HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի մոռացված կենտրոնը

Տավուշի մարզի Այգեպար ավանը, որը Երեւանից հեռու է մոտ երկու հարյուր կիլոմետր, ստեղծվել է 1949 թվականին՝ ծխախոտի ֆերմենտացիոն ֆաբրիկայի հիման վրա։ Այգեպարցիներն ասում են, թե իրենց գործարանից է դուրս եկել նախկին Խորհրդային Միությունում արտադրվող ծխախոտի երեք տոկոսը։ 50-ականների վերջին եւ 60-ականների սկզբին Այգեպարում կառուցվել են գինու եւ պահածոների գործարաններ, ուր աշխատելու էին գալիս նաեւ հարեւան Ադրբեջանի բնակիչները։ «Էն մարդիկը աշխատին, խելոք, համեստ քինին, իրար հետ լավ ապրինք», - հիշում է Այգեպարի բնակիչ Առաքել Անիկյանը։

Ենոքն անուն առ անուն է հիշում ադրբեջանցի իր գործընկերներին. « Մի լավ մարդ ունեինք, անունը Գյամադ էր, այ էս գյուղիցը, սարի կողմի գյուղն ա։ Անունը՝ Գյամադ, ազգը մոռացել եմ ճիշտն ասած։ Հինգ-վեց երեխա ուներ, մեծ ընտանիք էր եւ շատ գոհ էր: Մի հատ Դիաս ունինք, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ Էս մի գյուղից էլ նա էր: Մինչեւ կյանքի վերջը ստեղ ա կացել, մեզ մոտ»:

Սահմանամերձ այս բնակավայրում գյուղատնտեսական վերամշակող արտադրությունների ստեղծումը պայմանավորված է եղել Հայաստանում ու հարեւան Ադրբեջանում խաղողի եւ այլ մրգերի առատությամբ։

«Ադրբեջանցիները կոնյակի արտադրություն չունեին: Էդ ապարատները, շարանդական ապարատները մենք ունեինք: Նրանց խաղողի այգիներն ավելի շատ էին, քան թե մերը: Եւ էդ մնացորդները բերում էին ստի, թորում էին, տանում էին լցնում բոչկեքն ու պահում»,-հիշում է Գինու գործարանի տնօրեն Ալբերտ Գրիգորյանը:

Ենոքն ասում է, թե բերքահավաքի շրջանում, երբ պահածոյի գործարանն աշխատում էր ամբողջ թափով, Ադրբեջանից աղջիկներ էին գալիս օգնելու։ «Աշխատանքը շատ էր, վարձատրությունը՝ լավ»,-երանությամբ հիշում է Ենոքը, ով նախկինում արտադրության ղեկավարներից է եղել, իսկ հիմա ծխախոտի ֆաբրիկայի կիսաքանդ շենքի պահակն է։ Նա հսկում է ֆաբրիկայի արտադրամասերի պարապ շինությունները, դատարկ պահեստներն ու այս մեքենան, որ խորհրդանշում է շրջափակումն ու հարեւան երկու երկրների տնտեսական-առեւտրային կապերի ընդհատումը։

Բեռնատարի վարորդը՝ հարեւան Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Հրանտ Չոբանյանը, պատմում է. « Ծխախոտ էինք տեղափոխում, պատրաստի հումք Երեւանի եւ նախկին Խորհրդային Միության գործարանների համար։ Մի 30-40 քաղաքի համար ադրբեջանական Թովուզ կայարանից բարձում էինք բեռներն ու ուղարկում»:

Խորհրդային հանրապետությունների սահմանները պայմանական էին։ Չկային սահմանապահներ, ճանապարհները չէին ընդհատվում մաքսակետերով։ Հայաստանից Ադրբեջան կամ Ադրբեջանից Հայաստան մարդիկ կարող էին անցնել օրական մի քանի անգամ՝ ոչ մեկին ոչ մի փաստաթուղթ չներկայացնելով։ Եւ գուցե սա էր պատճառը, որ Երեւանից ավելի քան 200 կիլոմետր հեռավորությամբ Այգեպարն ապրում էր' ծայրամասի բարդույթ չունենալով։

«Աշխարհի կենտրոն ա եղել։ Աշխատանք կար: Որ ժամին ուզում ես, գիշերվա որ ժամին, դուս գայիր ճամփեն, որ Երեւան քինաս, մեքենա կար, որ տաներ: Աէրոպորտը կար, հմի չկա : Օրական 5-6 ռեյս Յակ-40-ը թռչեր, գար իջներ ստի: Ու էդ օրը քինիր Երեւան առուտուրդ անեիր, էդ նույն օրն էլ վեշչը լցնեիր դառնայիր։ Բայց հիմի տուպիկ ա, ոչ ճանապարհ կա, ոչ մեքենա ա գալի»,-ասում է Առաքել Անիկյանը:

Նրա ընտանիքն ապրում է իր եւ որդու եկամուտների հաշվին։ Երկուսի գործն էլ ծայրահեղ վտանգավոր է։ Որդին ծառայում է բանակի պայմանագրային վաշտում եւ ամսվա մոտ կեսը՝ 14 օր, անցկացնում սահմանային դիրքերում, իսկ Առաքելը հենց սահմանի մոտ վարձակալած հողակտոր ունի, որտեղ խաղող է աճեցնում։ Ասում է, որ այգում աշխատելիս մի քանի անգամ ադրբեջանական կողմից կրակել են, բայց, Աստծո կամքով, գնդակը չի դիպել իրեն։

Առաքել Անիկյանը մեկն է այն խիզախներից, ովքեր սահմանի մերձակայքում հող են մշակում կամ այգեգործությամբ զբաղվում։ Դա հուսահատ քայլ է, բայց այգեպարցիներն այլ բան չեն կարող անել։ Խորհրդային տարիներին լինելով արդյունաբերական ավան' Այգեպարը հողեր չի ունեցել։ Ավանը շրջապատող հողատարածքները պատկանել են հարեւան գյուղերի տնտեսություններին։ 1991 թվականին՝ հողը սեփականաշնորհելիս, այգեպարցիներին ոչինչ չի հասել, քանի որ տնտեսություններին պատկանող հողերը որպես սեփականություն բաժանվել է այդ գյուղերի բնակիչներին։ Հիմա նրանք լավ հողերը մշակում են, իսկ վտանգավոր գոտիներում գտնվողները վարձակալությամբ տալիս Այգեպարցիներին։ Առաքել Անիկյանն ասում է, թե մահվան սպառնալիքի տակ մշակված այգու բերքը հանձնում է, եւ ստացած գումարը հազիվ է հերիքում ձմեռվա ամենանվազագույն պահանջները հոգալուն։

Այգեպարի համայնքի երիտասարդ ղեկավար Անդրանիկ Այդինյանին փոխանցում եմ Առաքել Անիկյանից լսածս. «Ճի՞շտ է, որ Այգեպարն աշխարհի կենտրոնն է եղել»։ Զարմացած նայում է ու ասում. «Չէ, ըտենց բան չկա»։ Ավանի տարեց բնակիչների պես նա չի հիշում «երանելի» անցյալը, բայց եւ չի տեսնում իր ծննդավայրի ապագան։

Անդրանիկը 25 տարեկան է։ Ութ տարեկան է եղել, երբ սկսվել է հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Տասներկու տարեկանում կորցրել է հորը։ Հայրը զոհվել է Այգեպարը պաշտպանելիս։ Անդրանիկը սովորել է Երեւանի ճարտարագիտական համալսարանում ու վերադարձել։

2005-ին երեք տարի ժամկետով ընտրվել է համայնքի ղեկավար։ Հիմա փորձում է անել հնարավորը Այգեպարում ինչ-որ բան փոխելու համար։

«Շատ բան պետք չէ,-ասում է նա,-մի մեծահարուստ իր չորս մեքենաներից մեկը որ ծախի, էդ փողով Այգեպարի խնդիրները կլուծվեն»։ Ասածը հաստատելու համար բերում է մի օրինակ։ Ավանի ջրամատակարարման հարցը լուծելու համար անհրաժեշտ է մոտ հինգ միլիոն դրամ, այսինքն՝ մոտավորապես 11 հազար ԱՄՆ դոլար։ Մեր զրույցից հասկանում եմ, որ սահմանամերձ այս բնակավայրի համար այդ ծրագիրն իրականացնելը ոչ այնքան սոցիալական, որքան հոգեբանական նշանակություն կունենա։ «Մարդիկ ստեղ ուրախանում են, որ մեկը գալիս է ու հետաքրքրվում իրենց խնդիրներով»,- ասում է երիտասարդ գյուղապետն ու երազում։

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter