HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Նիկոլ Փաշինյանի ելույթն է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ևս երկու գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսպիսով, այս պահին ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով 4 գանգատ կա:

Մեզ հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գանգատներից մեկի համար հիմք է հանդիսացել կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը:

«Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոռուցիայի մեջ կասկածվող անձանց մասին, ասել է՝ մենք պետք է իրենց ձերբակալենք, տանենք դատարան, խայտառակենք, բարոյապես ոչնչացնենք և ուղարկենք պատիժ կրելու: Այսինքն, Փաշինյանն ուզում է ասել, որ անձն, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ոչ միայն կարող է ձերբակալվել, կալանավորվել, տարվել դատարան և պատիժ կրել, այլ իր խոսքից բխում է, որ բացի օրենքով նախատեսված ընթացակագից, նա նաև պիտի խայտառակվի, բարոյապես ոչնչացվի: Սա նշանակում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկելու սպառնալիքներ են հնչում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ «ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Ալումյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ, ով մեղադրվում է կոռուպցիոն հանցագործության մեջ, կարող է հասկանալ, որ այս սպառնալիքը վերաբերում է նաև իրեն՝ անկախ նրանից՝ ինքը մեղավոր է, թե ոչ:

Ըստ պաշտպանի՝ եթե այդ սպառնալիքը հնչեր անգամ Փաշինյանի կուլուարային խոսակցություններում, կլիներ անթույլատրելի, բայց հնչել է կառավարության նիստում, որտեղ ներկա են եղել կառավարության անդամներն, ու ոչ ոք չի փորձել շտկել վարչապետի խոսքը, ընդդիմանալ դրան, այլ բոլորը լուռ նստած՝ լսել են:

«Սա նշանակում է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն ընտրել է այդ ուղղությունն ու գործելաոճը: Ըստ էության, սա նաև հրահանգ էր կառավարության անդամներին: Սա ուղղակի հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պետության կողմից իր վրա վերցրած պարտավորություներին, քանի որ հենց պետության անունից է արվում հայտարարությունը»,- ասաց Ալումյանն ու նշեց, որ տեղի ունեցածը վտանգավոր ուղերձ է, ուստի իրենք չեն սպասել, մինչև Փաշինյանի ասած գործողություններն իրականանցվեն ու դիմել են ՄԻԵԴ` գիտակցելով նաև այն հանգամանքը, որ ներպետական պաշտպանության ոչ մի միջոց նման գործողությունների դեմ գոյություն չունի:

Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացված չորրորդ գանգատը վերաբերում է նրա կալանքի ժամկետը երկարարցնելուն:

Հայկ Ալումյանի խոսքով՝ կալանքը երկրարացնելու հարցը քննել է դատարանը, որն օրենքի հիման վրա չի ձևավորվել: Նշենք, որ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ժամանակ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, քանի որ, ըստ նրանց, պարզ չէր, թե ինչ եղանակով է գործը մակագրվել հենց Արթուր Մկրտչյանին: Նշենք, որ պաշտպանները տևական ժամանակ բարձրաձայնել են այս խնդրի մասին ու նշել, որ գործերը պետք է մակագրել համակարգչային եղանակով, այլ ոչ թե դատարանի նախագահի կողմից:

Գանգատում անդրադարձ է կատարվել նաև Քոչարյանի անձեռնմխելիության դատարանների հիմնավորումներին:

Ալումյանի խոսքով` ՄԻԵԴ-ում իրենք ոչ թե դրել են երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը, այլ անդրադարձել են այն չափանիշներին, որոնցից ելնելով՝ դատարանները համարում են, որ նախագահն անձեռնմխելի չէ` այսպիսով անմեղության կանխավարկած խախտելով:

«Վճռաբեկ դատարանն ասում է, որ եթե նախագահն իր լիազորությունների շրջանակներում է գործել և ի շահ պետության, ուրեմն անձեռնմխելի է, իսկ եթե իր լիազորությունների անցմամբ կամ անձնական նպատակներից ելնելով է գործել, ուրեմն անձեռնմխելի չէ: Սա անձեռնմխելիության ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեցող գաղափար է, բայց այս փուլում գլխավոր խնդիրը դա չէ»,- ասաց Ալումյանն ու բացատրեց, որ նախագահն անձեռմխելի է, թե ոչ, պետք է որոշվի ամենաբարձր ապացուցողական չափանիշով:

«Այսինքն՝ ողջամիտ կասկածից վեր մակարդակով պետք է ապացուցված լինի, որ անձն անձեռնմխելի չէ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անձեռնմխելության չափանիշը դնում է այսպես. Քոչարյանն իր լիազորությունների շրջանակներից անցել է, թե ոչ, լիազորություներն իր անձնական նպատակին օգտագործել է, թե չէ, ու այդ ամենն ասում է ողջամիտ կասկածից վեր չափանիշով, որն այս փուլում չի կարելի: Այս փուլում որևէ դատարան իրավունք չունի ասել, որ ողջամիտ կասկածից վեր  չափանիշով դու անցել են քո լիազորություները կամ գործել ես քո անձնական նպատակներով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե Քոչարյանի մեղադրանքը վերաբերեր այնպիսի արարքի, որը ակնհայտորեն կապ չէր ունենա նրա լիազորությունների հետ, այդ դեպքում նա չէր լինի անձեռնմխելի, բայց նրան վերագրվող մեղադրանքից արդեն իսկ բխում է, որ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, նա իր լիազորությւոններն իրականացնելիս է հանցանք  կատարել, ուստի անձեռնմխելի է:

Նշենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, լինելով Հայաստանի Հանրապետության նախագահ, հրամանագիր է արձակել արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Ալումյանն ընդգծեց, որ եթե անձը իր լրազորությւոնները չի անցել, ապա նա առհասարակ քրեական պատասխանատվության ենթակա չէ:

«Վճռաբեկ դատարանը  կիրառում է մի չափանիշ, որը կիրառելի է Հայաստանի ցանկացած քաղաքացու, առնվազն ցանկացած պաշտոնյայի նկատմամբ. սա չի կարող համարվել անձեռնմխելիության չափանիշ: Քոչարյանն իր լիազորություններն անցել է, թե ոչ, կարելի է ասել միայն վերջնական դատական ակտով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Գանգատում նշվել է նաև, որ Քոչարյանի կալանավորումը նախաձեռնվել է՝ օրենքով չնախատեսված նպատակներից  ելնելով: Այստեղ նորից հղում է կատարվել ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցություններ գաղտնալսումներին: Պաշտպանի խոսքով՝ կալանավորումը պետք է օրենքով նախաձեռնվի, եթե առկա են օրենքով սահմված հիմքերը, իսկ այս դեպքում օրենքով  և կոնվենցիայով նախատեսված նպատակներով չի նախաձեռնվել:

«Թեև առերևույթ ասվում է, որ կալանքի հիմքն այն է, որ նա կարող է թաքնվել քննությունից` հեռախոսային խոսակցություներից մեկում ասվում է՝ «կալանավորենք, որ ցուցմունք տա»,-  հիշեցրեց Հայկ Ալումյանը:

Ըստ պաշտպանի՝ կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերը համոզիչ չեն: Փաստաբանը նշեց, որ 2018 թվականի օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը Քոչարյանը եղել է ազատության մեջ, այսպես ասած`բոլոր հնարավորություներն ունեցել է և՛ խոչընդոտելու քննության ընթացքը, և՛ թաքնվելու, ինչը, սակայն, չի արել:

«Եթե հիմա նրան ազատ արձակեն, ապա նա ավելի շատ հնարավորություն չի ունենա խոչընդոտելու կամ թաքնվելու, քան օգոստոսի 7-13-ը»,- նկատեց պաշտպանն ու հիշեցրեց, որ օրենքով սահմանված կարգով Քոչարյանի շուրջը մշտապես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են և նա իր ցանկացած հանդիպում նրանց հետ համաձայնեցվում է:

«Քոչարյանը շարքային քաղաքացուց ավելի քիչ հնարավորություն ունի աննկատ ինչ-որ տեղ անհետանալու կամ աննկատ ինչ-որ անձանց հանդիպելու և խոչընդոտելու»,- խոսքը եզրափակեց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Քոչարյանի  գործով ՄԻԵԴ ներկայացված առաջին և երկրորդ գանգատները վերաբերել են Քոչարյանի անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման դեպքերին և կալանավորմանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter