HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Վահան Շիրխանյան. «Լավագույն, ամենաազնիվ տղաները գնում էին առջեւից, եւ նրանք զոհվեցին»

- Արկադի Տեր-Թադեւոսյանն ասում է, որ, անշուշտ, Հայաստանը տեղյակ էր Շուշիի ազատագրման նախապատրաստությանը, սակայն պնդում է, որ Երեւանում չէին հավատում, որ հնարավոր է նման քանակի զինվորներով, զենք-զինամթերքով ազատագրել քաղաքը: Նա պնդում է, որ անգամ Վազգեն Սարգսյանը չէր հավատում:

- Հակառակը: Իհարկե, Արկադիի աշխատանքը Շուշիի պարագայում, եւ ոչ միայն Շուշիի, եղել է գերազանց: Խնդիրը պատերազմում հաղթանակելն էր: Սրան ձգտում եւ հավատում էինք բոլորս, եւ առաջին հերթին՝ Վազգենը: Իսկ հաղթանակել առանց Շուշիի ազատագրման ուղղակի հնարավոր չէր: Օպերացիայի մշակմանը եւ իրականացմանը մասնակցել են հայ զինվորականներից լավագույնները: Ճիշտ է նաեւ, որ Ղարաբաղի բանակն է ազատագրել Շուշին: Այդ օրերին ես գիշերում էի աշխատասենյակում, իրավիճակը չափազանց լարված էր: Հիշում եմ՝ Վազգեն Սարգսյանը ինձ վաղ առավոտյան զանգահարեց եւ ասաց՝ շնորհավոր, Շուշին ազատագրվեց: Արցախը չէր կարող ազատագրվել, եթե չազատագրվեր Շուշին, Արցախը չէր կարող գոյատեւել, եթե չազատագրվեր Լաչինը: Սրանք աքսիոմատիկ ճշմարտություն են, եւ պատերազմող հայը, չհավատալով հաղթանակին, չէր գնա զոհվելու: Այսօր էլ ունենք մի կարեւորագույն աքսիոմատիկ ճշմարտություն' պահպանել ազատագրված Արցախը, քանի որ նրա կորուստը հանդիսանալու է Հայաստանը կորցնելու սկիզբ:

- Ճի՞շտ են այն պնդումները, որ Շուշիի ազատագրումից հետո ԳԽ փակ լսումների ընթացքում որոշ պատգամավորներ դատապարտել են Շուշիի ազատագրումը: Երբեմն գրվում է, թե Շուշիի ազատագրումն անակնկալ է եղել Հայաստանի առաջին նախագահի համար:

- Երբ Վազգեն Սարգսյանը բարձրացավ Գերագույն խորհրդի ամբիոն եւ հայտարարեց, որ Շուշին ազատագրված է, ամբողջ դահլիճը ոտքի վրա երկար ծափահարում էր, ոգեւորությունը բոլորինն էր՝ կոմունիստներ, ՀՀՇ: Նման բան, որ քննադատեին այդ գործողությունը, հաղթանակը, չի եղել: Կարող է եղած լինեն կուլիսների ետեւում, ինչ-որ խմբի ներսում քննարկվել է քաղաքական հեռանկարի առումով, այն էլ՝ սահմանափակ: Իսկ ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա կարող եմ հաստատել, որ նա պատերազմող երկրի նախագահ էր բառիս ամենալայն իմաստով: Այդ ժամանակ ես Հատուկ ծրագրերի պետական վարչության պետ էի, եւ իմ խնդիրը Հայաստան-Ղարաբաղ ինտեգրացման ապահովումն էր: Ես մանրամասնորեն տեղյակ եմ Հայաստան-Արցախ փոխհարաբերությունների զարգացմանը այն 7 ամիսներին, որ զբաղեցրել եմ այդ պաշտոնը՝ 1992թ. հունվարից մինչեւ հուլիս՝ Շուշիի ազատագրումը, Լաչինի ճանապարհի բացումը, Հայաստան- Ղարաբաղ ընդհանուր սահմանի ստեղծումը:

- 1992թ. ղարաբաղյան ուժերն ազատագրում են Շուշին, բացում Լաչինի մարդասիրական միջանցքը, սակայն կարճ ժամանակ անց սկսվում է ձախորդությունների շրջանը՝ ԼՂ տարածքի մոտ կեսն անցնում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ: Որո՞նք էին այս պարտության պատճառները:

- Երկու հիմնական պատճառ կար: Առաջին՝ ինչքան մենք զգուշացանք, պարտավորվեցինք, որ էյֆորիայի մեջ չենք ընկնելու Շուշիից հետո, համենայնդեպս ընկանք էյֆորիայի մեջ, եղավ ինքնահանգստացման մի կարճ փուլ: Մենք Լաչինի միջանցքը գրեթե կորցնում էինք, դա 1992թ. օգոստոսն էր, ինչն արդեն վտանգում էր Ղարաբաղի գոյությունն ընդհանրապես: Եվ միայն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների լրջագույն աշխատանքը փրկեց Լաչինի միջանցքը: Երկրորդ՝ ադրբեջանցիները կարողացան ստեղծել անհրաժեշտ պայմաններ, համաձայնության եկան ռուսական չորրորդ բանակի հետ, եւ բանակը սկսեց իրենց օգնել ավելի ակտիվ, ավելի գործնական: Օրինակ՝ Լաչինի միջանցքում մեր դեմ կռվում էր չորրորդ բանակը: Վճարել էին, ԽՍՀՄ-ը փլուզվել էր, ամենուր անարխիա էր, հրամանատարությունը որոշել էր փող աշխատել եւ աշխատում էր: Այսինքն՝ կար պարտության երկու պատճառ՝ էյֆորիա եւ խորհրդային բանակի ներգրավում պատերազմական գործողություններին Ադրբեջանի կողմից:

- Երբ չորրորդ բանակը հանձնվում էր Ադրբեջանին, Հայաստանում տեղակայված յոթերորդ բանակի հետ ի՞նչ էր կատարվում:

- Յոթերորդ բանակի ունեցվածքը Հայաստանին փոխանցելու հարցով մասնակցել եմ բանակցային գործընթացին, դիրեկտիվի ստորագրմանը: Դիրեկտիվը ստորագրեց Գրաչովը 1992թ. մայիսին, բավականին դժվարությամբ: Ադրբեջանն այդ ժամանակ արդեն ուղղակի զավթել էր զենքը, զինամթերքը եւ ռազմական տեխնիկան: Մինչեւ դիրեկտիվի ստորագրումը հարաբերությունները խիստ լարված եւ նույնիսկ թշնամական էին: Նրանք փորձում էին Հայաստանից զենքը, զինամթերքը եւ տեխնիկան դուրս հանել' շրջանցելով նախագահի՝ պատկան մարմիններին տեղյակ պահելու մասին հրամանագիրը: Տեղի ունեցան երկու լուրջ ընդհարումներ մարդկային կորուստներով' Գյումրիում եւ Էրեբունի օդանավակայանում: Ներքին պայմանավորվածությունով շատ փոքր քանակությամբ ռազմական տեխնիկա, զինամթերք տրվել էր նաեւ Հայաստանին: Իսկ դիրեկտիվի ստորագրումից հետո մենք վերցրինք Ռուսաստանի երեք դիվիզիաներից երկուսի ունեցվածքը՝ մեկը թողնելով նրանց, եւ դա դարձավ հիմք Գյումրիի 102-րդ ռազմակայանի ձեւավորման համար: Բացի այդ, հաղթանակների շնորհիվ ղարաբաղյան կողմը ռազմական ավար էր ձեռք բերել նաեւ ադրբեջանցիներից: Իհարկե, օդուժի առումով միշտ զիջել ենք նրանց, որովհետեւ Հայաստանում օդուժ չի եղել, իսկ Ադրբեջանն ուներ երկու շատ լավ ռազմական օդակայան բազմաթիվ ինքնաթիռներով: Ընդհանուր առմամբ, զենքի պաշարներն Ադրբեջանում 4-4.5 անգամ ավել էին Հայաստանի պաշարներից, քանի որ Ադրբեջանը ԽՍՀՄ-ում դիտարկվում էր որպես ռազմաճակատային տարածք, իսկ Հայաստանը՝ բանակային: Հսկայական պահեստներ կային Ադրբեջանում, ինչը մենք չունեինք:

Մեր հաջողությունը որտեղի՞ց էր գալիս: Դեռ 1991թ. կոմիտեն սկսեց փնտրել հայ սպաներ խորհրդային բանակում եւ նրանց հրավիրել Հայաստան: Կառավարության որոշում կայացվեց նրանց համար արտոնություններ սահմանելու մասին՝ բնակարան, բարձր աշխատավարձ: Եվ եկան: Առաջին սպաները, 15-17 գեներալներ, գնդապետներ, նրանք սկսեցին հրավիրել իրենց ծանոթներին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարին Հայաստանի պաշտպանության կոմիտեն նամակ հղեց՝ խնդրելով հայ սպաներին գործուղել Հայաստան: Արդյունքը մեծ չէր, բայց ոչ զրոյական: Մենք կարողացանք ազատամարտիկին կապել մասնագետի, պրոֆեսիոնալի հետ, ինչը Ադրբեջանը երկար ժամանակ չէր կարողանում:

- Ադրբեջանական, երբեմն նաեւ հայկական կողմից պնդումները, թե մենք պատերազմում հաղթել ենք ռուսական զենքով, առասպե՞լ է:

- Դեռ Հիտլերն է ասել, որ սուտը պետք է լինի մեծ եւ մշտապես կրկնվող: Այս դեպքում դա ստանում է գրեթե ճշմարտության տեսք: 1989-1993թթ. Հայաստանի եւ Արցախի վրա հարձակումներն իրականացվել են Խորհրդային բանակի լրջագույն մասնակցությամբ: Մենք կարողացանք արտասահմանից զենքի գոնե առաջին անհրաժեշտության պահանջարկն ապահովել: Եւ միայն 1992թ. հունիսից հայկական բանակն առանց կողոպտելու, գողանալու ստացավ սպառազինության իրեն հասանելիք բաժինը ԽՍՀՄ-ից: Բացի այդ, Հայաստանը, անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ, սկսեց ստեղծել սեփական ռազմա-արդյունաբերական համալիրը, եւ 1992-ին մենք արդեն արտադրում էինք հրազենի եւ զինամթերքի որոշակի տեսականի:

- Բացի Ձեր նշած մեկ կարեւոր գործոնից, էլ ի՞նչ գործոններ կային, որ ստիպեցին հային չպարտվել պատերազմում:

- Հոգեւոր վերելքը: Մենք մեր հողն էինք պաշտպանում, մենք մեր հողն էինք ազատագրում, ադրբեջանցին գիտեր, որ դա իր հողը չէ: Հայ զինվորը գիտեր, որ ազատագրում է իր հողը, վրեժ է լուծում 1915թ., նախորդ հայկական ջարդերի համար: Եթե չլիներ ամբողջ ազգի հոգեւոր վերելքը, ինչքան էլ զենք ունենայինք, ինչքան էլ կազմակերպված լինեինք, հաղթել չէինք կարող: Պատերազմը իր ուսերին տարել եւ հաղթել է ժողովուրդը, հայ ժողովուրդը: Սա է եղել մեր հաղթանակի աղբյուրը, ժողովուրդը հավատում էր, որ իր հողն է ազատագրում: Սրան գումարվել է նաեւ, իհարկե, կազմակերպչական լուրջ աշխատանքը: Բայց ոգին է խաղացել հիմնական դերը:

- Որո՞նք էին Քելբաջարում մեր ձախորդության պատճառները 1993թ. վերջերին:

- Դա կապված էր ռուսների ակտիվ մասնակցության հետ՝ եւ՛ Քելբաջարում, եւ՛ Մարտունիում, եւ՛ Ֆիզուլիում: 4-րդ բանակի վերջին մնացորդներն էին, որոնք դեռեւս գոյություն ունեին Գյանջայում, որոնց վարձել էին: 1992թ. Ադրբեջանին սկսեցին օգնել նաեւ աֆղան մոջահեդները, Թուրքիան օգնում էր սպառազինման եւ ուսուցման խնդիրներում: 1992թ. վերջին Ադրբեջան ուղարկվեցին առաջին 100 թուրք զինվորական-խորհրդականները: Սրանք ունեցան իրենց ազդեցությունը: Բացասական էր այն, որ 1993թ. Հայաստանում եռամսյա հավաքների ժամանակ բռնանում էինք եւ մարդկանց փողոցից տանում: Եռամսյա հավաքների անհրաժեշտությունը կար, իրավիճակը կայունացվեց, բայց ժողովրդի մեջ կոտրեց հավատը: Այլ ձեւով պետք էր դա անել: 1992թ. վերջերից սկսվեցին դասալքության դեպքերը բանակում, 1993-1994թթ. դրանք բավականին ծավալուն էին: Երբ փորձում էին դասալիքներին ոստիկանությունով բռնել-բերել, դա հակազդեցություն էր առաջ բերում, ավելի հեռու էին փախչում, ավելի խորը թաքնվում:

Հայաստանի նախագահը ստորագրեց հրամանագիր դասալիքների հարցով կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Վազգեն Սարգսյանն էր, տեղակալը՝ ես: Մենք նիստեր էինք անցկացնում Սպայի տանը: Հայտարարություն տվեցինք, որ կամավոր կերպով ներկայացող դասալիքը քրեական պատասխանատվությունից ազատվում է: Երկու-երեք ամսվա ընթացքում ներկայացավ 2700 դասալիք: Երբ քաղաքացու, ժողովրդի հետ աշխատում ես փոխադարձ վստահության դաշտում, շատ մեծ արդյունքի ես հասնում:

- Պատերազմն իր հետ ծնում է առասպելներ:

- Ես երբեք ծայրահեղությունների մեջ չեմ ընկել եւ փորձել եմ կանխել ծայրահեղությունների մեջ ընկած մարդկանց: Իմ համար միակ առասպելը հայ ազգի առասպելն է, դա էր, որ հաղթեց պատերազմում: Իհարկե, օրինակ Մոնթեն հսկայական գործ է արել, բայց նա չէր կարող անել դա, եթե նրա շուրջը չլինեին այն տղաները, որ գնացել էին կամավոր զոհվելու, որոնց ընտանիքները ուղարկել էին կամավոր հաղթելու եւ եթե պետք է՝ զոհվելու, նրանք չէին փախել ընտանիքից, ընտանիքը նրանց ճանապարհ էր դրել պատերազմի դաշտ' շատ լավ հասկանալով, որ կարող է իրենց որդին, հայրը, ամուսինը զոհվի: Վազգենի հետ գնացել էինք մխիթարելու, ցավակցելու որդեկորույս ծնողներին: Երբ Վազգենը փորձեց կատարել այդ ծանրագույն առաքելությունը, որդու գլխավերեւում կանգնած մայրն ասաց. «Վազգեն, ինձ մի՛ մխիթարիր, սիրտս ցավից պայթում է, բայց հոգով հպարտ եմ: Իմ որդին հայրենիքի եւ ազգի համար է զոհվել: Գնացեք ձեր գործն ավարտին հասցրեք»: Ոչ մեկը թող չփորձի իր վրա վերցնել ժողովրդի, ազգի վաստակը: Արցախ կոմիտեում աշխատելու ժամանակ մի տարեց ծերունի եկավ եւ ասաց, որ ուզում է օգնել պատերազմին: Նա ստացել ու բերել էր իր 27 ռուբլի թոշակը: Ի՞նչ ասեմ, չլինեին այս մարդիկ, ի՞նչ էին անելու մեր առյուծ հրամանատարները: Ոչ մի բան: Սա ազգի հաղթանակն է, ոչ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, իմ շատ սիրելի ու պաշտելի Վազգենի:

- Կարո՞ղ ենք նաեւ ասել ու գրել, որ իսկական հերոսները սպանվեցին պատերազմում:

- Այո, միանշանակ: Լավագույն, ամենանվիրյալ, ամենաազնիվ մղումներով տղաները գնում էին առջեւից, եւ նրանք զոհվեցին: Համենայնդեպս, նրանց մեծագույն մասը զոհվեց: Մեծագույն մասը: Շատ դեպքերում նրանց տեղը զբաղեցրին անարժան տղաներ: 1991-1993թթ. հնարավոր չէր, որ անարժանները գային նրանց տեղը, որովհետեւ պատերազմ կար, հետագայում, ցավոք, դա դարձավ երեւույթ:

15.04.2006թ.

Վահան Շիրխանյանի զբաղեցրած պաշտոնները.

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր, Պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահի տեղակալ,

1991թ. մայիսից մինչեւ 1992թ. հունվար՝ Պաշտպանության կոմիտեի նախագահ, կոմիտեի լուծարումից հետո ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը,

1992թ. հունվարից մինչեւ հունիս՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության պետ, 1992թ. հուլիսից մինչեւ նոյեմբեր՝ ՊՆ առաջին փոխնախարար,

1992թ. նոյեմբերից 1994թ.' Հայաստանի նախագահի հատուկ ծրագրերի գծով խորհրդական, ապա մեկ տարի՝ կառավարությունում 10-րդ վարչության պետ, որից հետո' Պաշտպանության առաջին փոխնախարար մինչեւ 1999թ. հուլիս, ապա՝ Ենթակառուցվածքների նախարար եւ փոխվարչապետ մինչեւ 2000թ. մայիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter