 դատ. նիստի արձ. Էջ 3, 15-23).

Ամբաստանյալ Մելքոնյանը ընդունել է, որ դեռեւս Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտում սովորելու ժամանակ` 1978թ. նոյեմբերին, գործով վկա Ե-ի հետ միասին պատրաստել է, իսկ հետո երեք օրինակից մեքենագրել եւ անձամբ ինստիտուտի պատերին կպցնելու միջոցով տարածել է սովետական պետական ու հասարակական կարգը արատավորող զրպարտչական հերյուրանքներ եւ «ռուսական օկուպացիայի» տապալման կոչ պարունակող «Հայեր» վերնագրով հակասովետական թռուցիկները:

Հաստատել է, որ այդ արարքի համար նույն թվականի դեկտեմբերին պաշտոնապես նախազգուշացվել է Հայկական ՍՍՀ ՊԱԿ-ի կողմից:

Մելքոնյանը բացատրել է, որ չնայած դրան, ինքը շարունակել է զբաղվել հակասովետական ազգայնական գործունեությամբ եւ 1978թ. կազմակրպել է հակասովետական  ազգայնական, այսպես կոչված «Հայ ազգային միություն» (ՀԱՄ) գաղտնի խումբը, որի մեջ ներգրավել է գործով վկաներ Սուրեն Հակոբյանին եւ Զ-ին:

1979թ գարնանը կապ է հաստատել գործով ամբաստանյալ Ափիկյանի հետ, ընդ որում իրենք երկուսով հանդես են եկել որպես առանձին գաղտնի խմբի ղեկավարներ: Այնուհետեւ Ափիկյանից ստացել է եւ գաղտնի խմբի անդամներին ծանոթացրել «Ազգապատում» եւ դրա վերջնամաս «Ազգային իրավունք» եւ «Իմպրիալիզմ» վերնագրերով հակասովետական բովանդակությամբ հոդվածները, որոնք գրված են եղել ամբաստանյալ Մանուչարյանի կողմից: Բացի դրանից, ինքն Ափիկյանի հետ միասին կազմակերպել է «Իմպերիալիզմ» հոդվածի բազմացումը` մեքենագրելու միջոցով:

Ամբաստանյալ Մելքոնյանը ընդունել է, որ 1979թ. ամառը հանցավոր կապ է հաստատել մեկ այլ հակասովետական ազգայնական, այսպես կոչված «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) գաղտնի խմբի ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով միավորելու իրենց գաղտնի խմբերը:

Հաստատել է նաեւ, որ 1980թ. ապրիլին «ՀԵՄ» գաղտնի խմբի կողմից հավաքված անդամավճարներից ստացել է 35 ռ., որպեսզի գումարը հանձնի իր խմբի անդամ Զ-ին, վերջինս գնել է սեւ գույնի կտոր` ապրիլի 24-ի օրվա կապակցությամբ Երեւանում սգո դրոշներ կախելու համար, որը սակայն իրենց չի հաջողվել:

Ամբաստանյալ Մելքոնյանը ցուցմունք է տվել, որ «ՀԱՄ» հակասովետական գաղտնի խմբի ծրագրի համաձայն Սովետական Հայաստանը պետք է առանձնանա Ռուսաստանից,  պատերազմ հայտարարի Թուրքիային` Հայկական հողերը ետ վերցնելու նպատակով: (հ.2 գթ. 10-19, հ.5 գթ. 30-31 հ.6 դատ. նիստի արձ էջ 29-37)

Գործով վկաներ Աշխեն Հակոբյանը եւ Նատալյա Հարությունյանը իրենց ցուցմունքներում հաստատել են, որ 1978թ. աշնանը ամբաստանյալ Ափիկյանը իրենց հետ միասին  որոշել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում կազմակերպել գաղտնի խումբ` թռուցիկներ տարածելու համար: Այդ խմբի մեջ Ափիկյանը ընդգրկել է գործով վկաներ Էդուարդ Հովհաննիսյանին եւ Արամ Պետրոսյանին, որոնց մասնակցությամբ նա նույն թվականի նոյեմբերին ինստիտուտից գողացել է «Ուկրաինա» մակնիշի ռուսերեն տպատառերով գրամեքենա, որի վրա իրենց կողմից տպագրվել են «Սովետական ժողովուրդ» վերնագրով հակասովետական բովանդակությամբ թռուցիկները:

Այդ թռուցիկները Ափիկյանի եւ խմբի մյուս անդամների կողմից տարածվել են Երեւան քաղաքում 1978թ. դեկտեմբերի 27-ի երեկոյան` բնակիչների փոստարկղերը գցելու միջոցով:

Աշխեն Հակոբյանը  եւ Նատալյա Հարությունյանը  ցուցմունք են տվել, որ իրենց խմբի անդամների որոշմամբ եւ մասնակցությամբ 1978թ. դեկտեմբերին եւ 1979թ. հունվարին համապատասխանաբար Երեւանի Շահումյանի շրջանի նո. 91 միջնակարգ դպրոցից եւ վերը հիշատակված ինստիտուտից գողացել են եւս երկու գրամեքենա հայերեն տպատառերով:

Այդ վկաները հաստատել են, որ ամբաստանյալ Ափիկյանը հանցավոր կապի մեջ է գտնվել գործով ամբաստանյալ Մանուչարյանի հետ, որի կողմից գրված հակասովետական բովանդակությամբ «Ազգապատում» հոդվածը բերել եւ ծանոթացրել է գաղտնի խմբի անդամներին:

Ափիկյանը մասնակցել է Մանուչարյանի կողմից գրված «Իմպերիալիզմ» վերնագրով մեկ այլ հակասովետական հոդվածի ծանոթացմանը եւ ապա մեքենագրելու միջոցով բազմացմանը խմբի անդամների կողմից (հ.2 գթ. 56-78, հ.6 դատ. նիստի արձ. էջ 56-64):

Գործով վկա Կարինե Կիրակոսյանը ցուցմունք է տվել, որ 1979թ. ամբաստանյալ Մելքոնյանը իրեն տվել է ծանութանալու «Ազգապատում» եւ «Իմպերիալիզմ» հոդվածները: Հիշում է, որ «Իմպերիալիզմ» հոդվածը հակասովետական բովանդակություն ուներ, նրա մեջ իմպերիալիզմի հինգ հատկանիշները վերագրված էին սոցիալիզմին: Մելքոնյանի խնդրանքով ինքը նրան ծանոթացրել է իր ընկերուհի Հասմիկ Կարապետյանի հետ, որը եւ մի քանի օրինակից մեքենագրել է այդ հոդվածը: (հ. 3 գթ. 79-83 եւ հ.6 դատ նիստի արձ. Էջ 43-45)

Գործով որպես վկա հարցաքննված Հասմիկ Կարապետյանը հաստատել է, որ իր ընկերուհի Կարինե Կիրակոսյանի խնդրանքով 1979թ. մայիսին ամբաստանյալ Մելքոնյանի համար 5-6 օրինակից մեքենագրել է հակասովետական բովանդակությամբ «Իմպերիալիզմ» վերնագրով հոդվածը:

                      (հ.2 գթ. 85-90, հ.6 դատ. նիստի արձ. Էջ 41-43)

Գործով վկա Սուրեն Հակոբյանը ցուցմունք է տվել, որ ինքն ամբաստանյալ Մելքոնյանի կողմից 1978թ. ընդգրկված է եղել «Հայ ազգային միություն» (ՀԱՄ) գաղտնի խմբի մեջ, որի մասին տեղյակ է եղել նաեւ Զ-ն:

Մելքոնյանը իրեն տվել է ծանոթանալու համար «Իմպերիալիզմ» վերնագրով հակասովետական հոդված, որը նա վերցրել էր Աշոտ անունով մի ուսանողից:

                     (հ.2 գթ. 109-116, հ.6 դատ. նիստի արձ. Էջ 50-59).

Զ-ն ցուցմունք է տվել, որ ամբաստանյալներ Մելքոնյանը եւ Ափիկյանը իր ներկայությամբ խոսակցություններ են ունեցել անկախ Հայաստան ստեղծելու մասին: Այնուհետեւ ինքը նրանց հետ մասնակցել է ինչ-որ գրամեքենաներ Ժ-ի բնակարան տեղափոխելուն: Ափիկյանը եւ Մելքոնյանը պետք է մեքենագրեին հակասովետական նյութեր:

                    (հ.2 գթ. 231-237, հ. --- դատ. նիստի արձ. էջ 67-70)

Գործով վկաներ Էդուարդ Հովհաննիսյանը Արամ Պետրոսյանը եւ Ի-ն ցուցմունքներ են տվել, որ իրենք նույնպես գտնվել են գաղտնի խմբի մեջ, ընդ որում Հովհաննիսյանը եւ Պետրոսյանը հայտնել են, որ իրենց խմբի մեջ ընդգրկել է ամբաստանյալ Ափիկյանը:

Այդ վկաները հաստատել են, որ խմբի անդամների կողմից 1978թ. նոյեմբերից մինչեւ 1979թ հունվարը ընկած ժամանակամիջոցում գողացվել է երեք գրամեքենա, այդ թվում 1978թ. նոյեմբերին Երեւանի Խ. Աբովյանի անվան ինստիտուտից գրամեքենայի գողացմանը անմիջական մասնակցություն է ունեցել ամբաստանյալ Ափիկյանը:

Խմբի անդամները, այդ թվում եւ Ափիկյանը, մասնակցել են հակասովետական բովանդակությամբ հայերեն եւ ռուսերեն լեզուներով թռուցիկների բազմացմանը, որոնց քանակը եղել է 2000-3000 հատ եւ դրանք 1978թ. դեկտեմբերի 27-ի երեկոյան Երեւան քաղաքում տարածմանը:

Արամ Պետրոսյանը եւ Ի-ն միաժամանակ հայտնել են, որ խմբի անդամները ծանոթացել են «Ազգային իրավունք» եւ «Իմպերիալիզմ» հոդվածների հետ, որպիսին այդ նպատակով ամբաստանյալ Մանուչարյանը տվել էր համապատասխանաբար` Ափիկյանին եւ գործով վկաներ Հակոբյանին ու Հարությունյանին, ընդ որում, «Իմպերիալիզմ» հոդվածը եւ մեքենագրելու միջոցով բազմացնելու համար:

                   (հ.2 գթ. 91-107, 190-200, 207-209, հ.6 դատ. նիստի արձ. էջ 63--, 70-77)

Գործով վկա Ժ-ն ցուցմունք է տվել, որ ամբաստանյալ Մելքոնյանը 1979թ. մայիսին իրենց տուն է բերել երկու գրամեքենա եւ կազմակերպել է «Իմպերիալիզմ» հոդվածի մեքենագրումը: Բացի դրանից, Մելքոնյանն իրեն ասել է գաղտնի խումբ ստեղծելու մասին:

                               (հ. 3 գթ. 96-101, հ.6 դատ. նիստի արձ. էջ 105-109).

ՀՍՍՀ Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, գործով վկա Լ-ն ցուցմունք է տվել, որ 1980թ. գարնանը դպրոցի ուսուցիչ, գործով ամբաստանյալ Մելքոնյանը իրեն տվել է ծանոթանալու համար «Իմպերիալիզմ» հոդվածը, որը իր մեջ պարունակում է սովետական պետական կարգը արատավորող զրպարտչական հերյուրանքներ:

Նույն դպրոցի նախկին ուսմասվար Խ-ն եւ դիրեկտոր Ծ-ն հաստատել են, որ 1980թմայիսին իրենք Մելքոնյանի բնակարանում հայտնաբերել են վերը հիշատակված «Իմպերիալիզմ» հոդվածը եւ այն պատռել:

        (հ.3 գթ. 130-140, 186-191, 215-216, հ. 6 դատ. նիստի արձ. էջ. 97-99, 101-103).

Գործով վկա Ե-ն ցուցմունք է տվել, որ ամբաստանյալ Մելքոնյանը 1978թ. իրեն ասել է Թուրքիայից հայկական հողերը ետ վերցնելու համար գաղտնի խումբ ստեղծելու նպատակի մասին, եւ որ Հայաստանը պետք է Ռուսաստանից անջատվի եւ դառնա ինքնուրույն հանրապետություն:

Այնուհետեւ նույն թվականի աշնանը Մելքոնյանի համառորեն խնդրանքով նրա համար գրել է ակնհայտորեն հակասովետական թռուցիկի տեքստ, որը մի քանի օրինակից մեքենագրելու համար նույնպես Մելքոնյանի խնդրանքով նրան է տվել իր ծանոթ Կ-ի հեռախոսի համարը, եւ վերջինս այդ թռուցիկը, «Հայեր» վերնագրով, մեքենագրել է երեք օրինակից:

Այդ թռուցիկները Մելքոնյանը նույն ժամանակ կպցրել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտի պատերին:

                               (հ.3 գթ. 192-108, հ.3 դատ. նիստի արձ. էջ 77-80).

«Հայեր» վերնագրով հակասովետական բովանդակությամբ թռուցիկները մեքենագրելը երեք օրինակից եւ դրանք ամբաստանյալ Մելքոնյանին հանձնելը հաստատել է իր ցուցմունքներում Կ-ն:

                       (հ.3 գթ. 207-212, հ.- դատ. նիստի արձ. էջ 90-92)

Ամբաստանյալ Մելքոնյանի կողմից 1978թ. հակասովետական թռուցիկներ տարածելը հաստատել է նաեւ գործով վկա Հ-ն:

                       (հ.3 գթ.199-201, հ- դատ. նիստի արձ. էջ 100-110):

Գործով հարցաքննված վկաներ Ձ-ն, Ղ-ն, Ճ-ն, Մ-ն եւ Յ-ն ցուցմունք են տվել, որ ամբաստանյալ Ափիկյանի եւ նրա գաղտնի խմբի անդամների կողմից իրենք ենթարկվել են «Սովետական ժողովուրդ» վերնագրով թռուցիկի տարածմանը:

Ձ-ն միաժամանակ հայտնել է, որ խմբի անդամները ծանոթացել են ամբաստանյալ Մանուչարյանի կողմից գրված «Ազգային իրավունք» եւ «Իմպերիալիզմ» հակասովետական հոդվածներին, Մ-ն բացատրել է, որ թռուցիկները եղել են 2000-2500 հատ, եւ որ գաղտնի խմբի տրամադրության տակ եղել են հակասովետական նյութեր, Յ-ն հաստատել է, որ ամբաստանյալ Ափիկյանի եւ մյուսների գողացած գրամեքենաները մի քանի օր պահվել են իրենց բնակարանում:

                           (հ.2 գթ.------------------------------)

Վկաներ Ն-ն, Ո-ն եւ Շ-ն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ գաղտնի խմբի անդամներ Ափիկյանից եւ մյուսներից իմացել են նրանց կողմից թռուցիկներ տարածելու մասին:

                            (հ. 3 գթ. ---------------- )

Երեւան քաղաքի տարբեր շրջանի բնակիչներ, գործով վկաներ` Չ-ն, Պ-ն, Ջ-ն, Ռ-ն, Ս-ն, Վ-ն, Տ-ն, Ր-ն, Ց-ն, ՈՒ-ն եւ Փ-ն ցուցմունք են տվել, որ 1978թ դեկտեմբերի վերջին իրենց բնակարանների փոստարկղերում հայտնաբերել են «Սովետական ժողովուրդ» վերնագրով հակասովետական բովանդակությամբ թռուցիկներ, ընդ որում` դրանց մի մասը եղել է հայերեն, իսկ մյուս մասը` ռուսերեն լեզվով:

Այդ վկաները միաժամանակ բացատրել են, որ հայտնաբերված թռուցիկները իրենց կողմից հանձնվել են Հայկական ՍՍՀ ՊԱԿ-ին:

              (հ.2 գթ. 203, հ.3 գթ. 45, 55, 69, 68, 83, 85, 87-88, 91, 116, 220-223, հ. 6 դատ. նիստի արձ. էջ 45-46, 64-67, 82-89, 98-100)

Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ---- Ք-ն եւ Կ-ն, ինչպես եւ Երեւանի Շահումյանի շրջանի 91 միջնակարգ դպրոցի նախկին դիրեկտոր Օ-ն եւ Ֆ-ն իրենց ցուցմունքներում հաստատել են համապատասխանաբար այդ ինստիտուտից 1978թ. նոյեմբերին եւ 1979թ. հունվարին «Ուկրաինա» մակնիշի ռուսերեն տպատառերով եւ «Օպտիմա» մակնիշի հայերեն տպատառերով գրամեքենաների գողանալը:

Օ-ն ե Ֆ-ն միաժամանակ հայտնել են, որ դպրոցից գողացված գրամեքենան եղել է դուրս գրված եւ որեւէ արժեք չի ունեցել:

                         (հ. 3 գթ. 102-103, 118-121, 121-125, 186-187, հ.6 դատ. նիստի արձ. էջ 81-86, 88, 90, 93-94)

Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գրությամբ հաստատված է, որ գողացված «Ուկրաինա» եւ «Օպտիմա» մակնիշի գրամեքենաների արժողությունը կազմում է 450 ռուբլի (հ. 6 գթ. 134):

Ամբաստանյալների արարքները հաստատված են նաեւ` ամբաստանյալ Մանուչարյանի աշխատասենյակից 1980թ. մայիսի 14-ին «Ազգային իրավունք» եւ «Իմպերիալիզմ» հոդվածներն առգրավվելու մասին ու դրանց հակասովետական բովանդակությունը հաստատող զննման արձանագրություններով (հ.4 գթ. 138-168, հ.6 գթ. 10-16, 17- 23), ամբաստանյալ Ափիկյանի եւ նրա գաղտնի խմբի կողմից պատրաստած, տարածած  եւ հետագայում սույն քրեական գործին կցված հակասովետական բովանդակությամբ թռուցիկներով ու դրանց զննման արձանագրությամբ, Ափիկյանի եւ մյուսների կողմից քննությանը ներկայացրած մինչ այդ իրենց կողմից գողացված գրամեքենաներով (հ.5 գթ. 3, 6-8, 57-67), ամբաստանյալ Մելքոնյանի կողմից պատրաստած եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի պատերին կպցրած ու հետագայում սույն գործին կցված «Հայեր» վերնագրով հակասովետական բովանդակությամբ 2 թռուցիկով, այդ կապակցությամբ նրա 1978թ. դեկտեմբերի 12-ի բացատրությամբ, որով նա միաժամանակ պարտավորվել է այլեւս թույլ չտալ նման արարք, 1980թ. օգոստոսի 18-ի նամակով այն մասին, որ Մելքոնյանը այդ արարքի համար Հայկական ՍՍՀ ՊԱԿ-ի կողմից նույն ժամանակ պրոֆիլակտիկայի է ենթարկվել, ինչպես եւ գործին կցված Մելքոնյանի գաղտնի խմբի ծրագրով:                                         (հ.5 գթ. 49-54, 55-56 հ. 1 գթ. 65):

Ամբաստանյալների արարքները հաստատված են նաեւ գործով իրեղեն ապացույցներով (հ. 5 գթ. 16-18).

Այսպիսով` ամբաստանյալներ Մանուչարյանի եւ Մելքոնյանի արարքները Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65հ. 1-ին մասով եւ 67 հ., իսկ Ափիկյանի արարքները ՀՍՍՀ քր. օր.-ի 65հ. 1-ին մասով, 67 հ. եւ 86հ. 2-րդ մասով ճիշտ են որակված եւ գործի նյութերով ապացուցված են:

Պատիժ սահմանելիս դատական կոլեգիան նկատի է ունենում ինչպես յուրաքանչյուր ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանն, այնպես էլ նրանց առաջին դատվածությունը, դրականապես բնութագրվելը, կատարվածի համար անկեղծորեն զղջալն ու հանցագործությունը բացելուն աջակցելը, նրանցից Մանուչարյանի խնամքին հոգեկան հիվանդ կնոջ եւ 2 անչափահաս երեխայի, իսկ Մելքոնյանի խնամքին կնոջ եւ մանկահասակ երեխայի գտնվելը:

Շարադրված պատճառաբանությամբ դատական կոլեգիան հնարավոր է համարում ամբաստանյալ Ափիկյանի նկատմամբ Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 86հ. 2-րդ մասով պատիժ նշանակել ՀՍՍՀ քր. օր.-ի 40 հոդվածի կիրառմամբ:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով Հայկական ՍՍՀ քր. դատ. օր.-ի 293-294 հոդվածներով, դատական կոլեգիան

                                                 Վ Ճ Ռ Ե Ց

Ամբաստանյալ Ալեքսանդր Արամի Մանուչարյանին ճանաչել հանցավոր Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ին մասով եւ 67 հոդ. եւ ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հ. 1-ին մասի սանկցիայով դատապարտել ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում չորս (4) տարի ժամանակով եւ աքսորով` երկու (2) տարի ժամանակով:

Ամբաստանյալ Աշոտ Հարությունի Ափիկյանին ճանաչել հանցավոր Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հ. 1-ին մասով, 67 հոդ. եւ 86 հոդ. 2-րդ մասով եւ դատապարտել` ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հ. 1մ. սանկցիայով աքսորի երկու (2) տարի ՀՍՍՀ քր. օր.-ի 86հ. 2-մասով, քր. օր.-ի 40 հոդ. կիրառմամբ աքսորի երկու (2) տարի ժամանակով, ՀՍՍՀ քր. օր.-ի 37 հ. համակցությամբ վերջին հաշվով թողնել կրելու աքսոր` երկու (2) տարի ժամանակով:

Ամբաստանյալ Սմբատ Բատիկի Մելքոնյանին ճանաչել հանցավոր Հայկական ՍՍՀ քր. օր.-ի 65 հ. 1մ. եւ 67 հ. եւ ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հ. 1-ին մասի սանկցիայով դատապարտել աքսորի` երկու (2) տարի ժամանակով:

Դատապարտյալ Մանուչարյանի կալանքի սկիզբը հաշվել 1980թ. մայիսի 14-ից, իսկ դատապարտյալներ Ափիկյանի եւ Մելքոնյանի պատիժների սկիզբը հաշվել նրանց աքսորի վայր ուղարկելու օրվանից:

Գործով իրեղեն ապացույցներ ճանաչված գրամեքենաները վերադարձնել ըստ պատկանելույն, մնացած իրերը եւ թռուցիկները ոչնչացնել:

Դատավճիռը վճռաբեկության կարգով գանգատարկման եւ բողոքարկման ենթակա չէ:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ս. ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

ԺՈՂԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ` ստորագրություններ

ԻՍԿԱԿԱՆԻ ՀԵՏ ՃԻՇՏ Է

ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ս. ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

 

10/4-81թ. Հ. Ս.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter