HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Նեթֆլիքս»-ն էկրանավորելու է Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»

Հոսքային մեդիայի եւ սերիալների արտադրող ամերիկյան հսկան՝ Նեթֆլիքսը (Netfilx), ձեռք է բերել Նոբելյան մրցանակակիր Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի էկրանավորման իրավունքը: Այս մասին գրում է «Գարդիանը»։

1967 թվականին հրատարակված վեպն առաջին անգամ է էկրանավորվելու։ 2014 թվականին կյանքից հեռացած Մարկեսի ընտանիքը տարիներ շարունակ հրաժարվում էր որեւէ ընկերության վաճառել էկրանավորման իրավունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը՝ Մարկեսն այդ գաղափարը հավանության չի արժանացրել՝ համարելով, որ վիպական նյութը շատ ծավալուն է մեկ ֆիլմով ներկայացնելու համար (համոզված էր նաեւ, որ որեւէ լեզվով այն ներկայացնելը, բացի իսպաներենից, տեղին չի կարող լինել)։

«Նեթֆլիքսի» եւ Մարկեսի իրավահաջորդների՝ Ռոդրիգոյի եւ Գոնսալոյի (որդիները) համաձայնությունն ամրագրվել է մի քանի պայմանով «Հարյուր տարվա մենությունը» կէկրանավորվի որպես սերիալ, նկարահանումները տեղի կունենան Կոլումբիայում, լեզուն կլինի իսպաներենը, պրոդյուսերները կլինեն իրենք՝ երկու եղբայրները։ Հեռուստասերիալի ցուցադրությունը նախատեսվում է 2020 թվականին։

Մինչ այս «Հարյուր տարվա մենությունը» համարվել է այն բացառիկ վեպերից մեկը, որի էկրանավորումը չափազանց բարդ է թվացել։ Չնայած այն հանգամանքին, որ 1984 թվականի ճապոնական «Հաջողություն, տապան» (ռեժիսոր՝ Ս Տերայամա) ֆիլմի սցենարը հիշեցնում է «Հարյուր տարվա մենության» վիպական նյութը (եւ Մարկեսն էլ նշվում է որպես սցենարիստ), որեւէ պայմանավորվածությամբ այն ամրագրված չէ, եւ ինքը՝ Տերայաման վեպն առանձնացնում է որպես ոգեշնչման աղբյուր։

«Նյու Յորք Թայմսը» տեղեկացնում է, որ մեծ մասսայականություն վայելող վեպն արդեն թարգմանվել է 46 լեզվով, վաճառվել ավելի քանի 50 միլիոն օրինակով։

Հավելենք, որ մինչ այս Մարկեսի մի քանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Մեռնելու ժամանակը» (ռեժիսոր՝ Լուի Տրիան, 1985), «Մի հայտարարված սպանության խրոնիկա» (ռեժիսոր՝ Ֆրանչեսկո Ռոզի, 1987), «Միայն մահն է անպայման գալիս» (ռեժիսոր՝ Մարինա Ցուրցումիա, 1992), «Գնդապետին ոչ ոք չի գրում» (ռեժիսոր՝ Արթուրո Ռեպշիտեյն, 1999), «Սերը ժանտախտի օրերին» (ռեժիսոր՝ Մայքլ Նյուելլ, 2007), «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» (ռեժիոր՝ Հենինգ Կարլսեն, 2011) գեղարվեստական ֆիլմերը։

ՀԳլուսանկարի աղբյուրը՝ Globallookpress

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter