
Եթովպիայից Քենիա մեկնող ուղևորատար «Բոինգ 737»-ը վայր է ընկել. զոհվել է 157 մարդ
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից Քենիայի մայրաքաղաք Նայրոբի մեկնող ուղևորատար «Բոինգ 737»-ը, որը պատկանում էր Ethiopian Airlines ավիաընկերությանը, վայր է ընկել: Օդանավում գտնվող 149 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվել են: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինքնաթիռում եղել է 33 երկրի ներկայացուցիչ:
Ethiopian Airlines-ի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Ադիս Աբեբայից մեկնած ինքնաթիռը վայր է ընկել Եթովպիայի կենտրոնական հատվածում գտնվող Բիշոֆտու (Դեբրե-Զեյտ) քաղաքի մոտակայքում:
«Բոինգ 737 MAX 8»-ը Ադիս Աբեբայի Բոլե միջազգային օդանավակայանից մեկնել էր տեղական ժամանակով 8:38-ին, իսկ 8:44-ին օդանավի հետ կապը ընդհատվել էր: Այս պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:
BBC-ն ընդգծում է, որ Ethiopian Airlines-ը անվտանգության տեսանկյունից բարձր հեղինակություն ունի, չվերթներ է իրականացնում Աֆրիկայի տարբեր ուղղություններով: Այնուամենայնիվ, 2010 թվականին ավիաընկերության օդանավերից մեկը վայր էր ընկել Միջերկրական ծովում՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից մեկնելուց կես ժամ հետո: Ավիաաղետի զոհ էր դարձել 90 մարդ:
Նախորդ տարվա հոկտեմբերին էլ ինդոնեզական Lion Air ավիաընկերության «Բոինգ 737 MAX 8»-ը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց հետո վայր էր ընկել Ճավայի ծովում: Պատահարի հետևանքով զոհվել էր 189 մարդ:
Մեկնաբանել