
«Իմ քայլի» պատգամավորը կառավարության ուշադրությունը հրավիրեց հաշմանդամության կարգի տրամադրման «սուբյեկտիվ մոտեցումներին»
Խորհրդարանում ընթանում է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով նախատեսված ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը անդրադարձավ զինվորական պարտականությունները կատարելիս հիվանդություն, խեղում կամ վնասվածք ստացած զինվորներին հաշմանդամության կարգ տրամադրելու հարցին:
«Ովքեր նման խնդիրներ ունեն հաճախ դժգոհում են բժշկասոցիալական հանձնաժողովներից, որոնք երբեմն հաշմանդամության խումբ տրամադրելիս առաջնորդվում են սուբյեկտիվ մոտեցումներով: Օրինակ իմ ձեռքում Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչ Գագիկ Աբգարյանի փաստաթղթերն են, համաձայն որոնց՝ 2013 թվականի հոկտեմբերին զինվորներին տեղափոխող մեքենան շուռ է եկել, և զինվորը ստացել է ծանր գլխուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և թոքերի սալջարդ: Նույն թվականին դիմել է հաշմանդամության կարգ ստանալու համար»,- ասաց պատգամավորը՝ նկատելով, որ նախկին զինվորին հաշմանդամության կարգ է տրամադրվել միայն դիմելուց չորս տարի անց:
Պատգամավորի խոսքով՝ զինվորը նույն խնդիրն ունեցել է դեռևս չորս տարի առաջ, սակայն չի կարողացել օգտվել զինհաշմանդամության կարգի տրամադրող օգնություններից:
«Կարո՞ղ ենք վստահ լինել, որ այս վատ պրակտիկան անցյալում է, և հնարավո՞ր է արդյոք, որ զինվորի ընտանիքը դիմի նոր փորձաքննության»,- հարցրեց Մկրտչյանը:
Հարցին պատասխանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Դեռևս 2018-ի վերջին ստեղծվել է անկախ հանձնաժողով նախարարության կազմում, որը երրորդ օղակն է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումները քննելու իմաստով, և սա մեզ թույլ է տալիս որոշումները ևս մեկ անգամ քննելու: Այս իմաստով քաղաքացիները կարող են դիմել նաև այս օղակին, իհարկե վերանայման դեպքում կտանք համապատասխան ցուցումներ»,- ասաց նախարարը:
Զարուհի Բաթոյանը նաև տեղեկացրեց, որ հաշմանդամության գնահատման համակարգը վերանայման կարիք ունի, նոր մոդելի ներդրումը նախարարության առաջնահերթ խնդիրներից է:
«Մարդու կարիքի վրա հիմնված նոր ծառայությունների մատուցում է լինելու»,- ասաց նա:
Մեկնաբանել