HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կամո Փիրուզյանը չէ՞ր ուզենա լինել իր երեխաների կողքին». սպանվածի կինը դեմ է, որ անչափահաս երեխաներ ունեցող քննիչին ազատեն կալանքից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ սպանության գործով Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեջ մեղադրվող  Քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Մարտի 14-ին կայացած դատական նիստին դատարան էին ներկայացել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Սերգեյ Բագրատյանը, որոնք երաշխավորություն են տվել Շուշանյանի համար: Նշենք, որ Շուշանյանի համար գրավոր երաշխավորություն են տվել ԲՀԿ-ի ևս երեք պատգամավոր, որոնք, սակայն դատարանում չէին:

Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է Կամո Փիրուզյանի սպանության գործով քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագնից» կաշառք վերցնելու մեջ:

Դատական նիստն, ինչպես միշտ, անցավ լարված մթնոլորտում: Դատարան էր ներկայացել նաև սպանված Կամո Փիրուզյանի կինը` Հռիփսիմե Քոչինյանը:

Վերջինս անդրադարձավ Շուշանյանի՝ անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքին, որի մասին բազմիցս խոսվել է այս գործի քննության ընթացքում:

«Հարգելի՛ դատարան, կարդալով դատարան ներկայացված նյութերը այն մասին, որ Թաթուլ Շուշանյանը խնամքի տակ ունի երեխաներ և ուզում է ազատության մեջ հայտնվել ու լինել նրանց կողքին` շատ կուզենամ ունենալ իմ հարցի պատասխանը. Կամո Փիրուզյանը չէ՞ր ուզենա լինել իր երեխաների կողքին. ո՞վ էր տվել նրանց այդ իրավունքը: Դրա համար դատարանին խնդրում եմ հաշվի առնել այն փաստը, որ Շուշանյանը, լինելով օրենքի մարդ, ինքը չի խոչընդոտել, ծածկել է, կոպիտ ասած՝ պարտակել է հանցագործներին: Ու այսօր այդպիսի մարդն ուզում է լինել իր երեխաների կողքին: Նույնը կցանկանար և Կամո Փիրուզյանը: Իր երկու տարեկան երեխան իր պապայի նկարը գերեզմանի քարից է ճանաչում, իրա պապայի տունը էնտեղ գիտի: Ոչինչ, իմ երեխան կմեծանա ու կհասկանա, թե իր պապան ում ձեռքերով ու ինչու է մահացել: Շատ եմ խնդրում դատարանին. թույլ տվեք, որ Թաթուլ Շուշանյանը կրի իր պատիժն առանց անձնական միջնորդությունների և գրավների, ու իր երեխան տեսնի, թե իր հայրն ինչպիսի հանցագործ ու հանցագործներ պարտակող է»,-  ասաց Փիրուզյանի կինը:

Նիստի ընթացքում դատավոր Աննա Մաթևոսյանն ընթերցեց Թաթուլ Շուշանյանի մեղադրանքն, ապա ճշտեց` արդյոք պատգամավորները հաստատո՞ւմ են նրա համար տրված երաշխավորությունը:

«Հաստատում ենք»,- դատարանի հարցին ի պատասխան՝ ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Երաշխավորությունը հաստատեցին նաև մյուս երկու պատգամավորները, որից հետո դատարանը նրանց պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը նշեց, որ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս արդեն հայտնել է իր դիրքորոշումը: Նշենք, որ ըստ մեղադրողի՝ ազատության մեջ գտնվելով` Շուշանյանը կարող է թաքնվել քննությունից, ինչպես նաև, օգտագործելով իր կապերը, ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա: Մեղադրողը դիրքորշում հայտնեց, որ բացի կալանավորումից, այլ խափանման միջոց չի կարող ապահովել Շուշանյանի օրինական վարքագիծը:

«Գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, երբ անձն, որ կոչված է պայքարելու հանցավորության դեմ, ենթադրաբար, ինքն է հովանավորչություն դրսևորել որոշակի վարձատրության դիմաց և պայքարի փոխարեն ընտրել է կոծկելու, հովանավորելու հանցավոր ուղին»,- ասաց Հայկ Պետրոսյանը:

Սպանված Կամո Փիրուզյանի կնոջ ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն անդրադարձավ հանգամանքին, որ արդեն մի  քանի անգամ Շուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել դատարան՝ թեև գործն անգամ դատաքննության փուլ չի մտել:

«Դատարանն արդեն խափանման միջոցի գործով որոշում է կայացրել, և դատական նիստում ոչինչ չի փոխվել, որպեսզի քննարկվի նման միջնորդություն»,- ասաց Սահակյանը:

Վերջինս հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս պետք է դատարանը քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի պահանջը կատարի և հավաստիանա, որ երաշխավորը վայելում է վստահություն:

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 6 պատգամավոր ստորագրել են միևնույն դիմումի տակ. նրանց խոսքում գոնե մեկ բառի տարբերություն չկա, և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրանք բոլորը գրել են, թե Շուշանյանի ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունեն, կարևորեց նաև հարցը, թե երաշխավորություն տված անձինք ի՞նչ հարաբերություններ ունեն Վահագն Աբգարյանի հետ, ով, ըստ Սահակյանի, Թաթուլ Շուշանյանի հետ մտերիմ է: Դատարանը, սակայն, պատգամավորներին Վահագն Աբգարյանի հետ ունեցած հարաբերությունների առնչությամբ հարցեր չուղղեց՝ նշելով, որ ինքը նման պարտավորություն չունի:

Սահակյանը նշեց, թե պատգամավորների վարքագիծն ինքը նրանց գործողություններով պետք է գնահատի ու հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին նրանք խանգարում էին կարգը:

Սահակյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ Գևորգ Պետրոսյանը մյուսների փոխարեն ևս պնդեց երաշխավորությամբ Շուշանյանին ազատ արձակելու միջնորդությունը, փաստաբանը նշեց նաև, որ պատգամավորներից երկուսը՝ Գևորգ Պետրոսյանն ու Արայիկ Աղաբաբյանը, իրենց իրավունքների և պարտականությունների մասին ծանուցված լինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրեցին առանց դրա բովանդակությանը ծանոթանալու:

«Մարդն, ով պատգամավոր է, հասել է դրան, պետք է գոնե կարդա, թե ինչի տակ է ստորագրում»,- ասաց Սահակյանը և պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը տեղից ինչ-որ բան ասաց:

Սահակյանը հույս հայտնեց, որ  հանգամանքը, որ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը եղել է դատավոր Աննա Մաթևոսյանի դասախոսը, նրան որևէ կերպ չի կաշկանդի որոշում կայացնելիս:

Թաթուլ Շուշանյանի պաշտպան Հայկ Ալումյանն անդրադարձավ մեղադրողի առարկություներին ու նշեց, որ դրանք այնքան էլ օրինական ձևով չէին կառուցված:

«Առնվազն այս պահի դրությամբ Թաթուլ Շուշանյանն իրեն վերագրվող հանցագործության մեջ նույն չափով է մեղավոր, որքանով որ մեղադրողը»,- ասաց Հայկ Ալումյանը:

«Դուք էլ եք նույն չափ մեղավոր»,- տեղից արձագանքեց Հայկ Պետրոսյանը:

Հայկ Ալումյանն ի պատասխան նշեց, թե, այո, ինքն էլ նույն չափով է մեղավոր, ապա շարունակելով՝ ասաց, որ այս պահի դրությամբ Շուշանյանն ու իրենցից յուրաքանչյուրը մեղավոր չէ, քանի դեռ դա հաստատված չէ վերջնական դատական ակտով:

Ալումյանի խոսքով՝ այս պահին չի քննարկվում հարցը՝ Շուշանյանը մեղավոր է, թե ոչ, այլ նրա խափանման միջոցի հարցը:

Անդրադառնալով Լուսինե Սահակյանի առարկությանը՝ Ալումյանը նշեց, որ իրեն ուրախացրեց հանգամանք, որ խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Սահակյանը չնշեց որևէ փաստարկ, որը կվերաբերեր բուն խափանման միջոցին:

«Այդպիսի փաստարկ չկար, և ինքը սկսեց անդրադառնալ հանգամանքին՝ պատգամավորները վայելում են հեղինակություն, թե՞ ոչ, առաջարկեց ստուգել՝ վայելում են, թե՞ չէ: Ես հասկանում եմ, որ դա նշանակում է հարցում անցկացնել Երևանի փողոցներում»,- ասաց Հայկ Ալումյանը:

«Հանրաքվե»,- հերթական անգամ տեղից միջամտեց պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ապա պատգամավորներից մեկը նորից տեղից խոսեց, ու դատավորը նկատողություն արեց:

«Հարգելի՛ դատարան, մենք խոսքի իրավունք ունենք, չէ՞»,- դատավորին հարցրեց Գևորգ Պետրոսյանը, և դատավորը պարզաբանեց, որ բացի իրենց երաշխավորությունները հաստատելուց, պատգամավորները այլ դատավարական իրավունք չունեն:

«Կարծես մեղադրյալի կարգավիճակում լինենք»,- ասաց Արայիկ Աղաբաբյանը, ապա նրան շարունակելով՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իրենց հասցեին դատարանում հնչում են վիրավորանքներ, որոնք քննվող հարցի հետ կապ չունեն, բայց իրենց չեն կարողանում խոսել:

«Հարգելի՛ փաստաբան, ի՞նչ է նշանակում ստուգեք վստահությունը: Եկեք էստեղից ոտքով կինո «Ռոսիա» քայլենք և տեսնենք, թե որքան մարդ է ճանաչում... դուք եկել, տուժողի շահեր եք ներկայացնում, հինգ րոպեն մեկ ժպտում եք: Այդպե՞ս եք սգում»,- Լուսինե Սահակյանին դիմելով՝ խոսում էր Գևորգ Պետրոսյանը:

Փաստաբան Սահակյանն այս ընթացքում դատարանի գործողությունների դեմ առարկեց՝ նշելով, որ պատգամավորն իրավունք չունի խոսելու, իսկ դատավորը քայլեր չի ձեռնարկում նիստի կարգուկանոնը պահպանելու ուղղությամբ:

«Գոնե սանկցիա կկիրառե՞ք»,- դիմելով դատավորին՝ ասաց Սահակյանը:

«Ինքը չգիտի, որ պատգամավորի նկատմամբ սանկցիա չի կիրառվում»,- շարունակեց Գևորգ Պետրոսյանը:

«Իսկ կլինի՞ դուք լռեք»,- բարկացավ Լուսինե Սահակյանը:

Տևական ժամանակ անց միայն փաստաբան Հայկ Ալումյանը կարողացավ շարունակել իր խոսքը:

Ալումյանը նշեց, որ այն ժամանակ, երբ դատավորը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել  Շուշանյանի նկատմամբ, նրա համար անձնական երաշխավորություն ներկայացված չի եղել, եթե լիներ, հնարավոր է՝ խափանման միջոցն այլ լիներ:

Երբ Ալումյանը դիրքորոշում էր հայտնում, պատգամավորներից մեկը ցածր, բայց լսելի ձայնով ասաց՝ «սա ի՞նչ գործ ունի, զրկենք արտոնագրից...»

«Զրկողն էլ դո՞ւ ես»,- տեղից արձագանքեց Լուսինե Սահակյանը:

«Իհարկե»,- պատասխանեց պատգամավորը:

«Քեզ թվում է»,- հակադարձեց Լուսինե Սահակյանը:

Հետո պատգամավորները, որոնք, ըստ էության, այլևս անելիք չունեին դահլիճում, որոշեցին դուրս գալ: Գևորգ Պետրոսյանը մինչև գնալը շարժվեց դեպի ամբիոնը:

«Մի բան պետք է ասեմ. ի՞նչ է նշանակում դասավանդել է: Ես այս երկրի դատավորների 2/3-ին դասավանդել եմ, ուրեմն ոչ մի գործով չպիտի քննվե՞մ: Դատախազին էլ եմ դասավանդել, ամբաստանյալն էլ 99 թվականից....»,- ինչ-որ բան էր ասում Պետրոսյանը, երբ նրա խոսքին միջամտեց սպանված Կամո Փիրուզյանի կինը:

«Լավ չեք դասավանդել... շատ լավ եք դասավանդել, որ կաշառք է վերցնում, ձեռքը լավ երկարացնի ու կաշառք վերցնի, տեղը տեղին սովորեցրել ես, թե ոնց են կաշառք վերցնում, հանցագործներ եք դաստիարակել»,- վրդովված ասաց Հռիփսիմե Քոչինյանը:

«Ուշադիր եղեք՝ ձեր վկայականը չկորցնեք»,- դուրս գալիս ասաց Գևորգ Պետրոսյանը:

Անդրադառնալով պատգամավորների վարքագծին` Սահակյանը նշեց, որ նրանք, դուրս գալով բոլոր սահմաններից, քրեական դատավարության նորմերից, դատարանին ընդհանրապես չենթարկվելով, մեկը մյուսի ետևից կանգնում ու խոսում էին, ապա իրեն ահաբեկեցին, որ կզրկվի արտոնագրից:

«Իրենք նույնիսկ չգիտեն, որ այդ իրավասությունը չունեն: Ու այս մարդիկ պետք է վստահություն վայելեն Ձեր մոտ, այս անձինք կարող են Թաթուլ Շուշանյանին ասել` չկատարես այս գործողությունը, չգնաս չխոչընդոտե՞ս»,- հարց բարձրացրեց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը ևս մեկ անգամ պնդեց, որ օրենքով դատավորի վրա պարտականություն է դրված ստուգելու երաշխվորողի հեղինակություն վայելելու հանգամանքը, և անդրադառնալով պատգամավորների հարցին, թե ինչպե՞ս պետք է ստուգվի, հիշեցրեց, որ իրենք` պատգամավորներն են օրենսդիր մարմին ու իրենք պետք է օրենսդրական փոփոխություն անեն:

«Ուրեմն իրենց գործը լավ չեն անում»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանը նշեց նաև, որ միայն այն հանգամանքը, որ պաշտպանական կողմը ոչ թե  խափանման միջոցը վերացնելու, այլ փոխելու միջնորդություն է ներկայացնում, նշանակում է, որ ընդունում է  խափանման միջոցի հիմքերի առկայությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter