HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ գործարար Սամվել Պարսեղյանը զբոսաշրջության կենտրոն կառուցելու համար Արդվիում 2 հեկտար հող է գնել

Սամվել Պարսեղյանը փետրվարի 23-ին Վանաձորում կայացած «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» տնտեսական ֆորումին ներկայացել է Օձուն համայնքի կազմի մեջ մտնող Արդվի գյուղում զբոսաշրջության կենտրոն կառուցելու բիզնես ծրագրով: Այն արժանացել է ֆորումի մասնակիցների հավանությանը:

Սամվել Պարսեղյանը ծնվել և մեծացել է Երևանում: Զինվորական ծառայությունից հետո ընդունվել է Մոսկվայի կինոմատոգրաֆիայի ինստիտուտ, սովորել է Արմեն Ջիգարխանյանի խմբում: Ինստիտուտն ավարտելուց հետո պրոդյուսեր է աշխատել Մոսկվայում և Ֆրանսիայում:

Գործարարն իր ընտանիքով 1989թ.-ից բնակվում է Ֆրանսիայի Պրովանս նահանգի Մալոսեն գյուղում: Ասում է՝ վերջին 8 տարիներին զբաղվել է ռեստորանային բիզնեսով, սակայն այս պահին այդ բիզնեսով չի զբաղվում:

«Ես 2012թ.-ից Ֆրանսիայի Պրովանս նահանգի շատ չքնաղ վայրում՝ Մալոսեն գյուղում ունեմ մեծ հյուրանոց՝ 5 հա զբոսայգով: Զբաղվում եմ ակտիվ տուրիզմով»,- պատմեց գործարարը: «Թավշյա հեղափոխություն»-ից հետո Սամվել Պարսեղյանը վերադարձել է Հայաստան և որոշել է իր լուման ներդնել երկրի տնտեսության զարգացման գործում: Ս. Պարսեղյանի խոսքով՝ դա իր համար անձնական արժանապատվության հարց է:

Իր ներդրումների հարմար գյուղ ընտրելու նպատակով գործարարը շրջել է Լոռու մարզի գրեթե բոլոր գյուղերում: «Եվ Փառք Աստծո գտա Արդվին: Շատ սիրեցի այդ գյուղը և գյուղի մարդկանց»,- ասաց Ս. Պարսեղյանը:

Գործը սկսելու համար գործարարը Ֆրանսիայից հեռախոսով խորհրդատվություն է խնդրել «Լոռի տուրիզմի զարգացման» հիմնադրամի տնօրեն Քրիստինե Երիցյանից:

«Շատ բարդ է Լոռիում հող գնելը: Գիտե՞ք բարդությունն ինչի մեջ է, 1 հա հողը 20-30 մարդու մեջ է բաժանված: Ոչ միայն Արդվիում, նաև ամեն տեղ բաժանված հողը այս վիճակում է»,- պատմեց գործարարը:

Արդվիում հող գնելու համար Քրիստինե Երիցյանը Ս. Պարսեղյանին ներկայացրել է Արդվիի վարչական նախկին ղեկավար Սամվել Կիրակոսյանին: Վերջինս օգնել է Ս. Պարսեղյանին հողը գնելու։ «Քանի որ իմ խնդիրը բիզնեսն է, պետք է հողը գնեմ, որ հողի վրա շինություն կառուցեմ և սկսեմ աշխատել»,- բացատրեց գործարարը: Ծրագրում Սամվել Պարսեղյանին գործընկեր են լինելու եղբոր երկու տղաները՝ Արտեմ և Տիգրան Պարսեղյանները:

«Երկուսն էլ արդեն իրենց գործերի մեջ հաջողակ մարդիկ են: Արտեմը շատ ճանաչված գինեգործ է Հայաստանում, Տիգրանն էլ վեբ մարքետինգով է զբաղված»,- պատմեց նա: Ս. Պարսեղյանը Արդվիում արդեն գնել է 2 հա հող: Մտադիրը գնել ևս 2-3 հա: Գործարարը որոշել է Արդվին դարձնել տուրիստական գյուղ:

Ս. Պարսեղյանը մեզ ներկայացրեց իր բիզնես ծրագրիրը։ «Ուզում եմ գյուղի բոլոր տանիքները սարքել մեկ գույն՝ աղյուսագույն: Նախատեսել եմ ասֆալտապատել Արդվիի փողոցները և վերակառուցել դպրոցը»:

Արդվիի հիմնական դպրոցում 18 աշակերտ է սովորում: Գործարարի գնահատմամբ՝ Արդվին յուրահատուկ գյուղ է 8-12-րդ դարերի կառույց Սուրբ Հովհաննես Օձնեցու վանքով, Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի լեգենդներով՝ այդ թվում «Օձի պորտի» լեգենդով ու բուժիչ աղբյուրով:

Ս. Պարսեղյանը նշեց, որ Արդվիում նկարահանվել են Ս. Փարաջանովի «Նռան գույնը» և Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի մի քանի հատվածներ: Հայ կինոյի երկու հանճարների ֆիլմերը նա որոշել է հայ կինոյի բրենդ ներկայացնել զբոսաշրջության իր գործում:

Ըստ ծրագրի` Արդվիում բացվելու է հուշանվերների խանութ: Խանութ է բացվելու նաև արդվեցիների արտադրած մեղրը, մածունը և մյուս գյուղմթերքները վաճառելու համար:

«Ծրագիր կա տեղի մարդկանց հետ ստեղծել հատապտուղների փոքր արտադրություն, քանի որ Արդվիում հատապտուղների շատ մեծ քանակ կա»,- ասաց ՍՊարսեղյանըԱյս ամենից զատ` Ս. Պարսեղյանի բիզնես ծրագրով Արդվիում կառուցվելու է հյուրանոց և ռեստորանային համալիր:

«Մեր տուրիստական կենտրոն այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկի վճարած գումարի 5-10 տոկոսը հատկացվելու է գյուղի ֆոնդին: Այն ուղղվելու է Արդվիի զարգացմանը: Եթե Արդվին մենք կարողանանք տուրիստական օրինակելի գյուղ դարձնել, այն կլինի ոչ միայն ակտիվ, այլ կլասիկ տուրիզմի կենտրոն»,- հայտնեց Ս. Պարսեղյանը:

Արդվին 200 բնակիչ, 150 հա վարելահող, 150 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: 150 հա վարելահողից ջրդի է ընդամենը 50 հա-ը:

«Այդ 50 հա-ից էլ մենք ընդամենը մի 5-6 հա հող ենք մշակում: Մնացածը խոտհարք է»,- ասաց Արդվիի վարչական ղեկավար Սամվել Վահրամյանը:

«Իր հետ զրուցելուց հետո ոնց որ երազի մեջ ընկա: Էդ մարդը էդքան բանը, որ ասեց, ես հասկացա, որ դրախտ է ուզում սարքի մեր գյուղը»,- պատմեց Ս. Վահրամյանը: Սամվել Պարսեղյանը 2 հա հող է գնել Արդվիի Դոշի գոմեր հանդամասում: Ս. Վահրամյանի խոսքով` Ս. Պարսեղյանի հետ գյուղում աշխատատեղի ստեղծման խնդիրը դեռ չի քննարկել: Այնպես են խոսել, որ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո Արդվիի երիտասարդները կընդգրկվեն գյուղի զբոսաշրջության կենտրոնի աշխատանքերում:

Սամվել Վահրամյանը կարծում է, որ դա իրենց գյուղի համար քիչ բան չէ: Ս. Պարսեղյանը հողը գնելիս Սամվել Վահրամյանի ներկայությամբ է գյուղացիների հետ քննարկել հողի գինը: Վարչական ղեկավարի խոսքով՝ գյուղացիներից գործարարը 1 հա հողը գնել է 2000 դոլարով: Գնած հողը անջրդի է: «Էս գործում անազնիվ գործարք չկա»,- հայտնեց վարչական ղեկավարը: Արդվեցի Ալվարդ Վահրամյանը իր հողի համար Ս. Պարսեղյանից ավելի թանկ գին է պահանջել:

«Ալվարդի հողում կարգին խոտ էլ չի աճում, բայց ինքը եկել էր թվեր էր կրակում: Մենք շատ մեծ ոգևորությամբ լսում ենք պարոն Պարսեղյանի ծրագրերի մասին, բայց մինչև դրանք իրականացված չտեսնենք, չենք կարող ամեն ինչ երաշխավորել»,- բացատրեց Ս. Վահրամյանը:

Արդվեցի Ռոբերտ Վահրամյանի խոսքով՝ Արդվիում տուրիզմը, որ լինի, էլ իր կովերի կաթը 120 կամ 90 դրամով չի վաճառի։ «Ասենք, մեր պանիրը կգ-ը 1000 դրամով տան դռանը կծախենք, գյուղացուն դա ձեռնտու է: Ջահելությունը գյուղից չի գնա, դպրոցներս չի փակվի: Արդվիիում ընդամենը մի 40 տնտեսություն է: էլի 20 տնտեսությունը կաշխատի, էն մի մասն էլ իրենց անասունով ընտանիքը կպահի: Ես հասկանում եմ, որ մեր գյուղի զարգացման էլ ուրիշ ձև չկա: Եթե կարողանա իմ կարճ խելքով գյուղի տների տանիքները փոխի, էդ էլ մեծ օգնություն կլինի մեզ համար: Երբ գործը սկսի, կմոտենամ իրեն իմ օգնությունը կառաջարկեմ»,- ասաց Ռոբերտը:

Բուժքույր Արմինե Թամազյանը հավատում է Սամվել Պարսեղյանի Արդվին զբոսաշրջության կենտրոն դարձնելու ծրագրին։ «Մենակ իմ մեջ մտավախություն կա՝ մեր գյուղի հանքի հետ կապված: Հանկարծ էնենց մարդ չլինի, գա տուրիզմի քողի տակ գյուղը վերցնի իրեն ձեռքն, ու մեկ էլ հանկարծ տեսնենք, հանքի գործը հիմա էլ ինքը սկսեց շահարկել: Ուրիշ մտավախություն չունեմ»,- ասաց բուժքույրը: Արմինեն իր ընտանիքով 20 կով և 100 գլուխ ոչխար ունի: Ասաց՝ Արդվիում միայն էկոլոգիապես մաքուր կաթնամթերք են արտադրում: Նա բացառեց, որ որևէ արդվեցի իր անասունը անթույլատրելի սննդով կերակրի:

«Արդվի մտնող զբոսաշրջիկը միայն էկոլոգիապես մաքուր սնունդ կարող է ուտել»,- վստահեցրեց բուժքույրը:

Ռաֆիկ Կիրակոսյանը զբաղվում է հյուրատնային բիզնեսով։ «Կառուցվող հյուրանոցը մեր բիզնեսին չի խանգարի: Զբոսաշրջիկներ կան, ովքեր ուզում են ընտանիքի հետ ապրել, նրանց էլ մենք կընդունենք: Մեզ համար կարևորն այն է, որ ներդրողները հանքից հեռու լինեն»,- ավելացրեց Ռ. Կիրակոսյանը:

«Մենք երազել ենք, որ Արդվին դառնա զբոսաշրջության կենտրոն և դրան հասնելու ենք: Մենք հանք բացողների դեմ պայքարել ու պայքարելու ենք»,- ասաց Անդրանիկ Կիրակոսյանը:

Սամվել Պարսեղյանի խոսքով` ծրագրով մաքսիմում խնդիրը Արդվիի զարգացումն է: Այս առումով գործարարն ակնկալում է նաև կառավարության աջակցությունը: «Ես չէի ուզի իմ ներդրումային գումարների մասին առայժմ թիվ հայտնել, բայց դա բավական մեծ է: Բիզնես պլանը արդվեցիներին նախատեսում եմ ներկայացնել մայիսին: Այդ ժամանակ էլ կհրապարակեմ ներդրումային իմ գումարների քանակը»,- հայտնեց Սամվել Պարսեղյանը:

Մեկնաբանություններ (3)

Գէորգ Գալայճեան
Որ խնդրեմ կրնաք ձեր եթերացանցի լրատուատուական յօդուածները լրիւ սեւ գոյնով գրեք: 1- Իմ աջքին աւելի հեշտ է լրիւ սեւ տարերը կարդալ քան թէ կիսամելան համարեա մոխրագոյն գիրերը: 2- Եթերացանցով լման սեւ տարերով գրելով աւելի մելան վատնելու մտահոգութիւն չունեք: 3- Շնորհակալութիւն ուշադրութեան համար:
Ռուսլան Անտոնյան
Ընտիր նախաձեռնություն է, ողջունում եմ ։ Պատրաստակամ եմ աջակցել հատապտղի վերամշակության գործընթացին։
Վաչե
Մասնագիտության բերումով տեղյակ եմ Լոռվա բնության առանձնահատկություններին , պատմա֊ճարտարապետական գանձերին և համոզված եմ, որ Արդվի գյուղը համապատասխան ներդրումներից հետո կարող է դառնալ ժամանակակից զբոսաշրջության իսկական կենտրոն ։ՀՀ կենտրոնական և մարզային իշխանությունները պետք է ստեղծեն բոլոր պայմանները, որպեսզի մեր հայրենակից գործարարը կյանքի կոչի իր բոլոր ծրագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter