HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը միջնորդեց կասեցնել նախարարի դեմ Արա Մինասյանի ներկայացրած հայցի վարույթը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, այսօր քննվում էր «Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Վերջինիս ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը մինչև բժշկական կենտրոնում տեղի ունցած ենթադրյալ խախտումների առթիվ հարուցված քրեական գործով վերջնական դատական ակտ կլինի:

Նշենք, որ բժշկական կենտրոնում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Արա Մինասյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, գործը դեռևս նախաքննական փուլում է, Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ: Ըստ Ազգային անվտանգության  ծառայության ձեռք բերած տվյալների՝ նա Հայաստանի սահմաններում չէ, և պետական սահմանը հատել է օրինական ճանապարհով:

Գևորգ Գյոզալյանի խոսքով՝ հայցվորի կողմից զրպարտություն որակված արտահայտությունների իսկությունը հավաստող ապացույցներն առգրավվել են քրեական գործի վարույթն իրականացնող մարմնի՝ Քննչական կոմիտեի կողմից, և դրանք իրենց այս պահին հասանելի չեն:

Նման պայմաններում, ըստ Գևորգ Գյոզալյանի, թեև իրենք համոզված են, որ Արսեն Թորոսյանի արտահայտությունները ճշմարիտ են, հիմնված փաստերի վրա, քրեական գործի քննությամբ դրանք հաստատվելու են, իրենք հնարավորություն չունեն այժմ այս քաղաքացիական գործի շրջանակներում դա ապացուցելու:

Նշենք, որ բժշկական կենտրոնում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով՝ այն վերնագրելով «Տուշոնկեքի մասին»: Արա Մինասյանը քաղաքացիական հայցով պահանջում է, որպեսզի հերքվի Արսեն Թորոսյանի կողմից ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով հրապարակայնորեն արված հետևյալ արտահայտությունները:

  1. Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում։ Այսինքն` մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու։
  2. Չի դադարում էդ թալանը և այսպես ասած` վատնումը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն–ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն։ Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել:
  3. 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ։
  4. Ավելին ասեմ, հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից։ Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց։
  5. Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ։
  6. Նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ։
  7. 99 %-ով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»:

Հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդության դեմ առարկեց. գործի քննության անհնարինությունն, ըստ Գրիգորյանի, մեկնաբանվում է որպես փաստերի հաստատման առումով անհնարինություն:

«Այլ կերպ ասած՝ անհնարինությունն առկա է այն դեպքում, երբ որևէ փաստ որևէ քաղաքացիական գործով օբյեկտիվորեն չի կարող հաստատվել, և պետք է  հաստատվի այլ գործով: Այստեղ նման խնդիր չունենք, այստեղ անհնարինություն չկա, և  կողմն ունի բավականաչափ մեխանիզմներ՝ իրեն անհրաժեշտ ապացույցները ստանալու համար»,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանում քննվող քաղաքացիական գործի համար բոլորովին էական նշանակություն չունի բժշկական կենտրոնում կատարվե՞լ են չարաշահումներ, թե՞ ոչ, քանի որ գործի շրջանակներում այդ հարցը չի քննվում, այլ հարցը՝ Արսեն Թորոսյանն ասե՞լ է, որ Արա Մինասյանի կողմից կատարվել են չարաշահումները, թե ոչ, և արդյոք նրա կողմից արված  արտահայտությունները եղել են թիրախավորված:

«Եթե ես դատաքննության ընթացքում ապացուցեմ, որ այդ արտահայտությունները թիրախավորված են, և դրանք վերաբերել են Արա Մինասյանին, անկախ նրանից՝  դուք որքան ապացույցներ կբերեք, այդ ապացույցները ցույց կտան, թե ինչ չարաշահումներ են եղել բժշկական կենտրնում, դա նշանակություն չի ունենա, եթե դրանք չփաստեն, որ չարաշահումները եղել են հենց Արա Մինասյանի կողմից»,- ասաց Վահագն Գրիգորյանը:

Վերջինս կանխատեսել էր, որ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն այսօր վերը նշված միջնորդությամբ է հանդես գալու և նախապես դրա վերաբերյալ գրավոր առարկություններ էր պատրաստել, որը հանձնեց դատարանին: Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ պատախանող կողմը նիստերը ձգձգելու միտում ունի և չարաշահում է իր իրավունքները:

Միջնորդության քննությունը տևեց բավական երկար ժամանակ: Այս ընթացքում Գևորգ Գյոզալյանը փորձում էր բացատրել, որ եթե իր վրա դրվել է ապացուցման բեռ առ այն, որ  Արսեն Թորոսյանի կողմից արված արտահայտությունները զրպարտություն են, ապա իրեն պետք է տրվի հնարավորություն ապացուցելու, որ արած արտահայտություններն, անկախ նրանից, թե դրանք ում են վերաբերել, ճշմարտություն են:

 «Հայցվոր կողմը հայտարարում է, որ իմ վստահորդի  արած արտահայտությունները զրպարտություն են: Հայցվոր կողմն ասում է, որ ոչ միայն նկատի ես ունեցել ինձ, այլ նաև դրանք զրպարտություն են: Մենք պետք է ապացուցենք, որ հայտարարությունն անելու պահին առնվազն 421 մլն դրամի չարաշահում է եղել»,- ասաց Գյոզալյանն ու նշեց, որ այս պահին չարաշահումները հասնում են 1 մլրդ դրամի:

Ըստ Գյոզալյանի՝ խուսափողական վարքագիծ կլինի, եթե ինքը գործի դատական քննության ընթացքում միայն շարունակ պնդի, որ Արսեն Թորոսյանի արած արտահայտությունները չեն վերաբերել կոնկրետ Արա Մինասյանին:

Գյոզալյանը նշեց նաև, որ իր վստահորդ Արսեն Թորոսյանը, բժշկական կենտրոնի ենթադրյալ չարաշահումների մասին խոսելով, միտումնավոր անուններ չի տվել:

«Մենք տեսել ենք, որ այստեղ  քրեական տարրեր պարունակող հարաբերություններ են, իսկ արտահայտությունները կվերաբերեն նրան, ով հետագայում կդատապարտվի»,- ասաց Գևորգ Գյոզալյանը:

Փաստաբանը նշեց, որ քրեական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումն ինքը կփոխի միայն մի դեպքում, երբ հայցվոր կողմը կհամաձայնի մասնակի հրաժարվել հայցից. խոսքը զրպարտության մասով հայցից հրաժարվելու և քաղաքացիական գործը միայն վիրավորանքի շրջանակներում քննելու մասին է:

Հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը, սակայն,  նշեց, որ իրենք չեն պատրաստվում հայցից մասնակի հրաժարվել:

Դատավորը Գյոզալյանի միջնորդությունը մերժեց: Ըստ Սարգիս Երիցյանի՝ պատասխանող կողմի փաստարկը, որ անհնար է գործի քննությունն իրականացնել, քանի որ քրեական գործ է հարուցված, հիմնավոր չէ: 

Փաստաբան Գևորգ Գյոզալյանն այսօր դատարանին միջնորդեց նաև նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել այն նյութերը, որոնք առգրավվել են և որոնց վրա հիմնվելով՝ Թորոսյանն արել է հայցի առարկա հանդիսացող արտահայտությունները:

Գյոզալյանն ինքը փորձել է նախաքննական մարմնից ստանալ այդ նյութերը, սակայն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են:

Նշենք, որ խոսքը բժշկական կենտրոնում անցկացված ստուգումների, մի շարք անձանց ներկայացրած տվյալների, բժշկական կենտրոնում տեղի ունեցած չարաշահումների հաշվարկման մեխանիզմների և այլ հանգամանքերի վերաբերյալ տվյալների մասին է:

Գևորգ Գյոզալյանը ձայնային կրիչի վրա դատարանին էր ներկայացրել այն նյութերի ցանկը, որոնք եղել են նախարար Թորոսյանի ձեռքի տակ՝ ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով արտահայտություններն անելու պահի դրությամբ, և դատարանն այսօր հետազոտեց ձայնային կրիչի բովանդակությունը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյան այս միջնորդության դեմ ևս առարկեց՝ նշելով, որ նախորդ միջնորդության մեջ արդեն իսկ նշել է, որ այդ նյութերն էական նշանակություն ունենալ չեն կարող այս գործի լուծման համար: Գրիգորյանն, այնուամենայնիվ, դիտարկեց նաև այն, որ ամբողջ քրեական գործը չի կարող լինել վերաբերելի դատարանում քննվող հայցին, իսկ  Գյոզալյանը չի մասնավորեցնում, թե կոնկրետ ինչ ապացույց է պահանջում և ինչ հանգամանք հիմնավորելու համար:

Դատարանն այս միջնորդությունը ևս մերժեց:

Դրանից հետո Գևորգ Գյոզալյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ նրան բացարկ հայտնելու համար:

«Դատարանի այս գործողությունն ինձ մոտ ողջամիտ կասկած է հարուցում, որ դատարանն այս գործով իմ վստահորդի նկատմամբ կանխակալ է»,- ասաց Գևորգ Գյոզալյանն ու նշեց, որ դատարանն ամեն ինչ անում է՝ թույլ չտալու համար, որ Արսեն Թորոսյանն ապացուցի հայցի առարկա հանդիսացող արտահայտությունների իսկությունն այն դեպքում, երբ նրա վրա դատարանը դրել է դրանք ապացուցելու պարտականություն:

«Մոտավորապես կանխատեսում եմ, թե գործն ինչ ուղղությամբ է գնալու: Ինձ մոտ կասկած առաջացավ, որ դատավորը շահագրգիռ է այս գործով»,- ասաց Գյոզալյանն ու ժամանակ խնդրեց միջնորդությունը ներկայացնելու համար:

Գյոզալյանի՝ բացարկի համար ժամանակ խնդրելու միջնորդության մեջ ևս հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը գործը ձգձգելու միտում տեսավ, ըստ էության դժգոհություն արտահայտեց այս առնչությամբ, այդուհանդերձ փաստաբանին ժամանակ տրամադրելու միջնորդության վերաբերյալ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ դրան դեմ կամ կողմ արտահայտվելու տեսքով:

Դատավոր Սարգիս Երիցյանը նշեց, որ ինքը կարևորում է բացարկի պարագայում կողմերին պատշաճ պատրաստվելու հնարավորություն տալը:

«Դուք նշում եք մեկ օր, ես պատրաստ եմ երկու, երեք օր տրամադրել»,- ասաց Երիցյանն ու մինչև մարտի 6-ը հետաձգեց դատական նիստը:

Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ենթադրյալ չարաշահումների առթիվ քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ նախարար Արսեն Թորոսյանն այնտեղ կատարված ստուգումների արդյունքում ձեռք բերած նյութերը ուղարկել է Գլխավոր դատախազություն:

Այսօրվա նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ի պատասխան Արսեն Թորսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի հարցին նշեց, որ եթե պատասխանողն ապացուցվի, որ Արսեն Թորոսյանի կողմից արված արտահայտությունները հայցվոր Արա Մինասյանին չեն վերաբերում, ապա իրենք  շահագրգիռ չեն լինի, որ դրանց իսկությունը կասկածի տակ դնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter