HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեռնոբիլի զոհերը

«Չգիտեմ' ինչպես նայել աղջկաս աչքերին, որն ինձ հարցնում է. «Որ ես երեխա ունենամ, նա էլ է հաշմանդամ լինելու՞», ի՞նչ պատասխանեմ»,-հարցնում է Վազգեն Գյուրջինյանը:

Վազգենը 1986 թվականին պարտադրաբար գործուղվել է Չեռնոբիլ' ատոմակայանի աղետի հետեւանքները վերացնելու աշխատանքներին մասնակցելու համար: Մի քանի ամսից, սակայն, ստիպված է եղել վերադառնալ Երեւան, քանի որ աշխատելու ընթացքում սրտի կաթված է ստացել: Հետագա տարիներին ճառագայթահարման հետեւանքները սկսել են անընդհատ զգացնել տալ: Վազգենի մարմինը սկսել է ուռչել. Չեռնոբիլ գնացել է 68 կգ քաշով, սակայն հիմա կրկնակի է կշռում: 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ է, խնամում է երկու դուստրերին, որոնցից մեկը նույնպես հաշմանդամ է, քանի որ հիվանդությունը հորից ժառանգաբար փոխանցվել է նրան:

1986-90 թվականներին Չեռնոբիլի Ատոմային էլեկտրակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված էր ավելի քան 8 հարյուր հազար մարդ, որոնցից շուրջ 3000-ը' հայեր: Մի մասին տարել էին պարտադիր ծառայությամբ, մյուսներին էլ' խաբելով կամ գաղտնի: Նրանք բոլորը Չեռնոբիլից վերադարձան հաշմանդամ' տարբեր աստիճանի հոգեկան եւ ֆիզիկական խեղումներով: Այդ 3 հազար հայերից 1500-ը ցմահ հաշմանդամներ են, մոտ 400-ը, հիմնականում երեխաներ, մահացել են: Ողջ մնացած ճառագայթահարվածների երեխաները մեծամասամբ ծնվում են արատներով:

Գյուրջինյանների ընտանիքի գոյատեւման հիմնական միջոցը Վազգենի 14700 դրամ թոշակն է:

Իսկ Վազգենին սրտի վիրահատություն է անհրաժեշտ, գերազանց սովորող դուստրը դուրս է մնում ինստիտուտից ուսման վարձավճարները չմուծելու պատճառով: Թեեւ Չեռնոբիլի հաշմանդամները, ըստ օրենքի, օգտվում են մի շարք արտոնություններից, ինչպիսիք են անվճար բուժսպասարկումն ու դեղորայքը, սակայն փաստերն այլ բան են ասում:

«Անցյալ տարի սրտի կաթվածից պոլիկլինիկայից տարան հանրապետական հիվանդանոց: Բժիկն ասաց' գիտեմ, որ պետպատվերով ես եկել, բայց փողը տուր' սիստեման միացնեմ: Հիմա սրտիս վիրահատության համար 5000 դոլար է պետք: Ի՞նչ անեմ, որտեղի՞ց տամ»,-նորից հարցնում է Վազգենը:

Վազգենի երկու դուստրերը սովորում են Գյուղակադեմիայում, որքան խնդրել է, որ գոնե մեծի համար զեղչեր սահմանեն, ապարդյուն է եղել. «Ասացի' աղջիկս հաշմանդամ է, գոնե դա հաշվի առեք, բանի տեղ չդրեցին: Հիմա էդ վճարների պատճառով գերազանցիկ աղջիկս դուրս է մնում ինստիտուտից: Մեր երեխաներն ինչո՞վ են մեղավոր, որ հաշմանդամ են ծնվել: Այն հիվանդությունները, որ ձեռք ենք բերել Չեռնոբիլում, արտացոլվել են նաեւ նրանց վրա, եւ հայտնի էլ չէ, թե քանի սերունդ կփոխանցվեն»,-շարունակում է Վազգենը:

Վազգեն Գյուրջինյան Մանուկ Պողոսյան Ռաֆիկ Ավետիսյան Նորիկ Մանասերյան Կարինե Ասրյան

«Մեզ տիրություն չեն անում, գոնե մեր երեխաներին չանտեսեն». սա է իշխանություններից Վազգենի եւ բոլոր այն մարդկանց խնդրանքը, ում պարտադրանքով կամ խաբելով տարել են բարձր ճառագայթման գոտում աշխատելու:

«Պարտք էր, պիտի կատարեինք, թե չէ' որպես ազգի դավաճան կդատեին եւ չէին թողնի աշխատեինք: Այն ժամանակ ինֆորմացիոն պակաս կար, եւ շատերը չգիտեին' ինչ է կատարվում»,- հիշում է Մանուկ Պողոսյանը: Նրա ն Չեռնոբիլ են տարել ծառայության վայրից' Կիեւից: Մանուկին առավել վրդովեցնում է այն, որ մարդիկ, ովքեր իրենց առողջության հաշվին մասնակցել են այդ աշխատանքներին եւ, հիրավի, հերոսներ են, այսօր անտեսված են: Նրա խոսքերով' «երրորդ սորտի մարդ են իրենք»:

Թալինի Մաստարա գյուղի բնա կիչ Ռաֆիկ Ավետիսյանը, որին աշխատավայրից խաբելով, առանց տեղյակ պահելու, ստորագրությամբ ուղարկել են Չեռնոբիլ, չէր էլ պատկերացնում, որ հայրենի գյուղ է վերադառնալու արդեն երրորդ կարգի հաշմանդամ դարձած:

«Հիմա ոչ ոք ուշադրություն չի դարձնում մեզ վրա, ում դիմում ես, ասում են' չգնայիր: Ո՞նց կարայինք չգնայինք: 1941-ին գնացողները կարային չգնայի՞ն: Մենք էլ նույն պատերազմն ենք գնացել: Անպայման պետք է ոտքեր չունենա՞մ, որ ասեն հաշմանդամ է: Ես էլ մեծ քանակությամբ ռենտգեն եմ կերել: Էն ժամանակ թեեւ խաբել են, բայց վերադառնալուց հետո տիրություն էին անում: Աշխատավայրիցս տարեկան երկու անգամ ուղեգիր էին տալիս, բուժման էի գնում»:

Ավետիսյանների ընտանիքի միակ եկամուտը նրա հաշմանդամության թոշակն է' 9000 դրամ: Որդին աշխատանք չունի, միակողմանի ծնողազուրկ 3 անչափահաս թոռները մնացել են իր խնամքին:

Չեռնոբիլյան հաշմանդամների համար բուժումն, անշուշտ, անվճար է, սակայն տարեցտարի բարդացող հիվանդության մեղմացման համար պահանջվող թանկարժեք դեղերը նրանք ստիպված գնում են, որովհետեւ դրանք դեղատներում «չկան»:

«Ամռան շոգին նույնիսկ մի քանի շոր ենք հագնում, որովհետեւ մրսում ենք: Արյուն չկա: Թողել են մեզ անտեր: Լավ է, որ մի քանի ընկեր ունեմ, որոնք օգնում են, որ գոնե մի քանի դեղ առնեմ»,-ասում է 1-ին կարգի հաշմանդամ Նորիկ Մանասերյանը եւ ցույց տալիս հենց նոր գնած դեղերը: Մեկը' 16 հազար, մյուսը' 32 հազար դրամ: Միայն ստամոքսի խոցի համար 18 հազար դրամ թոշակի կրկնակին արժեցող դեղերը նա ստիպված է օգտագործել տարեկան երկու անգամ:

Նախկինում չեռնոբիլյան աղետի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցները բազմաթիվ արտոնություններ ունեին, անվճար օգտվում էին հասարակական տրանսպորտից, առողջական խնդիրները պետությունը լուծում էր բարձր մակարդակով: Այս մարդկանց համար կային հատուկ խանութներ, յուրաքանչյուր տարի առողջարանում բուժվելու ուղեգիր էին ստանում: Հիմա Չեռնոբիլից տուժածներից շատերը' հատկապես շրջաններում բնակվող եւ սոցիալապես անապահովները, որոնք չեն էլ կարողանում Երեւան գալ բուժվելու, մահանում են աննկատ ու լքված:

Առողջապահության նախարարության Ճառագայթային վնասվածքաբանության եւ այրվածքների կենտրոնը միակն է Հայաստանում, ուր բուժվում են չեռնոբիլյան արհավիրքից տուժած մարդիկ: Կենտրոնի ախտորոշման եւ դիսպանսեր հսկողության բաժանմունքի վարիչ Կարինե Ասրյանիխոսքով' իրենց մոտ հաշվառված է չեռնոբիլյան աղետի վերացման աշխատանքների 3000 մասնակից, տարեկան ստացիոնար եւ ամբուլատոր բուժում են ստանում 500-600 մարդ: Մեծ մասի մոտ քիմիական, ֆիզիկական եւ հիմնականում սթրեսային վնասվածքներ են: Բժշկուհու հավաստմամբ' մեկ ճառագայթահարվածի համար պետությունը սահմանել է 138.000 դրամ, որից 20 տոկոսը ծախսվում է դեղերի, մնացածը' հիվանդանոցի կոմունալ վճարների համար: Կարինե Ասրյանի խոսքով' ճառագայթահարվածներն այս հիվանդութունները շատ ծանր են տանում, հաճախակի սրացումներով, իսկ հիվանդությունը բուժելը տարեցտարի ավելի դժվար է դառնում: Բացի այդ, հիվանդության սրմանը նպաստում է սոցիալական վիճակն ու բուժվողների տարիքը:

Ախտորոշման եւ դիսպանսեր հսկողության բաժանմունքի վարիչը մեզ նաեւ տեղեկացրեց, որ Կենտրոնում հաշվառված է նաեւ հիվանդ ծնողների շուրջ 90 երեխա. նրանց 30%-ը ժառանգական արատ ունի:

Քանի որ կենտրոնում մանկաբույժներ չկան, երեխաների մեծ մասին ուղարկում են այլ պոլիկլինիկաներ, որոնց հետ պայմանավորվածություն ունեն:

Չնայած այս ամենին' թե՛ բժիշկները, եւ թե՛ հենց իրենք' ճառագայթահարվածները, սրտի խորքում զգում են, որ պարզապես իրենց կյանքն են երկարացնում, եւ Չեռնոբիլից ձեռք բերած հիվանդությունները բուժվող չեն:

Գրիգոր և Սիմոն Իրիցյանները

Իրիցյանների ընտանիքը եւս չխուսափեց չեռնոբիլյան աղետից: Նրանց երկրորդ զավակը ծնվեց ֆիզիկական արատներով եւ ապրեց ընդամենը 1 օր: Երրորդ զավակը' Գրիգորը, 7 տարկան է, երազում է բժիշկ դառնալ, ունենալ մի քանի մեքենա, ինչպես իրենց հարեւան գյուղի բժիշկը:

Գրիգորի հայրը' Իրիցյան Սիմոնը, 6 ամիս Չեռնոբիլում աշխատել է որպես վարորդ, այնտեղ էլ ստամոքսի խոց է ստացել, վիրահատվել ու տուն վերադարձել հաշմված:

Բնակվում են Էջմիածին քաղաքում, կինն ու որդին եւս հաշմանդամ են, մայրը թոշակառու է: Պետությունից Սիմոնը ստանում է միայն հաշմանդամության թոշակ եւ ոչ մի արտոնություն: Պատճառն այն է, որ 1997 թվականից ի վեր չեն դիմել որեւէ պետական մարմնի, քանի որ մի քանի ամիս տեւած բյուրոկրատական քաշքշուկներից հետո 2-րդ կարգի հաշմանդամ Սիմոնն ամեն ինչ անօգուտ է համարել: Միակ հոգսը հիմա որդու' Գրիգորի առողջությունն է եւ մտավախությունը, որ պարբերաբար նրա' կրկնվող բազմաթիվ հիվանդությունները կարող են Չեռնոբիլի վթարի հետեւանք լինել:

Սիմոնի կինը' Անուշիկը, պատմում է, որ առաջին անգամ սկսեցին անհանգստանալ, երբ Գրիգորը 4 տարեկանում թոքաբորբ ընկավ, 1 տարի հետո կրկնվեց, հետո սկսեց բողոքել ոտքերի ցավից: «Հիմնական պատճառը դեռ չգիտենք: Էջմիածնում արյան անալիզները նորմալ էին, եւ իրենց համար էլ մութ մնաց: Երեւան չենք կարողանում գնալ, որովհետեւ այդ բոլորը ծախս է, իսկ մենք էդքան փող չունենք»,-ասում է նա:

Անուշիկ Իրիցյան Ջեմմա Բաղդասարյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում մեզ հավաստիացրին, որ Չեռնոբիլից տուժածների կարգավիճակը հավասարեցված է պատերազմի հաշմանդամների կարգավիճակին:

Նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ æեմմա Բաղդասարյանի տեղեկացմամբ' նրանց մեծ մասը զորակոչվել է զինկոմից եւ համարվում է զինհաշմանդամ, ուստի նրանց վրա տարածվում է «ՀՀ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովման մասին» օրենքը: Տկն Բաղդասարայնի հավաստմամբ' չեռնոբիլյան զինհաշմանդամները օգտվում են արտոնութուններից' գազի, տրանսպորտի եւ ջրամատակարարման սպասարկման դիմաց ստանում են 4500 դրամ օգնություն: Անվճար է նաեւ նրանց բուժսպասարկումն ու դեղորայքը: æ. Բաղդասարյանը նաեւ նշեց, որ ուղեգրերի տրամադրումը հաշմանդամներին թեեւ դադարեցվել է 2004 թվականից, սակայն զինհաշմանդամները կարող են դիմել զինկոմներին եւ հերթագրվել:

Մարդիկ, ում կյանքը կախված է հիմնականում դեղորայքից, իրենց վիճակի մեջ զգալի տեղաշարժ չեն տեսնում: Հայաստանում միակ կազմակերպությունը, որը զբաղվում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետներին ու վթարներին մասնակցած անձանց առողջության վերականգնման եւ սոցիալական խնդիրներով, «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն է: Այն ստեղծել են վթարի հետեւանքների վերացման աշխատանքի մասնակիցները: Կազմակերպությունում հաշվառված է շուրջ 2000 մարդ, որոնցից 1500-ը տարբեր խմբի հաշմանդամներ են:

Նախագահ Գեւորգ Վարդանյանի խոսքով' բազմիցս դիմել են ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանին եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն' խնդրելով ընդունել «Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետների ու վթարների հետեւանքով ճառագայթահարման ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության եւ առողջության վերականգնման մասին օրենք»: Հատկապես, որ 1994 թվականին սեպտեմբերի 9-ին Հայաստանը' ԱՊՀ երկրների շարքում առաջիններից մեկը, վավերացրել է օրենքն ընդունելու համաձայնագիրը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում թեեւ դեռ գրավոր պատասխան չեն տվել կազմակերպության դիմումին, սակայն æեմմա Բաղդասարյանի մեկնաբանությունից պարզ էր, որ այստեղ նպատակահարմար չեն համարել նման օրենքի ընդունումը: Ըստ նրա' կազմակերպության ներկայացրած դրույթները մեծամասամբ այլ օրենքներում են ներառված:

20 տարի է անցել չեռնոբիլյան աղետից, սակայն մինչեւ օրս բացահայտվում են նորանոր փաստեր: Ուկրաինայի Ազգային անվտանգության կոմիտեի գաղտնազերծած փաստաթղթերը վկայում են, որ պայթյունի ուժգնությունը համարժեք է եղել 30 տոննա տրոտիլի պայթյունի: Համաձայն այդ փաստաթղթերի' դեռ 1986 թվականի փետրվարին կոմիտեի աշխատակիցները կառավարությանը զեկուցել են, որ 4-րդ էներգաբլոկում պայթյունի ռիսկ կա, քանի որ այն շահագործվում է անթույլատրելի ռեժիմում, կոպտորեն խախտվում են անվտանգության կանոնները: Այս բոլոր զեկույցները, սակայն, փակվել են չհրկիզվող պահարաններում: Նույն փաստաթղթերում նշվում է, որ ռեակտորն ի սկզբանե նախանշված է եղել ոչ թե էլեկտրաէներգիայի արտադրման, այլ զենքի պլուտոնիում ստանալու համար:

Տեղեկացվում է նաեւ, որ 1975 թվականին Լենինգրադյան ատոմակայանում, իսկ 1982 թվականի սեպտեմբերի 9-ին Չեռնոբիլի ատոմակայանի 2 բլոկներում տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց մասին խորհրդային իշխանությունների կարգադրմամբ դարձյալ լռել են:

Հ.Գ. Անցյալ տարի ապրիլի 26-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղադրվեց Չեռնոբիլի եւ այլ միջուկային աղետների հայ զոհերի հիշատակին նվիրված հուշաքար: Այստեղ հետագայում պետք է վեր խոյանար նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթող: Սակայն, այդ նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետարանը մերժել է հետեւյալ ձեւակերպմամբ. «Վայրը քաղաքաշինական տեսակետից արդեն ձեւավորված միջավայրում է, եւ հուշարձանի տեղադրումն այդտեղ նպատակահարմար չէ:

Գայանե Հակոբյան

Մեկնաբանություններ (1)

Ղարիբյան Գայանե
Դիմեք վարչապետին………………..……. 05.02.2021 21:40

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter