HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ կառավարության ծրագրի իրականացման ընթացքը`Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջոցառումների մասով

Նախաբան

Ցանկացած կառավարության գործունեության արդյունավետություն չափվում է իր ծրագրի իրականացման արդյունքներով: Այսինքն, ինչքանով է հաջողվել տվյալ կառավարությանը իրականություն դարձնել իր ծրագրով սահմանված միջոցառումները, որոնք բխում են իշխանության եկած քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթներից:

Հոդվածների այս շարքի առաջին հրապարակման մեջ`  նախաբանում, նշել էինք իրավական շրջանակը, որով կարգավորվում է Կառավարության ծրագրի ընդունման ընթացակարգը, դրա հիման վրա Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի հաստատման ընթացակարգը և վերջինիս վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պահանջները: Ինչպես նշել էինք, 2018 սեպտեմբերի 6-ի թիվ 1030-Լ որոշմամբ Կառավարությունը հաստատում է «ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը»:

Կառավարության ծրագրի ընթացքի վերաբերյալ հոդվածների շարքի այս հրապարակմամբ անդրադարձ կկատարենք Կառավարության միջոցառումների ծրագրում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համար սահմանված միջոցառումների իրականացմանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջոցառումները

Միջոցառումների ծրագիրը համադրել ենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իր միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետին ներկայացված հաշվետվության հետ:

2018 սեպտեմբերի 6-ի թիվ 1030-Լ որոշմամբ հաստատված Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում այս նախարարության համար սահմանվել է 8 միջոցառում և դրանց իրականացմանն ուղղված 45 քայլ` թիվ 227-ից 234 համարների ներքո (տես միջոցառումների ծրագրի 259-276 էջերը):

Այս միջոցառումների ընթացքի և արդյունքների մասով հաշվետու ժամանակահատվածում զարգացումների վերաբերյալ նախարարության կողմից ՀՀ վարչապետին ներկայացված հաշվետվության մեջ բոլոր միջոցառումների և գրեթե բոլոր քայլերի վերաբերյալ ներկայացվել է տեղեկատվություն: Ծրագրով սահմանված որոշ քայլերի ընթացքի վերաբերյալ հաշվետվության մեջ տեղեկատվություն ներկայացված չէ, օրինակ` 233 միջոցառման քայլ 1, 233-ի` քայլ 4, 234-ի քայլ 3 և այլն:

Ուշագրավ են նախարարության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ վարչապետին ուղղված հաշվետվության մեջ ներկայացված հետևյալ կետերը:

Արտահանման ներուժի ու շուկաների հասանելիության ընդլայնման նպատակով նախարարությունը, ի թիվս այլ քայլերի, մասնակցել և կազմակերպել է հետևյալը. գործարար համաժողովներ, օտարերկրյա պետություններում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման միջոցառումներ, ցուցահանդեսներ, նաև իրականացվել է արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում:

Վերոնշյալի շրջանակներում նշված գործողություններն են նաև ներկայացված.

  1.  Համաժողով

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբՆախարարության և Բիզնես Արմենիայի աջակցությամբ, հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում կազմակերպվել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը, որին մասնակցել է 101 ընկերություն ԵԱՏՄ երկրներից, հայկական կողմից՝ 85 ընկերություն՝ ներկայացնելով իր արտադրանքը։ Միաժամանակ, համաժողովի ընթացքում իրականացվել են շուրջ 100 B2B հանդիպումներ»:

Այս գործողություններից բխող արդյունքները ներկայացված չեն, օրինակ ներկայացված չէ, թե այս 100 հանդիպումները ինչ արդյունք են տվել` ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և/կամ ինչ համաձայնագրեր կամ պայմանագրեր են կնքվել:

  1. Ցուցահանդեսներ

«Փետրվարի 5-9 Մոսկվայում կայացած սննդի, խմիչքի և դրանց արտադրության հումքի «PRODEXPO 2018» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին կազմակերպվել է հայկական 21 ընկերությունների մասնակցությունը։

Մարտի 13-16-ը Մոսկվայում կայացած կաշվե իրերի, կոշիկի և դրանց արտադրության համար հումքի միջազգային «Мосшуз» ցուցահանդեսին կազմակերպվել է կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող 8 հայկական ընկերությունների և ԱՁ-երի մասնակցությունը:   

Մարտի 20-23 Մոսկվայում կայացած «Текстильлегпром 2018» 50-րդ ցուցահանդեսին կազմակերպվել է 5 հայկական ընկերությունների մասնակցությունը:  

Սեպտեմբերի 4-ից 7-ը ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած «CPM- Collection Premiere Moscow» ցուցահանդեսին կազմակերպվել է թեթև արդյունաբերության և նորաձևության ոլորտի հայկական 14 ընկերության մասնակցությունը:

Սեպտեմբերի 10-ից 13-ը Մոսկվայում կայացած կաշվե իրերի, կոշիկի և դրանց արտադրության համար հումքի միջազգային «Мосшуз» ցուցահանդեսին կազմակերպվել է կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող 6 հայկական տնտեսվարողների մասնակցությունը:

Սեպտեմբերի 26-ից 30-ը 8 հայկական տնտեսվարողներ մասնակցել են «Junwex Moscow» միջազգային ոսկերչական ցուցահանդեսին։   

Հոկտեմբերի 21-25-ը 11 հայկական ընկերություններ մասնակցել են «SIAL Paris 2018» միջազգային սննդի ցուցահանդեսին»:

Այս ցուցահանդեսներից բխող արդյունքներ ներկայացված չեն` ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և/կամ ինչ համաձայնագրեր կամ պայմանագրեր են կնքվել: Նաև ներկայացված չէ, թե այս ցուցահանդեսներին մասնակցության ապահովման համար ինչքան գումար է ծախսվել ՀՀ պետական բյուջեից և/կամ այլ աղբյուրներից:

  1. Վարկավորում

«2018թ.-ի ընթացքում տրամադրվել է 26 վարկերի սուբսիդավորվում՝ 131.4 մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով»:

Ներկայացված չէ, թե որ կազմակերպություններն են ստացել վարկերի սուբսիդավորում, ինչ ոլորտներ են դրանք ներկայացնում, ինչպես և ինչ չափով է դա նպաստել նպատակների իրագործմանը (օրինակ` արտահանման ներուժի ավելացմանը):

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության իրականացված քայլերի թվում ներկայացված է նաև հետևյալը.

««GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների  համակարգը» (REX) ներդրվել է 2018թ. հունվարից: Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում, որը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: «Գրանցված արտահանողների  համակարգը» (REX) նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։ Մինչ այսօր կատարվել է 35 հայկական կազմակերպությունների խորհրդատվության տրամադրում և գրանցում «REX» համակարգում»:

Վերոնշյալ համակարգում գրանցված կազմակերպությունների մասով ներկայացված չէ, թե համակարգից քանիսն են օգտվել, և հաշվետու ժամանակահատվածում ինչ արդյունքներ են եղել, մասնավորապես` արտահանման ծավալների և ուղղությունների տեսքով:

Հաշվետվության մեջ ներկայացված է նաև. «Նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված են 7 թիրախային շուկաների (Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Քաթար, Լիբանան և Վրաստան) մասով ներմուծման ընթացակարգերի ամփոփ տեղեկագրերը»:

Նախարարության պաշտոնական կայքում Վրաստանի մասով ներմուծման ընթացակարգերի ամփոփ տեղեկագիր չգտանք (ստուգել ենք մարտի 11-ին): Մնացյալ երկրների մասով տեղեկագրերը ներկայացված էին այս հղումով:

Հաշվետվության մեջ ուշադրության է արժանի նաև հետևյալը. «Աշխատանքներ են իրականացվել հայկական արտահանող արտադրողների և իրենց կողմից արտադրված ապրանքատեսակների վերաբերյալ շտեմարանի մշակման ուղղությամբ: Յուրաքանրյուր արտադրողի մասով ներկայացվել է հետևյալ տեղեկատվությունը՝ գործունեության ոլորտը, կազմակերպաիրավական տեսակը, կոնտակտային տվյալները, արտադրվող արտադրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, տվյալ արտադրանքի արտահանման ներուժային շուկաները: Շտեմարանը տեղադրված է Նախարարության պաշտոնական կայքէջում»:

Պարզեցինք, որ նախարարության պաշտոնական էջում շտեմարանը տեղադրված է, սակայն միայն հայերեն լեզվով: Հասկանալի չէ, թե ինչքանով է այս շտեմարանը նպաստում արտահանման ներուժի ավելացմանը (արտահանողների և նրանց արտադրանքի մասին երկրից դուրս տեղեկատվություն տարածելու իմաստով), քանի որ արտահանողների և դրանց արտադրած ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունն օտար լեզուներով (առնվազն` ռուսերեն և անգլերեն) ներկայացված չէ:

Ներդրումների խթանման միջոցառման ներքո Կառավարության միջոցառումների ծրագրում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համար մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ նախատեսվել էր իրականացնել նաև հետևյալ քայլը. «2 թիրախային ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում»:

Հաշվետվության մեջ ներկայացված է հետևյալը. «Նախարարությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում թիրախավորել է ՀՀ տնտեսության երկու արտադրության ոլորտներ` պանրի արտադրությունը և ջերմոցային գյուղատնտեսությունը»:

Այստեղ նշված է, որ թիրախավորվել է երկու ոլորտ, սակայն նշված չէ, թե օտարերկրյա ներդրումների ներգրավման վերաբերյալ ինչ առաջարկություններ են ներկայացվել, կամ դրանք ընդհանրապես ներկայացվել են, թե` ոչ:

Այսպիսով, Կառավարության ծրագրի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության 2018 թվականի միջոցառումների ուսումնասիրությունից պարզ չի դառնում, թե ինչ արդյունքներ են գրանցվել հաշվետու ժամանակահատվածում: Ընդհանրապես, հաշվետվության մեջ և նաև ծրագրում առկա է մի կարևոր խնդիր, որը հետևյալն է: Գործողությունը ներկայացվում է արդյունքի փոխարեն` որպես արդյունք: Օրինակ` ցուցահանդես կազմակերպելը կամ վարկերի սուբսիդավորումը որպես արդյունք է ներկայացվել, երբ դրանք գործողություն են, իսկ արդյունքը պետք է լիներ, թե ինչ պայմանագրեր են կնքվել կամ պայմանավորվածություններ են ձեռք բերվել` ցուցահանդեսի արդյունքում, իսկ վարկերի սուբսիդավորման դեպքում` ինչպես և ինչ չափով են դրանք նպաստել տվյալ տնտեսավարողի կողմից արտահանման ծավալների մեծացմանը:

Ակնառու է դառնում նաև, որ պլանավորման մեջ առկա բացերը դեռ վերացված չեն և ծրագրերից իրականացում, իսկ այնուհետ մշտադիտարկում և հաշվետվողականություն գործընթացները թերի և արդյունքավետ չեն: Հետևաբար կասկածի տակ է, պետական հատվածում, տվյալ դեպքում այս նախարարության մասով, «արժեք փողի դիմաց» սկզբունքի կիրառումը: Առկա պլանավորման և հաշվետվողականության թերի համակարգը հնարավորություն չի տալիս հարկատուների գումարների օգտագործման ուղղությունների, նպատակների և ձեռք բերված արդյունքների առնչությամբ իրականացնել հանրային արդյունավետ վերահսկողություն:

Շարունակելու ենք Կառավարության ծրագրի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունները և հաջորդիվ կներկայացնենք Կառավարության մեկ այլ մարմնի կողմից համապատասխան միջոցառումների իրականացման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter