
Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը սկսվեց. նա նիստին ներկա չէ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, քիչ առաջ սկսվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու` Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանը նիստին ներկա չէ:
Հիշեցնենք, որ նախաքննություն իրականացնող մարմինն արդեն երկրորդ անգամ է միջնորդություն ներկայացնում դատարան՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Դատավորը, որին այս անգամ մակագրվել է միջնորդության քննությունը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ է:
Քոչարյանն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու սկզբնական շրջանում գտնվում էր անազատության մեջ, սակայն Վերաքննիչ դատարանը նրան անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:
2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:
Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել էր ու առ այսօր գտնվում է կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Մեկնաբանել