HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետգույքի կոմիտեն Ջրաձորի ջրանցքի առքուվաճառքի հանգուցալուծումը դատարանում է տեսնում

2017 թվականի ապրիլի 13-ին կառավարությունն «ԱՆԻ» ԲԲԸ-ին օտարեց Ջրաձոր ջրանցքը, դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, 7060 քառ. մետր թունելը, ինչպես նաև ջրանցքը սպասարկող կառուցվածքները։

Գույքն ընկերությանն օտարվեց 23 միլիոն դրամով, իբրև թե գնահատված արժեքի 75 %-ի չափով: Այս գնահատումը կատարել էր ընկերությունը՝ նշելով, որ դրա շուկայական արժեքը 30 միլիոն դրամ է:

Սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր աշխատակազմը պարզեց, որ գույքի իրական արժեքը վաճառված գնից մոտ տասն անգամ ավելի է. դրա շուկայական արժեքը ոչ թե 30 միլիոն դրամ է, այլ մոտ 245 միլիոն դրամ, և որ ընկերությունը պետական գույքի կառավարման կոմիտե կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Գույքի վերագնահատումը կատարվել է նույն ելակետային տվյալներով, որով նախկինում այն գնահատվել էր:

Առքուվաճառքի այս գործարքում կատարված մի շարք ենթադրյալ խախտումների և անօրինականությունների մասին կոմիտեն հայտնեց դատախազությանը, որն էլ հետագայում գործի քննության նյութերն ուղարկեց քննչական կոմիտե (ՔԿ): ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 3-ին ձերբակալվեց Պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով: Սակայն Մարկոսյանը կալանքից ազատվեց փետրվարի 7-ին անձնական երաշխավորությունների հիման վրա: Մարկոսյանի փաստաբան Խաչատուր Խաչատրյանը «Հետք»-ին հայտնեց, որ անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ, սակայն հրաժարվեց հայտնել նրանց անունները:

Քննչական կոմիտեից «Հետք»-ին հայտնեցին, որ գործում ներգրավված միակ անձն այս պահին Մարկոսյանն է:

«Այս գործարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 161 միլիոն դրամի գույքային վնաս և առաջացրել ծանր հետևանքներ»,- ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

«Անի» ԲԲԸ-ն գրանցված է 1995 թվականից, գործում է Շիրակի մարզի Շիրակավան համայնքում: Ընկերության տնօրենը Գևորգ Մանուկյանն է: Պետական գույքի կառավարման կոմիտեն լուրեր է ստացել, որ ընկերությունը փոխկապակցված է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:

«Հետք»-ի հետ զրույցում Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը ասաց, որ խնդրահարույց է նաև այն հանգամանքը, թե արդյոք Պետգույքի կոմիտեն ջրանցքը վաճառելու իրավասություն ունե՞ր, թե՞ ոչ: Կոմիտեն առքուվաճառքի այս որոշման մեջ փոփոխություններ կկատարի միայն դատարանի պատասխանը ստանալուց հետո:

Աթանեսյանի փոխանցմամբ՝ գործարքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գնահատման հաշվետվությունում բացակայում է գույքը գնահատողի ստորագրությունը և թղթերին կցված չէ նրա որակավորումը.

«Դրանից հետո էլեկտրոնային տարբերակով նայեցինք և հասկացանք, որ գնահատողը նույնիսկ որակավորում չունի: Կարգը պահանջում է, և պարտադիր պայման է, որ գնահատողը պետք է ունենա գնահատման որակավորում լիազոր մարմնի՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից»,- նշեց Աթանեսյանը:

Կոմիտեին այս հանգամանքը կասկածելի է թվացել և գործարքի առավել մանրամասն ուսումնասիրման պատճառ հանդիսացել:

Սերգո Աթանեսյանը ևս պնդում է, որ փաստաթղթի կեղծիք է եղել, որի արդյունքում Պետգույքի կոմիտեն ջրանցքն ու սպասարկման տարածքը զգալի ցածր գնով է վաճառել ընկերությանը՝ պետությանը զգալի վնաս պատճառելով:

Կոմիտեն դատարանի ունեցած որոշումից հետո իր դիրքորոշումը կհայտնի՝ արդյոք ջրանցքը հետ կվերցնի՞ ընկերությունից, տնտեսվարողից կպահանջի՞ վճարել գույքի իրական արժեքը, թե՞ ուժը կորցրած կճանաչվի 2017 թվականի գույքի օտարման որոշումը: 

«Դատարանի որոշումից հետո վերջնական կպարզենք գույքը ենթակա էր օտարման, թե ոչ, և արդյոք Պետական գույքի կառավարման կոմիտեն իրավասություն ուներ այն օտարել: Իսկ եթե լինի որոշում, որ գույքը օտարման ենթակա էր, այդ դեպքում պետք է հաշվարկել, թե այդ գործարքի արդյունքում պետությանը որքան վնաս է պատճառվել»,- ասաց նախագահի տեղակալը:

Աթանեսյանն ասում է՝ ցանկացած աշխատակից, ով առնչվել է գործարքի այս փաթեթին և դրա հիման վրա հետագայում կառավարությանը ներկայացված որոշման նախագիծ կազմել, կարող էր նկատել ջրանցքի գնի ցածր գնահատումը, որակավորված գնահատողի ստորագրության բացակայությունը:

Կոմիտեն նաև նախորդ ամիս գլխավոր դատախազությունից նամակ է ստացել, որով դատախազությունը կոմիտեին խնդրում է ուսումնասիրել 2017 թվականին ընդունված որոշման իրավաչափությունը: Սակայն Աթանեսյանն ասում է՝ իրենք զերծ են մնալու գործարքի վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց՝ սպասելով դատարանի վճռին: Կոմիտեն մինչ օրս գրության վերաբերյալ դատախազությանը որևէ պատասխան չի տվել:

Պետական գույքի կառավարման կոմիտեն ուսումնասիրում է պետական գույքի մասնավորեցման գործարքները, հատկապես ուղղակի վաճառքի ձևով օտարված գույքերի պայմանագրերը, քանի որ այդ պարագայում գույքը օտարվել է գնահատված արժեքից շատ ավել ցածր գնով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter