HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուն-ինտերնատներում սնունդն ու աշխատավարձերը յուրացվել են. կան բազմաթիվ չարաշահումներ և հարուցված քրեական գործեր

Ժաննա Հարությունյանն արդեն 8 տարի բնակվում է «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատում:

Նա ասում է, որ պարտադրված է տեղափոխվել այստեղ, քանի որ իր բնակարանը փլուզման վտանգի տակ էր: Ժաննան մինչ օրս չի կարողանում հարմարվել տուն-ինտերնատի պայմաններին. ասում է՝ սնունդը վատն է, դեղորայքը գնում է իր միջոցներով, իսկ հիգիենիկ պարագաներն անորակ են։ Սրանք, ըստ Ժաննայի, մշտական վեճերի առիթ են դարձել իր և տնօրինության միջև:

«Գնացի, տնօրենին ասեցի, որ սնունդը լավը չի, հարցրեցի՝ դուք ձեր ընտանիքին այս ճաշը կտաք, որ մեզ եք տալիս,- պատմում է նա:- Ութ ամիս շարունակ ոչ մի տիպի դեղորայք չկար, ես էի գնում։ Միայն ես չէ, մյուս ծերերն էլ էին գնում»,- պատմում է Ժաննան:

Այս դեպքերից նա բազմիցս բողոքել է, հայտնել ոստիկանությանը՝ հաղորդում տալով հանցագործության մասին:

Ժաննան միակը չէ, որը գանգատվում է «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի պայմաններից. տեղի բնակիչներից ոմանք դժգոհում են սննդից, ոմանք՝ զբաղվածության պակասից, ոմանք էլ՝ սենյակի ճաքած պատերից:

 

«Հետքը» ուսումնասիրել է Հայաստանի խնամքի ընդհանուր և հատուկ հաստատությունների պայմանները, ինչպես նաև՝ վերջին 5 տարիներին այդ հաստատություններում կատարված չարաշահումները, քրեական գործերն ու ՄԻՊ արձանագրած խախտումները:

2014-2018 թթ. քննչական կոմիտեում տուն-ինտերնատներում կատարված չարաշահումների փաստով քննվել է 6 քրեական գործ, որոնցից հինգը կարճվել է, իսկ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի քրեական գործը դեռևս քննության փուլում է։

Ուսումնասիրությունից պարզվել է, որ տուն-ինտերնատներից մի քանիսում մարդկանց սնունդ ավելի քիչ է հատկացվել, քան գնվել է: Ավելին, սննդի մատակարարման մրցույթները եղել են ձևական, պարենային և տնտեսական ապրանքները չեն հատկացվել, այլ հանվել են վաճառքի, իսկ գումարները՝ յուրացվել:

Որոշ  ինտերնատներում տնօրեններն ու աշխատակազմի անդամները մինչ օրս ներգրավված են քրեական գործերում՝ պաշտոնական դիրքը չարաշահելու, յուրացումներ, վատնումներ կատարելու համար:

 

Չարաշահումներ և քրեական գործեր տուն-ինտերնատներում

Պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանում գործում է 5 ընդհանուր և հատուկ խնամքի կենտրոն՝ «Երևանի թիվ 1», «Նորքի տուն-ինտերնատ», «Վարդենիսի տուն-ինտերնատ», «Գյումրու տուն-ինտերնատ» և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն:

Հայաստանի տուն-ինտերնատներում ապրում է 1210 մարդ, որից 640-ը՝ ընդհանուր տուն-ինտերնատներում (բաց հաստատություններում, հեղ.)։ 2017թ. տվյալներով՝ ընդհանուր խնամքի կենտրոններում ապրողների 34 %-ը ժառանգ ունի:

2013-2018թթ․ ընթացքում ոստիկանությունը տուն-ինտերնատում կատարված չարաշահումների փաստով 4 քրեական գործ է քննել, որոնցից 3-ը վերաբերել են «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատին:

Հենց այստեղ էլ բնակվում է Ժաննա Հարությունյանը, ով վերջին տարիներին տուն-ինտերնատում կատարված չարաշահումների վերաբերյալ ամենաշատն է դիմել ոստիկանություն:

Սակայն «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատում բնակվող մարդկանց կենցաղային պայմանների վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն:  

Օրինակ՝ տասնյակ տարիներ ապրող Սվետան ասում է՝ «ըստ պահանջի» ամեն տեսակ սննդից օգտվում է, նույնիսկ՝ մրգերից, իսկ Լիդա Պապովան հակադարձում է՝ «մենյուն» այնքան միօրինակ է, որ ճաշարան իջնում է միայն հաց վերցնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

«Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի չարաշահումների վերաբերյալ վերջին դիմումը եղել է մոտ մեկ տարի առաջ՝ 2018 թ. հունվարի 19-ին: Տիկին Ժաննան ոստիկանությանը տեղեկացրել է, որ տուն-ինտերնատի այդ ժամանակվա տնօրեն Վահան Զուրաբյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խնամակալներին հասանելիք սնունդը սահմանված չափաբաժնով չի տրամադրել. յուրացրել է սննդամթերքի ձեռքբերման համար նախատեսված գումարների մի մասը: Բացի այդ, ըստ Ժաննայի, տուն-ինտերնատի 5 աշխատակից փաստացի չի հաճախել աշխատանքի, սակայն աշխատավարձ է ստացել։  

Քննչական կոմիտեն այս գործի վերաբերյալ «Հետք»-ին հայտնել է, որ տուն- ինտերնատի արդեն իսկ նախկին տնօրեն Վահան Զուրաբյանին և հաշվապահին մեղադրանք է առաջադրվել. նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կամ վատնում կատարելու հանգամանքով:  

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Վ. Զուրաբյանը նախապես համաձայնության է եկել տուն-ինտերնատի հաշվապահի, տնտեսվարի հետ և 2017 թ. նոյեմբերին, որպես հնոցապաններ, աշխատանքի ընդունման ձևական պայմանագրեր է կնքել չորս անձի հետ, յուրացմամբ հափշտակել վերջիններիս անվամբ 2017 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաշվարկված աշխատավարձերը՝ շուրջ մոտ 1.5 միլիոն դրամ: Իբրև հնոցապան աշխատող աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կամ վատնում կատարելու հանգամանքներով:

Չգիտես՝ ինչու, քննչական կոմիտեն մարտի 18-ին քրեական այս գործը կարճել է, այդ գործողություններում հանցակազմ չտեսնելու հանգամանքով։ Սակայն, մինչ քրեական գործի կարճումը մենք զրուցել էինք հնոցապան Վանուշ Մխեյանի հետ, որն այս գործում ներգրավված է որպես մեղադրյալ։ Վերջինս խոստովանել էր, որ տնօրենն ինքն է առաջարկել աշխատանքի համար հնոցապաններ գտնել․ «Վահանն ինձ ասել է՝ գտի հնոցապաններ, ես էլ ճարել, բերել եմ, ասել եմ՝ այս մարդիկ կան, բայց չեն ուզում աշխատեն։ Ասեց՝ ոչինչ դու կանես»,- պատմում է հնոցապանը:

 

Վ. Մխեյանի պատմելով՝ երբ ոստիկանությունը բացահայտել է, որ տուն- ինտերնատի կաթսայատանն աշխատում է մեկ հնոցապան, սակայն չորս հնոցապանի աշխատավարձ է դուրս գրվում, Վ․ Զուրաբյանի իրավաբան Արա Խաչատրյանը բերել, երկու հնոցապանի մոտ երկու ամսվա աշխատավարձ է տվել, որպեսզի նա գումարն ամբողջովին փոխանցի համապատասխան հաշվեհամարին․ «Ասել են՝ դու էլ քո ստացած երկու ամսվանը դիր վրեն, տար բանկ, մուծի։ Ես էլ տարել եմ, չորսն էլ գանձում եմ արել իմ անունով»։

Ոստիկանության կողմից դեպքի բացահայտումից մեկ ամիս անց տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը աշխատանքից ազատել է Վ. Մխեյանին՝ տուն-ինտերնատում չարաշահում կատարելու համար։

 

«Երևանի թիվ 1»  տուն-ինտերնատի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը 2018 թ. հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատեց «Երևանի թիվ 1» տուն- ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին: Նա պաշտոնից հեռացվեց պարտականությունների ոչ լիարժեք կատարման, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործման, աշխատողի նկատմամբ վստահության բացակայության պատճառով:

Ուսումնասիրության արդյունքում աշխատանքային հանձնաժողովը բացահայտել է բազմաթիվ չարաշահումներ. վարձով տրված և չբնակեցված բնակարաններ Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող (այս հասցեում է գտնվում «Հանգրվան» անվասայլակների տրամադրման գրասենյակը, հեղ.) սոցիալական բնակարանային շենքում: Վահան Զուրաբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդ վճարելու պահանջով:

Վ. Զուրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն առաջադրված որևէ մեղադրանք չի ընդունում, վստահ է՝ վերականգնվելու է իր նախկին պաշտոնին (տուն-ինտերնատն այժմ նոր տնօրեն ունի, հեղ.):

Նա պնդում է, որ տուն-ինտերնատում բնակվողների մեծամասնությունը գոհ է իր աշխատանքից:

Անդրադառնալով հնոցապանների հետ ձևական պայմանագրեր կնքելու և նրանց աշխատավարձերը յուրացնելու փաստով հարուցված քրեական գործին՝ Վ. Զուրաբյանն ասում է՝ ճիշտ է, որ հնոցապաններին աշխատանքի ինքն է ընդունել, սակայն նրանք եղել են տնտեսվարի ենթակայության տակ, և չեն եկել աշխատանքի. «Այդ չորս մարդիկ, մեկուկես ամիս գրանցված աշխատող են եղել, բայց աշխատանքի չեն եկել: Այդ աշխատանքը իրականացրել է տնտեսվարը»,- ասում է տնօրենը:

Այս դեպքը բացահայտել է ոստիկանությունը, որից հետո, ըստ Վ. Զուրաբյանի, աշխատանքի չեկած աշխատակիցներին ծանուցագրեր է ուղարկել՝ աշխատավարձերը հետ փոխանցելու պահանջով, սակայն նրանց վճարած աշխատավարձերը հետ է վերադարձրել տնտեսվարը. «Դրանից ենթադրություն եմ անում, որ հենց ինքն էլ ստացել է, թե չէ ինչու՞ պետք է նա գումարը վերադարձներ»:

Ըստ նրա՝ այս գործով իրեն մեղադրանք է առաջադրվել, որովհետև այդ ժամանակահատվածում ինքն է եղել տուն-ինտերնատի տնօրենը:

Նա նաև կարծում է, որ այս և մնացած այլ քրեական գործեր իր նկատմամբ հարուցվել են, քանի որ իր պաշտոնավորման օրոք «տուն-ինտերնատում կարգուկանոն է եղել, և չի եղել որևէ արտոնյալ»:

Իսկ նախարարի՝ իրեն աշխատանքից ազատելու հիմնավորումները չի ընդունում և շարունակում է պնդել՝ իր օրոք որևէ չարաշահում չի եղել:

«Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրենները ևս քրեական գործերում են ներգրավված

2017 թ. հունվարին դատախազությունն ուսումնասիրություններ է իրականացրել «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատում: Պարզվել է, որ ինտերնատի նախկին տնօրեն Խաչիկ Սարգսյանը, առանց վարձակալության և աշխատանքային պայմանագրի, 2014-2016 թթ. ունեցել է վարորդ, ինտերնատի միջոցներից նրան աշխատավարձ վճարել և բենզին հատկացրել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Խաչիկ Սարգսյանն ընդունել է իր մեղքը, պատճառած վնասն ամբողջությամբ հատուցել է:

Նմանատիպ քրեական գործ է եղել նաև 2011-2014 թթ. պաշտոնավարած մեկ այլ տնօրենի՝ Արմեն Գյուրջյանի նկատմամբ: Ա. Գյուրջյանը տուն-ինտերնատի ճաշացուցակներում խնամյալների թիվն ավել է գրել և սննդի համար ավել գումարներ դուրս գրել: Բացի այդ, չարաշահումներ են հայտնաբերվել դեղերի բաշխման, աշխատանքային գրաֆիկներ կազմելու գործընթացներում, ինչի հետևանքով ինտերնատը կրել է 4.3 մլն դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 3.3 մլն դրամը:

Խաչիկ Սարգսյանի և Արմեն Գյուրջյանի արարքներում հաստատվել է հանցակազմ, սակայն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին որոշվել է նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ վաղեմության ժամկետի լրանալու պատճառով:

Քրեական գործ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ում

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև այլ տուն-ինտերնատներում:

Իրավապահների՝ տուն-ինտերնատներում հայտնաբերած չարաշահման վերջին դեպքը եղել է 2018 թ-ի ամռանը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ում, որը ամենաշատ շահառուն ունի:

2018 թ. հուլիսին իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը կադրերի բաժնի աշխատակցի միջոցով գումարի դիմաց տարբեր անձանց աշխատանքի է տեղավորել, իսկ սննդի մատակարարման բոլոր մրցույթները կրել են ձևական բնույթ, պարենային և տնտեսական ապրանքները չեն հատկացվել հիվանդներին, այլ հանվել են վաճառքի և գումարները՝ յուրացվել։

Կատարված հետաքննության արդյունքում 2018 թ. հուլիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու հատկանիշներով։ Քննության փուլում ձեռք բերված ապացույցների հիման վրա 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Քննչական կոմիտեն «Հետք»-ին հայտնել է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենը օգտագործել է պաշտոնական դիրքը: Ա. Հարությունյանը 2017 թ. հունվարին մեկ կգ տավարի միսը 1500 դրամով վաճառել է Վարդենիսի բնակիչ Ս․ Հ.-ին, բացի այդ 2017-ի հունվարից մինչև 2018-ի հուլիս ամիսը պահեստապետին հանձնարարել է ստացված տավարի մսից յուրաքանչյուր ամիս 70 կգ փոխանցել Ս․ Հ.-ին։

Ավելին, մեկ լիտր կաթը 120 դրամով վաճառել է դեռևս չպարզված անձի. 2018 թ. հունիսից-հուլիս տուն-ինտերնատի օժանդակ անասնաֆերմայից ստացված շուրջ 3569 լիտր կաթը մաս-մաս փոխանցվել է վերջինիս։ Ընդհանուր առմամբ՝ տուն-ինտերնատից յուրացմամբ հափշտակվել է 2,8 մլն դրամ։

Արտակ Հարությունյանը նաև համաձայնության է եկել տուն-ինտերնատի պահեստապետի և ճաշարանի ավագ խոհարարի հետ, իրենց ստորագրություններով հաստատել ելքի հաշիվ ապրանքագրերի ամենօրյա լրացվող փաստաթղթերը՝ իբրև վաճառված 1260 կգ տավարի միսն ու 3569 լիտր կաթը օգտագործվել է տուն-ինտերնատի սննդի համար։

Չարաշահումների այս փաստերն այժմ քննվում են քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում։

Սոցապ նախարարության հայտնաբերած խախտումները. ավել աշխատավարձ, չգրանցված շահառուներ և չնույնականացվող հասցեներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2013-2018 թթ. ընթացքում Հայաստանի խնամքի ընդհանուր և հատուկ 5 հաստատություններում միայն 2016 թ. գործունեության վերաբերյալ է իրականացրել ֆինանսական աուդիտ:

Տուն-ինտերնատ
Infogram

Ինչպես քննչական կոմիտեն, այնպես էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնաբերել է չարաշահումներ աշխատավարձերի դուրսգրման մասով: Մասնավորապես՝ եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անունով դուրս են գրվել աշխատավարձեր:

Հայտնաբերվել են նաև մի շարք խախտումներ՝ չգրանցված շահառուներ, գրանցման հասցեին չհամապատասխանող մարդկանց տվյալներ, ինչպես նաև՝ չնույնականացվող տվյալներ հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» համակարգի հետ:

Հայտնաբերված այդ խախտումներն առանձին-առանձին ներկայացնում ենք ստորև.


ՄԻՊ արձանագրած խախտումներն ու առաջարկվող փոփոխությունները

2017թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ է իրականացրել «Երևանի թիվ 1» և «Գյումրու տուն-ինտերնատ»-ում։

Մասնավորապես, «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատում խնամյալների բողոքների, ինչպես նաև՝ ՄԻՊ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ մասնաշենքերի ոչ պատշաճ պայմանների, որոշ սենյակներում տաք ջրի, խոհանոցում՝ օդափոխության համակարգի բացակայության, հոգեբույժների փորձագիտական խմբի այցերի հետ կապված:

«Գյումրու տուն-ինտերնատ»-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ևս ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք թերություններ՝ առաջարկելով տուն-ինտերնատում յուրաքանչյուր խնամվողի համար ապահովել անհատական բնակելի տարածք, կազմակերպել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ հագուստի պահեստում, դերձակի և վարսավիրի սենյակներում, ճաշարանի օդափոխությունը կազմակերպել օդափոխիչների միջոցով, սենյակները և սանհանգույցները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար, բնակելի բոլոր սենյակներում ապահովել տաք ջուր, ինչպես նաև՝ հետևել անկողնային պարագաների մաքրությանը:

Մինչ այս թերությունները կշտկվեն և քննչական կոմիտեն կբացահայտի պետական բյուջեից կատարված յուրացումները, տուն-ինտերնատի բնակիչները իրենց կյանքի որակը բարելավելու ելքեր են փնտրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։