HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մհեր Խաչատրյան. «Հիմնադրամի գնած 29 բնակարանի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը մարտի 4-ին բավական ուշագրավ հայտարարություն արեց. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից անօթեւան ընտանիքների համար գնված 29 սոցիալական բնակարանի մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ կոնկրետ չի տրամադրվել այդ բոլոր բնակարանների սեփականաշնորհման վկայականները»:

Հիմնադրամում առկա թերի աշխատանքների, նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի թույլ թված չարաշահումների վերաբերյալ մամլո ասուլիսով Մհեր Խաչատրյանը հանդես էր եկել հունվարի 29-ին: Պատասխանը չուշացավ՝ նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանն, անակնկալ հայտնվելով ասուլիսի սրահում, հայտարարեց, որ Մհեր Խաչատրյանը քաղաքական պատվեր է կատարում՝ նշելով, որ հրաշալի գիտի, թե որտեղից է «սնվում» իր դեմ սկսած «արշավը»: Բարձրացված աղմուկից հետո, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը փակ նիստ գումարեց՝ արգելելով հիմնադրամի տնօրենին մինչեւ ներքին ու արտաքին աուդիտի ավարտը հանդես գալ որեւէ հայտարարությամբ:

Փետրվարի 27-ին հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն տարածեց լրատվամիջոցներով եւ ֆեյսբուք սոցիալական ցանցով, որտեղ մասնավորապես նշված էր, որ ներքին աուդիտի արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել եւ Ղարիբ Հարությունյանն իր գործունեության ժամանակահատվածում չարաշահումներ թույլ չի տվել, իսկ արտաքին աուդիտի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ՝ օրենքով սահմանված ժամկետում:

Հաղորդագրության տարածման հաջորդ օրը՝ փետրվարի 28-ին, գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը ֆեյսբուքյան տիրույթում արած գրառման մեջ մասնավորապես շեշտել էր իր անհամաձայնությունն ու սկսած գործընթացը մինչեւ վերջ հասցնելու հաստատակամությունը:

«Աղմկահարույց իմ հայտարարությունից հետո, ինչպես գիտեք, հոգաբարձուների խորհուրդը որոշում էր ընդունել սահմանափակել թեմայի շուրջ հրապարակային հայտարարությունները՝ մինչև արտաքին աուդիտի եզրակացությունը: Ես, հավատարիմ մնալով հիմնադրամի կանոնադրությանը, միառժամանակ հետաձգեցի փաստերի հրապարակումը, ինչն ավելորդ խոսակցությունների տեղիք տվեց ու որոշակիորեն վտանգեց իմ հեղինակությունն ու բարի համբավը: Սակայն հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի ժամանակ կայացվեց տրամաբանորեն հակառակ որոշում և խորհուրդը հայտարարություն տարածեց այն մասին, իբր ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենը չարաշահումներ թույլ չի տվել»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր Մհեր Խաչատրյանն ու հավելել, որ պարտադրված լռությունն այս դեպքում վնասում է իր հեղինակությանը: Նա հրապարակել էր մի փաստաթուղթ, որով ապացուցում էր, որ Ղարիբ Հարությունյանը, 2017թ.-ի օգոստոս ամսին, չունենալով օգնական, ֆինանսական հաշվետվության մեջ ծախս է ներկայացրել 100.000 դրամի չափով՝ որպես օգնականի աշխատավարձ:

Գրառման մեջ Մհեր խաչատրյանը նշել էր, որ ըստ կանոնադրության, հնարավոր է քննարկվի հիմնադրամի տնօրենի պաշտոնից իր հեռացման հարցը: Սակայն քանի որ ի սկզբանե իր գործունեությունն ուղղված է եղել արդարության կայացմանն ու անօրինականությունների բացահայտմանն, ու եթե դրա գինը լինելու է իր պաշտոնանկությունը, ապա պատրաստ է հեռանալու պաշտոնից՝ միաժամանակ հրապարակելով ձեռքի տակ ունեցած չարաշահումների ողջ փաթեթը՝ չսպասելով արտաքին աուդիտի եզրակացությանը:

Մարտի 4-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ՝ խոսելով գնված սոցիալական բնակարանների տրամադրման գործընթացի մասին, Մհեր Խաչատրյանը նշեց, որ հիմնադրամի անունով սեփականության ոչ մի վկայական գոյություն չունի, ամեն դեպքում իրեն տրամադրած փաստաթղթերի մեջ ինքը դրանք չի հայտնաբերել: Հոգաբարձուների որոշումներն ուսումնասիրելիս ծանոթացել է միայն մի գործի հետ, որ վերաբերում է բնակարանը սեփականության իրավունքով տրամադրելուն, քանի որ ընտանիքը՝ լինելով անօթեւանների հերթացուցակում, պետք է պետությունից ստանար կորցրած բնակարանի դիմաց եւ հիմնադրամը չէր կարող տրամադրել սոցիալական բնակարան՝ դա կլիներ մարդու իրավունքների խախտում:

«Ես ենթադրում եմ, որ տեղի է ունեցել մանիպուլյացիա,- նկատեց բանախոսը,-նախկին տնօրենը, որպեսզի ուռճացված տվյալներ ներկայացնի իր գործունեության վերաբերյալ, հայտարարություններ է տարածել ԶԼՄ-ներով, բնակարանների հանձնման ժամանակ է հայտարարել մի բան, որն իրականությանը չի համապատասխանում: Ես ամբողջ փաստաթղթերը տրամադրելու եմ իրավապահ մարմիններին, եթե այս բանավոր հայտարարությունն առիթ չի հանդիսանա, որ նրանք իրավական գործընթաց սկսեն: Գրավոր դիմելու եմ Շիրակի մարզի գլխավոր դատախազ Կարեն Գաբրիելյանին, որ կատարվի մանրամասն ստուգում հիմնադրամում ու թող մեղավորները կրեն պատասխանատվություն»:

Մհեր Խաչատրյանը խոսեց մեկ այլ ենթադրյալ չարաշահման մասին, որ թույլ է տվել նախկին տնօրենը: 2018թ-ի հունիսի 1-ին, բնակարան գնելու նպատակով, բանկային հաշվից 8 մլն դրամ է փոխանցվել Ղարիբ Հարությունյանի անձնական հաշվին: Հիմնադրամը պետք է սոցիալական բնակարան ձեռք բերեր այդ գումարի սահմաններում, սակայն բնակարանը գնվել է 5 մլն 800 հազար դրամով: Մնացած գումարը՝ 2 մլն 200 հազար դրամը, հունիսի 14-ին պետք է վերադարձվեր հիմնադրամի բանկային հաշվին, սակայն գումարը Ղարիբ Հարությունյանի տնօրինման տակ է եղել մինչեւ նոյեմբերի 14-ը, այնինչ նախկին տնօրենը պաշտոնից սեփական դիմումի համաձայն հեռացել է հունիսին:

«Մեկ այլ փաստի մասին էլ խոսեմ: Նախկին տնօրենի օրոք նոտարական առք ու վաճառքի պայմանագիր է կնքվում բնակարան ձեռք բերելու համար: Պայմանագրի ժամկետը 30 օր է, պետք է այդ ժամկետում ներկայացվի կադաստր, որ հանվի բնակարանի վկայականը: Նախկին տնօրենը 30 օր չգիտեմ ինչով է զբաղվել եւ չի հասցրել ներկայացնել կադաստր ու կադաստրից եկել է պաշտոնական մերժում՝ վկայական չի տրամադրվել: Հիմա դատական կարգով պետք է այդ հարցը լուծվի, ու դատական քաշքշուկների մեջ պիտի ընկնեմ ես: 30 օր անգործություն դրսեւորած տնօրենը ստանում է աշխատավարձ, իսկ չարածի համար պետք է պատասխան տամ ես»:

Մհեր Խաչատրյանն անդրադարձավ նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառմանը: Հոգաբարձուների խորհրդի կողմից տարածած հաղորդագրությունից հետո Կարեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ Մհեր Խաչատրյանին անվանել էլ բանսարկու եւ ակնարկել, որ վերջինս հրահանգներ է ստանում քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող սրճարան այցելելով: Մհեր Խաչատրյանն առաջարկեց ստուգել տեսախցիկների ձայնագրություններն ու պարզել իսկությունը, նաեւ հայտնեց, որ զրպարտության համար դիմելու է դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter