HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զոհրաբ Մնացականյան. «Եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, ապա դա չի աշխատելու»

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի շտապում հայտնել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջիկա հանդիպման վայրի և ձևաչափի մասին:

«Ինչ վերաբերում է ժամկետներին և հանդիպմանը, կա ձևավորված մշակույթ, որ համաձայնեցնում ենք ամեն ինչ և միաժամանակ հայտարարում ենք, և այդ պահը դեռևս չի եկել: Այստեղ միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ հայտարարում ենք հանդիպման մասին, ժամկետների մասին»,- այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարը:

Հարցին, թե արդյոք բանակցությունների սեղանին այս պահին Մադրիդյան սկզբունքնե՞րն են, թե՝ ոչ, նախարարն ասաց.

«Ինչ վերաբերում է սկզբունքներին, մենք գնում ենք օրակարգով, որը հստակ արտահայտված է, հստակ արտահայտված է վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցված ելույթով, այդ մոտեցումներով մենք շարունակում ենք երկխոսությունը... հիշում եք վարչապետի ելույթի այն մասը, թե ինչպես են այդ սկզբունքներն ընկալվում ու մեկնաբանվում, մենք հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունի Հայատանի համար ստատուսի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ երեք սկզբունքների և վեց տարրերի՝ ձեր կողմից նշված փաստաթղթում»:

Նախարարը կարևորեց նաև Արցախին բանակցություններում ներգրավելու հարցը՝ այն բնորոշելով ոչ թե որպես նախապայման, այլ բանակցությունների համար արդյունավետ պայման:

Դիտարկմանը, որ Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ բանակցությունների սկզբունքները հնացել են, արդյոք Հայաստանը համաձա՞յն է այդ մոտեցմանը, նախարարը պատասխանեց.

«Պարոն Մայիլյանը արտահայտվել է որպես Արցախի արտգործնախարար, մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք, փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, սա իրականում պրակտիկ հարց է, որովհետև Հայաստանի և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են, մենք երբևէ չենք հրաժարվել ու չենք հրաժարվի մեր դերակատարությունից այս խաղաղության գործընթացում: Այո՛, Հայաստանը եղել ու մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Սկզբունքները եթե մենք դիտարկում ենք որպես շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, այո, այդ շրջանակը գոյություն ունի, բայց այդ շրջանակի մեջ էական նշանակություն ունի դիրքորոշումների ու պարտավորությունների մեկնաբանումն ու համադրումը, որովհետև եթե պարտավորությունների համադրման մասով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու»:

Հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե անընդունելի է իրենց համար ձևաչափի փոփոխությունը և, մասնավորապես, Արցախին բանակցություններում ներգրավելու առաջարկը, որն ըստ ադրբեջանական կողմի՝ բանակցութունները փակուղի է տանում, նախարարն արձագանքեց.

«Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանում, որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը. սկզբունքային հարցն այն է, որ ԼՂ-ն ունենա որոշիչ ձայն բանակցություններում»:

Տեղեկացնենք, որ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ հանդիպման էր հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Հանդիպումը տևեց ավելի քան երեք ժամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter