
Կրակոցներ Ուտրեխտում․ կան առնվազն երեք զոհ և վիրավորներ
Նիդերլանդներում գտնվող Ուտրեխտ քաղաքում հնարավոր ահաբեկչության դեպք է գրանցվել։
Առավոտյան քաղաքի տրամվայներից մեկում անհայտ անձն անկանոն կրակ է բացել, այնուհետև՝ դիմել փախուստի։ Տեղական մամուլի պնդմամբ՝ կա առնվազն երեք զոհ, սակայն պաշտոնական մարմինները դեռ չեն հրապարակել զոհերի հստակ թիվը։
Որոշ ժամանակ անց նիդերլանդական ոստիկանությունը հրապարակել է կասկածյալ ահաբեկչի՝ Թուրքիայում ծնված 37-ամյա Գյոքման Թանիսի լուսանկարը։
Ըստ ոստիկանության նախնական տվյալների՝ տրամվայում կրակոցներ արձակողը եղել է մեկ հոգի, կասկածյալի գործողությունների դրդապատճառները դեռևս պարզ չեն։ Ուտրեխտի բոլոր բնակիչներին զգուշացրել են զգոն լինել և ցանկացած կասկածելի շարժ նկատելիս ահազանգել ոստիկանություն։
Քանի որ դեպքը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում ահաբեկչությունից օրեր անց, ներկայումս Ուտրեխտի բոլոր մզկիթները գտնվում են հատուկ հսկողության տակ, խստացվել է նաև Ամստերդամի Սխիպոլ միջազգային օդանավակայանի անվտանգությունը։
Նիդերլանդների Ահաբեկչության դեմ պայքարի գործակալության պնդմամբ՝ կրակոցներ եղել են նաև քաղաքի այլ վայրերում, հետախուզական ակտիվ աշխատանք է տարվում այդ դեպքերը ճշտելու վերաբերյալ։
Շենքը, որտեղ ենթադրաբար թաքնվել է կասկածյալը, գտնվում է շրջափակման մեջ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, վերը նշված գործակալության զորքերը, շտապ բժշկական օգնությունը։
Ուտրեխտի քաղաքապետ Յան վան Զանենը հրապարակել է իր ուղերձը, որով ցավակցել է վիրավորներին և նրանց ընտանիքներին։ Ուղերձում քաղաքապետը նաև չի բացառել, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։
Որոշ ժամանակով քաղաքում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչև 5 աստիճան։ Ոստիկանությունը շարունակում է որոնողահետախուզական աշխատանքները։
Մեկնաբանել