
Խորենացի 13 հասցեի շենքը սկսել են քանդել Գաֆէսճեանները, շարունակում է Վարդան Սրմաքեշը
1950-ականներին կառուցված այս շենքում նախկինում եղել է լուսավորության մինիստրությունը, որը 1995-ին միավորվել է բարձրագույն կրթության եւ գիտության նախարարության հետ՝ դառնալով մեկ կառույց՝ կրթության եւ գիտության նախարարություն: 2004 թ. Խորենացու 13 հասցեի անշարժ գույքը մասնավորեցվել է: Նոր սեփականատերը մասնակի քանդել է շենքը, որից մինչեւ վերջերս մնացել էր միայն ճակատային հատվածը:
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ասում է, որ երբ 2017-ին Խորենացու 13-ի հողամասի սեփականատեր է դարձել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, տարածքի փաստաթղթերում շենքի ճակատային մասը՝ որպես գույք, նշված չի եղել, այսինքն՝ շինությունը պաշտոնապես գոյություն չուներ: Օրերս նշված ընկերությունը սկսել է քանդել նաեւ այն, ինչ մնացել էր շենքից:
Հակոբ Կարապետյանի տեղեկացմամբ՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պնդել է, որ այդ հասցեում բիզնես կենտրոն կառուցող «Արմսվիս Փրոփերտիսը» հետագայում վերականգնի շենքի ճակատը կամ այն պահպանի նույնությամբ: «Քանի որ շենքը կորցրել ենք, իսկ ճակատը ներառված չէ պատմամշակութային արժեքների շարքում, բայց համարելով, որ այդ ճակատի հիշողությունը պետք է մի ձեւով մնա քաղաքում, պարոն Մեսչյանի պնդմամբ՝ ներկայացված նախագծով այդ ճակատը կվերականգնվի որպես ինտերիերի մաս»,- նշում է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը տարածել է կառուցապատողի կողմից ներկայացված էսքիզի երկու տարբերակ (տես ստորեւ), որոնցում պատմական շենքի ճակատը հայտնվելու է ապակու հետեւում:
Քանդվող շենքի տարածքում որեւէ համարակալված քար դժվար է գտնել, իսկ շենք վերականգնելը ենթադրում է, որ քարերը պետք է համարակալվեն: Այստեղ դասական քանդման գործողություն է:
Հակոբ Կարապետյանը հավաստիացնում է, որ այսօրվա ֆասադի տեսքը վերականգնվելու է, իսկ թե ինչու չեն քարերը համարակալվել եւ տեղափոխվել, չի կարող ասել: Այդ հարցին, ըստ նրա, կարող են պատասխանել նրանք, ովքեր սահմանում են պատմամշակութային հուշարձանների ցանկը, իսկ երբ սեփականատերը որոշում է ժամանակակից կառույց կառուցել եւ հաշվարկում է իր օգուտներն ու վնասերը, ռիսկերը, հենվում է այն իրավական նորմերի վրա, որոնք իրեն տալիս է հանրությունը:
«Հայաստանի Հանրապետությունը չունի այնպիսի նորմ, որն այդ շենքը ճանաչել է որպես պատմամշակութային արժեք, եւ այդ նորմի բացակայության պայմաններում քաղաքի գլխավոր ճարտարապետը, փորձելով պահպանել այդ շենքի մասին հիշողությունը (շենքն արդեն չկար 2004-ին), սեփականատիրոջն ամեն դեպքում առաջարկել է, որ կառուցվելիք շենքում ֆասադը գոյություն ունենա»,- ասում է Կարապետյանը:
Կառավարությունն է այն մարմինը, որը կազմում է վերը նշված հուշարձանների ցանկերը: Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատվել է 2004-ի հոկտեմբերին՝ գործադիրի 1616-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել նույն տարվա դեկտեմբերից): Դրանում Խորենացու 13 հասցեի շենքը բացակայում է: Սակայն ճարտարապետ Արտակ Ղուլյանը news.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախկինում այս շենքն ընդգրկված է եղել ցուցակում: Հակոբ Կարապետյանն ասում է, որ Մաշտոցի 13 հասցեում գտնվող Դերասանի տունը (ստորեւ), որտեղ գործում է Հայաստանի թատերական գործիչների միությունը, Խորենացու 13 շենքի կրկնօրինակն է:
Ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծած Դերասանի տունը կառուցվել է 1954-ին եւ ներառված է 2004-ին կառավարության ընդունած ցանկում:
Հ. Կարապետյանի տեղեկացմամբ՝ 2004-ին Խորենացու 13-ի անշարժ գույքը մասնավորեցվել է հայտնի Գաֆէսճեան ընտանիքին:
Ըստ էության, խոսքն ԱՄՆ Մինեսոտա նահանգում գրանցված «Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամի» (The Cafesjian Family Foundation, Inc.) մասին է: Այս հիմնադրամի կողմից 2001-ին Հայաստանում գրանցվել է «ՍիԷս» ՓԲԸ-ն (այսօր կոչվում է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»), որից 2007-ին առանձնացել է նոր ընկերություն՝ «ՍիԷս Մեդիա» ՓԲԸ-ն: Վերջինս հետագայում վերանվանվել է «Մարաթոն Փրոփրթիս»: «Մարաթոնից» էլ 2011-ին առանձնացել է նոր ընկերություն՝ «Քեյզի Փրոփրթի» ՓԲԸ-ն (հետագայում լուծարվել է): Ահա այս ընկերությունից էլ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան 2017-ին առանձնացել է «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը, փաստորեն, «Քեյզիի» իրավահաջորդն է:
Այսինքն՝ իրավահաջորդության այս շղթայի միջոցով Խորենացու 13 հասցեի անշարժ գույքն ի վերջո անցել է «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ին, որը, սակայն, այլեւս Գաֆէսճեաններին չի պատկանում: Բանն այն է, որ 2018-ի հունիսին կայացած ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովում փոփոխություն է կատարվել ընկերության կանոնադրության մեջ: Ըստ այդմ՝ ՓԲԸ-ի միակ բաժնետերը «ՖՄԹՄ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն է («FMTM Distribution Ltd», մտնում է «Groupe Franck Muller»-ի կազմի մեջ, որի հիմնադիրներից մեկն ու գլխավոր տնօրենը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է), որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում, բայց գործունեության հասցեն Մեն Կղզում է:
«Արմսվիս Փրոփերտիսի» կանոնադրական կապիտալն ավելի քան 126 մլն դրամ է: Ընկերության առաջին տնօրենը եղել է Խաչատուր Ցոկոլակյանը, որին 2017-ի դեկտեմբերին փոխարինել է Գեւորգ Մաչանյանը: Վերջինս Վարդան Սրմաքեշի հիմնած «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահն ու գործադիր տնօրենն է: Պատահական չէ նաեւ, որ 2018-ի հունիսին «Արմսվիս Փրոփերտիսի» հասցեն Կասկադին կից Թամանյան փողոցից տեղափոխվել է Վազգեն Սարգսյան 10, որտեղ գործում է «Արմսվիսբանկը»:
Քաղաքապետարանի տարածած էսքիզներում երեւում է, որ ապագա բիզնես կենտրոնի մեջ ներառված է նաեւ նախկին «Սեւան» հյուրանոցի տարածքը, որը տարիներ առաջ օտարվել էր բարերար Վաչե Մանուկյանին:
Հակոբ Կարապետյանը, սակայն, պարզաբանում է, որ այդ տարածքը շարունակում է պատկանել Վ. Մանուկյանին: Ըստ նրա՝ քանի որ քաղաքի կենտրոնական այդ հատվածը տասնյակ տարիներ փնթի շինարարական հրապարակ է եղել, «Արմսվիս Փրոփերտիսի» նախնական էսքիզով այդտեղ շենք են պատկերել: Մամուլի քարտուղարն ասում է, թե հուսով են, որ կարճ ժամանակ անց «Սեւան» հյուրանոցի տարածքում նույնպես շինարարություն կսկսվի, ներդրումներ կարվեն:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Սարո Բաղդասարյանի, համացանցի, տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել