HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Հայ երիտասարդների միություն

Մարզպետ Հարությունյան, Հովհաննես Աղաբաբյան 

Սկիզբը

Հայ երիտասարդների միությունը երիտասարդական կազմակերպություն էր, որը, որպես ԱՄԿ երիտասարդական կառույց, ստեղծել էր Ազգային միացյալ կուսակցության հնագույն անդամներից մեկը` Մարզպետ Հարությունյանը: Անգամ կազմակերպության բոլոր անդամները չէ, որ գիտեին, որ հանդիսանում են ավելի մեծ եւ ավելի հին կազմակերպության` ԱՄԿ կառույց: 1978-ին ծրագրված, իսկ 1979-ին արդեն գործող այս կազմակերպությունը բավական արագ համալրվում է նոր անդամներով: 1979թ. վերջերից ՀԵՄ-ի   կազմում արդեն գործում էին հնգյակներից բաղկացած մասնաճյուղեր:

«Հնգյակ» ասվածը պայմանական էր, որովհետեւ «հնգյակ»-ի մեջ կարող էր լինել չորս, վեց, անգամ յոթ մարդ: Գլխավոր միտքն այն էր, որ յուրաքանչյուր ոք սահմանափակ թվով մարդկանց ճանաչի, որպեսզի կալանավորվելուց հետո, եթե չդիմանա ու ստիպված լինի անուններ տալ, ապա տա միայն իրեն հայտնի անուններ: Սա ընդհատակյա գործող բոլոր կազմակերպությունների համար կարեւորագույն սկզբունք է: Կազմակերպությունն իր առօրյա գործունեությանը զուգահեռ անընդհատ նոր անդամների հավաքագրման  ու նոր կառույցների ստեղծմամբ էր զբաղված: Ստեղծվել էին առանձին կառույցներ Երեւանում, Արթիկի շրջանում, աշխատանքներ էին տարվում ուսումնական հաստատություններում: Կազմակերպությունն ուներ իր ծրագիրը, կանոնադրությունը, երդումը եւ անվտանգության կանոնները:

ՀԵՄ-ի  ծրագիրը  նախատեսում  էր անկախ Հայաստանի ստեղծում, միաժամանակ այն խիստ հակախորհրդային եւ հակակոմունիստական էր: Ըստ ՀԵՄ-ում գործեղ պայմանի այս փաստաթղթերը համարվում էին  հույժ գաղտնի եւ ոչ մի կերպ չպետք է հայտնվեին Պետանվտանգության մարմինների ձեռքում: Ի պատիվ ՀԵՄ-ի անդամների պետք է ասել, որ դրանք ձեռք գցելուն ուղղված ՊԱԿ-ի բոլոր ջանքերը զուր անցան:

Կազմակերպությունը բաղկացած էր երիտասարդներից: Մարզպետ Հարությունյանը 40 տարեկան էր: Նա ՀԵՄ-ի անդամ չէր, բայց հանդիսանում էր նրա կազմակերպիչն ու ուղղորդողը: Կազմակերպության մյուս անդամներից երկու ամենատարիքովները` Հովհաննես Աղաբաբյանը եւ Իշխան Մկրտչյանը, ձերբակալման պահին 23 տարեկան էին, Սամվել Եղիազարյանը` 22, իսկ ամենակրտսեր Վարդան Հարությունյանը` 19: Երիտասարդ լինելու հանգամանքը որոշիչ դեր էր խաղում: Կազմակերպությունում առկա էր երիտասարդներին յուրահատուկ ծայրահեղականություն:

ՀԵՄ-ի անդամներ ձերբակալություններն սկսվել են 1980թ. մայիսի երկրորդ կեսից: Ձերբակալվել են հինգ ՀԵՄ-ական: Վերջին ձերբակալությունն իրականացվել է հունիսի 6-ին: Կալանավորված անդամների գլխավոր խնդիրը իրենցով կալանավորվածների թիվը սահմանափակելն է եղել: Չնայած այն հանգամանքին, որ նախաքննության ընթացքում, բացահայտվեց մասնաճյուղերից մեկը, հայտնի դարձան այլ անուններ եւս, բայց նոր կալանավորումներ, ի պատիվ ՀԵՄ-ի կալանավորված անդամների, տեղի չունեցան։

Մարզպետ Հարությունի Հարությունյանը ծնվել է 1940 թ., Երեւան քաղաքում: Նա ԱՄԿ հիմնադիրներից Շահեն Հարությունյանի եղբայրն է: Ընդհատակյա գործունեությամբ սկսել է զբաղվել 1960-ական թվականներից: 1967-ից Ազգային միացյալ կուսակցության անդամ է: 1969-ին, նախաքննության ու դատաքննության ընթացքում, «Հանուն Հայրենիքի» խմբի գործով հարցաքննվել է որպես վկա, այնուհետեւ կալանավորվել է ԱՄԿ գործով: Պետանվտանգության կոմիտեում վճռում են` դատապարտելու եւ կալանավայր ուղարկելու փոխարեն, նրան տեղափոխել հոգեբուժարան: Որոշ ժամանակ այնտեղ պահելուց հետո ազատ են արձակում: Եղբորը` Շահեն Հարությունյանին աջակցել է Հայկական հելսինկյան խմբի ստեղծման գործում: 1978 թ. հիմնադրել է Ազգային միացյալ  կուսակցության երիտասարդական կառույց Հայ երիտասարդների միությունը (ՀԵՄ): 1980 թ. հունիսի 1-ին նրան տանում են Օրջոնիկիձեի (Էրեբունու) ոստիկանություն, որտեղ հայտարարում են, թե, իբր, նա զբաղվում է թմրանյութերի տարածմամբ: Ձերբակալում են, իսկ օգոստոսի 1-ին` այդ նույն մտացածին մեղադրանքով ՀԽՍՀ քր. օր.-ի 229 հոդվածի 3-րդ մասով (ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, գործածելը, փոխադրելը, առաքելը կամ վաճառելը) դատապարտում են ազատազրկման 2 տարի ժամանակով: Ծավալած ընդհատակյա գործունեության հետ կապված կալանավորման այլ հիմքեր դեռեւս չունենալու պատճառով, ՊԱԿ-ը Մարզպետ Հարությունյանին մեկուսացնելու այս ձեւն է ընտրում: Դատարանում իր մեղադրական ճառում դատախազը հայտարարում է, որ Մարզպետ Հարությունյանը, հասկանալով դրա վտանգավոր լինելն, ինքը թմրանյութ չի օգտագործում, այլ տարածում է երիտասարդների շրջանում` նրանց թունավորելու նպատակով, ինչին Մարզպետը հակադարձում է. «Քաղաքացի դատախազ, եթե ես երիտասարդներին թունավորել ցանկանայի, ոչ թե թմրանյութ, այլ մարքսիզմ կտարածեի»: Շինծու գործով կալանավորելուց ժամանակ անց` նրան նոր մեղադրանք են ներկայացնում ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Այս հոդվածներով Մարզպետ Հարությունյանը դատապարտվեց նախատեսվող մաքսիմում պատժաչափի` 7 տարի ազատազրկում եւ 5 տարի աքսոր:

Էտապի ժամանակ ՀԵՄ անդամ Իշխան Մկրտչյանը, որը Մարզպետ Հարությունյանի եւ Ալեքսանդր Մանուչարյանի հետ գտնվել է Ռոստովի բանտի նույն խցում, փախուստի է դիմում: Այդ փախուստի պատճառով Մանուչարյանին ու Հարությունյանին կալանավայրի աշխատակիցները խոշտանգում են:

Հատկապես դաժան են վարվում Մարզպետ Հարությունյանի նկատմամբ: Ջարդում են նրա կողոսկրերն ու վնասում կրծքավանդակն այնպես, որ Հարությունյանն առանց կողմնակի օգնության շարժվել կամ խորը շնչել չի կարողանում: Մեկը պետք է սեղմած պահեր կրծքավանդակը, որպեսզի նա կարողանար խորը շնչել կամ հազալ: Ջարդված կողոսկրերից մեկը վնասել էր թոքը: Խոշտանգման այս հետեւանքները պարզվեցին 7 տարի անց` ԱՄՆ-ում, երբ ազատ արձակվելուց հետո` 1987 թվականին արդեն լուրջ հիվանդ Մարզպետ Հարությունյանը բժշկական հետազոտության է ենթարկվում:

Էտապի ընթացքում Հարությունյանն այնքան ծանր վիճակում է եղել, որ քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրերը հրաժարվել են ընդունել նրան, որպեսզի նրա շատ հավանական մահվան դեպքում պատասխանատվություն չկրեն: Էտապի ընթացքում արձանագրված մահվան դեպքերը չափազանց հեշտ էր լինում պարտակել, որովհետեւ հստակ պատասխանատուներ գտնելն անհնար էր: Միշտ էլ նման դեպքերը կարելի էր վերագրել քրեականների հետ տեղի ունեցած ընդհարումներին ու խնդիրը փակել:

Այդ պատճառով էլ` մոտ երեք ամիս Մարզպետ Հարությունյանը, Վարդան Հարությունյանը, Ալեքսանդր Մանուչարյանը եւ Սամվել Եղիազարյանը հիմնականում անցկացրել են կալանավորների համար նախատեսված գնացքների վագոններում, անընդհատ բանտից բանտ ուղեւորությունների մեջ:

Այդ օրերին նրանց համար հաջողված են համարվել այն գիշերները, որոնք անցկացրել են Պերմի մարզում գտնվող այս կամ այն բանտերում, երբ հնարավոր է եղել պառկել` թեկուզ առանց ներքնակի երկաթյա մահճակալներին:

Անգամ այդ բանտերը մեկ գիշերից ավելի թույլ չեն տվել, որ Հարությունյանն իրենց մոտ մնա: Լուսադեմին կրկին տեղափոխել են կալանավորներ տեղափոխող վագոն: Այդ ողջ ընթացքում ոչ մի բժիշկ Մարզպետ Հարությունյանին չի այցելել ու չի զննել:

Ժամանակ անց Մարզպետ Հարությունյանը կարողանում է հաղթահարել այդ ծանր վիճակը, եւ երբ արդեն պարզ է դառնում, որ ոտքի կկանգնի, նրան ու իր ընկերներին տեղափոխում են կալանավայր: Նա իր պատիժը կրել է Պերմի մարզում գտնվող քաղաքական բանտարկյալների  համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում, որտեղ անցկացրած յոթ տարիների ընթացքում, չնայած օրեցօր վատթարացող առողջությանը, կեսքայլ անգամ չի ընկրկում: Մասնակցում է կալանավայրում կազմակերպված բոլոր ակցիաներին: Ազատ է արձակվում 1987 թվականին՝ գորբաչովյան պերեստրոյկայի շնորհիվ չկրելով դատավճռով նախատեսված աքսորը:

Նույն թվականին էլ քայքայված առողջությամբ մեկնում է ԱՄՆ, որտեղ հնարավոր էր ստանալ բարձրակարգ բժշկական օգնություն: Վախճանվել է ԱՄՆ-ում 2000թ. փետրվարի 2-ին, 60 տարեկանում:

Հովհաննես Ռաֆայելի Աղաբաբյանը ծնվել է 1957 թ., Վրաստանի Ախալցխայի շրջանում: Մինչեւ ազատազրկվելը սովորել է Երեւանի նկարչական ուսումնարանի 3-րդ կուրսում: Մասնագիտությամբ նկարիչ է: Անդամակցել է «Հայ երիտասարդական միությանը»: Կալանավորվել է 1980 թ. մայիսին: Մեղադրվել է ՀԽՍՀ քր. օր.-ի 65 հոդվածի 1- ին մասով, 67 հոդվածով եւ 213 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր, դրոշմակներ, կնիքներ, բլանկներ պատրաստելը, օգտագործելը կամ վաճառելը): 213 հոդվածով առաջադրված մեղադրանքը դատարանում հանվել է: Դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական բանտարկյալների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում: Պատժաչափի ավարտից հետո՝ 1983-ին ազատ է արձակվել։ 1988 թ. մասնակցել է համաժողովրդական շարժմանը եւ Հայաստանի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին: Ապրում է Արտաշատ քաղաքում:

Հայ երիտասարդների միության անդամների  գործով կայացված դատավճիռը

(Այս դատավճռում նույնպես ԱԱԾ աշխատակիցները գործով անցնող վկաների անունները ջնջել եւ փոխարենը կամայական տառեր են նշել: Մեր արխիվում եղած տարբեր փաստաթղթերի օգնությամբ կարողացել ենք վերականգնել բոլոր առանցքային վկաների ջնջված անունները: Չվերականգնված են մնացել 2-3 ոչ առանցքային վկաների անուններ, եւ կետագծերով նշված են դատավճռի անընթեռնելի մեկ-երկու հատված):   

                                                                                                                                                    Գործ նո. 35

                                                                                                                                                        1981 թ

 

                                                               ԴԱՏԱՎՃԻՌ

     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱՆ

                                 1981թ. ապրիլի 9-ին Երեւանում

                                             Նախագահությամբ` Ս. Դանիելյանի

                                                     Ատենակալներ` 1. Յու. Թուրջումյանի

  1. Գ. Հարությունյանի

                                           Քարտուղարությամբ` Զ. Հաւությունյանի եւ Ա. Սարգսյանի                 

                                       Մասնակցությամբ պետական մեղադրող

                                                            Դատախազ` Պ. Թոխյանի

Քննության առնելով դատական դռնբաց նիստում քրեական գործն ըստ մեղադրանքի`

1  Մարզպետ  Հարությունի  Հարությունյանի,  ծնվել է 1940թ. Երեւան  քաղ. , հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, 6-րդ դաս. կրթությամբ, ամուսնացած, խնամքին երկու մանկահասակ երեխա, նախկինում դատվել է երկու անգամ` 1959թ. ՍՍՀՄ գերագույն  սովետի նախագահության 4/6-47 թ. հրամանագրով ազատազրկման 2 տարի ժամկետով եւ 1/8-1980թ. քր. օրի 229հ. 3-րդ մասով ազատազրկման 2 տարի ժամանակով, աշխատել է Երեւանի մանրացման-տեսակավորման գործարանում, որպես հնոցապան,  բնակվել է Երեւանում, Չերնիշեւսկու փ. տուն 23 բն. 12, կալանքի տակ է 1980թ. հունիսի 1-ից:

Մեղադրվում է ՀՍՍՀ քր .օրի 65հ.1-ին մասով եւ 67 հոդվածով:

2  Կնյազ Մկրտիչի Մկրտչյանի, ծնվել է 1957թ. ՀՍՍՀ Արթիկի շրջանի Սարատակ գյուղում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, միջնակարգ կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, 3/7-1980 թ. քր. օրի 2071 հոդ. 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով, աշխատել է Երեւանի «Էլեկտրոն» միավորումում որպես տեխնիկ-տեխնոլոգ, բնակվել է Երեւանում, Շահումյան 7-րդ փ. տուն 13, կալանքի տակ է 21/5-1980թ.

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 65 հ. 1-ին մասով եւ 67 հոդվածով:

3  Վարդան Լյուդվիկի Հարությունյանի, ծնվել է 1961թ. ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանի Սերս գյուղում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, անկուսակցական, միջնակարգ կրթությամբ, ամուրի, չդատված, մինչեւ կալանավորվելը ծառայել է սովետական բանակում, կալանքի տակ է 6/6-80թ.

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 65 հ. 1-ին մասով եւ 67 հոդվածով:

4  Սամվել Էլիբեկի Եղիազարյանի, ծնվել է 1958թ. Երեւան քաղաքում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի,  անկուսակցական, միջնակարգ կրթությամբ, ամուրի, խնամքին ոչ ոք, 21/11-80թ. քր. օրի 222 հ. 1-մ. դատապարտվել է ազատազրկման մեկ տարի ժամանակով, աշխատել է Երեւանի «Տոչպրիբոր» գործարանում որպես բանվոր, բնակվել է Երեւանում, Շահումյան 4-րդ փ. տուն 4, կալանքի տակ է 1980թ. մայիսի 20-ից:

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 65հ. 1-ին մասով եւ 67 հոդվածով:

5  Հովհաննես Ռաֆայելի Աղաբաբյանի, ծնվել է 1957թ. Վրաց. ՍՍՀ Ախալցխայի շրջանի փ. Պամաչ գյուղում, հայ, ՍՍՀՄ քաղաքացի, ՀամԼԿԵՄ անդամ, Երեւանի նկարչական  ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, ամուրի, խնամքին ոչ ոք, չդատված, բնակվել է Երեւանում, Պրագայի փ. տուն 49, կալանքի տակ է 21/5-80թ.

Մեղադրվում է ՀՍՍՀ քր. օրի 65հ. 1-ին մասով, 67 հոդվածով եւ 213 հ.1-ին մասով:

Դատաքննությամբ պարզված է`

Ամբաստանյալներ Մարզպետ Հարությունյանը եւ Կնյազ (նույնն Իշխան) Մկրտչյանը ունենալով հակասովետական, նեղ ազգային հայացքներ, 1979-80թթ. զբաղվել են հակասովետական ագիտացիայով ու պրոպագանդայով եւ հակասովետական կազմակերպական գործունեությամբ, նպատակ ունենալով անջատել Սովետական Հայաստանը ՍՍՀՄ կազմից, միացնել Հայաստանին այլ հանրապետություններում եւ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հողեր, ստեղծել «անկախ հայաստան» ինքնուրյուն պետություն, որը պետք է ղեկավարի դաշնակցություն կուսակցությունը, առանց կոմունիստների, դրանով իսկ թուլացրել Սովետական Իշխանությունը:

Այդ նպատակն  իրականացնելու համար  Մարզպետ Հարությունյանը  եւ Կնյազ Մկրտչյանը 1979թ գարնանը ստեղծել են «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) կոչվող գաղտնի կազմակերպություն, որի համար վերը նշված ոգով մշակել են կանոնադրություն, ծրագիր եւ երդման տեքստը:

Նշված փաստաթղթերը քննության ընթացքում չեն հայտնաբերվել եւ քր. գործին չեն կցվել: Ըստ ցուցմունքների դրանք պարունակում են հետեւյալ մտքերը.

Կանոնադրությունը նախատեսել է, որ «ՀԵՄ» անդամ կարող է լինել յուրաքանչյուր հայ երիտասարդ 18-30 տարեկան հասակում, որն ընդունում է «ՀԵՄ»-ի ծրագիրը, վճարում է անդամավճար, նվիրված է «ՀԵՄ»-ի գաղափարներին եւ կարգապահ է:

Ծրագիրը պարունակել է սովետական իրականությունը զրպարտող հեյրուրանքներ, հակասովետական ագիտացիա ու պրոպագանդա անելու միջոցով, ինչպես նաեւ դաշնակցություն կուսակցության ղեկավարությամբ «Անկախ Հայաստան» պետություն ստեղծելու խնդիրներ, կոմունիստական կուսակցությունը հայտարարվել է օրենքից դուրս:

Երդման տեքստը պարտավորեցրել է «ՀԵՄ»-ի անդամներին լինել նվիրված ու կարգապահ, պայքարել ծրագիրը իրականացնելու համար:

Նույն թվականի  մայիս ամսին Մարզպետ  Հարությունյանը եւ Կնյազ  (Իշխան) Մկրտչյանը ընդգրկել են «ՀԵՄ» կազմակերպության մեջ նույնանման հայացքներ ունեցող ամբ. Հովհաննես Աղաբաբյանին եւ գործով վկա Գեւորգ Սարգսյանին:

1979թ. մայիսի 28-ին նրանք չորսով մեկնել են Գառնի, որտեղ Մարզպետ Հարությունյանը եւ Կնյազ Մկրտչյանը ծանոթացրել են Հովհաննես Աղաբաբյանին եւ Գեւորգ Սարգսյանին «ՀԵՄ» խմբի կանոնադրության եւ ծրագրի հետ: Վերջիններս տվել են իրենց համաձայնությունը եւ ընդունել են երդումը:

Մարզպետ Հարությունյանը նշանակել է խմբի ղեկավար Կնյազ Մկրտչյանին, իսկ ինքը համարվել է խորհրդատու եւ ընդհանուր ղեկավար:

Նույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կնյազ Մկրտչյանը ընդգրկել է«ՀԵՄ» խմբի մեջ հակասովետական-ազգայնական հայացքներ ունեցող ամբաստանյալ Վարդան Հարությունյանին եւ Սամվել Եղիազարյանին: Նա ծանոթացրել է նրանց «ՀԵՄ» կանոնադրության ու ծրագրի հետ: Վարդան Հարությունյանը եւ Սամվել Եղիազարյանը հավանություն են տվել այդ փաստաթղթերին, ցանկություն են հայտնել ընդունվել   խմբի մեջ, ապա բոլորով մեկնել են Սարդարբադ, որտեղ Վարդան Հարությունյանը եւ Սամվել Եղիազարյանը ընդունել են «ՀԵՄ» երդումը եւ այդպես դարձել են խմբի անդամ:

«ՀԵՄ»-ի անդամներ են համարել իրենց նաեւ գործով վկաներ Աշոտ Մուսախանյանը եւ Վաչագան Հայրապետյանը, որոնք բավականչափ մասնակցել են խմբի գործունեությանը, սակայն նրանցից դեռ երդում չեն ընդունել, համարելով դա վաղաժամ:

«ՀԵՄ»-ի ծրագիրը նախատեսել է աստիճանաբար ընդլայնել այդ կազմակերպությունը: Իրականացնելուվ «ՀԵՄ»-ի ծրագրի այդ կետը, ամբ. Կնյազ Մկրտչյանը 1980թ. փետրվար ամսին մեկնել է իր ծննդավայրը՝ Արթիկի շրջանի Սարատակ գյուղ, որտեղ զրույցներ է ունեցել իր մանկության ընկրներ Սողոմոն Պողոսյանի, Ռուսլան Զատիկյանի, Հրաչյա Թորոսյանի եւ Ռոմիկ Մանուկյանի հետ եւ տրամադրել նրանց ընդունվել «ՀԵՄ» կոչվող գաղտնի կազմակերպությունը:

1980թ. մարտ ամսին Կնյազ Մկրտչյանը եւ Հովհաննես Աղաբաբյանը մեկնել են Սարատակ գյուղ, ծանոացրել են թվարկված անձանց «ՀԵՄ» կազմակերպության կանոնադրության ու ծրագրի հետ, ընդունել են նրանցից երդում եւ այդպես նրանք դարձել են «ՀԵՄ» անդամ:

Կնյազ Մկրտչյանը նշանակել է այդ խմբի ղեկավար Սողոմոն Պողոսյանին, հանձնարարելով նրան հավաքել անդամավճարներ, զբաղվել ազգայնասիրական մակարդակի բարձրացմամբ եւ միջոցներ ձեռնարկել զենք ձեռք բերելու համար:

1980թ. հունվար ամսին Կնյազ Մկրտչյանը Երեւան քաղաքում քննությամբ չպարզված անձից գնել է մեկ հատ «Մոսկվա» մակնիշի գրամեքենա, անսարք վիճակում, այն վերականգնելու  եւ հակասովետական բովանդակությամբ նյութեր բազմացնելու ու տարածելու նպատակով:

Այդ նպատակն  իրականացնելու համար  Կնյազ Մկրտչյանը փորձել  է տեղադրել գրամեքենան Հովհաննես Աղաբաբյանի, Աշոտ Մուսախանյանի եւ Վաչագան Հայրապետյանի սենյակներում, որտեղ նրանք բնակվել են վարձով, սակայն վերջին երեքը չեն համաձայնվել, քանի որ վախեցել են տան տիրոջից, որը նախկինում եղել է միլիցիայի մարմինների աշխատակից:

Դրանից հետո Կնյազ Մկրտչյանը Ռուսլան Զատիկյանի միջոցով փոխադրել է գրամեքենան Սարատակ գյուղ իրենց տուն, որտեղ էլ այն մնացել է անսարք վիճակում մինչեւ Կնյազ Մկրտչյանի ձերբակալվելը:

Իմանալով Կնյազ Մկրտչյանի ձերբակալվելու մասին Ռուսլան Զատիկյանը եւ Հրաչյա Թորոսյանը խմբի գործունեության հետքերը կորցնելու նպատակով վերցրել են գրամեքենան, տարել են գյուղից դուրս եւ գցել են փոքրիկ լճակի մեջ, որտեղ հետագայում քննության ընթացքում հայտնաբերվել են այդ գրամեքենայի մասերը (հ.4 գթ. 76-78):

1979թ.  ամառը ամբ-ներ  Մարզպետ Հարությունյանը  եւ Կնյազ Մկրտչյանը ամբ. Վարդան Հարությունյանի միջոցով Երեւան քաղաքում մտել են հանցավոր կապի մեջ այսպես կոչված «հայ ազգային միություն» (ՀԱՄ) գաղտնի հակասովետական ազգայնական խմբի անդամներ Սմբատ Մելքոնյանի եւ Սուրեն Հակոբյանի հետ բանակցություններ  են վարել գաղտնի խմբերը միավորելու ու համատեղ հակասովետական գործունեություն տանելու նպատակով: Սակայն երկու խմբերի միավորումը տեղի չի ունեցել ծրագրային հարցերում տարաձայնություններ առաջանալու պատճառով:

Ամբ. Կնյազ Մկչտչյանը ձեռնարկել է միջոցներ խմբի համար զենք ձեռք բերելու եւ այն Սովետական իշխանության մարմինների դեմ օգտագործելու նպատակով:

Զենք ձեռք բերելու հնարավորություն նա տվել է Սողոմոն Պողոսյանի խմբին, ոմն Վահագն անունով անձնավորության միջոցով հանձնարարել է Վարդան Հարությունյանին սովետական բանակում ծառայելու ժամանակ ձեռք բերել զենք եւ, բացի այդ անձամբ ինքը Սամվել Եղիազարյանի հետ փորձել է պատրաստել ինքնաշեն ատրճանակ խաղալիք ատրճանակից, սակայն այդ բանը նրան չի հաջողվել:

1979թ. մայիս ամսից խմբի անդամները սիստեմատիկաբար կազմակերպել են հավաքույթներ, որտեղ քննարկել են խմբի հանցավոր գործունեության հետ կապված հարցեր  հավաքված անդամավճարներով գրամեքենա ձեռք բերելու հակասովետական նյութեր բազմացնելու ու տարածելու համար, Սովետական իշխանության մարմինների դեմ օգտագործելու նպատակով զենք գնելու, խումբը նոր անդամներ ընդգրկելու միջոցով ընդլայնելու եւ այլն:

1980թ. ապրիլին Կնյազ Մկրտչյանը գաղտնի խմբի հավաքած անդամավճարներից տվել է 35 ռ. դրամ Սմբատ Մելքոնյանին սեւ գույնի կտոր ձեռք բերելու, դրոշակներ պատրաստելու եւ որպես սգո նշան Երեւան քաղաքի փողոցներում ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը կախելու նպատակով, նրա հանձնարարությոամբ խմբի անդամներ Հովհաննես Աղաբաբյանը, Աշոտ Մուսախանյանը եւ Վաչագան Հայրապետյանը գնված կտորից պատրաստել են 38 հատ դրոշակ, սակայն Կնյազ Մկրտչյանը վախենալով ձերբակալվելուց վերջին պահին արգելել է դրոշակները կախել, այդպիսիք մնացել են տանը եւ առգրավվել են խուզարկության ժամանակ։ (հ. 4 գթ. 223-227)

Խմբի գործունեության ընթացքում ամբաստանյալները տարածել են միմիանց մեջ հակասովետական նյութեր, որոնց մի մասը պատրաստել են իրենք, իսկ մյուս մասը ձեռք են բերել տարբեր աղբյուրներից:

1979թ. Մարզպետ Հարությունյանը եւ Կնյազ Մկրտչյանը գրել եւ տարածել են գաղտնի խմբի անդամների մեջ հակասովետական ազգայնական բովանդակությամբ հոդվածներ,  որոնք սկսվում են «ազգային ազատագրական եւ հայրենասիրական շարժման շարքերը», «Ազգային ազատագրական կազմակերպությունների անվտանգության կանոնները» բառերով եւ այլ հոդվածներ, որոնք պարունակում են Սովետական պետական եւ հասարակական կարգի, ՍՄԿԿ ու Սովետական կառավարության քաղաքականությունը արատավորող զրպարտչական հերյուրանքներ: Այդ հոդվածներում պնդում են, որ ՍՍՀՄ-ում իբր գոյություն ունի ազգային ազատագրական շարժում, սովետական պետությունը ղեկավարվում է «հակամարդկային օրենքներով», «վարում է դեսպոտիզմի եւ մտրակի» քաղաքականություն, կոչ են անում հայ ժողովրդին պայքարել ազատության եւ անկախության համար։ (հ.5 գթ. 58-59, 77-79 , հ. 6 գթ. 114-115,198)

Մնալով իր թշնամական հակասովետական դիրքերին, ամբ. Մարզպետ Հարությունյանը կալանավորվելուց հետո քննչական մեկուսարանում 1980թ. նոյեմբերին պատրաստել   և տարածելու նպատակով պահել է հակասովետական, ազգայնական բովանդակությամբ հոդված, որը սկսվում է «երբ բոլշեւիկները գլուխ բարձրացրին» բառերով, որում զրպատչորեն հաստատվում է, որ բոլշեւիկները իբր հենց սկզբից վաճառել են հայ ժողովրդի շահերը, Սովետական միությունում իբր գոյություն ունի «կոմունիստական բռնապետություն» չկա ազատություն, հայ ժողովուրդը իբր ենթարկվում է հետապնդման։ (հ.5 գթ. 100-101, հ. 6 գթ.200):

Ամբ. Կնյազ Մկրտչյանը պատրաստել, պահել եւ գաղտնի խմբի մեջ տարածել է հակասովետական  ազգայնական բովանդակություն ունեցող ստեղծագործություններ «Ավ. Իսահակյանի նամակները ուղղված Դ կառավարության լիդեր Պարոն նավասարդյանին», «ծիծեռնակաբերդում», «Մայրենի լեզու», «խորդ անուններ», «Չսպիացած վերք», «Որը կմնա», «Ավ. Ահարոնյանի նամակները ուղղված Չիչերինին», «Ազգային իրավունք» եւ այլն:

Թվարկված ստեղծագործությունները բովանդակում են չարամիտ մեղադրանքներ Սովետական պետության եւ հասարակական կարգի, ՍՄԿԿ եւ սովետական պետության քաղաքականության դեմ, պնդելով, որ իբր բոլշեւիկները «վաճառել են ազգային շահը», օգնել են հայ ժողովրդի թշնամիներին եւ «սկսած 1918թ-ից հանդիսացել են հայերի գերեզմանոցը»։ (հ. 5 գթ. 59-62, հ. 6 գթ. 197)

Կնյազ Մկրտչյանը ամբ. Հովհաննես Աղաբաբյանի միջոցով ստացել է Սմբատ Մելքոնյանից «Իմպերիալիզմ» վերնագրով հակասովետական ազգայնական բովանդակություն ունեցող հոդված եւ ծանոթացել է դրա հետ: Նշված հոդվածում թույլ է տրվում թշնամական կշտամբանքներ ՍՄԿԿ-ի ներքին, արտաքին եւ ազգային քաղաքականության նկատմամբ, գովաբանվում է կապիտալիստական կարգերը, իսկ սոցիալիստական հեղափոխությունը համարվում է քրեական հանցագործություն։ (հ. 5 գթ. 12-19, 20-22):

Կնյազ Մկրտչյանը ծանոթացրել է խմբի անդամներին «Ազգային Իրավունք» կոչվող հոդվածի հետ, որը պնդում է, որ Ռուսաստանը բռնապետություն է, իրագործում է ազգերի ռուսացման, իսկ դժվար դեպքերում ուղղակի բնաջնջման քաղաքականություն, Հայաստանը հայտարարվում է Ռուսաստանի գաղութ, սոցիալաիզմը` վերադարձ դեպի ստրկություն։ (հ.5 գթ. 24-30, հ. 6 գթ. 31-62)

Ամբաստանյալ Վարդան Հարությունյանը 1979-80թթ. պատրաստել եւ պահել է տարածելու նպատակով հակասովետական ազգայնական բովանդակության բանաստեղծություններ,   որոնք սկսում են «հայ կոմունիստներին», «իմ աստվածներին», «հիշատակ», «Արդարություն ես երազում, ով մարդ», «Պատգամ իմ ընկերներին», «ես նորից կգամ», «բանաստեղծություն ուղղված «դաշնակցության գաղափարախոսության կրախը» գրքի հեղինակին», «մորթեցիք, մորթեցիք դուք», «Ես կգամ հեթանոս երգերով», «հավատացեք իմ երդմանը, ընկերներ», «եղել է եղեռն ու կռիվ», «հաճախ է սիրտս գոռում ու գոչում», «ինչու դու, հայ ժողովուրդ», «ռուսները տիրեցին մեզ», «ահա ովքեր են մեր եղբայրները», «կանաչ սարերի այն» բառերով, որոնցով պայքարի կոչ է արնում Սովետական իշխանության դեմ, «Անկախության» համար պայքարելու, գովաբանում է ազգայնական գաղափարախոսությունը, Հիտլերին եւ Մուսոլինիին, համարելով նրանց աստվածներ, իսկ ֆաշիստական գերմանիայի հարձակումը Միության վրա արդարացի եւ ուղղված «աշխարհի չարիքի» դեմ, պնդում է, որ հայ կոմունիստները     իբր վաճառել են Հայաստանը թուրքերին, սոցիալիստական հասարակարգում իբր գործում են «կեղծ օրենքներ»։ (հ.5 գթ. 90-94, հ.6 գթ. 201-202)

Բացի այդ ամբ. Վարդան Հարությունյանը արտագրել է «Ազգային ազատագրական կազմակերպությունների անվտանգության կանոնները» վերնագրով հակասովետական բովանդակությամբ վեց հոդվածներ համախոհների մեջ տարածելու նպատակով (հ. 6 գթ. 198):

Ամբ. Սամվել Եղիազարյանը 1979թ. պատրաստել եւ տվել է Աշոտ Մուսախանյանին

«ՀԵՄ» գաղտնի խմբի անդամների մեջ տարածելու նպատակով հակասովետական ազգայնական բովանդակության հոդված, վերնագրված «Մարքսիզմ-Լենինիզմի տեսությունները եւ ընդհանուր նպատակները»։ (հ. 5 գթ. 51-58, հ6. Գթ. 83-143)։

Այդ հոդվածում բովանդակում են թշնամական հարձակումներ մարքս-լենինյան տեսության նկատմամբ, այն համարելով ուտոպիա, որը նպատակ ունի ստրկացնել փոքր ազգերին, գովաբանում է կապիտալիստական ապրելակերպը, չարամտորեն պարսավելով սովետական իրականությունը, Սովետական Ռուսաստանը զրպարտչորեն ներկայացվում է որպես «միջազգային դահիճ»:

Ամբ. Սամվել Եղիազարյանը կալանավորվելուց հետո, մնալով իր հակասովետական հայացքներին, 1980թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին քննչական մեկուսարանում  պատրաստել եւ տարածելու նպատակով պահել է հակասովետական ազգայնական բովանդակության հոդվածներ, որոնք սկսվում են «Ազգի ոգին մի անգամ», «Շիրազ ունենք բիբլիական», «15թ. մեծ եղեռն», «Հայոց քաջեր եւ դուք սիրով», «Մարտական է քարոզը մուհամեդի», «եթե դու հարուստ ես քո լեզվով», «Եւ մեր հեթանոս նախնիները», «Սպիտակ լռություն» բառերով:

Այդ հոդվածները պարունակում են հակասովետական զրպարտչական հերյուրանքներ, իբր ՍՍՀՄ-ում բացակայում է դեմոկրատիա, ազգերի ազատություն եւ հավասարություն, հայ ժողովրդի շահերը ոտնահարվում են, ազգը զրկված է ինքնուրյունությունից, դատապարտված է տարալուծման եւ օգտագործվում է ռուսների կողմից իրենց շահերի համար։ (հ.5 գթ. 85-89, հ 6 գթ.199):

Ամբ. Հովհաննես Աղաբաբյանը 1979թ. Երեւան քաղաքում պատրաստել եւ տարածել է Աշոտ Մուսախանյանի եւ Վաչագան Հայրապետյանի միջոցով հակասովետական ազգայնական բովանդակության բանաստեղծություններ, որոնք սկսվում են «Գորովակով երկիր հայոց», «կռացել է հարվածների տակ», «բազում սմբակների տակ», «Պատգամավոր դարձած» բառերով եւ որոնք պարունակում են Հայաստանի «անկախության»  համար պայքարի կոչ ու զրպարտչական դրույթներ ռուսների կողմից իբր ստրկացնելու ու հարստահարելու մասին։ (հ. 5 գթ. 61-62. հ. 6 գթ. 162-163):

1979թ.  ամռանը Հովհաննես  Աղաբաբյանը հանցավոր  կապի մեջ է մտել մյուս գաղտնի հակասովետական այսպես կոչված «հայ ազգային միություն» խմբի ղեկավար Սմբատ Մելքոնյանի հետ, վերջինիցս ստացել է «իմպերալիզմ» վերնագրով հակասովետական ազգայնական բովանդակության մեքենագրված հոդվածը եւ տարածել է այն, հանձնելով Կնյազ Մկրտչյանին ու գործով վկա Գարեգին Աղաբաբյանին:

1979թ. վերջին եւ 1980թ. սկզբներին Հովհաննես Աղաբաբյանը ստացել է Կնյազ Մկրտչյանից «Ավ. Ահարոնյանի նամակը ուղղված Չիչերինին» եւ «Ազգային իրավունք» վերնագրով հակասովետական բովանդակության հոդվածները: Դրանցից առաջինը Հովհաննես Աղաբաբյանը հանձնել է վկա Աշոտ Մուսախանյանին բազմացնելու եւ տարածելու համար, իսկ երկրորդը պահել է իր մոտ տարածելու նպատակով:

1980թ. մարտ ամսին Հովհաննես Աղաբաբյանը ամբ. Կնյազ Մկրտչյանի հետ միասին ՀՍՍՀ Արթիկի շրջանի Սարատակ գյուղում «ՀԵՄ» գաղտնի խմբի մեջ է ներգրավել գյուղի չորս բնակիչներ Սողոմոն Պողոսյանին, Ռուսլան Զատիկյանին, Հրաչյա Թորոսյանին եւ Ռոմիկ Մանուկյանին, ընդունել է նրանցից երդում, ծանոթացրել է խմբի կանոնադրությանը եւ «Ազգային իրավունք» հոդվածի հետ:

Ամբ. Մարզպետ Հարությունյանը եւ Կնյազ Մկրըչյանը նախաքննության ընթացքում եւ դատական նիստում ընդունել են, որ ունենալով հակասովետական ազգայնական հայցքներ, ստեղծել են «Հայ երիտասարդների միություն» կոչվող խումբ, մշակել են խմբի կանոնադրությունը, ծրագիրը եւ երդման տեքստը, նպատակադրվելով հակասովետական ագիտացիայի միջոցով պայքարել հայկական հողերի վերամիավորման համար,  անջատել հայկական հանրապետությունը ՍՍՀՄ կազմից, ստեղծել «անկախ հայաստան» ինքնուրյուն պետություն դաշնակցական կուսակցության ղեկավարությամբ, առանց կոմունիստական կուսակցության մասնակցության:

Ընդունել են, որ երկուսով միասին ներգրավել են խմբի մեջ Հովհաննես Աղաբաբյանին եւ Գեւորգ Սարգսյանին, վերջինիս հետագայում հեռացրել են խմբից անկարգության պատճառով: Ընդունեցին, որ խումբն անմիջապես ղեկավարել է Կնյազ Մկրտչյանը, իսկ Մարզպետ Հարությունյանը կատարել է խորհրդատուի եւ ընդհանուր ղեկավարի դեր:

Կնյազ Մկրտչյանն ընդունեց, որ դրանից հետո 1979թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ընդգրկել է խմբի մեջ Վարդան Հարությունյանին ու Սամվել Եղիազարյանին, իսկ 1980թ. փետրվար-մարտ ամիսներին Հովհաննես Աղաբաբյանի հետ Արթիկի շրջանի Սարատակ գյուղի բնակիչներ Սողոմոն Պողոսյանին, Ռուսլան Զատիկյանին, Հրաչյա Թորոսյանին եւ Ռոմիկ  Մանուկյանին:

Երկուսն էլ ընդունեցին, որ զբաղվել են հակասովետական ագիտացիայով ու պրոպագանդայով, պատրաստել եւ տարածել են խմբի անդամների մեջ դատավճռի ֆաբուլայում թվարկված հակասովետական նյութերը:

Կնյազ Մկրտչյանն  ընդունեց նաեւ, ու  հակասովետական նյութեր  բազմացնելու նպատակով Երեւան քաղաքում ձեռք է բերել գրամեքենա եւ Սողոմոն Պողոսյանի միջոցով ուղարկել է Սարատակ գյուղ, սակայն մեքենան չեն հասցրել վերանորոգել եւ այդ պատճառով նյութեր չեն տպագրել:

Երկուսն էլ հայտարարեցին, որ ոգով համոզված հակասովետական անձնավորություններ են, գտնում են, որ իրենց պայքարը սովետական կարգերի դեմ բնական է ու արդարացի, այդ պատճառով մեղավոր չեն ճանաչում ու չեն զղջում: (արձ. 51-67, 67- 92, հ. 2 գթ. 112-119, 198-200):

Ամբ. Մարզպետ Հարությունյանը եւ Կնյազ Մկրտչյանը դատական նիստում մեղադրանքից չընդունեցին միայն զենք ձեռք բերելու ցանկությունը: Պատճառաբանեցին, որ նպատակ  չեն ունեցել եւ զենք ձեռք բերելու միջոցներ չեն ձեռնարկել, իսկ Կնյազ Մկրտչյանը պատճառաբանեց, որ որոշ խոսակցություն այդ մասին ունեցել են կատակի ձեւով, բացի այդ, նման թեմայի շուրջ խոսել է միայն ծանրակշիռ տպավորություն թողվելու նպատակով:

Մարզպետ Հարությունյանի եւ Կնյազ Մկրտչյանի այս առարկությունները անհիմն են եւ հերքված են հետեւյալ ապացույցներով`

Ամբ. Վարդան Հարությունյանը մի շարք ցուցմունքներում հայտնել է որ «անկախ հայաստան» ստեղծելու համար խմբի ծրագիրը նախատեսել է երկու ուղի` խաղաղ, այսինքն հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա, եւ ռազմական ուղի, որի համար անհրաժեշտ է եղել ձեռք բերել զենք:

1979թ. աշնանը, երբ իրեն զորակոչում էին սովետական բանակ, ինքը ցանկացել է խուսափել ծառայությունից եւ այդ մասին հայտնել խմբի ղեկավար Կնյազ Մկրտչյանին: Վերջինս որոշոկի պատասխան չի տվել, նույն օրը ծանոթացրել է իրեն ոմն Վահագ անունով անձնավորության հետ, ներկայացնելով նրան որպես «Հեմ»-ի ղեկավարներից մեկին: Վահագն ամբ. Մկրտչյանի ներկայությամբ առաջարկել է չխուսափել ծառայությունից, մեկնել սովետական բանակ եւ հնարավորության դեպքում ձեռք բերել զենք Սովետական իշխանության եւ նրա մարմինների դեմ օգտագործելու համար: Չնայած բանակ մեկնելուց առաջ Վահագն իրեն ասել է, որ բանակում պետք չէ զենք ձեռք բերել, քանի որ վտանգավոր է, այնուամենայնիվ ինքը համարել է, որ ստացել է զենք ձեռք բերելու հանձնարարություն, սակայն բանակում համոզվել է, որ դա կապված  է լուրջ վտանգի հետ եւ նամակով հայտնել է Մարզպետ Հարությունյանին, որ հանձնարարությունը դժվար է կատարել, բայց եթե պատասխան նամակում գրեն, որ հարկավոր է կատարել, ապա ինքը կկատարի: (հ.6 գթ. 264):

Հարցաքննության ժամանակ Վարդան Հարությունյանը բացատրել է, որ նամակի այդ տողերը վերաբերում են զենք ձեռք բերելուն (հ. 1 գթ. 167-170, 171-174, 225-228, 236-238, 250-254):

Ամբ. Հովհաննես Աղաբաբյանը ցուցմունք է տվել, որ Կնյազ Մկրտչյանը խմբի անդամներին հայտնել է, որ հարկավոր է զենք ձեռք բերել ինքնապաշտպանության համար, իսկ անհրաժեշտության դեպքում օգտագործել ՊԱԿ-ի աշխատակիցների դեմ: Կնյազ Մկրտչյանն ասել է նաեւ, որ հավաքած անդամավճարներից կվճարվի 60-70 ռուբլի յուրաքանչյուր--------:

Ամբ. Սամվել  Եղիազարյանը նախաքննության  ընթացքում ցուցմունք է տվել,  որ «ՀԵՄ» խմբի հավաքույթների ժամանակ 4 անգամ քննարկվել է զենք ձեռք բերելու հարցը եւ որոշվել է անդամավճարներից հավաքված գումարով գնել զենք: Բացի այդ, ինքն ու Կնյազ Մկրտչյանը փորձել են խաղալիք ատրճանակից պատրաստել իսկական ատրճանակ: Այդ նպատակով Կնյազ Մկրտչյանը պատրաստել է ատրճանակի երկու թմբուկ (բարաբան) խաղալիք ատրճանակի վրա հարմարացնելու համար:

Նշված երկու թմբուկները եւ խաղալիք ատրճանակը հայտնաբերվել են խուզարկության ժամանակ: (հ. 4 գթ. 229-231):

Դատական  նիստում Սամվել  Եղիազարյանն ընդունեց,  որ իրոք ինքը եւ Կնյազ Մկրտչյանը ցանկացել են խաղալիք ատրճանակից պատրաստել իսկական ատրճանակ, սակայն այդ բանը իրենց չի հաջողվել: (արձ. 38-50):

Վկաներ Մուսախանյանը եւ Հայրապետյանը նույնպես հաստատել են, որ խմբի հավաքույթներին Կնյազ Մկրտչյանը առաջ է քաշել զենք ձեռք բերելու անհրաժեշտության հարցը: Այդ հարցը քննարկվել է եւ բոլորը համաձայնել են Կնյազ Մկրտչյանի հետ:

Վկաներ Սողոմոն Պողոսյանը, Ռուսլան Զատիկյանը, Հրաչյա Թորոսյանը եւ Ռոմիկ Մանուկյանը  նախաքննության ընթացքում հաստատել են, որ Սարատակ գյուղում

գաղտնի խումբ կազմակերպելուց հետո Կնյազ Մկրտչյանը հանձնարարել է իրենց գնել խմբի համար 5-6 հատ ատրճանակ, խոստացել է դրամ բերել այդ նպատակի համար եւ ատրճանակներից մեկը թողնել իրենց: Մի քանի օր անց Կնյազ Մկրտչյանը նորից է եկել Սարատակ գյուղ, բերել է դրամ ատրճանակներ գնելու համար, սակայն իմանալով, որ իրենք ատրճանակներ չեն ճարել, հայտնել է դժգոհություն եւ նախատել է:

Դատական նիստում նշված վկաները հաստատեցին իրենց նախաքննության ցուցմունքները այն տարբերությամբ, որ Սողոմոն Պողոսյանը հայտարարեց, որ իբր չի հիշում   ով է հանձնարարել զենք ձեռք բերել` Կնյազ Մկրտչյանը, թե Հովհաննես Աղաբաբյանը, իսկ Զտիկյանը եւ Թորոսյանը ցուցմունք տվեցին, որ Պողոսյանն է իրենց ասել, ու Կնյազ Մկրտչյանը հանձնարարել է զենք ձեռք բերել «ՀԵՄ» խմբի համար, եւ հաջորդ անգամ գալով Սարատակ այդ նպատակի համար դրամ է բերել: (արձ. 92-105, 105-112, 112-119):

Այն հանգամանքը, որ Կնյազ Մկրտչյանը ցանկություն է ունեցել «ՀԵՄ» խմբի համար զենք ձեռք բերել հաստատեց նաեւ վկա Սմբատ Մելքոնյանը: (արձ. 115-158, հ. 3 գթ. 50-51):

Ամբաստանյալներ Վարդան Հարությունյանը եւ Սամվել Եղիազարյանը նույնպես ընդունեցին, որ ունեցել են եւ այժմ էլ ունեն հակասովետական ազգայնական հայացքներ: Այդ հողի վրա Վարդան Հարությունյանը 26 կոմիսարների այգում ծանոթացել է Մարզպետ  Հարությունյանի ու Կնյազ Մկրտչյանի հետ, իսկ Սամվել Եղիազարյանը Կնյազ Մկրտչյանի հետ, զրույցների ընթացքում մտերմացել եւ համաձայնել են գաղտնի «ՀԵՄ» խումբ ստեղծելու նրանց առաջարկության հետ: Ծանոթացել են «ՀԵՄ» խմբի կանոնադրության ու ծրագրի հետ, տվել են իրենց հավանությունը, ընդունել են երդում եւ մասնակցել են խմբի հավաքույթներին ու գործունեությանը: Բացատրեցին, որ իրոք գրել  են հակասովետական  բովանդակության բանաստեղծություններ  տարածելու նպատակով, խմբի անդամների մեջ տարածել են վերը թվարկված հակասովետական նյութերը, պնդեցին, որ իրենց գործունեությունը, որի նպատակն է Հայկական հանրապետությունը ՍՍՀՄ-ի կազմից դուրս բերել, հայկական հողերը միավորել եւ դաշնակցության   կուսակցության ղեկավարությամբ «անկախ Հայաստան» ինքնուրյուն պետությոն ստեղծել իրավացի է եւ այդ պատճառով իրենց մեղավոր չեն ճանաչում եւ կատարածի համար չեն զղջում, համոզմունքները փոխելու մտադրություն չունեն: (արձ. 19-38, 33-51)

Ամբ. Հոհաննես Աղաբաբյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչեց, ընդունեց, որ ունեցել է հակասովետական ազգայնական հայացքներ, ընդգրկվել է «ՀԵՄ» խմբի մեջ, ընդունել է երդում եւ որպես խմբի անդամ կատարել է դատավճռում նկարագրված հակասովետական գործողությունները: Ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատական նիստերում ընդունել է, որ սխալվել է, կատարվածի համար զղջում է: Բացի այդ, նա օժանդակել է հանցագործության բացահատելուն:

Բացի շարադրվածից ամբաստանյալների մեղքը հաստատված է հետեւյալ ապացույցներով`

Վկաներ Սարգսյանը, Մուսախանյանը եւ Հայրապետյանը ցուցմունք են տվել, որ

«ՀԵՄ» խմբի մեջ իրենց ներգրավել են Մարզպետ Հարությունյանը եւ Կնյազ Մկրտչյանը: Նրանք բացատրել են, որ խմբի նպատակն է միավորել հայկական հողերը, անջատել Հայաստանը ՍՍՀՄ-ի կազմից, ստեղծել «անկախ հայաստան»: Իրենք մասնակցել են խմբի հավաքույթներին, քննարկել են խմբի գործունեության հարցերը, ծանոթացել են ՊԱԿ-ի վերաբերյալ հոդվածների, Ավ. Ահարոնյանի Չիչերինին ուղղված նամակի եւ այլ հակասովետական նյութերի հետ:

Վկաներ Պողոսյանը, Զատիկյանը, Թորոսյանը եւ Մանուկյանը բացատրել են, որ

«ՀԵՄ» գաղտնի խմբի մեջ ընդունվելու իրենց տրամադրել է Կնյազ Մկրտչյանը, իսկ մի քանի օր հետո` 1980թ. մարտ ամսին նա Հովհաննես Աղաբաբյանի հետ միասին եկել են Սարատակ գյուղ եւ ընդգրկել են իրենց խմբի մեջ:

Այդ օրը ծանոթացրել են իրենց «ՀԵՄ»-ի կանոնադրության ու ծրագրի հետ, իրենք ընդունել են երդում, որից հետո ծանոթացել են «Ազգային իրավունք» եւ ՊԱԿ-ի գործունեության մասին հոդվածների հետ, Կնյազ Մկրտչյանից ստացել եւ բերել են գյուղ գրամեքենա նյութեր տպագրելու համար, ստացել են հանձնարարություն ձեռք բերել զենք եւ այլն:

Վկաներ Սմբատ Մելքոնյանը եւ Սուրեն Հակոբյանը հաստատեցին, որ իրենք ստեղծել են «Հայ ազգային միություն» կոչվող հակասովետական խումբը, Վարդան Հարությունյանի    միջոցով կապ են հաստատել «ՀԵՄ» խմբի ղեկավար Մարզպետ Հարությունյանի ու Կնյազ Մկրտչյանի հետ ունեցել են նրանց հետ մի քանի հանդիպումներ եւ բանակցություններ են վարել այդ երկու խմբերը միավորելու ու համատեղ գործելու համար, ծանոթացել են մեկը մյուսի ծրագրի հետ, սակայն ծրագրային հարցերում եղած տարաձայնությունների պատճառով խմբերի միավորում տեղի չի ունեցել:

Մելքոնյանը  հաստատեց, որ  «Իմպերիալիզմ» հոդվածը  տպագրված վիճակում տվել է Հովհաննես Աղաբաբյանին տարածելու համար:

Վկաներ Ժ-ն, Ի-ն բացատրեցին, Մարզպետ Հարությունյանը աշխատանքի վայրում եւ  շրջապատում  արտահայտում էր  դժգոհություն Սովետական  իշխանությունից եւ զրպարտչական հայտարարություններ էր անում կոմունիստների նկատմամաբ, սովետական արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ, «կոչ էր անում պայքարել Հայաստանի «Անկախության» համար»:

Այսպիսով դատական կոլեգիան համարում է, որ ամբաստանյալները կատարել են հանցանք, որը նախատեսված է ՀՍՍՀ քր օր-ի 65 հ. 1-ին մասով եւ 67 հոդվածով:

Ամբ. Հովհաննես Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՍՍՀ քր օրի 213 հ. 1-ին մասով այն բանի համար, որ նա 1976-78թթ.ծառայելով սովետական բանակում իր վաշտի հրամանատար լեյտենանտ Ռենարդ Ենիկեեւի առաջարկությամբ կեղծել է ուրիշ զինծառայողին պատկանող վարորդական իրավունքի վկայականը եւ դրան կից նախազգուշական կտրոնը, դարձնելով այդ փաստաթղթերը Ռ. Ենիկեեւի անունով ու տվել է նրան օգտագործելու համար:

Դատական կոլեգիան գտնում է, որ այս մեղադրանքում Հովհաննես Աղաբաբյանին պետք է արդարացնել հետեւյալ պատճառներով`

Նախ արարքը սխալ է որոկվել ՀՍՍՀ քր. օրի 213 հ. 1-ին մասով, քանի որ այն կատարվել է Ղազախական ՍՍՀ տերիտորիայում, հետեւաբար այն կարող էր որակվել միայն Ղազախական քր. օրի 177-178 հոդվածներով:

Արարքը գնահատելիս հաշվի չի առնվել, որ Հովհաննես Աղաբաբյանը լինելով շարքային զինվոր եւ կախյալ վիճակում փաստորեն կատարել է իր հրամանատարի կարգադրությունը:

Բացի այդ, մեղադրական եզրակացությունում ճիշտ չի նշվել, որ կեղծված վարորդական իրավունքի վկայականն օգտագործվել է Ռ. Ենիկեեւի կողմից:

Գործում այդպիսի տվյալներ չկան, իսկ Ռ Ենիկեեւը իր ցուցմունքում հայտնել է, որ

այդ վկայականը չի օգտագործել: (հ. 4, գթ. 131-132):

Այս պայմաններում Հ. Աղաբաբյանի կողմից վարորդական իրավունքի վկայական կեղծելը ձեւականորեն պարունակում է Ղազախական ՍՍՀ քր. օրի 177-178 հ.հ. հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում եւ հետեւաբար հանցագործություն չի համարվում:

Պատիժ նշանակելիս դատական կոլեգիան հաշվի է առնում յուրաքանչյուր ամբաստանյալի մեղքի աստիճանը եւ այն, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, նրանցից Մարզպետ Հարությունյանը 1978թ. նախազգուշացվել է պետական անվտանգության կոմիտեի կողմից, սակայն չի դադարեցրել իր թշնամական գուծունեությունը:

Հովհաննես Աղաբաբյանը անկեղծորեն զղջացել է կատարածի համար, օժանդակել

է հանցագործության բացահայտելուն:

Դատական նիստի վերջին օրը ամբ. Վարդան Հարությունյանը գրավոր դիմում ներկայացրեց եւ հայտարարեց, որ իր սխալը հասկացել է եւ կատարածի համար զղջում է:

Ղեկավարվելով ՀՍՍՀ քր. դատ. օրի 293-294 հոդվածներով, դատական կոլեգիան

 

                                              Վ Ճ Ռ Ե Ց

 

Ամբաստանյալներ  Մարզպետ Հարությունի  Հարությունյանին, Կնյազ  Մկրտիչի Մկրտչյանին, Վարդան Լյուդվիկի Հարությունյանին, Սամվել Էլիբեկի Եղիազարյանին եւ Հովհաննես Ռաֆայելի Աղաբաբյանին ճանաչել հանցավոր ՀՍՍՀ քր. օրի 65 հոդ. 1-ին մասով եւ քր. օրի 67 հոդվածով, քր. օրի 65 հոդ. 1-ին մասի սանկցիայով նրանց դատապարտել`

1Մարզպետ Հարությունի Հարությունյանին ազատազրկման 7 (յոթ) տարի ժամանակով եւ աքսորի 5 տարի ժամանակով: նկատի ունենալով, որ Մարզպետ Հարությունյանը Երեւան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի ժողդատարանի 1980թ. օգոստոսի 1-ի դատավճռով քր. օրի 229 հոդ 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամանակով (հ. 5 գթ. 5), քր . օրի 37 հ. 3-րդ մասի համակցությամբ կլանման սկզբունքով վերջին հաշվով թողնել կրելու ազատազրկում 7 (յոթ) տարի ժամանակով եւ աքսոր 5 (հինգ) տարի ժամանակով:

Պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1980թ. հունիսի 1-ից:

2Կնյազ Մկրտիչի Մկրտչյանին ազատազրկման 7 (յոթ) տարի ժամանակով եւ աքսորի 5 (հինգ) տարի ժամանակով: նկատի ունենալով, որ Կնյազ Մկրտչյանը Երեւան քաղաքի Շահումյանի շրջժողդատարանի 3/7-80թ. դատավճռով քր. օր. 2071 հ. 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով, քր. օր. 37հ. 3-րդ մասի համակցությամբ կլանման սկզբունքով վերջին հաշվով թողնել կրելու ազատազրկում 7 (յոթ) տարի ժամանակով եւ աքսոր 5 (հինգ) տարի ժամանակով:

Պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1980թ. մայիսի 21-ից:

3Վարդան Լյուդվիկի Հարությունյանին ազատազրկման 5 (հինգ) տարի ժամանակով եւ աքսորի 3 (երեք) տարի ժամանակով:

Պարիժը պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Պատժի սկիզբը հաշվել 1980թ. հունիսի 6-ից:

4Սամվել Էլիբեկի Եղիազարյանին ազատազրկման 4 (չորս) տարի ժամանակով, առանց աքսորի: Նկատի ունենալով, որ Ս. Եղիազարյանը Երեւան քաղաքի Շահումյանի շրջ. 21/11-80թ. դատավճռով քր. օր. 222հ. 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 1 տարի ժամանակով (հ.5 գթ. 7-8), քր. օր 37 հ. 3-րդ մասի համակցությամբ կլանման  սկզբունքով վերջին հաշվով թողնել կրելու ազատազրկում 4 (չորս) տարի ժամանակով առանց աքսորի:

Պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1980թ մայիսի 20-ից:

5Հովհաննես Ռաֆայելի Աղաբաբյանին ազատազրկման 3 (երեք) տարի ժամանակով, առանց աքսորի:

Պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում: Կալանքի սկիզբը հաշվել 1980թ մայիսի 21-ից:

Հովհաննես Ռաֆայելի Աղաբաբյանին առաջադրված ՀՍՍՀ քր. օրի 213 հ. 1-ին մասով նույն քր. օրի 7-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդարացնել հանցակազմի

բացակայության պատճառով:

Գործով իրեղեն ապացույցներ` երկու մետաղյա թմբուկները, սեւ գույնի գործվածքից 38 հատ դրոշակները, քանդված խաղալիք ատրճանակը եւ «Մոսկվա» Մակնիշի գրամեքենայի մասերը ոչնչացնել, 14,5մ. սեւ գույնի գործվածքը հանձնել առեւտրի կազմակերպությանը վաճառքի, իսկ գրավոր հոդվածները եւ բանաստեղծությունները, որոնք գտնվում են գործի 6 եւ 7-րդ հատորներում, թողնել գործում:

Դատավճիռը կարող է գանգատարկվել կամ բողոքարկվել հսկողական կարգով:

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԺՈՂԱՏԵՆԱԿԱԼՆԵՐ` ստորագրություններ

Իսկականի հետ ճիշտ է`

ԳՈՐԾՈՎ ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

28/5-81թ.

Թ. Ս.

Լուսանկարում (ձախից)` Մարզպետ Հարությունյան, Հովհաննես Աղաբաբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter