HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցյալի եւ ապագայի սահմանը

Էլյա Հովհաննիսյանի տունն անմիջապես սահմանի մոտ է։ Հայաստան-Ադրբեջան, կամ Տավուշ-Թովուզ, կամ էլ պարզապես Այգեպար-Ալիբեյլի սահմանի մոտ։ Չնայած հրետանային արկերի թողած ահավոր հետքերին' տունը կարծես լավ անցյալի եւ անորոշ ապագայի խորհրդանիշ լինի։ Շինության չափերը հուշում են, որ տանտերերը հաջողակ աշխատավորներ են եղել։

«Իմ ամուսինը եւ իրա հայրը երկաթի արհեստանոցներ են ունեցել դեռ էն ժամանակ,-ասում է տիկին Էլյան։-Էս դիմացի գյուղը, որ Ալիբեյլի ա կոչվում, ըտեղի բոլոր դարպասներն ու բաքերն իմ ամուսինն ու իրան հայրն են սարքել»։

Էլյայի ամուսնու եւ սկեսրայրի արհեստագործական «բիզնեսը» չի սահմանափակվել միայն հարեւան Ալիբեյլի գյուղով։ «Թովուզ կայարանում էլ (Այգեպարից հեռու է մոտ 20 կմ), ամեն տեղ էլ իրանց շատ լավ իմացել են»,-ասում է ավերակ տան տիրուհին եւ հպարտությամբ պատմում, որ կապերը ոչ միայն գործնական են եղել, այլեւ բարեկամական։

Երկրորդ հարկի պատուհանից նայում ենք։ Տնից մինչեւ հարեւան ադրբեջանական գյուղն ընկած տարածքում ավերակներ են երեւում։

«Այ, էն փլված պատերը տեսնո՞ւմ եք,-հարցնում է տիկին Էլյան,-դա մեր պահածոյի գործարանն էր։ Հիմա միայն պատերն են մնացել»։

Կարմիր կամարներով մի շինություն է ցույց տալիս. «Սա էլ ավտոբուսի կանգառն էր։ Մարդիկ էդտեղից նստում, գնում էին Թովուզ կայարան՝ առեւտուր անելու»։ Ցույց եմ տալիս ավտոկանգառից քիչ հեռու ցցված բետոնե սյուները. «Սա ի՞նչ է»։ «Դա մեր հողը չի, դա արդեն իրանց հողն ա։ Ռեստորան էր ժամանակին, ասենք' խորովածանոց, Վագիֆանոց էր կոչվում»,-ասում է տանտիրուհին ու ժպտում։

Տարիքն առած բոլոր այգեպարցիները ադրբեջանցիեների հետ ունեցած բարիդրացիական հարաբերություններն ընդգծելու համար անպայման պատմում էին Վագիֆանոցի մասին։ Ասում էին, թե սկզբից մի փոքրիկ խորովածանոց էր, հետո կամաց-կամաց մեծանալով' դարձավ երկհարկանի ռեստորան։ «Շատ լավ պատվով էին մեզ ընդունում,-հիշում է Առաքել Անիկյանը։-Միսը, որ դուրներս չգար, նոր անասուն էին մորթում»։ Խորհրդային երկու հանրապետությունները միացնող բանուկ ճանապարհի վրա գործող ռեստորանը հայերի ու ադրբեջանցիների հանդիպման մշտական վայրն է եղել։ «Կռիվ չէ՞ր լինում»,-հարցնում եմ։ «Չէ, ի՞նչ կռիվ,-զարմանում է Առաքել Անիկյանը։-Ասենք, չէ, լինում էր, բայց հյուրասիրելու համար»։

«Ո՞ւր է հիմա Վագիֆը, որեւէ տեղեկություն ունե՞ք»,-հարցիս գրեթե բոլորը պատասխանում են ուսերը թոթվելով։ «Վագիֆը չգիտեմ, բայց նրա հետ աշխատող մի տղա կար, խորոված անողն էր, անունը' Ռաֆիկ, պատերազմի ժամանակ ադրբեջանական ջոկատներն էր ղեկավարում։ Հետո կարծեմ զոհվեց՝ ականի վրա պայթելով»,-ասում է գինու գործարանի տնօրեն Ալբերտ Գրիգորյանը։ Նա հիշում է, որ ինքն ու Ռաֆիկը՝ երբեմնի բարեկամներ, հակամարտող դիրքերում կանգնած զրուցում էին։ «Էս ո՞ւմ համար ենք կռվում, ինչի՞ համար ենք կռվում, արի չկրակենք»,-ասում էին մեկմեկու։

Էլյա Հովհաննիսյանն էլ է հիշում Ռաֆիկին։ Ասում է' լավ արհեստավոր էր, եռակցող, տունը կառուցելիս աշխատել է իրենց մոտ։ «Ի նքը բանակցությունների ժամանակ հարցրել ա մեզանից' ո՞վ կա նրանցից, ովքե՞ր են մնացել։ Նրան ասել են' արա, գիտես, որ նրանց տները սաղ դուք քանդել եք։ Ասել ա' դե ի՞նչ անեմ, իմ մեղքն ի՞նչ ա, ես ձեզանից ավելի շատ եմ ցավում, որ նրանց տները քանդվել ա»,- հիշում է նա։

Կիսավեր այս տան մեջ տիկին Էլյան, կարելի է ասել, մենակ է ապրում։ Ամուսինը մահացել է 1985-ին։ Մի աղջիկ եւ երկու տղա ունի։ Աղջիկն ամուսնացած է։ Տղաներից մեկն ընտանիքով Ռոստովում է բնակվում, իսկ փոքր տղան պայմանագրային ծառայող է՝ տասնչորս օր դիրքերում է լինում։

Միայնակ կինն ամեն օր իր տան պատուհանից տեսնում է Ալիբեյլի գյուղը, որն արդեն տասնվեց տարի հեռավոր արտասահմանում է։ Հարեւան գյուղը նրա մեջ երկակի զգացողություն է առաջացնում՝ հուշեր անցյալի մարդկային, բարեկամական կապերի մասին եւ ահավոր հիշողություններ պատերազմի օրերից։ «Անմիջապես մենք իրանց դիմացն ենք,-ասում է նա։-Ինչքան էլ կռիվ ա եղել, մեր տանը պարտադիր խփել են: Մի անկյուն չունենք, որ տանկի սնարյադ կպած չըլնի: Լրիվ տանկն ա մեր տները քանդել: Տանկը որ խփել ա, անմիջապես էդ սնարյադը ընկել ա, ու եկել ենք տեսել ոչ մի բան չկա»:

Տիկին Էլյայի տունը կարծես կորսված դրախտ լինի։ Արկերից գրեթե ամբողջովին ծակծկված սվաղից ու գետնին թափված փլուզվածքից դատելով' կարելի է եզրակացնել, որ պատերը զարդարված են եղել դրախտային թռչունների ու ծաղիկների պատկերներով։ Իրենց փոքրիկ դրախտը կերտելիս չեն էլ մտածել, որ կարող է այսպիսի աղետ պատահել, որ երբեմնի բարեկամներն ու ընկերները կարող են իրար դեմ դուրս գալ ու պատերազմել։

«Ո՞վ էր մեղավոր» հարցին տիկին Էլյան պատասխանում է հարցով՝ չգիտե՞ք։ «Ոչ հայերն են մեղավոր, ոչ էլ ադրբեջանցիները, եւ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե սա ում մեղքն ա»,-վրդովված ասում է նա։

Երկու տարի Էլյան ապրել է Ռոստովում, տղայի մոտ։ Ասում է, որ ադրբեջանցի հարեւաններ կային, ովքեր նույնպես շատ էին ափսոսում կատարվածի համար. «Նրանք էլ շատ ցավում էին, ասում էին' մենք մեկմեկու հետ հարազատ ենք եղել, մենք իրար հետ ենք ապրել, մեկմեկու հացն ենք կիսել, ինչի՞ համար ըսենց ստացվեց»: Հետո հիշում է Թովուզ կայարանում ապրող իրենց բարեկամներին. «Անունը Մեջիթ էր: Շատ լավ մարդիկ էին, շատ: Մենք շատ լավ դոստեր էինք»։ Տիկին էլյան ասում է, թե մի ծանոթի միջոցով Մեջիթի կինը լուր է ուղարկել. «Ասել ա' ես կուզեմ գամ տեսնեմ իրանց: Ես ձեր հայերից չեմ վախենում, կարամ անցնեմ, բայց մեր ադրբեջանցիներից եմ վախենում, որ թույլ չտան»:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter