HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոզնին»՝ Սաթիի հեքիաթից. ձեռագործ պայուսակներ՝ բնական նյութերից

Տաք եղանակներին Սաթին վերցնում է հելյունը, վուշե թելերն ու գնում Թումանյանի այգի: Այստեղ նա իր ծառն ունի, որի տակ տեղավորվում է ու սկսում աշխատել: Հատկապես մայրամուտին է սիրում գործել:

Ասում է՝ բնությունից ստացած դրական էներգիան, զգացողությունները թելերով փոխանցում է ձեռագործին: Այն, ի վերջո, դառնում է պայուսակ: Եվ դա է պատճառը, ըստ Սաթիի, որ իր պատրաստած պայուսակները ոչ միայն լավ որակով են, այլև հոգի ունեն:  

Ասում է, թե այգու յուրաքանչյուր ծառն ու թուփը հարազատ են ու իրենց ազդեցությունն ունեն, հետո ժպտում է, թե գուցե ասվածը հեքիաթի պես է հնչում, գուցե ծիծաղելի է, բայց բնությունից առավել ոգեշնչման աղբյուր չկա իր համար:

Սաթենիկ Սարգսյանը 29 տարեկան է: Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է, հիմա էլ աշխատում է իր մասնագիտությամբ: Պայուսակներ և աքսեսուարներ գործելն էլ արդեն 3 տարի է՝ նրա սիրելի զբաղմունքն է:

Այնպես է ստացվել, որ Սաթիի տանը հայտնված ոզնիները դարձել են նրա ոգեշնչման աղբյուրը կամ, ինչպես ինքն է ասում՝ մուսան: Ոզնին դարձել է նրա ապրանքանիշը՝ սկզբից մտքում, հետո արդեն հանրայնացվել է: 

«Ոզնին» առայժմ ներկայացնում է պայուսակներ եւ աքսեսուարներ: Սաթին ասում է, որ իր սկզբունքն է բնական նյութերով աշխատելը:

Նրա բնակարանում ոզնիներն ամենուր են՝ քորոցներով ոզնին, հեռուստացույցի մոտ՝ հուշանվեր-ոզնին, անգամ վերնազգեստին են ոզնիներ պատկերված: Մի խոսքով՝ այստեղ ոզնու թեման տաք է:

-Ոզնիների տիրակալը,- կատակում է Սաթիի քույրը:

-Տիրակալը չէ, տիրուհին,- կատակին պատասխանում է Սաթին, և բոլորս ծիծաղում ենք:

Լրագրային փոքր սեղանին նոր պայուսակի էսքիզն է: Սաթին ասում է՝ գծագիրը երկրորդական պլանում է:

Սովորաբար աշխատում է ինքնաբուխ. նյութերը սեղանին դնելուց հետո թելը, գույնը կարող են թելադրել իրեն, թե ինչ է պատրաստելու:

Մեկ պայուսակը պատրաստում է 2-3 օրում, եթե օրն ամբողջությամբ նվիրի ձեռագործին: Թեև պայուսակները անուններ չունեն, բայց, նյութով և գույնով պայմանավորված, անվանում է շարքը, օրինակ, վուշե շարք:

Հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունի, ժպտում է, ասում, որ դրանք էլ բնապահպանական բնույթի են, և իր համար ամեն ինչ պտտվում է բնության շուրջը:

«Որ մոլորակը հնարավորինս գեղեցիկ, կանաչ լինի, և մարդիկ այդ ներդաշնակությունն ունենան իրենց մեջ, որ փոխադարձ շթղայական կապ լինի»,- ասում է Սաթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter