HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Դանիել անունով լրագրողը՝ դժոխքի եւ դրախտի «խաչմերուկում»․ լույս է տեսել Նարինե Կռոյանի վեպը

Մարտի 14-ին Ազգային գրադարանի փոքր դահլիճում տեղի ունեցավ արձակագիր, «ԱՐԻ» գրական գործակալության գրող Նարինե Կռոյանի «Դանիելի գիրքը» վեպի շնորհանդեսը։

Վեպը պատմություն է 34-ամյա լրագրողի մասին, ով, ավտովթարի զոհ դառնալով, «հայտնվում» է դժոխքի ու դրախտի խաչմերուկում՝ առերեսվելով իր պահապան հրեշտակին՝ Սամուելին։ Այստեղ է որոշվելու Դանիելի ճակատագիրըստեղծված իրավիճակում հրեշտակի եւ մարդու հարաբերությունները զարգանում են անսպասելի։ Տեղի ունեցածի հետեւանքային իրավիճակը ներկայացված է հումորային երկխոսությունների, «երկնային» ճամփորդության, թռիչքի հնարավորության եւ անհնարինության տատանումների միջեւ։

«Դանիելի գիրքը» Նարինե Կռոյանի առաջին վեպն է մինչ այդ լույս են տեսել հեղինակի հեքիաթների ժողովածուն (2010), «Ճարճատուկի ծաղիկը» պատմվածքների եւ վիպակների ժողովածուն (2011), «Շների համաստեղությունը» վիպակը (2012), «Ցեցի դեղը» պատմվածքների ժողովածուն (2014), «Դառնածիններ» վիպակների եւ պատմվածքների ժողովածուն (2014), «Ուխուգլոռան» վիպակը (2018):

Նարինե Կռոյանը ծնվել է Կիրավոկանում (Վանաձորում), որտեղ եւ շարունակում է ապրել ու ստեղծագործել։ Տնտեսագիտության թեկնածու է, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։ 2012 թվականից ՀԳՄ անդամ է, ԱՐԻ գրական գործակալության գրող։

Հատվածներ «Դանիելի գիրքը» վեպից

Ներսում ավելի ու ավելի մեծացող դատարկությունը հսկայական մագնիսի նման քաշում, կլանում էր ամեն ինչ, որ դեռ կար, դեռ փորձում էր դիմակայել չգոյությանը։ Մտածեց, որ իր նախկին պատկերացումները դժոխքի եւ դրախտի մասին պարզապես կոմիքսների մանկական գրքերից ինչ-որ գունավոր կամ անգույն պատկերներ էին։

Հասկացավ, որ իրականում ոչ ոք իրենից բացի չի կարող իր համար դրախտ, իսկ ավելի ստույգ՝ միայն դժոխք արարել՝ մոգոնելով ամենադաժան պատիժներն ու ի կատար ածել դրանք։ Լինել դահիճ եւ զոհ միաժամանակ։ Ահա եւ դժոխքը։

***

Հրեշտակը տխուր էր: Նա ցուցամատը ներքեւ պարզեց ու ասաց.

- Տեսնու՞մ ես այն բռնկումը:

- Տեսնում եմ:

- Կավը Մոսուլում Դանիել մարգարեի գերեզմանն է պայթեցնում, - հրեշտակը ծանր դադար տվեց, ապա շարունակեց,- Քո կավն ուրիշ է: Կավից միայն հոլեմներ չեն ծնվում:
Մարդը ձգեց դադարը.

- Իսկ մի՞թե հոլեմները միայն կավից են լինում:

- Ուզում ես ասել, որ լույսն էլ է ուրիշ լինու՞մ,- հակադարձեց զորավորն ու գրկելով մարդու դյուրաբեկ ուսերը` շարունակեց:- Իսկ քա՞րը, որ փշրեց կավի ու երկաթի այդ շաղախը…
Մարդը գլուխը հենեց հրեշտակին.

- Չգիտեմ՝ Դանիել մարգարեի գրքում ինչով էին շաղախել, բայց ես կարծես գիտեմ, արդեն հասկացել եմ …

- Որ սիրով շաղախածը փշրել չի լինի՞, թեկուզ մեկը լինի երկաթ, մյուսը՝ կավ: Պաթետիկ է հնչում, չէ՞:- Լրացրեց հրեշտակը, ապա նայելով մարդու աչքերի մեջ`շարունակեց:- Իսկ գուցե ես պարզապես ուզում էի մեռնել, խաղաղություն էի ուզում, ու սերս էլ սեր չէր․․․ Եսասիրություն էր․․․

***

Մատները շոշափեցին նաեւ մոռացված ծխախոտի տուփն, ու զարմացավ. որքա՜ն ժամանակ է ծխելու ցանկություն չի ունեցել: Մտաբերեց Սամուելի խոսքերը՝ «Բնազդներդ, որպես հիշողություն, դեռ որոշ ժամանակ քեզ հետ կլինեն»:
Բնազդենրն ու ռեֆլեքսները, իսկ ապրողի լեզվով՝ զգացմունքները, կրքերը, սովորությունները սկսում էին լքել իրեն, դադարում էին նույնիսկ հիշողություն լինել:

Հեռանում էին աննկատ, անհետ, ասես չէին եղել: Մահը միայն պատի ու ավտոմեքենայի արանքում ճզմվելու եւ կենդանի մատերիայից անկենդանի վերածվելու պրիմիտիվ փոխակերպումը չէր, այն ավելի դաժան էր, այն զրկում էր գլխավորից՝ հիշողությունից՝ կորստի դառնության ու առաջին համբույրի քաղցրության, անիմաստ տղայական ծեծկռտուքների ցավի ու անպատճառ, թեթեւսոլիկ ծիծաղների … Եվ մի օր էլ մոռանում ես, որ եղել ես:

Սկսել է մոռանալ, արդեն մոռանում է, ուրեմն՝ շարունակում է մեռնել.
- Եթե կա ապրելու ժամանակ, եթե կյանքը տևողություն ունի, ուրեմն՝ մահը եւս տևական է, եւ մեռնելը, փաստորեն, միայն կյանքից հեռանալու պահը չէ: 
Դեռ որքա՞ն է մեռնելու…

 

Հետգրություն։ Գրքի հրատարակությունը՝ «Մագաղաթ» տպագրատուն, խմբագիր՝ Խորեն Գասպարյան, կազմի ձեւավորումը՝ Զարուհի Մկրտչյանի, գեղարվեստական խմբագիր՝ Դավիթ Հակոբյան։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter