HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պղնձի արտահանումը տասը տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է

Վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ՝ 2018 թվականին, պղնձի արտահանումը Հայաստանից կրճատվել է։ Պղինձը Հայաստանի արտահանման կազմում առաջատարն է։ Վերջին տարիներին դրա ծավալներն ավելացել են «կատաղի» տեմպերով։ Եվ միայն նախորդ տարի է, որ անկում է արձանագրվել։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 425 հազ. տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտահանք), որի մաքսային արժեքը կազմել է 525.5  մլն ԱՄՆ դոլար։ 2017 թվականի համեմատ արտահանվող պղնձի քանակը նվազել է 64.4 հազ. տոննայով կամ 13.2 %-ով, իսկ մաքսային արժեքը՝ 61 մլն դոլարով կամ 10.4 %-ով։ Չնայած այն հանգամանքին, որ 2018 թվականի երկրորդ կիսամյակում պղնձի միջազգային գները նվազել են՝ Հայաստանից արտահանվող պղնձի մեկ տոննայի միջին գինն ավելի բարձր է եղել, քան նախորդ տարում։ Մասնավորապես, 2017 թվականին արտահանված պղնձի մեկ տոննայի միջին գինը կազմել է 1999 դոլար, իսկ 2018 թվականին՝ 1237 դոլար։

Պղինձը Հայաստանից արտահանվում է ոչ վերջնական մշակված տեսքով, դրսում այն վերջնական մշակման է ենթարկվում և հայտնվում մետաղների բորսաներում։

Վերջին տարիներին, պղնձի արդյունահանման և արտահանման ծավալների աճին զուգահեռ, զգալի հարկային մուտքեր են ապահովվել երկրի բյուջեի համար, մյուս կողմից սակայն՝ ընդերքն է դատարկվել։ Հայաստանը մշտապես փորձել է «հարմարվել» պղնձի միջազգային գների տատանումներին. երբ գները իջել են, կորուստները լրացնելու համար արտահանվող պղնձի քանակն է ավելացրել։ Արտահանվող պղնձի ֆիզիկական ծավալները վերջին տասը տարում 5-6 անգամ աճել են։ Արդյունքում էլ ավելի է մեծացել Հայաստանի տնտեսական կախվածությունը արտաքին գործոններից՝ պղնձի միջազգային գներից և խոշոր սպառողների վարքագծից։

Ստորև գտնվող առաջին ինֆոգրաֆիկայում պղնձի արտահանման ֆիզիկական ծավալներն են 2009-2018 թվականներին։ Երկրորդում (ինֆոգրաֆիկան տեսնելու համար հարկավոր է թերթել առաջին էջը)՝ արտահանման արժեքն է։

Ըստ Մաքսային ծառայության տվյալների

2018 թվականին պղնձի խտանյութի արտահաման ծավալների անկումը սպասելի էր, քանի որ Հայաստանում կրճատվել են արդյունահանման ծավալները։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2018 թվականին Հայաստանում արտադրվել է (արդյունահանվել) 317.4 հազ. տոննա պղնձի խտանյութ, որը 25.9 %-ով զիջում է 2017 թվականի ցուցանիշը։ Նվազել է նաև չզտած պղնձի արտադրությունը։ Այն կազմել է 8.8 հազար տոննա՝ նվազելով 26.7 %-ով։ Հիշեցնենք, որ արտադրության անկումը պայմանավորված է Թեղուտի հանքի շահագործման աշխատանքների դադարեցմամբ։ Հանքը աշխատանքները դադարեցրել է 2018 թվականի փետրվարից։ Այն շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի հարկերը նախորդ տարի եռակի կրճատվել են։

Միջազգային գները տարեկեսից զգալի իջել են

2018 թվականի տարեկեսից միջազգային շուկայում պղինձը զգալիորեն էժանացել է։ Լոնդոնի մետաղների բորսայի (The London Metal Exchange, LME) տվյալները վկայում են, որ տարվա սկզբում պղնձի միջազգային գինը հատել է 7 հազար դոլարի շեմը (1 տոննայի դիմաց)։ Այս սկսել է թանկանալ դեռևս 2017 թվականի երկրորդ կեսից և նույն մակարդակում պահպանվել մինչև 2018-ի սկիզբը։ Այնուհետև աստիճանաբար թանկացել է՝ 2018 թվականին առաջին կիսամյակի վերջում մոտենալով 7.5 հազար դոլարի շեմին։ Որից հետո անկում է  գրանցվել, և մեկ տոննայի գինը 6 հազար դոլարից ցածր է եղել մինչև տարվա վերջ։ Իսկ այս տարվա առաջին երկու ամիսներին որոշակի բարձրացում է արձանագրվել։ Ներկայում այն  6.5 հազար դոլարի մակարդակում է։

Պղնձի էժանացման հիմնական պատաճառ Չինաստան-ԱՄՆ փոխադարձ առևտրային պատերազմն է։ 2018 թվականի տարեկեսից երկու երկրներն էլ հայտարարել ու կիրառել են միմյանցից ներմուծվող ապրանքների հավելյալ մաքսատուրքեր։ Այս պատերազմը բացասական սպասումներ է առաջացրել միջազգային շուկայում, որը միանգամից հանգեցրել է պղնձի, ալյումինի և այլ ապրանքների գնանկմանը։ Նշենք, որ Չինաստանը համարվում է պղնձի խոշորագույն սպառողը աշխարհում։ Այս տարվա պղնձի գների որոշակի աճը ևս պայմանավորված է երկու երկրների գործոնով։ Նրանց պաշտոնյաներն անկնարկել են այն մասին, որ հնարավոր է որոշ համաձայնությունների գան փոխադարձ առևտրի ոլորտում։ Մետաղների համաշխարհային  գներին  հետևող վերլուծաբանները այս տարի պղնձի գնաճ են կանխատեսում։

Հիշեցնենք, որ 2010-2011 թվականներին պղնձի միջազգային գները ռեկորդային մակարդակի էին հասել՝ հատելով 10 հազար դոլարի շեմը։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Հայասատանից արտահանված մոտ 425 հազ. տոննա պղնձի խտանյութի 47 %-ն արտահանվել է Բուլղարիա, 23 %-ը՝ Շվեյցարիա, 18.5 %-ը՝ Չինաստան, մոտ 10 %-ը՝ Ռումինիա և փոքր քանակությամբ՝ այլ երկրներ։ Էական աճ կա Ռումինիայի մասով. եթե 2017-ին արտահանվել է մոտ 3 հազար տոննա, ապա 2018-ին՝  40 հազար տոննա։ 2017-ին Կանադա պղինձ չի արտահանվել, իսկ 2018-ին՝ արտահանվել է 4.6 հազար տոննա։ Աճել է նաև դեպի Շվեյցարիա արտահանումը. 2017-ին՝ 76 հազար տոննա, 2018-ին՝ 99 հազար տոննա։

Զգալի նվազել է դեպի Չինաստան արտահանումը. 2017-ին՝ 100  հազ. տոննա, 2018-ին՝ 78.4 հազ. տոննա։ Ուշագրավ է նաև Վրաստանի ցուցանիշը։ Արտահանված պղնձի միայն 0.5 %-ն է արտահանվել դեպի Վրաստան, կազմել է  2.2 հազար տոննա։ Մինչդեռ նախորդ տարիներին, դեպի Վրաստան ավելի մեծ ծավալով է արտահանում իրականացվել, օրինակ՝ 2017-ին արտահանվել է մոտ 80 հազար տոննա։ Բուլղարիայի մասով տատանումը մեծ չէ։

Հայաստանից արտահանվում է նաև չզտած պղինձ և պղնձի ջարդոն։ 2018 թվականին արտահանվել է 2.5 հազ տոննա պղնձի թափոն և ջարդոն՝ մոտ 10 մլն դոլար մաքսային արժեքով, ինչպես նաև՝ 9 հազար տոննա (2017-ին՝ 12 հազար տոննա) չզտած պղինձ, որի արժեքը կազմել է 58.5  մլն դոլար։ Չզտած պղինձն արտահանվել է Գերմանիա, իսկ ջարդոնը՝ Հոնկոնգ, ԱՄՆ, ՄԹ, ԱՄԷ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter