
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
Երեկ գիշերը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը:
Նշենք, որ երեկ գիշերը «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամ, որոնց թվում՝ Դավիթ Պետրոսյանը և Գարիկ Միսկարյանը փորձել են Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, ինչը, սակայն, ոստիկանների կողմից կանխվել է:
Միջադեպից հետո նախաձեռնության անդամները բերման են ենթարկվել ոստիկանություն, այնտեղ է տարվել նաև Նարեկ Մալյանը:
Այս պահին նրանք բոլորն ազատության մեջ են: «Ռեստարտ»-ի անդամները հրապարակել են տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են նրանք Մալյանին ձեռերից ու ոտքերից բռնած տանում, որից հետո ոստիկանների միջամտությամբ Մալյանն ազատվում է:
Նարեկ Մալյանը միջադեպի առթիվ գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում և հայտնել, որ միջադեպի մասնակիցները եղել են 8-ից 10 անձ, որոնցից 4-ը տեսախցիկներով նկարահանում էին իր նկատմամբ կատարվող գործողությունները:
Նշենք, որ տեղի ունեցածին արձագանքել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:
Մեկնաբանել