HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մհեր Սեդրակյանի որդին խոշորացնում է իր կապիտալը

«Բիդեք» ՍՊԸ-ն և ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, 2019թ. հունվարի 16-ին դիմում են ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հայտնելով, որ Սեդրակյանը ցանկանում է ձեռք բերել Գառնիկ Ավետիսյանին 100 %-ով պատկանող «Բիդեք» ընկերության կանոնադրական կապիտալի 75 % բաժնեմասը: Ընկերությունը գրանցվել է 2009թ. և իրականացնում է հիմնականում շինարարական գործունեություն:

Հիշեցնենք, որ «Հետք»-ը պարբերաբար անդրադարձել է «Բիդեք» ՍՊԸ-ի գործունեությանը: Դեռևս մոտ 3 տարի առաջ գրել էինք, որ ընկերության սեփականատերը՝ Գառնիկ Ավետիսյանը, ԱԺ արդեն նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմ ընկերն է: Վերջինս նույնիսկ ուղեկցում էր Մհեր Սեդրակյանին արտերկրյա ուղևորությունների ժամանակ: Նշել էինք, որ իրականում այդ ընկերությունը պատկանում է պատգամավորին, սակայն գրանցված է ընկերոջ անունով: Այժմ արդեն ընկերությունը «վերադարձվում» է իրական տիրոջը՝ Սեդրակյաններին:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Բիդեք» ՍՊԸ-ի և Դավիթ Սեդրակյանի համակենտրոնացումը` վերջինիս կողմից «Բիդեք» ՍՊԸ-ի 75 % փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Դավիթ Սեդրակյանի հետ անձանց խումբ է կազմում նաև հայրը՝ Մհեր Սեդրակյանը, որին պատկանում է «Ավտոստոպ» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը: Ընկերությունը զբաղվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորմամբ:

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Դավիթ Սեդրակյանը մի շարք ընկերությունների բաժնետեր է: 

0001.png (871 KB)

Նշենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ-ում գրանցված 2 այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 %-ը կամ ավելին: Հանձնաժողովը գտել է, որ նշված համակենտրոնացումը մրցակցությունը չի խոչընդոտում և ենթակա է թույլատրման:

«Բիդեք» ՍՊԸ-ն վերջին տարիների ընթացքում ակտիվ ներգրավված է եղել պետական գնումների գործընթացին: Միայն 2018թ. ընթացքում ընկերությունը կատարել է մոտ 127 մլն դրամի պետական գնում: Մասնավորապես՝ մոտ 53 մլն դրամով իրականացրել է ԱԺ վարչական շենքի սանհանգույցների ընթացիկ նորոգման աշխատանքները, 23 մլն դրամի աշխատանքներ է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, 46 մլն դրամի շրջանակներում իրականացրել է Վանաձոր համայնքի փողոցների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ և այլն:

Դավիթ Սեդրակյանն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվել է 2017թ. փետրվարի 27-ին: Այդ օրվա դրությամբ ունեցած գույքի, դրամական միջոցների, երամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Ըստ հայտարարագրի՝ Դ. Սեդրակյանն ունեցել է 12 միավոր հողամաս, 3 բնակարան, 3 հասարակական նշանակության շինություն, 2 արտադրական նշանակության շինություն:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է 979 մլն 420 հազար դրամ, իսկ եկամուտները կազմել են մոտ 111 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter