HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Երևանի քաղաքապետարանը ընթացք չի տալիս բարձրահարկի կառուցումից տուժող բնակիչների բողոքին

Սիսակյան 3 հասցեում կառուցվող բարձրահարկ շենքի քաղաքաշինական ծրագիրը, ըստ Երևանի քաղաքապետարանի, համապատասխանում է Աջափնյակ վարչական շրջանի գոտիավորման նախագծով սահմանված դրույթներին։

Իսկ «Հետք»-ը քաղաքապետարանից չէր ակնկալում պարզաբանում՝ արդյոք դրույթներից շեղում կա, թե ոչ։ Մեզ անհրաժեշտ էր իմանալ՝ ինչ է ձեռնարկելու պատասխանատու պետական մարմինը, երբ մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքում են և ասում, որ բարձրահարկը փակելու է իրենց տների լուսավորությունն ու տեսադաշտը։ Եթե նույնիսկ արևի մուտքը փակվելու է՝ համաձայն «սահմանված դրույթների», բնակիչներն ասում են՝ իրենք համաձայն չեն։ Ասել են՝ ստորագրություններով, քաղաքապետարան ուղարկած նամակներով, բազմաթիվ զանգերով և փողոց փակելով։ Մի քանի ամիս շինարարությունը կանգնած է եղել միայն նրա համար, որ բնակիչները չեն թողել շինանյութ տեղափոխող մեքենան շարժվի։

Բնակիչները հանրային լսումներով դժգոհություն արտահայտելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ կառուցապատման տարածքը զբաղեցնում է մոտ 1000 քմ, իսկ հանրային լսման պարտավորություն, ինչպես տեղեկացրել են քաղաքապետարանից, առաջանում է 1500 քմ-ն գերազանցելու դեպքում։ Այսինքն՝ մոտ 500 քմ տարբերության պատճառով տարածքում բնակվողների համար հանրային լսում չի կազմակերպվել, և հիմա եթե փողոց էլ փակեն, նրանց լսող չկա. ամեն ինչ արվում է՝ ըստ «սահմանված դրույթների»։

Հիշեցնենք՝ Սիսակյան 3 հասցեում կառուցվում է 12 հարկանի շենք՝ վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու սոցիալական ծրագրով։ Շենքը հարակից է Վշտունու 1-ին նրբանցքի սեփական տներին և հինգհարկանի շենքերին, որոնց բնակիչներն էլ բարձրացրել են բողոքը։ Սիսակյան 3-ում նախկինում եղել է վթարային հանրակացարան, բայց ցածրահարկ՝ հինգհարկանի։ Բնակիչները Երևանի քաղաքապետարանից պահանջում են կիսել Սիսակյան 3-ի ծրագիրը՝ 5-6 հարկը կառուցել այդ տարածքում, իսկ մնացած հարկերի համար Երևանում այլ վայր փնտրել։ Նրանք մեզ հետ զրույցում պատմել էին, որ հանդիպում են ունեցել գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ով խոստացել է քննարկել ծրագիրը կիսելու հարցը։

«Տեղյակ ենք, որ բնակիչներն այս հարցով գրավոր դիմել են թե Ձեզ, թե գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին։ Արդյոք, բնակիչների դժգոհությանն ի պատասխան, քաղաքապետարանում քննարկվում է շենքի հարկայնությունը կրճատելու հարցը, եթե այո, երբ է նախատեսվում կայացնել վերջնական որոշում և այդ մասին տեղեկացնել բնակիչներին»,- հարցրել էինք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Պատասխանում, որն ուղարկել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մեջբերվում են իրավական հիմքեր, ըստ որոնց՝ կառուցվում է շենքը, բայց ոչ մի խոսք չկա բնակիչների և Ա. Մեսչյանի հանդիպումից։ 

Իսկ հարցման երկրորդ հատվածն ընդհանրապես անպատասխան է։ «Ինժգարանտ» ՍՊԸ-ի տնօրենը մեզ հետ զրույցում նշել էր, որ ընկերությունը կառուցապատող է ընտրվել մրցույթով։ Սակայն մրցույթի հայտարարությունը, ինչպես նաև՝ այլ մասնակիցների և նրանց գնային առաջարկների մասին տեղեկություն հնարավոր չէ գտնել հանրային աղբյուրներում, Երևանի քաղաքապետարանի կայքում կամ armeps.am հանրային գնումների բազայում։ Ուստի հարցմամբ քաղաքապետարանին խնդրել էինք տրամադրել Սիսակյան 3 հասցեում կառուցվող շենքի կառուցապատման համար հայտարարված մրցույթի հայտարարության և հաղթող ընկերության՝ «Ինժգարանտ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի պատճենները։ 

Քաղաքապետարանը չի տրամադրել մեր նշած փաստաթղթերը։ Հետևաբար նաև հայտնի չէ՝ այժմ «սահմանված դրույթներով» կառուցապատում իրականացնող ընկերությունն առհասարակ ինչ իրավական հիմքով ու չափանիշներով է ընտրվել։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը ընկերության հետ բնակարանների գնման պայմանագիր է կնքել իշխանափոխությունից առաջ՝ 2018թ. հունվարին։

«Հետք»-ը սպասում է կառավարության պարզաբանումներին, որտեղից խնդրել են լրացուցիչ ժամանակ՝ հարցերին պատասխանելու համար։

Տես նաև՝
Բնակիչները փողոց են փակում. Սիսակյան 3-ի նորակառույցը ստվերում է թողնելու նրանց տները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter