
Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժում. քաղաքապետարանն ու սրճարանների աշխատակիցները կբանակցեն
Երևանի քաղաքապետարանն այսօր սկսել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժումը: Դրանց շարքում են «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ին և «Համանվագ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանները: Քաղաքապատերանի աշխատակիցների գործողություններին փորձում էին ընդդիմանալ սրճարանի աշխատողները՝ կազմակերպելով բողոքի ակցիա: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ատլանտիս Գարդեն»-ը ոչ մի իրավունք չունի այդ տարածքի նկատմամբ և քաղաքապետարանի գործողությունները օրենքի սահմաններում են:
«Տարածքը պատկանել է «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ին, որը ենթավարձակալության իրավունքով փոխանցված է եղել «Ատլանտիս Գարդեն»-ին: «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի իրավունքները օրենքով սահմանված կարգով դադարեցվել են, և դրա մասին գրանցվել է Կադաստրի կոմիտեում և դադարեցվել է նաև ենթավարձակալության իրավունքը»,- նշեց Մարտիրոսյանը:
Ապամոնտաժման տակ հայտնված մյուս սրճարանի «Շոկոլադնիցա»-ի մենեջեր Լաերտ Պողոսյանը նշեց, որ շատ դժգոհ են քաղաքապետարանի որոշումից, քանի որ հարյուրավոր մարդիկ դառնալու են գործազուրկ:
«Մեկ ամիս առաջ քաղաքապետն ու վարչապետը գնացին հյուրանոցի բացմանը՝ 50 աշխատատեղով, իսկ հիմա 300 աշխատատեղ փակելուց ոչ վարչապետն է էստեղ, ոչ էլ քաղաքապետը: Մենք մինչև 2026 թվականը վարձակալության պայմանագիր ենք ունեցել: Չեմ հասկանում՝ ում էր խանգարում, ոնց նայում ենք, տարածքները լավ էլ կանաչապատված են»,- ասաց Լաերտ Պողոսյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե քաղաքապետարանի կողմից փոխզիջումային տարբերակ առաջարկվե՞լ է, օրինակ՝ գործունեությունն այլ տարածքում շարունակելու, հարցին «Շոկոլադնիցա»-ի մենեջերը բացասական պատասխան տվեց: Ըստ Լաերտ Պողոսյանի՝ միայն «Շոկոլադնիցա»-ն 60 աշխատակից ունի, իսկ տարածքը կազմում է 200 քառ. մետր:
«Եթե քաղաքապետը ուզում ա կանաչապատի, թող գնա Հյուսիսային պողոտայում իր տան շրջակայքը կանաչապատի»,- վրդովվում է Լաերտ Պողոսյանը:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտնեց, որ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն իր ամբողջ տարածքը վարձակալել է ընդամենը 90 հազար դրամով՝ շեշտելով, որ ներկայիս շուկայական գների պայմաններում դա չտեսնված ցածր թիվ է:
Վիկտոր Մնացականյանն ասաց, որ Օպերայի տարածքին ոչ անմիջականորեն հարող սրճարանները դեռևս մի քանի տարի կշարունակեն աշխատել, իսկ ապամոնտաժման առաջին փուլում արդեն կան դատական գործեր: Վիկտոր Մնացականյանը հայտարարեց, որ այն սրճարանների համար, որոնք մայրաքաղաքում չունեն իրենց երկրորդ մասնաճյուղը, քաղաքապետարանը կքննարկի նրանց այլ տարածք հատկացնելու հարցը:
«Մեր գործողություններով մենք կոչ ենք անում քաղաքացիներին գնալ և օգտվել այգիներից: Երևանի բնակչության միայն 10 տոկոսն է այգի գնում, բայց թող տպավորություն չստեղծվի, թե մենք ամբողջ պատասխանատվությունը գցում ենք սրճարանների և նրանց սեփականատերերի վրա»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը:
Վիկտոր Մնացականյանն առանձնահատուկ շեշտեց «Շոկոլադնիցա»-ի սրճարանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Չգիտեմ ոնց՝ ստացել են տարածքի սեփականության իրավունքը, ոչ թե հողի, այլ ընդհանրապես շինության, զարմանում եմ՝ ոնց կարելի էր Օպերայի մոտ այդպիսի բան թույլ տալ: Արդեն դատական հայց կա: Էլ չասեմ՝ տեսնում եք նրանց գործունեությունը, և՛ երաժշտությունը, և՛ ընդհանրապես գեղագիտական տեսքը՝ չեն համապաստախանում մեր պատկերացրած Երևանին»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:
Երևանի աղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի՝ երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա՝ դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետեւ քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից։
«Ողջամիտ ժամկետը անցել է: Սա անսպասելի չէր կարող լինել: Բոլոր իրավական ակտերով բխող գործողությունները քաղաքապետարանի կողմից արվել են: Բոլոր ծանուցումները ժամանակին ուղարկվել են թե՛ տարածքը ազատելու, թե՛ գույքը մաքրելու և ինքնակամ կառույցները ապամոնտաժելու վերաբերյալ: Քաղաքապետարանը շատ ուարխ կլիներ, որ տնտեսվարողները արդեն արած լինեին դա»,- նշեց մամուլի խոսնակը:
Հակոբ Կարապետյանի խոսքով՝ Հովհաննես Թումանյանի արձանի աջ անկյունից մինչև Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի ձախ անկյուն ընկած տարածքը մոտակա օրերին կանաչապատվելու է, իսկ մյուս տարի այդ տարածքի համար կանցկացվի բաց մրցույթ և կորոշվի այդտեղի ճարտարապետական դիմագիծը:
Այնուհետև Հակոբ Կարապետյանի հետ բանավեճի բռնվեց «Շոկոլադնիցա»-ի մենեջեր Լաերտ Պողոսյանը՝ նշելով, որ քաղաքապետարանն իրավունք չունի նմնանատիպ գործողություններ իրականացնել, ինչին ի պատասխան՝ Հակոբ Կարապետյանն էլ ասաց, որ ընկերությունն էլ շինությունը կառուցելու և տարածքում գտնվող ծառը խոհանոցի միջով բարձրացնելու իրավունք չուներ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ սրճարանների աշխատակիցների հետ զրույցներից հետո որոշվեց նրանց հրավիրել քաղաքապետարան՝ բանակցությունների:
«Աշխատակիցների հետ կքննարկենք, հասկանանք, թե ինչ են ուզում մեզնից, որովհետև իրենք մի ամսից ավել ժամանակ են ունեցել տարածքներն ազատելու համար: Այսօր ապամոնտաժումը կդադարեցվի, սակայն դա չի նշանակվում, որ քաղաքապետարանը հրաժարվում է Օպերայի հարակից տարածքները կանաչապատելու մտքից, կքննարկենք, կտեսնենք»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ սրճարանների աշխատակիցների հետ հանդիպումը քաղաքապետարանում կմեկնարկի այսօր՝ 18:00-ին, արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի:
Հիշեցնենք, որ դեռևս 2019-ի հունվարին քաղաքապետարանը հայտարարել էր, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում կանաչապատում է լինելու, իսկ այդտեղ գործունեություն ծավալող սրճարանները պետք է ազատեն իրենց զբաղեցրած տարածքները:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել