HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը խորհրդային Հայաստանում․ Ալեքսանդր Մանուչարյան

շարքի նախորդ նյութը

Ալեքսանդր Արամի Մանուչարյանը ծնվել է 1929 թ., Երեւան քաղաքում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Այնուհետեւ պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել գիտությունների թեկնածուի աստիճան: Զուգահեռ դասավանդել է երեւանյան տարբեր բուհերում: Գիտական մի շարք հոդվածների ու մենագրությունների հեղինակ է: Նրա հայրը ստալինյան բռնությունների զոհ է դարձել, ինչն էլ էապես ազդել է Մանուչարյանի հետագա քայլերի ու աշխարհընկալման վրա: 1970-ականների կեսերից նա սկսում է հայ ժողովրդի վիճակի, քաղաքականության եւ խորհրդային իրականության վերաբերյալ իր մտորումները գրի առնել` «Ազգապատում» վերնագրով: Այնուհետեւ ռուսերեն գրում է «Իմպերիալիզմ» հոդվածը: Ե՛ւ «Ազգապատումը», ե՛ւ «Իմպերիալիզմը», ե՛ւ «Ազգապատում»-ի բաղկացուցիչ մասերից մեկը` վերջին հատվածը՝ «Ազգային   իրավունք»-ը, որպես առանձին գրքույկներ, ինքնահրատ եղանակով հրատարակվում եւ տարածվում են ժամանակի այլախոհական շրջանակներում: «Իմպերալիզմը» 1979 թ. տարածվել է նաեւ Լեհաստանում, որտեղ հայ մշակույթին նվիրված գիտաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված էր նաեւ Ալեքսանդր Մանուչարյանը: Նրա գործերի հրատարակմամբ զբաղվում է ինչպես ինքը, այնպես էլ Աշոտ Ափիկյանի գլխավորությամբ մանկավարժական ինստիտուտում գործող ուսանողական խմբակը: Ինքը` Մանուչարյանը, անմիջական կապ է ունեցել հայ այլախոհների եւ արդեն կալանավայրից ազատ արձակված նախկին քաղբանտարկյալների հետ, բայց այս հանգամանքը, չնայած թափած հսկայական ջանքերին, նախաքննությունն այդպես էլ, շնորհիվ Մանուչարյանի լռության, բացահայտել չկարողացավ: Նրան մեղադրանք ներկայացվեց 65 հոդվածի 1- ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) ու 67 հոդվածով (առանձնապես   վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Նախաքննության սկզբնական փուլում Մանուչարյանը հայտարարում էր, որ ինքնահրատների հեղինակն ինքը չէ եւ ցուցմունքներ չէր տալիս: Իր այդ ստեղծագործությունները նա ստորագրել էր «Վինար» կեղծանունով, ինչը ոչ մի կերպ Պետանվտանգության կոմիտեի մասնագետները վերծանել չէին կարողանում: Միայն նախաքննության ավարտին է Մանուչարյանը կամավոր տալիս նրանց «Վինար»-ի վերծանման բանալին` իր մասնագիտությունների սկզբնատառերը` վիմագրություն, նկարչություն, արվեստ: Երբ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Մանուչարյանի հիվանդ տիկնոջ առողջությունը, նաեւ` իր կալանավորման հետեւանքով, այնքան է վատանում, որ նրան արդեն տեղափոխում են հոգեբուժարան, եւ երկու մանկահասակ երեխաները մնում են առանց ծնողների խնամքի, Մանուչարյանը ճարահատյալ որոշում է հայտարարել, որ զղջում է եւ իրեն մեղավոր է ճանաչում, որպեսզի հոդվածով նախատեսված մաքսիմում պատժաչափը չստանա եւ կարողանա շուտ վերադառնալ երեխաների մոտ: Այդ շրջանում Մանուչարյանի տված բոլոր ցուցմունքները վերաբերում են անձամբ իրեն: Նախաքննության եւ դատավարության ժամանակ նա չի տվել քրեական գործով բացահայտված անձանց շրջանակից դուրս որեւէ անուն, չնայած առնչվել է այնպիսի  մարդկանց հետ, որոնց ՊԱԿ-ն ուրախությամբ կձերբակալեր: Այդպես էլ քննությանն անհայտ է մնում Շողիկ անունով անձնավորությունը, «Հանուն Հայրենիքի» խմբի անդամների եւ այդ շրջանում գործող այլ այլախոհների, այդ թվում նաեւ իրավապաշտպանների, հետ եղած նրա կապը: Մանուչարյանը դատապարտվում է 4 տարի ազատազրկման եւ երկու տարի աքսորի: Ազատազրկումը կրել է Պերմի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում, իսկ աքսորը` Կարակալպակիայում: Պատիժը կրելուց եւ 1986-ին Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն թույլատրում վերադառնալ դասախոսական աշխատանքի: Ստիպված է լինում բավարարվել պատահական աշխատանքներով: Միայն 1988-ին են հրավիրում աշխատանքի Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

Ա. Մանուչարյան ինքնանկար.jpg (120 KB)

1990-ին ընտրվում է Գերագույն խորհրդի պատգամավոր: Զուգահեռ շարունակում է դասախոսական աշխատանքը: Վախճանվել է Երեւանում, 2001 թ. դեկտեմբերի 19-ին: Նրա մենագրություններից են 1976 թ. հրատարակված «IV-XI դարերի սկզբնաղբյուրները հայկական ճարտարապետության մասին», 1999 թ. հրատարակված «Համաշխարհային կերպարվեստի պատմություն» աշխատության առաջին հատորը` վերնագրված «Նախնադարյան մշակույթ» եւ, արդեն հետմահու, 2014-ին հրատարակված երկրորդ հատորը՝ «Համաշխարհային կերպարվեստի պատմություն Միջագետք-Եգիպտոս»:

Պատմում է Ալեքսանդր Մանուչարյանի որդին` Հակոբը

(Ինչպես գրքում առկա մնացած բոլոր հուշ-պատմությունները, այնպես էլ այս մեկը՝ հարցազրույցի տեսքով ձայնագրվել, ապա՝ վերծանվել ու վերջնական տեսքի է բերվել մեր կողմից։ Այն առաջին դեմքով է ներկայացվում խոսքն ավելի հասանելի եւ անհատական զգացմունքները հնարավորինս անմիջական տեղ հասցնելու նպատակով)։

1980 թ. մայիսի 13-ին` բավական ուշ պապան դեռ գործի էր: Տանը անհանգստանում էինք: Որպես կանոն, ինքն այդքան չէր ուշանում: Երեկոյան 10-ի կողմերը եկավ, բայց մենակ չէր: Ես ու եղբայրս` Արամը, արդեն պառկել էինք: Նրա հետ մի ամբողջ խումբ էր: Եկել էին խուզարկության:  Ես տասը տարեկան էի, Արամը` տասնմեկ: Այդ օրն առաջին անգամ ես լսեցի «ընթերակա» բառը: Խուզարկությունը մի քանի ժամ տեւեց: Անգամ նրանց դեմքերն եմ հիշում: Խուզարկության ողջ ընթացքում մտածում էի, թե ինչ են անելու մեր հսկայական գրադարանի հետ, մի՞թե քանդելու են սենյակի բոլոր պատերին կից` հատակից մինչեւ առաստաղ ձգվող բոլոր գրադարակները: Չքանդեցին: Խուզարկությունն ավարտելուց հետո գնացին` ասելով, որ հայրս առավոտյան տասին ինքը գնա Պետական  անվտանգության կոմիտե: Առավոտյան հայրս նստեց տրանսպորտ ու գնաց: Սկսվեց բարեկամների հոսքը: Ինչ-որ բաներ մենք` ես ու եղբայրս, հասկանում էինք, ինչ-որ բաներ չէինք հասկանում, բայց, ընդհանուր առմամբ, մի քանի օրից հասկացանք, որ վերջ, պապային տարան:

Մայրս հիվանդ էր: Պապայի կալանավորումից հետո մորաքույրս թողեց իր անձնական կյանքն ու նվիրվեց մեզ: Նա էր մեզ խնամում, զբաղվում մեր հոգսերով, հայրիկիս հանձնուք տանում: Նախաքննության ընթացքում մեկ անգամ մեզ պապայի հետ տեսակցության հնարավորություն տվեցին: Մեկ անգամ էլ հանդիպեցինք դատական նիստի ընդմիջման ժամին:

Չորս տարի անց պապան դուրս եկավ աքսոր: Մենք արդեն կարող էինք այցելել նրան: Լավ տպավորվել է, որ երկար, երկար ճանապարհ գնացինք: Երեք օդանավ փոխեցինք: Անգամ օդանավերի հոտն է տպավորվել: Միջինասիական յուրահատուկ հոտ էր: Վերջին օդանավակայանը բաղկացած էր ընդամենը մեկ թռիչքուղուց եւ մեկ «բուդկայից»: Գյուղի տները իրարից մեկ կիլոմետր հեռավորության վրա էին գտնվում: Գյուղի միջով մի դանդաղահոս գետ էր հոսում: Դրա ջրերի մեջ ե՛ւ մարդիկ էին լողանում, ե՛ւ իրենց ոչխարներին էին լողացնում, ե՛ւ լվացք էին անում, ե՛ւ տնային այլ հոգսեր էին հոգում, ե՛ւ խմում էին: Գյուղից մի քանի կիլոմետր հեռու ջրհոր կար, որի ջրից երեւի միայն մենք էինք օգտվում: Ջուր չլինելու դեպքում կեչու հյութ էինք խմում, որ վաճառվում էր երեք լիտրանոց ապակյա բանկայով, ու շատ համով էր:

Հորաքրոջս անունը Ռեգինա է: Նա հորս հեռագիր էր ուղարկել: Տեղի պետանվտանգության պետը հորս կանչել ու հոխորտացել էր` էս ի՞նչ է, Ռեյգանից հեռագիր ես ստանում: Ռեգինան սխալմամբ Ռեյգան էին տպել, իսկ չեկիստը դա չափազանց լուրջ էր ընդունել:

Բամբակի բերքահավաքի ժամանակ` աշխատելու ունակ ամենափոքրից մինչեւ ամենածերին, մի բաժին ուտելիքի դիմաց, անձամբ շրջանի կուսակցության քարտուղարը դաշտ էր քշում: Հորս հատկացված բնակության պայմանները տվյալ տարածաշրջանի համար տիպիկ էին: Սենյակ կոչվածն ուտիճներով լցված կիսավեր մի շինություն էր` երկու-երեք մահճակալով ու սեղանով: Պապաս սիրում էր կրկնել. «Եթե գյուղի փողոցով ինչ-որ տղա է անցնում, ոչ ոք նրա վրա հատուկ ուշադրություն չի դարձնում, եթե ինչ-որ աղջիկ է անցնում, նրա վրա եւս ոչ ոք հատուկ ուշադրություն չի դարձնում, իսկ եթե հանկարծ մի կով է անցնում, տեսնողները բազմանշանակ ընդգծում են` անցավ այսինչի կամ այնինչի կովը: Ի՞նչ լավ կով է»:

Հատուկ հիշատակման է արժանի այդ գյուղի խանութը, որը, որպես կանոն, փակ էր լինում, բայց բերնեբերան լցված էր տարատեսակ, սովետում չվճարվող ապրանքներով: Եթե Սովետական Միության մեծ քաղաքների խանութները դատարկ էին, ապա այստեղ ամեն ինչ կար: Սկսած ֆրանսիական օծանելիքից, տարատեսակ հագուստեղենից մինչեւ տեսամագնիտոֆոն: Իսկ այն տարիներին տեսամագնիտոֆոնը թռչող ափսեին հավասար մի բան էր: Երբ մենք հորս մոտից պետք է հետ գայինք, որոշեցինք գնումներ կատարել, բայց խանութն անընդհատ փակ էր: Երբ վերջապես մեզ հաջողվեց գտնել խանութի վարիչին եւ խնդրել, որ խանութը բացի, նա զարմացավ: Այդ խանութից, որտեղ ուտելիք չէր վաճառվում, փաստորեն ոչ ոք չէր օգտվում: Ի զարմանս խանութպանի` գնումներ կատարեցինք ու հորս հրաժեշտ տալով` վերադարձանք Երեւան:

Հայրս վերադարձավ 1986 թ. ապրիլի 24-ին: Մենք գիտեինք, որ նա պետք է գար, բայց գալու կոնկրետ օրը չգիտեինք: Այնպես որ` գալն անակնկալ էր, այն էլ` ապրիլի 24- ին: Ժամանակներն արդեն փոխվել էին: Մարդկանց միջից վախը կամաց-կամաց վերանում  էր: Եթե ձերբակալվելիս մեր տուն ոչ բոլոր բարեկամներն ու ընկերներն էին այցելում, իսկ այցելողների մի մասն էլ գալիս էր այնպես, որ գալն աննկատ մնա, ապա ազատվելիս արդեն գալիս էին բոլորը. եւ նրանք, ովքեր ողջ բանտարկության շրջանում այցելել էին, եւ նրանք, ովքեր ընդհանրապես չէին այցելել, եւ նրանք, ովքեր այցելել էին զգուշորեն, գաղտնի` գիշերվա ուշ կամ առավոտվա վաղ ժամերին: Չնայած ժամանակներն այլ էին, Պետանվտանգության կոմիտեն նույնն էր մնացել: Օրումեջ չեկիստները գալիս էին ու ինչ-որ անկապ պայմաններ ու պահանջներ ներկայացնում: Դրանք կարող էին վերաբերվել մեզ` ինձ ու եղբորս, իբր` դպրոցում այս կամ այն արտահայտություններն ենք արել, կամ կարող էին վերաբերվել հորս` այսպես մի ասա, այսպես մի արա եւ այլն: Նման մանր-մունր հորինվածքներով խանգարում էին մեր անդորրը: Այդ շրջանում նրանց անցանկալի ներկայությունը մեր տանը եղել է մշտապես: Այդպես էլ թույլ չտվեցին, որ հայրս իր մասնագիտությամբ որեւէ ինստիտուտում աշխատի: Գրողների միությունում աշխատող Սոֆիկ անունով մի կին, որ իր համակուրսեցին էր եղել, նրան թարգմանչական աշխատանք առաջարկեց: Աշխատանքը մշտական չէր, բայց արդեն ինչ-որ բան էր: Միայն 1988-ին, երբ արդեն պարզ էր, որ սովետներն իրենց հոգեվարքն են ապրում, Վարազդատ Հարությունյանը, որ պոլիտեխնիկի ճարտարապետական ամբիոնի վարիչն էր, փողոցում պատահաբար հորս տեսնելով` ասում է. «Ինձ թվում է` արդեն կարող ես գալ աշխատանքի»: Եվ հայրս նորից գնաց դասախոսական աշխատանքի:

Մեկնաբանություններ (2)

գօհար
Ալեքսանդր Մանուչարյանի որդի Հակոբ Մանւչարյան, շնորհակալություն հուշերի համար։Փառք ու պատիվ ։ դուք ունեք՞ ավելի ծավալուն հրապարակումներ, եթե այո, ինչպես, որ կայքում կարող եմ կարդալ ։
Արա
Շատ հետաքրքիր դասախոս էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter