HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը՝ քննադատներին. «Ակնկալիքը ո՞րն է, որ հրաժարվե՞մ իմ ընտանիքից»

«Իմ ընտանիքը միշտ իմ կողքին է եղել, երբ եղել եմ գործազուրկ, ապրել եմ ծայրահեղ աղքատության պայմաններում, ընտանիքս ինձ հետ է եղել, երբ զրոյից լրատվամիջոց եմ ստեղծել, երբ իմ նկատմամբ տեռոր է իրականացվել, երբ բանտում եմ եղել, քննադատողների ակնկալիքը ո՞րն է, որ հրաժարվե՞մ իմ ընտանիքից»։

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ պաշտոնական այցերի ժամանակ Փաշինյանին ընկերակցում են կինը և ընտանիքի մյուս անդամները։

Փաշինյանի խոսքով՝ այդ հարցն ամենից շատ քննադատում են անձինք, ովքեր «ավանդական ընտանիքի պահապաններ» են բնորոշվում։

Վարչապետն անդրադարձավ իր փոխադրամիջոցներին, պատմեց, որ այս պահին իրեն սպասարկում է ավտոմեքենա, որը գնվել է 2008-ին Սերժ Սարգսյանի համար, սակայն վերջին հինգ տարիներին չի սպասարկել Սարգսյանին, ինչպես նաև մի մեքենա, որը գնվել է 2004-ին Ռոբերտ Քոչարյանի համար։ Փաշինյանը խոսեց նաև ուղղաթիռի մասին՝ հիշեցնելով, որ այն ունի պարտադիր թռիչքային ժամեր։

«Եթե նույնիսկ վարչապետը չի նստում, այն պարտավոր է դատարկ բարձրանալ, պտտվել, հակառակ դեպքում կստացվի, որ պետական գույքը դարձրել ենք թանկարժեք ջարդոն»,- ասաց Փաշինյանը։

Թե ինչու են Փաշինյանները տեղափոխվել կառավարական առանձնատուն, սա էլ վարչապետի կարծիքով՝ խորհրդանշական պատճառ ունի, քանի որ այն պետական իշխանության ամենակարևոր սիմվոլներից մեկն է։

«Էնպես չէ, որ մեզ առանձնապես հաճույք է պատճառում առանձնատանն ապրելը, մենք նույնիսկ քննարկել ենք՝ պետք է շարունակել էնտեղ ապրել, թե պետք չէ, էդ առումով բազմաթիվ հարցեր են առաջացել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է վարչապետի տիկնոջ գրասենյակի ծախսերին, վարչապետն ասաց, որ երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը և տեղափոխվել է Բաղրամյան 26, իրեն այնտեղ ցույց են տվել վարչապետի տիկնոջ համար նախատեսված սենյակն, որը եղել է դեռ 1991 թվականից սկսած։

Փաշինյանի խոսքով՝ իր վարչապետ ընտրվելուց հետո, մի շարք հայտնի հիմնադրամներ փակվել են, և այդ հիմնադրամների շահառուները սկսել են դիմել իրեն, այդ պատճառով է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սկսել է հիմնադրամներ բացել։

Վարչապետը վստահեցրեց՝ չի կարող երբևէ լինել նման իրավիճակ, որ այդ հիմնադրամներին փոխանցումներ կատարած անձինք արտոնյալի կարգավիճակում հայտնվեն։ Փաշինյանը հերքեց նաև տեղեկությունները, թե Աննա Հակոբյանը կարող է ազդել իր կայացրած որոշումների վրա։

«Դա կարող են ասել մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում, եթե նման բան լիներ, դա կլիներ խայտառակություն»,- ասաց նա։

Փաշինյանը նաև շեշտեց, որ հեղափոխության կայացման գործում մեծ դեր են ունեցել կանայք ու երեխաները, և այս կառավարության դիրքորոշումն է հնարավորինս ապահովել կանանց ներգրավվածությունը բոլոր ոլորտներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter