
Բաղդասարովի ու ընկերների բրիտանական ընկերությունը
Չնայած գործարար Միխայիլ Բաղդասարովն արդեն մի քանի տարի Հայաստանում բիզնեսով չի զբաղվում, արտերկրում նա իր գործունեությունը շարունակում է: «Հետքը» նախկինում գրել է, թե ինչպես է ժամանակին ՀՀ իշխանությունների մերձավոր օլիգարխն այստեղ հրաժարվել իր բիզնեսից ավիացիայի, ցեմենտի ու նավթամթերքի արտադրության եւ իրացման ոլորտներում:
Ինչպես հայտնի է, գործարարի գլխավոր ընկերությունը օֆշորային «Mika Limited»-ն է, որը գրանցված է բրիտանական Ջերսի կղզում: Սակայն Բաղդասարովը նույնանուն ընկերություն է հիմնել նաեւ Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ՝ Անգլիայում:
«Mika (UK) Limited»-ը գրանցվել է 2007-ի փետրվարին: Միանգամից ասենք, որ այն գործող, ակտիվ ընկերություն է: Գործունեության տեսակները տարբեր են՝ կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) օդային ուղեւորափոխադրումներ, ուղեւորատար օդային տրանսպորտի վարձակալություն, սեփական կամ վարձակալած անշարժ գույքի գործարքներ:
Սկզբնապես այս ընկերության տնօրենը եղել է մասնագիտությամբ հաշվապահ Գագիկ Չոբանյանը, որը «Mika (UK) Limited»-ի փաստաթղթերում ներկայացված է որպես բրիտանացի (խոսքը քաղաքացիության մասին է): Ընկերության հասցեն նախապես եղել է Անգլիայի Վուլվերհեմփթոն քաղաքում, իսկ այսօր այն Լոնդոնի Իլֆորդ արվարձանում է (տես ստորեւ):
«Mika (UK) Limited»-ի հիմնադրումից շատ չանցած՝ 2007-ի մարտին, դրա տնօրեն է դարձել նաեւ Մ. Բաղդասարովը: Ավելի ուշ՝ 2010-ին, Գ. Չոբանյանին տնօրենի պաշտոնում փոխարինել է Միքայել Բելլույանը, որը Բաղդասարովի մերձավորներից «Արմավիա» ավիաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի որդին է: Նրան էլ 2016-ին հաջորդել է Մուրադ Կասաբյանը, որը մինչ օրս տնօրեն է Մ. Բաղդասարովի հետ: Հետաքրքիր է, որ 2017-ի ապրիլ-հունիսին Բաղդասարովի փոխարեն տնօրեն է դարձել նրա հիմնած «Միկա» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արմեն Շահգելդյանը:
Ներկայում «Mika (UK) Limited»-ի կանոնադրական կապիտալը 440 հազար ֆունտ ստեռլինգ է: Միակ փայատերը 2017-ի սեպտեմբերից ի վեր Միխայիլ Բաղդասարովն է: Մինչ այդ, ընկերության 65 տոկոս մասնաբաժինը (286 հազար ֆունտ) Ջերսիում գրանցված «Mika Limited»-ի անունով էր, 35 տոկոսի սեփականատերն էլ Բաղդասարովն էր:
2018-ի նոյեմբերին ներկայացված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ «Mika (UK) Limited»-ն այդ տարվա փետրվարի դրությամբ ունեցել է 1,5 մլն ֆունտի նյութական ակտիվներ, որոնցից կես միլիոնը եղել է անշարժ գույքի տեսքով: Նույն ընթացքում ընկերությունը նաեւ շուրջ 3,4 մլն ֆունտ կրեդիտորական պարտք է ունեցել:
Մեկնաբանել