HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԼՀԿ պատգամավորը՝ վարչապետին. «Ինչպես է որոշվել, որ Սերժ Սարգսյանի եղբայրը, 18.5 միլիոն դրամ նվիրաբերելով, հանգիստը վայելում է Իսպանիայում»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց, որ հեղափոխությանը հաջորդած տասն ամիսներին քաղաքացիներն ակնկալիքներ են ունեցել, որ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված ավելի շատ օլիգարխներ են պատասխանատվության կանչելու:

«Մինչդեռ մինչ օրս կոնկրետ մի քանի անուն է շրջանառվում, և մենք փաստորեն կենտրոնացած ենք կարծես մի քանի անձերի վրա: Անցած ամիսների ընթացքում տեղի են ունեցել մի քանի դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանությունների հետ ասոցացված այս կամ այն անհատը, պետությանը վճարելով կամայականորեն որոշված գումար, ազատվել է պատասխանատվությունից կամ վատագույն դեպքում նրանց նկատմամբ կիրառվել է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավորը:

Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ինչու է հանրությունից գաղտնի պահվում Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի՝ պետությանը հյուրանոց նվիրաբերելու կամ միայն հյուրանոց նվիրաբերելու դրդապատճառները, ինչ չափորոշիչներով է որոշվել, որ Սերժ Սարգսյանի եղբայրը պետք է հենց 18.5 միլիոն դրամ նվիրաբերի պետությանը ու «հանգիստը վայելի Իսպանիայում»:

«Ինչո՞ւ այս գործընթացները չեն կատարվում թափանցիկ, որքանո՞վ է իրավաչափ արտադատարանական կարգով նման բռնագանձումների պրակտիկան»,- հարցրեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ իրեն հայտնի չէ մի դեպք, երբ որևէ մեկը վճարում է արել և ազատվել պատասխանատվությունից։

«Եթե դուք ասեք, թե մեր կառավարությունը քանի հոգի էր պլանավորել դատել ու քանի հոգու է հասցրել դատել, ու պլանը որքանով է թերակատարվել, գուցե ավելի կոնկրետ պատասխանեմ: Ձեր ասած շրջանակի ոչ մի մարդ, ում մեղավորությունը կապացուցվի օրենսդրությամբ սահմանված կարգով, որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափի, բացառվում է, որ կուլիսային ինչ-որ գործարքներ լինեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ նախաքննությունը ընթանում է հրապարակային, ապա ընդգծեց, որ կան դեպքեր, երբ պատճառված նյութական վնասի հատուցման դեպքում քրեական գործը կարճվում է:

«Ուզում եմ ձեզ մի բան ասել՝ էն իրավապահ մարմինները, որի հետ աշխատանքը իմ լիազորությունների շրջանակում է, ես ասել եմ, որ այդ ծավալներն ու տեմպը ինձ չի գոհացնում, որովհետև կարող է տպավորություն լինել, որ հեղափոխություն էր, ասեցինք, խոսեցինք ու անցնում ենք մեր գործերին: ԱԺ ամբիոնից էլ անդրադարձել եմ դրան, որ հարցեր ունեմ իրավապահ մարմիններին և այդ հարցերը տալիս եմ, բայց մյուս կողմից ինքս ինձ սահմանափակում եմ, քանի որ ես վարչապետն եմ, դատախազ չեմ, քննիչ չեմ, օպերատիվ ծառայող չեմ, բայց ինչպես նախկինում եմ ասել, ժողովրդից ու պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու են բյուջե»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Արմեն Ավետիսյանի կողմից «Գոլդեն Փելես» ծաղկաձորյան հյուրանոցի նվիրատվության հարցին՝ Փաշինյանն ասաց.

«Որքանով ես տեղյակ եմ՝ նվիրատվությունը պետության կողմից դեռ չի ընդունվել, այդ թվում իրավական պատճառներով»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ բացառում է որևէ կուլիսային պայմանավորվածություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter