HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից Վրաստան արտահանումը կրկնակի նվազել է

Թեև տարբեր հարթակներում անընդհատ խոսվում է հարևանների հետ Հայաստանի առևտրաշրջանառության զարգացման ու կարևորության մասին, սակայն ներկայում այն  թույլ մակարդակում է։ Օրեր առաջ Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկել և մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ։ Քննարկման մանրամասները չեն հրապարակվել, բայց այն, որ Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունն ընդլայնվելու պոտենցիալ ունի և այն, որ նախորդ տարի այս ոլորտում բացասական պատկեր է գրանցվել, փաստ է։

Ինչպես վկայում են Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները՝ 2018 թվականին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կտրուկ անկում է ապրել։ Այն կազմել է 141.6 մլն դոլար, որը, 2017 թվականի համեմատ, նվազել է 106.4  մլն դոլարով կամ 42.9 %-ով։ Ընդ որում՝ կրկնակի (2.2 անգամ) նվազել է Հայաստանից Վրաստան արտահանումը. եթե 2017-ին այն կազմել է 155 մլն դոլար, ապա 2018-ին՝ ընդամենը 71 մլն դոլար։ Իսկ ներմուծումը մոտ 93 մլն դոլարից նվազել է՝ մինչև 70 մլն դոլար։

Հատկանշական է, որ մինչև 2018 թվականը, Վրաստանը վերջին տարիներին Հայաստանի 10 ամենախոշոր առևտրային գործընկների շարքում է եղել և այն քիչ երկրներից, որի հետ Հայաստանի առևտուրն ունեցել է դրական հաշվեկշիռ, այսինքն՝ ավելի շատ արտահանել ենք, քան ներմուծել։ Նախորդ տարվա հաշվեկշիռը ևս դրական է, սակայն համեմատ մյուս տարիների՝ այն զգալի կրճատվել է։

Վիճակագրական ծառայության հաշվարկներով՝ 2018 թվականին Վրաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 1.9 %-ը` 2017 թվականի 3.8 %-ի դիմաց։

Կրճատվել է պղնձի արտահանումը Հայաստանից Վրաստան

2018 թվականին Հայաստանից Վրաստան արտահանման նման անկումը պայմանավորված է պղնձի խտանյութի (հանքաքար և խտահանք) ծավալների կրճատմամբ։ Նախորդ տարիներին պղինձը մեծ դեր է ունեցել դեպի Վրաստան արտահանման կազմում։ Օրինակ՝ 2017 թվականին արտահանման ցուցանիշի կեսից ավելին ապահովել է պղինձը։ Սակայն, 2018 թվականին Հայաստանը կրճատել է պղնձի արդյունահանումն ու արտահանումը, այդ թվում՝ դեպի Վրաստան։ Ինչպես գրել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում, պղնձի արտահանումը տասը տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է։ Վրաստանը հանդիսացել է Հայաստանից արտահանվող պղնձի հիմնական սպառողներից մեկը՝ բացառությամբ 2018 թվականի։ 2017 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել մոտ 80 հազար տոննա պղնձի խտանյութ, որի մաքսային արժեքը կազմել է մոտ 90 մլն դոլար, իսկ 2018-ին արտահանվել է ընդամենը 2.2 հազար տոննա՝ 8.8 մլն դոլարի։ 

Ընդհանուր առմամբ, Հայաստանը մոտ 500 անուն ապրանք է արտահանում Վրաստան։ Այս ցանկում 2018 թվականին պղինձը իր առաջատարի դիրքը զիջել է ծխախոտին (սիգար, սիգարիլլա, սիգարետ): Արտահանվել է 13.5 մլն դոլարի ծխախոտ՝ 2017-ի 14.8 մլն դոլարի դիմաց։

Հայաստանից Վրաստան արտահանման կազմում, ըստ մաքսային արժեքի մեծության, երկրորդ տեղում «շիշ, բանկա, ամպուլա և ապակե այլ տարողություն» ապրանքախումբն է, որի արտահանման ծավալները նախորդ տարի ավելացել են։ Մասնավորապես, արտահանվել է 72 մլն հատ ապրանք՝ 10.4 մլն դոլարի։ 2017-ին կազմել է 49.5 մլն հատ՝ 7.7 մլն դոլարի։

Արտահանվում են նաև տարատեսակ կենցաղային իրեր, սպիրտ, սնունդ և այլն։

Վրաստանի գործոնը Հայաստանի համար կարևոր է նաև Թուրքիայի հետ առևտրային հարաբերություններիում։ Փակ սահմանների պատճառով Վրաստանի միջոցով է Հայաստանը տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի ապրանք ներմուծում Թուրքիայից։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2018 թվականին Հայաստանը ներմուծել է 70 մլն դոլարի վրացական ծագման արտադրանք։ Սակայն, եթե ներմուծման ցուցանիշը դիտարկում ենք ըստ արտահանող երկրի, ապա նախորդ տարի այն կազմել է 372  մլն դոլար, որից փաստորեն միայն 70 մլն դոլարն է վրացական ծագման, մնացածը՝ մյուս երկրների է, այդ թվում՝ Թուրքիայի։

Մաքսային ծառայության տվյալներով՝ Վրաստանից Հայաստան ներմուծումը 2018 թվականին նվազել է մոտ 23 մլն դոլարով կամ 24.3 %-ով և կազմել է 70 մլն դոլար։ Վրաստանից Հայաստան ներմուծվող ապրաքատեսականին ևս լայն է՝ 300-400 անուն ապրանք։ Նկատելի է, որ ներմուծումն այնքան կենտրոնացված չէ մի քանի ապրանքների շուրջ, ինչպես արտահանման դեպքում է։ Նախորդ տարվա նվազումը պայմանավորված չէ մեկ կամ երկու ապրանքատեսակների ներմուծման կրճատմամբ։ Դրանց թիվն ավելի մեծ է։ Օրինակ՝ նվազել է էլեկտրաէներգիայի, նավթամթերքի, ազոտական պարարտանյութի և այլ ապրանքների ներմուծումը։ Զուգահեռաբար որոշ ապրանքախմբերի մասով աճ է արձանագրվել՝ ցիանիդի, ցիանիդի օքսիդի, փայտյա սալիկների, պողպատյա ձողերի և այլն։

Լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter