HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Սփյուռքի մեծ անունները, որոնք հայերեն գրել անգամ չգիտենք»․ Ջորջ Քասսաբյանը Հայաստանում կցուցադրի Դադերյանի (Տատրեանի) գրաֆիկաները

Երեկ կանադահայ արվեստագետ Գեւորգ-Ջորջ Քասսաբյանի տանն ուսումնասիրում էի ֆրանսաբնակ (ծնվել է Բեյրութում) հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի (Տատրյանի) գրաֆիկական աշխատանքները, որոնք Ջորջը Հայաստան է տեղափոխել 2018-ի հոկտեմբերին։

Զրույցի թեման նախապես որոշված էր․ անդրադառնալու էինք մարտի 15-ին կայանալիք ցուցահանդեսին, որի ընթացքում ցուցադրվելու են Դադերյանի եւ Քասսաբյանի տարբեր տարիների գրաֆիկական աշխատանքները։ Թե ինչու՞ է Ջորջը որոշել մեկնել Փարիզ, վերադառնալ Դադերյանի աշխատանքներով, պիտի որ դառնար նյութի հիմնական թեման, սակայն, կանադահայ արվեստագետի մտահոգություններն ավելի լայն շրջանակ են ընդգրկում։ Զրույցի բովանդակային առանցքից չշեղվելու համար, որոշեցի այն ներկայացնել առանց խմբագրման՝ ներառելով ինչպես բուն զրույցը, այնպես էլ նյութի վերաբերյալ ընթացքում տեղի ունեցած միջամտությունները։

Տիգրան Դադերյան անունն այստեղ հայտնիներից չէ։

Կզարմանայի, որ հայտնի լիներ։

Դադերյանին ներկայացնելու միտքը ինչու՞ հանկարծ անհանգստացրեց քեզ։

Տես՝ ես ծնվել եմ Հալեպում, հետո տեղափոխվել եմ Մեծ Բրիտանիա, կրթություն եմ ստացել, հետո Կանադա, որտեղ նորից կրթություն եմ ստացել եւ հաստատվել։ Այս աշխարհագրությունն ինչ-որ առումով «պարտադրված» է, ինչ-որ իմաստով բնորոշ բոլոր այն ստեղծագործողներին, ովքեր ծնվել են Բեյրութում, Լիբանանում, Իրանում կամ Ստամբուլում։ Եթե 2012-ի որոշումս չլիներ եւ վերջնականապես չհաստատվեի Հայաստանում, դժվար թե իմ մասին հայերենով գրված որեւէ բան գտնեիրգուցե Վիքիպեդիայում մի անավարտ, տառասխալներով հոդված, որտեղ բազմաթիվ վրիպակներ կլինեին։

Սա քեզ օրինակ, թե ինչպես է պատահում, որ աշխարհաքաղաքական հետեւանքները ցավեցնող փաստեր են դառնում, թե ինչպես ենք ամեն օր խոսում հայկական սփյուռքի մասին՝ պատկերացում անգամ չունենալով, թե Պարսկաստանում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում ծնված, հետո Եվրոպա, Ամերիկա, Կանադա կամ մի այլ երկիր տեղափոխված անցյալ դարի ծագումով հայ արվեստագետներն ինչ եղանակ են ստեղծել, ինչ են ժառանգել։

Դադերյանի մասին այդպիսի մի հոդված կա Վիքիպեդիայում, Ազգային պատկերասրահի ֆոնդապահոցի օնլայն հարթակում էլ երկու աշխատանքների լուսանկարներն են։ Նայիր, 60-ականների գործերից․․․

Վե՞րջ։ Իսկ կա՞ հիշատակում, որ Բեյրութում ծնված, Ֆրանսիա տեղափոխված եւ ահռելի ժառանգություն թողած Դադերյանն այս տարի 90 տարեկան է եւ չունի ոչ մեկին, ով կարող է զբաղվել իր նկարների հետագա ճակատագրով։ Երկու աշխատանքները պատկերասրահի պահոցում են․․․ Լա՜վ, հասկացանք, իսկ արժե՞քը, արժեւորու՞մը։ Հասկանու՞մ ես չէ, որ Դադերյանն ուղղակի տարիքի եւ վիճակի պատճառով չի կարող զբաղվել ակտիվ գործունեությամբհետեւանքն այն է, որ այսօր Դադերյանի բարձր արժեք ունեցող գործերը կարելի է գտնել օնլայն աճուրդներում ուղղակի «ջրի գնով»․․․

Որեւէ մեկը տեղյա՞կ է, որ Դադերյանը հանրահռչակ արվեստագետ Անրի Գեոցի շարունակողներից է, հետեւորդներից։ Ու Անրի Գեոցը՝ որպես ուսուցիչ, նշում է, որ Դադերյանից ինքն իր հերթին շատ բան է սովորել, որակում է Դադերյանի աշխատանքները որպես ապշեցնող պատկերներ, որոնք պիտի դիտել մանրամասն ու դետալային։ Ինքը՝ Գեոցն ունեցել է այդ հնարավորությունը, մենք, որ սփյուռքի անունն ամեն րոպե հոլովում ենք, չենք էլ պատկերացնում, թե ինչ դետալների, ինչ ապշեցնող պատկերների, ինչ ժառանգության մասին է խոսքը գնում։ Դրա վառ ապացույցը Գեոցի անվան ակադեմիայի անվանափոխումն է․ այն այսօր «Գեւոց-Դադերյան» անվանումն է կրում։

Այս մտահոգությու՞նն է պատճառը, որ մեկնեցիր Փարիզ՝ Դադերյանին տեսնելու։

Ուզում եմ հասկանալ՝ որքանով են այստեղ՝ Հայաստանում, ծանոթ Տիգրան Դադերյանի եւ այլոց՝ Ասատուր Պզտիկյանի, Մարկոս Գրիգորյանի, Սիրակ Մելքոնյանի, Լեւոն Թյությունջյանի, Օննիգ Գարդաշի (Գալֆայանի), Ռաուլ Հեյգի (Հայկ Հայքելեքյանի) աշխատանքներին, որքանո՞վ են արժեւորում այն ահռելի ժառանգությունը, որն աշխարհն արդեն տարբեր ձեւերով արժեւորել է։ Դու տեղյա՞կ ես օրինակ, որ Մարկոս Գրիգորյանը հողարվեստի ուղղության հիմնադիրն է․․․

Ապշեցնող է, որ նշած անունների մասին տարբեր լեզուներով գրականություն կգտնես, կհասկանաս, թե քննադատներն ինչ անդրադարձներ են արել, կտեսնես՝ ինչպես է աշխարհն արժեւորել իրենց, իսկ մենք անգամ մեկ, ավարտուն տեքստ չունենք այս արվեստագետների, իրենց անցած ճանապարհի եւ ստեղծածի մասին։

Դադերյանի հետ ե՞րբ ես ծանոթացել, ի՞նչ պայմաններում։

Բեյրութում ենք ծանոթացել, Ալեք Մանուկյանի ցուցասրահում, 1975 թվականին։ Այդ ժամանակ ես 80-ից ավելի աշխատանք էի ցուցադրում՝ քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ։ Տարիներ անց մի քանի անգամ հանդիպել ենք Փարիզում, որտեղ ինքը հաստատվել է 1950-ականների սկզբից։ Ցավոք, վերջին տասը-տասնհինգ տարիների ընթացքում կապի դուրս չենք եկել, տեղյակ էի միայն, որ կինն է մահացել, որից հետո շատ ծանր շրջան է հաջորդել Դադերյանի համարմասնավորապես դադարել է ստեղծագործել, փակվել է տան մեջ։ Դադերյանի կինը ցուցասրահ ուներ եւ հենց ինքն էր զբաղվում Ֆրանսիայում Դադերյանի աշխատանքների ներկայացմամբ․․․Արի բարձրանանք վերեւ, մի բան ցույց տամ։

Պատին կախված են 4 փոքր աշխատանքների տպագրական տարբերակները՝ «Ասատուր Պզտիկյան» ստորագրությամբ։

Լսե՞լ ես Ասատուրի մասին։ Նորից ծնվել է Բեյրութում եւ տեղափոխվել Փարիզ։ Որեւէ մեկը հետազոտություն իրականացնու՞մ է, թե ինչու են արժեւորվում Ասատուրի գործերը։ Դրանցից երեքը 2016-ին «Վիկտորիա եւ Ալբերտ» լոնդոնյան աշխարհահռչակ թանգարանի ցուցասրահում էին ցուցադրվում։ Հասկանում եմ, որ Ֆրանսիայում գործունեություն ծավալող արվեստագետի ժառանգությունը նախ Ֆրանսիայինն է, բայց ապշում եմ, որ այն չի ձեւակերպվում նաեւ որպես հայ արվեստագետի ժառանգություն։ Ինչու՞ ֆրանսիացի արվեստի քննադատը նրան կարող է անվանել «արթնացած երազող», «գաղտնագրության իշխան», իսկ մենք դժվարանանք անգամ ազգանունը գրել․․․ Իրապես չեմ հասկանում։

Պատճառները շատ են, Ջորջ, հենց միայն քո նշած աշխարհաքաղաքական ցավալի փաստերը․․․

Հասկանում եմ, բայց չեմ կարող հավատալ, որ ներկա դրությամբ, երբ երկիրն անկախության երրորդ տասնամյակում հեղափոխություն է կարողանում իրականացնել, ինչպես կարող է չանդրադառնալ նմանատիպ հարցերին։

Ինչպե՞ս պիտի անդրադառնա։

Շատ ուղիղ ու հասկանալի, տեսանելի ձեւով։ Ժամանակն է, որ Հայաստանը դառնա աշխարհասփյուռ հայ արվեստագետի ժառանգության պահոցը․․․ Պահոց բառը շատ վատ դրսեւորում ունի։ Ես չեմ խոսում այն մասին, որ Ազգային պատկերասրահը կարող է իր պահոցում ունենալ մի քանի աշխատանք այս կամ այն արվեստագետից, ես խոսում եմ բաց, ցուցադրելի տարածքի մասին, որտեղ երիտասարդը կարող է առերեսվել այդ ահռելի ժառանգությանը, եթե կուզես ավելի մասնավորեցնեմ, ես խոսում եմ մի շինության մասին, որտեղ մեկ անվան տակ հավաքված են անցյալ դարի սփյուռքահայ արվեստագետների աշխատաքներից արժեքավոր նմուշներ։

Ուղղակի բառացիորեն, բաց տեքստով պիտի ասեմ մտահոգությունս, այո, վաղը Դադերյանը կմահանա, Ասատուր Պզտիկյանը կմահանա, ես կմահանամ, ի՞նչ է լինելու այդ ստեղծագործողների ժառանգության հարցը, ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը։ Սա ոչ մեկին չի՞ մտահոգում։

Ասացիր, որ Դադերյանը ժառանգներ չունի։

Այո, չունի։ Կինն է եղել միակը, ում վստահվել է ամեն ինչ։ Երեխաներ չունի, համոզմունք ունեմ՝ չկա մեկը, ով կարող է այդ ահռելի ժառանգությունը ստանձնել այնպես, որ չփոշիացնի։ Հարցնում էիր այցելությանս նպատակի մասին, բայց նախ ուզում եմ ներկայացնել այն ցավալի վիճակը, որի ականատեսը եղա։ Դադերյանն ինձ չհիշեց հանդիպման առաջին օրը (ինչպես պարզվեց շատերին չի հիշում), ճնշվել էի խորապես, ցավում էի իրավիճակի համար։

Երկրորդ օրը, երբ հանդիպեցինք, ասաց, որ մտաբերում է ինձ ու ուզում է իմանալ՝ հանդիպելու առիթի մասին։ Ասացի, որ պատրաստվում եմ իր աշխատանքներից Հայաստան տեղափոխել եւ համատեղ ցուցադրություն անել։ Անուշ, կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ մեծ դժվարություն է քո ստեղծագործությունից բաժանվելը, բայց հասկացա, որ մարդն ուզում է տեսնի նաեւ այդ աշխատանքների ապահովությունը, չի ուզում բաժանվել, բայց նաեւ վարանում է՝ ինչ է լինելու հետո, եթե այսօր դրանց ապագայով չզբաղվի․․․

Այդպես համաձայնության եկանք, եւ քսանից ավելի գրաֆիկական աշխատանքներ տեղափոխեցի Հայաստան, որոնք եւ կցուցադրվեն մարտի 15-ին, Ալբերտ եւ Թովէ ցուցասրահում։ Սա ինձ համար շատ-շատ կարեւոր ցուցադրություն է։

Եթե ճիշտ եմ հասկանում, նաեւ վերը նշված մտահոգություններից դրդված ես գործնական քայլերի անցել։

Հա, հենց այդպես էլ կարող ես գրել։ Ուզում եմ՝ այս ցուցադրությունը դառնա դեռեւս գործող Սփյուռքի նախարարության համար կարեւոր իրադարձություն, ուզում եմ արվեստով հետաքրքրվողն ու արվեստով զբաղվողը տեսնի՝ ինչ աշխատանքներ կան Հայաստանի սահմաններից դուրս՝ հայի ձեռքով ստեղծված, ուզում եմ այս ցուցադրությանը հաջորդեն քննարկումներ, թե ինչպես կարող ենք համակարգված կերպով ներկայացնել սփյուռքահայ արվեստագետին ու իր թողած ժառանգությունը։

Ինչու՞ որոշեցիր համատեղ ցուցադրությամբ հանդես գալ։

Այն նույն մտահոգությունից դրդված, որ Դադերյան ազգանունը տեղի լսարանին շատ բան չի կարող ասել, իսկ համատեղ ցուցադրության դեպքում հետաքրքրության շրջանակներն ավելի ընդլայնված կլինեն․․․ Բացի այդ ցուցադրվող աշխատանքների միջեւ զուգահեռներ կարելի է տանել, հետաքրքիր արվեստագիտական նյութի թեմա կարելի է դարձնել, բայց սա արդեն ուրիշ զրույցի է տանում։ Թողնենք արվեստաբաններին այդ «համեղ» կտորը։

Ծանոթություն

Տիգրան Դադերյանը ծնվել է Բեյրութում, 1929 թ.-ին: Մանկության տարիներն անցկացրել է Զահլեում: Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, ապա Փարիզի արվեստների ազգային դպրոցում, Գեոցի ակադեմիայում եւ Գրան Շոմիեր ակադեմիայում: 1957 թ.-ից սկսած հանդես է եկել մի շարք անհատական եւ այլ նկարիչների հետ համատեղ ցուցադրություններով Հայաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում եւ այլուր: Դասավանդել է Գեոցի ակադեմիայում, որն 1983թ.-ին վերանվանվել է Գեոց-Դադերյան ակադեմիա (Académie Goetz-Daderian): Դադերյանի աշխատանքները գտնվում են Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի ազգային գրադարանում, Հայաստանի ազգային պատկերասրում, «Գյուլբենկյան» հիմնադրամի պահոցում, այլ պատկերասրահներում եւ անձնական հավաքածուներում։

Գևորգ-Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպ քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյանի եւ Գալուստ Գյուլբենկյանի անվան ավագ դպրոցը, 1967 թվականին՝ Բրիտանական Ուսուցողական ինստիտուտի Ճարտարագիտություն բաժինը, 1969 թվականին՝ Տորոնտոյի համալսարանի Համակարգչային ծրագրավորում բաժինը, 1973 թվականին՝ Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գեղարվեստի բաժինը։ 1977-1981 թթ. եղել է Tempo and screen printing center-ի, 1981-1999 թթ.՝ Manufacturing polyurethane injection machinery-ի, 1999-2003 թթ.՝ Canadian Polyurethane & Solar research center–ի սեփականատեր եւ գործադիր տնօրեն։ 1975 թվականից Կանադայի քանդակագործների հասարակության անդամ է։ Ցուցադրվել է Կանադայում, Բեյրութում, Դամասկոսում, Լոնդոնում, Բեռլինում, Երեւանում եւ այլն։

Հետգրություն. Տիգրան Դադերյանի եւ Գեւորգ-Ջորջ Քասսաբյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մարտի 15-ին՝ ժամը 19։00-ին, «Ալբերտ եւ Թովէ» ցուցասրահում (Իսահակյան 36)։ Ցուցահանդեսի կտեւի մեկ շաբաթ (մանրամասները՝ այստեղ

Գլխավոր լուսանկարում՝ Գեւորգ-Ջորջ Քասսաբյանը ցուցադրում է Դադերյանի գրաֆիկական աշխատանքը։ Տիգրան Դադերյանի դիմանկարը՝ Ռաժակ Օհանյանի։ Ասատուր Պզտիկյանի լուսանկարի աղբյուրը՝ azgdaily.com: Դադերյանի եւ Պզտիկյանի աշխատանքների լուսանկարների աղբյուրը՝ gallery.am։

Մեկնաբանություններ (1)

Մելանյա Բադալյան
Թվարկված նկարիչներից մի քանիսին և նրանց արվեստին քանիցս անդրադարձներ եղել են «Ազգ» թերթում և նրա մշակութային հավելվածում։ Ասատուր Պզդիկյանի հետ' իր երևանյան այցին ինքս հանդիպել և հարցազրույց եմ ունեցել' տպագրված «Ազգի» մշակութային հավելվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter