
Սիլվա Համբարձումյանը եկել է դատարան. քննվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի քրեական գործով բողոքը
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու բողոքի քննության շրջանակներում դատարանում դիրքորոշում կհայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը: Վերջինս եկել է դատարան:
Լրագրողնորի հարցին՝ Համբարձումյանը Արամ Հարությունյանին որքան կաշառք է տվել, Համբարձումյանը պատասխանեց. «Ես արդեն երեք տարի է՝ նշում եմ. այդ գումարը անփոփոխ է՝ 14 միլիոն դոլար, 8 միլիոնը արդեն հստակեցված է, քանի որ դա փոխանցում էր, իսկ 6 միլիոնը, որ տրվել էր կանխիկ Սուրեն Ավագյանի միջոցով, նա էլ է փախած, նա Արամ Հարությունյանի համակուրսեցին է և իր նազիր վեզիրներից»,- ասաց Համբարձումյանը:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին կաշառք տվե՞լ է, Սիլվա Համբարձումյանը պնդեց, որ ինքը Սամվել Մայրապետյանին է գումար փոխանցել։ «Հասել է մյուսներին, թե ոչ, ես ոչինչ ասել և հայտարարություն անել չեմ կարող»,- ասաց Համբարձումյանը:
Նա նշեց, որ առաջիկայում ոչ մի նոր անուն չի նշելու, ինչ եղել է, արդեն հրապարակվել է: Նշենք, որ այս պահին նիստը սկսվել է: Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանն ու գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատավոր Հայկ Պետրոսյանը միջնորդել են գործը քննել դռնփակ, սակայն դեռևս որոշում չի կայացվել:
Նշենք, որ դատարանը քննում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և այլ անձանց վերաբերյալ գործը վերաբացելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքը:
Ըստ պաշտպանների՝ գործի վերաբացման հիմքեր չկան. այն տվյալները, որոնց հիման վրա գործը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաբացելու որոշում է կայացվել, քննություն իրականացնող մարմնին հայտնի են եղել նաև մինչև կարճման որոշում կայացնելը, բաց են թողնվել նաև գործի վերաբացման համար սահմանված ժամկետները, ուստի վերաբացմամբ խախտվում է դրանում ներգրավված անձանց կրկնակի քրեական հետապնդման չենթարկվելու իրավունքը:
Մեկնաբանել