
Ֆրանսահայ գործարար Սամվել Պարսեղյանը զբոսաշրջության կենտրոն կառուցելու համար Արդվիում 2 հեկտար հող է գնել
Սամվել Պարսեղյանը փետրվարի 23-ին Վանաձորում կայացած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» տնտեսական ֆորումին ներկայացել է Օձուն համայնքի կազմի մեջ մտնող Արդվի գյուղում զբոսաշրջության կենտրոն կառուցելու բիզնես ծրագրով: Այն արժանացել է ֆորումի մասնակիցների հավանությանը:
Սամվել Պարսեղյանը ծնվել և մեծացել է Երևանում: Զինվորական ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի կինոմատոգրաֆիայի ինստիտուտ, սովորել է Արմեն Ջիգարխանյանի խմբում: Ինստիտուտն ավարտելուց հետո պրոդյուսեր է աշխատել Մոսկվայում և Ֆրանսիայում:
Գործարարն իր ընտանիքով 1989թ.-ից բնակվում է Ֆրանսիայի Պրովանս նահանգի Մալոսեն գյուղում: Ասում է՝ վերջին 8 տարիներին զբաղվել է ռեստորանային բիզնեսով, սակայն այս պահին այդ բիզնեսով չի զբաղվում:
«Ես 2012թ.-ից Ֆրանսիայի Պրովանս նահանգի շատ չքնաղ վայրում՝ Մալոսեն գյուղում ունեմ մեծ հյուրանոց՝ 5 հա զբոսայգով: Զբաղվում եմ ակտիվ տուրիզմով»,- պատմեց գործարարը: «Թավշյա հեղափոխություն»-ից հետո Սամվել Պարսեղյանը վերադարձել է Հայաստան և որոշել է իր լուման ներդնել երկրի տնտեսության զարգացման գործում: Ս. Պարսեղյանի խոսքով՝ դա իր համար անձնական արժանապատվության հարց է:
Իր ներդրումների հարմար գյուղ ընտրելու նպատակով գործարարը շրջել է Լոռու մարզի գրեթե բոլոր գյուղերում: «Եվ Փառք Աստծո գտա Արդվին: Շատ սիրեցի այդ գյուղը և գյուղի մարդկանց»,- ասաց Ս. Պարսեղյանը:
Գործը սկսելու համար գործարարը Ֆրանսիայից հեռախոսով խորհրդատվություն է խնդրել «Լոռի տուրիզմի զարգացման» հիմնադրամի տնօրեն Քրիստինե Երիցյանից:
«Շատ բարդ է Լոռիում հող գնելը: Գիտե՞ք բարդությունն ինչի մեջ է, 1 հա հողը 20-30 մարդու մեջ է բաժանված: Ոչ միայն Արդվիում, նաև ամեն տեղ բաժանված հողը այս վիճակում է»,- պատմեց գործարարը:
Արդվիում հող գնելու համար Քրիստինե Երիցյանը Ս. Պարսեղյանին ներկայացրել է Արդվիի վարչական նախկին ղեկավար Սամվել Կիրակոսյանին: Վերջինս օգնել է Ս. Պարսեղյանին հողը գնելու։ «Քանի որ իմ խնդիրը բիզնեսն է, պետք է հողը գնեմ, որ հողի վրա շինություն կառուցեմ և սկսեմ աշխատել»,- բացատրեց գործարարը: Ծրագրում Սամվել Պարսեղյանին գործընկեր են լինելու եղբոր երկու տղաները՝ Արտեմ և Տիգրան Պարսեղյանները:
«Երկուսն էլ արդեն իրենց գործերի մեջ հաջողակ մարդիկ են: Արտեմը շատ ճանաչված գինեգործ է Հայաստանում, Տիգրանն էլ վեբ մարքետինգով է զբաղված»,- պատմեց նա: Ս. Պարսեղյանը Արդվիում արդեն գնել է 2 հա հող: Մտադիրը գնել ևս 2-3 հա: Գործարարը որոշել է Արդվին դարձնել տուրիստական գյուղ:
Ս. Պարսեղյանը մեզ ներկայացրեց իր բիզնես ծրագրիրը։ «Ուզում եմ գյուղի բոլոր տանիքները սարքել մեկ գույն՝ աղյուսագույն: Նախատեսել եմ ասֆալտապատել Արդվիի փողոցները և վերակառուցել դպրոցը»:
Արդվիի հիմնական դպրոցում 18 աշակերտ է սովորում: Գործարարի գնահատմամբ՝ Արդվին յուրահատուկ գյուղ է 8-12-րդ դարերի կառույց Սուրբ Հովհաննես Օձնեցու վանքով, Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի լեգենդներով՝ այդ թվում «Օձի պորտի» լեգենդով ու բուժիչ աղբյուրով:
Ս. Պարսեղյանը նշեց, որ Արդվիում նկարահանվել են Ս. Փարաջանովի «Նռան գույնը» և Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի մի քանի հատվածներ: Հայ կինոյի երկու հանճարների ֆիլմերը նա որոշել է հայ կինոյի բրենդ ներկայացնել զբոսաշրջության իր գործում:
Ըստ ծրագրի` Արդվիում բացվելու է հուշանվերների խանութ: Խանութ է բացվելու նաև արդվեցիների արտադրած մեղրը, մածունը և մյուս գյուղմթերքները վաճառելու համար:
«Ծրագիր կա տեղի մարդկանց հետ ստեղծել հատապտուղների փոքր արտադրություն, քանի որ Արդվիում հատապտուղների շատ մեծ քանակ կա»,- ասաց Ս. Պարսեղյանը: Այս ամենից զատ` Ս. Պարսեղյանի բիզնես ծրագրով Արդվիում կառուցվելու է հյուրանոց և ռեստորանային համալիր:
«Մեր տուրիստական կենտրոն այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկի վճարած գումարի 5-10 տոկոսը հատկացվելու է գյուղի ֆոնդին: Այն ուղղվելու է Արդվիի զարգացմանը: Եթե Արդվին մենք կարողանանք տուրիստական օրինակելի գյուղ դարձնել, այն կլինի ոչ միայն ակտիվ, այլ կլասիկ տուրիզմի կենտրոն»,- հայտնեց Ս. Պարսեղյանը:
Արդվին 200 բնակիչ, 150 հա վարելահող, 150 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: 150 հա վարելահողից ջրդի է ընդամենը 50 հա-ը:
«Այդ 50 հա-ից էլ մենք ընդամենը մի 5-6 հա հող ենք մշակում: Մնացածը խոտհարք է»,- ասաց Արդվիի վարչական ղեկավար Սամվել Վահրամյանը:
«Իր հետ զրուցելուց հետո ոնց որ երազի մեջ ընկա: Էդ մարդը էդքան բանը, որ ասեց, ես հասկացա, որ դրախտ է ուզում սարքի մեր գյուղը»,- պատմեց Ս. Վահրամյանը: Սամվել Պարսեղյանը 2 հա հող է գնել Արդվիի Դոշի գոմեր հանդամասում: Ս. Վահրամյանի խոսքով` Ս. Պարսեղյանի հետ գյուղում աշխատատեղի ստեղծման խնդիրը դեռ չի քննարկել: Այնպես են խոսել, որ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո Արդվիի երիտասարդները կընդգրկվեն գյուղի զբոսաշրջության կենտրոնի աշխատանքերում:
Սամվել Վահրամյանը կարծում է, որ դա իրենց գյուղի համար քիչ բան չէ: Ս. Պարսեղյանը հողը գնելիս Սամվել Վահրամյանի ներկայությամբ է գյուղացիների հետ քննարկել հողի գինը: Վարչական ղեկավարի խոսքով՝ գյուղացիներից գործարարը 1 հա հողը գնել է 2000 դոլարով: Գնած հողը անջրդի է: «Էս գործում անազնիվ գործարք չկա»,- հայտնեց վարչական ղեկավարը: Արդվեցի Ալվարդ Վահրամյանը իր հողի համար Ս. Պարսեղյանից ավելի թանկ գին է պահանջել:
«Ալվարդի հողում կարգին խոտ էլ չի աճում, բայց ինքը եկել էր թվեր էր կրակում: Մենք շատ մեծ ոգևորությամբ լսում ենք պարոն Պարսեղյանի ծրագրերի մասին, բայց մինչև դրանք իրականացված չտեսնենք, չենք կարող ամեն ինչ երաշխավորել»,- բացատրեց Ս. Վահրամյանը:
Արդվեցի Ռոբերտ Վահրամյանի խոսքով՝ Արդվիում տուրիզմը, որ լինի, էլ իր կովերի կաթը 120 կամ 90 դրամով չի վաճառի։ «Ասենք, մեր պանիրը կգ-ը 1000 դրամով տան դռանը կծախենք, գյուղացուն դա ձեռնտու է: Ջահելությունը գյուղից չի գնա, դպրոցներս չի փակվի: Արդվիիում ընդամենը մի 40 տնտեսություն է: էլի 20 տնտեսությունը կաշխատի, էն մի մասն էլ իրենց անասունով ընտանիքը կպահի: Ես հասկանում եմ, որ մեր գյուղի զարգացման էլ ուրիշ ձև չկա: Եթե կարողանա իմ կարճ խելքով գյուղի տների տանիքները փոխի, էդ էլ մեծ օգնություն կլինի մեզ համար: Երբ գործը սկսի, կմոտենամ իրեն իմ օգնությունը կառաջարկեմ»,- ասաց Ռոբերտը:
Բուժքույր Արմինե Թամազյանը հավատում է Սամվել Պարսեղյանի Արդվին զբոսաշրջության կենտրոն դարձնելու ծրագրին։ «Մենակ իմ մեջ մտավախություն կա՝ մեր գյուղի հանքի հետ կապված: Հանկարծ էնենց մարդ չլինի, գա տուրիզմի քողի տակ գյուղը վերցնի իրեն ձեռքն, ու մեկ էլ հանկարծ տեսնենք, հանքի գործը հիմա էլ ինքը սկսեց շահարկել: Ուրիշ մտավախություն չունեմ»,- ասաց բուժքույրը: Արմինեն իր ընտանիքով 20 կով և 100 գլուխ ոչխար ունի: Ասաց՝ Արդվիում միայն էկոլոգիապես մաքուր կաթնամթերք են արտադրում: Նա բացառեց, որ որևէ արդվեցի իր անասունը անթույլատրելի սննդով կերակրի:
«Արդվի մտնող զբոսաշրջիկը միայն էկոլոգիապես մաքուր սնունդ կարող է ուտել»,- վստահեցրեց բուժքույրը:
Ռաֆիկ Կիրակոսյանը զբաղվում է հյուրատնային բիզնեսով։ «Կառուցվող հյուրանոցը մեր բիզնեսին չի խանգարի: Զբոսաշրջիկներ կան, ովքեր ուզում են ընտանիքի հետ ապրել, նրանց էլ մենք կընդունենք: Մեզ համար կարևորն այն է, որ ներդրողները հանքից հեռու լինեն»,- ավելացրեց Ռ. Կիրակոսյանը:
«Մենք երազել ենք, որ Արդվին դառնա զբոսաշրջության կենտրոն և դրան հասնելու ենք: Մենք հանք բացողների դեմ պայքարել ու պայքարելու ենք»,- ասաց Անդրանիկ Կիրակոսյանը:
Սամվել Պարսեղյանի խոսքով` ծրագրով մաքսիմում խնդիրը Արդվիի զարգացումն է: Այս առումով գործարարն ակնկալում է նաև կառավարության աջակցությունը: «Ես չէի ուզի իմ ներդրումային գումարների մասին առայժմ թիվ հայտնել, բայց դա բավական մեծ է: Բիզնես պլանը արդվեցիներին նախատեսում եմ ներկայացնել մայիսին: Այդ ժամանակ էլ կհրապարակեմ ներդրումային իմ գումարների քանակը»,- հայտնեց Սամվել Պարսեղյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել