HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲՀԿ-ի 6 պատգամավոր անձնական երաշխավորություն է տվել սպանության գործով Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչի համար

Սպանության գործի շրջանակներում քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչ Թաթուլ Շուշանյանի ազատության համար Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 6 պատգամավոր անձնական երաշխավորություն է տվել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, քննվող քրեական գործի շրջանակներում Շուշանյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը դատարանին ներկայացրեց Շուշանյանին երաշխավորագրով ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես պարզվեց, քննիչի համար երաշխավորել են Գևորգ Պետրոսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Սերգեյ Բագրատյանը:

Հովսեփ Սարգսյանն ընթերցեց վերջինիս դիմումը, որում Բագրատյանը գրել էր, որ անձամբ ճանաչում է  Շուշանյանին ու նրա ընտանիքին և անձնապես երաշխավորում է ազատության մեջ նրա պատշաճ վարքագիծը:

Հովսեփ Սարգսյանը նշեց, որ երաշխավորությունն ամբաստանյալի պատշաճ վարքագծի  առավել բարձր երաշխիք է, քան գրավը, որը, հիշեցնենք, նախկինում կիրառված է եղել Շուշանյանի նկատմամբ:

Միջնորդության մեջ Հովսեփ Սարգսյանը կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնատար այլ անձանց՝ դատավորներ Վանիկ Վարդանյանին, Աղվան Պետրոսյանին, Իշխան Բարսեղյանին, դատախազ Սևակ Շհոյանին նրանց վերաբերյալ գործերի քննության ընթացքում կալանքից ազատվելու վերաբերյալ օրինակներ բերեց:

Մեղադրող Հայկ Պետրոսյանը նշեց, որ Դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստեր, իսկ հանգամանքը, որ վերը նշված անձինք ու Շուշանյանը նույն հոդվածներով են մեղադրվում, դեռևս չի նշանակում, որ նրանց գործերի փաստական հանգամանքները նույնական են:

Դատախազ Պետրոսյանին և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանին միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն տալուց առաջ դատավոր Աննա Մաթևոսյանը հարցրեց, թե արդյոք մեղադրող կողմը պատրա՞ստ է դիրքորոշում հայտնել, և Հայկ Պետրոսյանը ժամանակ խնդրեց միջնորդությանը ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար ու խնդրեց հետաձգել նիստը:

Դատավորը պատրաստվում էր դատախազի միջնորդությունը լուծել՝ առանց պաշտպանական կողմի դիրքորոշումը ճշտելու, սակայն ամբաստանյալ Թաթուլ Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանը բարձրաձայնեց այդ հանգամանքի մասին, ապա կարծիք հայտնեց:

Հայկ Ալումյանն ասաց՝ տպավորություն ստացավ, որ դատարանը, կարծես թե, մեղադրող կողմին հուշեց, որ անհրաժեշտ է հետաձգել նիստը, ապա խնդրեց 20 կամ 25 րոպե ժամանակ տրամադրել կողմին՝ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:

Մեղադրող դատախազ Պետրոսյանը, ի պատասխան Ալումյանի դիտարկման, նշեց, թե որևէ հուշում չի եղել դատարանի կողմից: Պետրոսյանը նշեց, որ միջնորդության մեջ  վկայակոչվել են դատական գործեր, որոնց փաստական տվյալներին ինքը ծանոթ չէ:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ այսօրվա նիստն այսպես թե այնպես ենթակա է հետաձգման, քանի որ երաշխավորություն տված պատգամավորներից երեքը չեն ներկայացել: Սահակյանը նշեց, որ դատավորը նրանց պետք է պարզաբանի անձնական երաշխավորի դեր ստանձնելու դեպքում նրանց իրավունքներն ու պարտականությունը:

«Ըստ այդմ՝ նրանք պետք է որոշեն՝ արդյոք պատրա՞ստ են այսպիսի գործով այսպիսի մեղադրանքով անձի համար ստանձնել երաշխավորություն»,- նշեց Սահակյանը: Փաստաբանը նկատեց նաև, որ անձնական երաշխավորություն տալիս են հասարակության կողմից վստահություն վայելող անձինք, ապա նշեց, որ դատարան ներկայացած պատգամավորներից միայն մեկին է ճանաչում:

«Ո՞նց եք չափելու վստահության չափը»,- տեղից խոսեց պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:

«Վստահություն վայելելու չափանիշներից մեկն էլ նա է, որ ԱԺ պատգամավորն առնվազն պետք է գիտակցի, որ դատական նիստերի դահլիճում է գտնվում: Եթե ինքն այդքանը չի գիտակցում, ու չի կարող անգամ դատական նիստերի դահլիճում կարգը պահպանել, ինչպե՞ս կարելի է ասել, որ նա այն վստահություն վայելող անձն է, ով կարող է երաշխավորել կաշառքի մեջ մեղադրվող այս անձի համար»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը նշեց նաև, որ տպավորություն է, թե պատգամավորները գիտեին, որ միջնորդությունը բավարարվելու է, ուստի արդեն իսկ երաշխավորության համար անհրաժեշտ գումարը վճարել են:

Նիստը հետաձգվեց. դրա ավարտին վիճաբանություն տեղի ունեցավ Լուսինե Սահակյանի և Թաթուլ Շուշանյանի եղբոր միջև: Վերջինս, ըստ Լուսինե Սահակյանի, իր վերաբերյալ ինչ-որ արտահայտություններ է արել:

«Կներեք, Դուք ո՞վ եք»,- նիստի ավարտին հարցրեց Լուսինե Սահակյանը, և նրա հետ վիճաբանած անձը պատասխանեց, որ Թաթուլ Շուշանյանի եղբայրն է:

«Ձեր ցինիկ ժպիտն ու իմ նկատմամբ արտահայտությունները...»- ասաց Սահակյանն, ինչին ի պատասխան՝ նրա հետ վիճաբանող անձը պատասխանեց.

«Ցինիկը դու ես, քեզ կարգի հրավիրի... չափալախեմ»,- ասաց Շուշանյանի եղբայր ներկայացած անձը:

Այս գործով բոլոր դատական նիստերն անցնում են լարված մթնոլորտում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Ըստ գործի նյութերի՝ 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում սպանվել է Կամո Փիրուզյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 1991 թվականին ծնված Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է Փիրուզյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: 2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել դատախազություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն:

Գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կատարած օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև քննչական կոմիտեի իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ:

2018 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքի իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վահագն Աբգարյանը, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Վահագն Աբգարյանը Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Մասնավորապես՝ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը, ըստ գործի նյութերի, եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս մեղմ հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով է մեղադրանք առաջադրվել (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝), մինչդեռ իրականում, ըստ գործի նյութերի, Դավթյանին պետք է մեղադրանք առաջադրվեր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատվերով սպանությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, շահադիտական դրդումներով: Առաջին դեպքում օրենքը նախատեսում է պատիժ` 8-ից 15  տարի ժակետով, իսկ երկրորդ դեպքում նախատեսվում է ընդհուպ ցմահ ազատազրկում:

Դատարանում, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ քննվող քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին է երեք անձ՝  Թաթուլ Շուշանյանը, Արայիկ Ներսիսյանն ու Արտակ Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter