HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

ServiceTitan. միջազգային unicorn ստարտափի նոր գրասենյակը Հայաստանում

ServiceTitan-ը աշխարհում կենցաղային սպասարկման ծառայության բիզնեսը կառավարելու թիվ 1 հարթակն է։ Ստարտափի հիմնադիրները հայ համայնքի հետ ակտիվ համագործակցելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար Երևանում բացել են ընկերության գրասենյակը։ Այս պահին աշխատակիցները 7-ն են, բայց հիմա շարունակում են ընդլայնել ծրագրավորողների թիմն ու նախատեսում են մինչև 2019 թվականի վերջն ունենալ 50 աշխատակից։

ServiceTitan-ը ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին, որոնց շուկան գնահատվում է շուրջ 400 մլրդ ԱՄՆ դոլար։

Այսինքն՝ կենցաղային ցանկացած խնդրի դեպքում` օրինակ, ջրամատակարարման կամ ջրահեռացման, էլեկտրականության սպասարկման և վերանորոգման, ավտոտնակների դռների և բարձր լարման օդորակիչների սպասարկման հետ կապված, ԱՄՆ-ում մարդիկ դիմում են հատուկ ընկերությունների, որոնք ուղարկում են համապատասխան մասնագետների՝ խնդիրը լուծելու համար։

ServiceTitan-ը նոր ծրագիր է տրամադրում նմանատիպ ընկերություններին, որպեսզի որակյալ ծառայություն մատուցեն իրենց հաճախորդներին և հեշտությամբ կառավարեն իրենց բիզնեսը։ Այն պարզեցնում է պատվերի պահից սկսած մինչև պատվերի կատարման գործընթացները, թույլ է տալիս իրականացնել մարքեթինգ արշավներ, ներկայացնել հաշվետվություններ և արդյունքում բազմապատկել բիզնեսի եկամուտները։ ServiceTitan-ն առաջինն է, որ տրամադրում է հեշտ, ավտոմատացված ծրագրային լուծում՝ տվյալները հավաքագրելու, ստուգելու և դրանց հիման վրա ծառայություն իրականացնելու համար։ 

Ընկերության հիմնադիրները՝ Վահե Կուզոյանը և Արա Մահդեսյանը իրենց ընտանիքների հետ ԱՄՆ են տեղափոխվել փոքր հասակում։ Վահեի հայրն աշխատել է որպես ջրմուղագործ, իսկ Արայինը՝ շինարար։ Երբ Վահեն և Արան արդեն ավարտում են համալսարանը, ծնողները հարցնում են նրանց՝ ի՞նչ գործիքներ կան, որոնք կարող են նպաստել իրենց ընկերությունների զարգացմանը։ Շուկայում համապատասխան ոչ մի առաջարկ չգտնելուց հետո Վահեն և Արան որոշում են հիմնել իրենց ընկերությունը։

Ամեն ինչ սկսում են երկուսով, իսկ հիմա ընկերությունն ունի ավելի քան 600 աշխատակից։ Թիմի զգալի մասը ծրագրավորողներ են, որոնք աշխատում են նոր գործիքներ ավելացնելու և մշակելու շուրջ։ Վահեն նշում է. «Երևանի գրասենյակում կլինեն ավագ ծրագրավորողներ, իսկ հետո՝ կախված զարգացման տեմպից, Հայաստանում աշխատակիցները կշատանան, կավելանան նոր թիմեր»։

Վահեն նշում է, որ իր և Արայի համար կարևոր է ոչ միայն կապը պահել Հայաստանի, իրենց արմատների հետ, այլև ներդրումներ բերել Հայաստան և զարգացնել էկոհամակարգը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրեր իրականացնելով և լավ մասնագետներ պատրաստելով։ Նպատակ ունեն Հայաստանում ձևավորել համաշխարհային որակավորումներին համապատասխան թիմ, որն էլ իր հերթին նաև ներգրավված կլինի կրթական ծրագրեր իրականացնելու մեջ. կլինեն ոչ միայն կարճաժամկետ դասընթացներ, այլև լավագույն մասնագետները կդասախոսեն համալսարաններում՝ ուսանողներին ուղղորդելու և մրցունակ կադրեր պատրաստելու համար։

«Մենք պատրաստ ենք ստեղծել լավագույն պայմաններն այն մասնագետների համար, որոնք ուզում են լինել մրցունակ շուկայում և իրենց գիտելիքն ու փորձը ներդնել Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու մեջ»,- ասում է Վահեն։

ServiceTitan-ը հիմնադրումից մինչև հիմա ստացել է 326 մլն ԱՄՆ դոլար ներդրում, ինչն էլ նպաստել է նոր գործիքներ ու հնարավորություններ ստեղծելուն։ Հիմա ակտիվ աշխատում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառման և դրանց շնորհիվ նոր որակ ստեղծելու շուրջ։ Los Angeles Business Journal-ը և Inc.-ը  ServiceTitan-ը ընդգրկել են լավագույն աշխատատեղերի ցանկում, ինչպես նաև ճանաչվել է ԱՄՆ-ում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter